Եվ նորից Արտավազդ Փելեշյանի անունը հայտնվում է փարիզյան մշակութային աշխարհի նորությունների առաջին էջերում։ Cartier Ժամանակակից արվեստի հիմնադրամը հայտարարում է լեգենդար ռեժիսորի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի և անհատական ցուցահանդեսի բացման մասին։ Այսպիսով, 2020 թվականի հոկտեմբերի 24-ից  մինչև 2021 թվականի մարտի 7-ը Փարիզի Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամում անցկացվելու է Արտավազդ Փելեշյանի «Բնություն» խորագով անհատական ցուցահանդեսը, որի համակարգողներն են Էրվե Շանդեսը և Թոմա Դելամարը։

Այս ցուցահանդեսով  Cartier հիմնադրամը շարունակում է ռեժիսորի հետ ունեցած գրեթե քսան տարիների համագործակցության շղթան։ Ժամանակակից արվեստի համաշխարհային ճանաչում ունեցող Cartier կենտրոնի կողմից բազմիցս կազմակերպվել են  Փելեշյանի ֆիլմերի   ցուցադրությունները, այդ թվում ՝ «Ժողովրդական արվեստ» (2001թ․), «Այն ինչ պատահում է» (2002թ․), «Բնիկներ» (2014թ․) ինչպես  նաև հիմնադրամի միջազգային  Բուենոս Այրեսում  (2017թ․), Շանհայում (2018թ․) ցուցահանդեսներում: Բայց, սա առաջին անգամն է, որ հենց Cartier հիմնադրամում է բացվելու  Փելեշյանի անհատական ցուցահանդեսը։ Ի դեպ, 2021 թվականին՝ Միլանի Տրիենալեում, ևս նախատեսվում է նոր ցուցադրություն։

«Մեզ երկար ժամանակ թվում էր, թե Փելեշյանի ֆիլմացանկն ավարտվել է 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմով, սակայն այսօր ռեժիսորը վերադառնում է իր նոր՝ «Բնություն» անվանումով ֆիլմով։ Cartier հիմնադրամի և ZKM Filminstitut-ի առաջարկով ստեղծված «Բնություն» ֆիլմը ռեժիսորի 15 տարիների աշխատանքի արդյունքն է։  Վերջինիս ուշադրության կետրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է․ թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս աշխատանքներում։ Հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը, ցունամինները կազմում են ֆիլմի տեսողական շրջանակը՝ հակադրվելով հոյակապ լանդշաֆտների պատկերներին: Իրական տեսողական այս էլեգիա-ֆիլմը բերում է բնության գերակայության անկասկած եզրակացությանը։ Բնություն՝ անողոք ուժ, որը կարող է գերազանցել մարդկային բոլոր  փառասիրություններին։  Ռեժիսորն այս ֆիլմով մեզ ասես հիշեցնում է, որ մարդ տեսակին չի հաջողվի հաղթանակած դուրս գալ իր իսկ ստեղծած էկոլոգիական խառնաշփոթից։

Այսպիսով «Բնություն» խորագիրը կրող ցուցահանդեսը լինելու է երկխոսություն՝ ռեժիսորի 27 տարիների լռությունից հետո նկարահանված «Բնություն» ֆիլմի և պատմական աշխատանքի՝ «Տարվա եղանակների» միջև։ Զգացմունքային կինո՝ առանց երկխոսությունների, դերասանների և պատմության, Փելեշյանի կինոն գերում է հանդիսատեսին իր հմայիչ քնարերգությամբ և կարեկցանքով դեպի մարդկությունը։

Արևմուտքում՝  անցյալ դարի ութսունական թվականների սկզբներին,   կինոքննադատ Սերժ Դանեի, ապա Ժան-Լյուկ Գոդարի կողմից հայտանբերված Փելեշյանը գտավ իր արժանի տեղը համաշխարհային կինոյի մեծերի շարքում։  Ռեժիսորի հետ ծանոթությունից հետո, Սերժ Դանեը գրել է․ «Հանկարծ ունեցա զգացողություն (հաճելի), որ հայտնվել եմ կինոյի պատմության բացակա օղակի առջև»։

«Բնություն» ցուցահանդեսի նպատակն է հանդիսատեսին տալ Արտավազդ Փելեշյան ռեժիսորի եզակի դիմանկարը, որի ֆիլմացանկը առանձնահատուկ տեղ է գրավում համաշխարհային կինոյի պատմության մեջ»,-ասվում է Կարտիե հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ։

«Կինոաշխարհը» խոստանում է տեղեկացված պահել իր ընթերցողներին այս կարևորագույն իրադարձության նորություններով։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2020 թ․