Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի ֆիլմը համամարդկային ու ազգային պատմություն է
Կինոռեժիսորներ և ամուսիններ Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանը վաղուց ընկալվում են որպես մի մարմին ու մի հոգի նաև կինոյում: Նրանք տասից ավելի համատեղ ֆիլմեր են նկարահանել, մասնակցել Բեռլինի, Ռոտերդամի, Լոկառնոյի, Բուսանի, Մոնրեալի, Սիդնեյի, Մոսկվայի, Կալկաթայի, Գոթեբուրգի, Էդինբուրգի, Լուիզվիլի եւ այլ կինոփառատոներին: Նրանց վերջին՝ «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» խաղարկային նոր ֆիլմը ներշնչված է հայ հանրության հիշողության մեջ ծանր հետք թողած գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի ողբերգական ու ցնցող իրողությամբ:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունվարին Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում՝ Deep Focus/Signature ծրագրում։ Այնուհետեւ ֆիլմը մասնակցել է մի շարք միջազգային կինոփառատոների։ Ապրիլին Ուրուգվայի 37-րդ միջազգային կինոփառատոնում տեղի է ունեցել ֆիլմի լատինամերիկյան պրեմիերան, իսկ ռուսաստանյան պրեմիերան կայացել է 2019թ. սեպտեմբերին՝ Յալթայի միջազգային կինոփառատոնում, որտեղ ռուսներն «ականատես» դարձան, թե ինչպես է իրենց ազգակից Վալերի Պերմյակովն առանց խղճի խայթի, սպանում մի ամբողջ հայ ընտանիքի՝ չխնայելով անգամ օրորոցում քնած մանկահասակ երեխային:
Ավելի ուշ, Հայնանի միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ ֆիլմի չինական պրեմիերան, որտեղ ֆիլմն ընդգրկված էր փառատոնի պաշտոնական «Ասիական սպեկտոր» բաժնում, որին մասնակցում էր 12 ֆիլմ՝ ողջ աշխարհամասից։ 2020թ.-ի փետրվարի 14-ին տեղի ունեցավ ֆիլմի ամերիկյան պրեմիերան Լոս Անջելեսի «Laemmle» Գլենդեյլ կինոթատրոնում։
Kinoashkharh.am-ի զրույցը Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի հետ նրանց վերջին՝ «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի առիթով է․ ինչպե՞ս են նրանք մոտեցել հայերիս համար ցավոտ խնդրին ու փորձել գեղարվեստական պատումի միջոցով համաշխարհային հանրությանն իրազեկել հերթական ոճրագործության ու բռնության մասին, որից մարդկությունը չի կարողանում ձերբազատվել:
– Երբվանի՞ց եք սկսել ֆիլմի նկարահանումները, որտեղ են դրանք տեղի ունեցել։
Նարինե Մկրտչյան – Նկարահանումներն սկսել ենք 2016 թ. հոկտեմբերից, իսկ սցենարական աշխատանքները շատ ավելի վաղ՝ 2015թ. ամռանը։ Այսինքն՝ ավելի քան մեկ տարի մշակել ենք սցենարը։ Ես չգիտեմ մյուս հեղինակներն ինչպես են աշխատում սցենարի վրա, բայց մենք երբ սկսում ենք, նշանակում է աշխատում ենք ամեն օր՝ օրը ութ ժամ, և այդպես մի քանի ամիս կամ մի քանի տարի՝ նայած թե երբ ֆինանսավորում կգտնենք, և երբ կսկսվի ֆիլմի արտադրությունը։
Նկարահանումներն իրականացրել ենք Գյումրիում՝ փորձելով հարազատ մնալ միջավայրին, ինչպես նաև Երևանում և Հայաստանի մարզերում։
– Արտառոց ու ողբերգական դեպքը ֆիլմ դարձնելու գաղափարը լայն հանրության ուշադրությունն այդ իրողության վրա հրավիրելու համար է՞ր. մի խոսքով՝ դրդապատճառները, որ այդ դեպքը ֆիլմի թեմա դարձավ։
Ն․Մ․ – Լայն հանրության ուշադրության սեւեռումը այդ իրողությանը գլխավոր նպատակ էր, քանի-որ մենք մեր ցավերը շատ լավ գիտենք, այն պետք է միջազգային հանրությանը լսելի դարձնել։ Իսկ ֆիլմի գաղափարը՝ արժանապատվությունն է, որը լինելով խոցելի՝ շատ կարեւոր է ազգային ինքնության համար։ Բնականաբար առանց ներքին անհանգստությունների չես կարող որեւէ բան ստեղծել։ Դեպքը ցնցող էր, եւ ցավն ու վիրավորանքը, անտերության զգացումը խառնվել էին իրար ու հանգիստ չէին տալիս։ Բայց միայն հույզերը չէր, որ նշանակություն ունեցավ։ Ամենակարեւորը ֆիլմի գեղարվեստական կառույցի ստեղծումն էր՝ նյութի հանդեպ մեր մոտեցումը։ Միայն այդ դեպքում ես կարողանում իրականացնել գաղափարդ։ Միշտ ավելի կարեւորել եմ ոչ թե թեման, այլ հեղինակային մոտեցումը, որովհետեւ ամեն ոք նույն պատմությունը պատմում է յուրովի, ինչպես ինքն է ընկալել։ Մեզ համար այս ֆիլմը ընդվզում էր՝ բռնության, անարդարության, գաղութատիրության դեմ։
Արսեն Ազատյան – Սովորաբար, ե՞րբ է արվեստագետն անդրադառնում մի դեպքի, որն արդեն իսկ ստացել է հասարակական հնչեղություն. երբ այդ դեպքն իր արժանի գնահատականը չի ստանում։ Բազմաթիվ այդպիսի ֆիլմեր կան համաշխարհային կինոյում, որոնցից շատերը հիմնված են իրական եղելության վրա։ Մեր դեպքը բացառություն չէ, ուղղակի այս դեպքի առանձնահատկությունն այն է, որ մենք բարձրաձայնել ենք ոչ թե զուտ «հանցավոր դրամայի» ժանրում եղած պատմությունը, այլ 200-ամյա գաղութատիրության խնդիրը, որն այս ամբողջ ընթացքում երբևէ հայկական մշակույթի մեջ, առավել ևս կինոյում չի արծարծվել։ Այո, ռուսական, կայսերական գաղութատիրության հարցը և մեր ազգային արժանապատվության հարցը։ Ի վերջո, այս ֆիլմը միայն պատմություն չէ այն ոճրագործության մասին, որը կատարեց ռուս զինվորը Գյումրիում։ Այն մի քանի շերտ ունի՝ թե՛ ազգային-քաղաքական, թե ոգեղեն՝ չարի և բարու համընդանուր ընկալման։
– Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։ Սցենարական, հետազոտական ի՞նչ աշխատանք է տարվել մինչ նկարահանումները։ Ինչպե՞ս եք մոտեցել պատմությանը, դրա հետ առնչություն ունեցող մարդկանց հետ զրուցե՞լ եք։
Ա․Ա․ – Արդեն նշեցինք սցենարական մեր մոտեցումների մասին, բայց հետազոտական առումով յուրաքանչյուր ֆիլմ սկսելիս, ավելի ճիշտ՝ յուրաքանչյուր սցենար գրելիս հեղինակը պատասխանում է հարյուրավոր հարցերի, որոնք հիմնավորումներ են պահանջում։ Կերպարների խառնվածքը, նրանց գործողությունները, նրանց բնավորությունը, նրանց թերությունները, խոսքի առոգանությունը, հագուստը, պլաստիկան, գույնը, լույսը, տրամադրությունը… մի խոսքով՝ անթիվ-անհամար։ Չէ՞որ դու մի նոր աշխարհ ես ստեղծում, նոր բնակավայր՝ նոր մարդկանցով։ Չէ՞որ այդ նոր բնակիչները՝ լինեն նրանք մեր իրական, թե հորինած միջավայրում, պետք է կենդանի, ապրող, հավաստի կերպարներ դառնան։ Եվ ժամանակ է պետք սցենարիստին, դրամատուրգին, որպիսզի այդ կերպարների հետ ապրի, ընկերություն անի, հավատա նրանց, հասկանա նրանց խնդիրները։ Իսկ որ ավելի դաժան է, երբեմն ջնջի նրանց կամ պատռի ու դեն նետի։ Դոստոևսկին ասում էր՝ ավելի դժվար է ջնջելը, քան գրելը։
Ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր առնչություն են ունեցել այդ եղելության հետ, մենք չենք հանդիպել և ցանկություն էլ չի եղել նրանց հանդիպել։ Դեպքն այնքան ցնցող էր, որ դուրս էր մարդկային ընկալումներից։ Իսկ ովքե՞ր են առնչություն ունեցել այդ դեպքի հետ, բացի մարդասպանից, ոչ ոք։
Ն․Մ․ – Բնականաբար, շատ նյութեր ենք ուսումնասիրել դեպքի վերաբերյալ, բայց ֆիլմում ստեղծել ենք մեր հերոսներին, որոնց միջոցով էլ զարգացրել ենք մեր պատմությունն ու տվել հանգուցալուծումը։
Ֆիլմի իրականացման ընթացքում չենք ցանկացել հանդիպել տուժած ընտանիքի հարազատներին, քանի որ վերքը շատ թարմ էր, և ավելորդ անգամ չէինք ցանկանում նրանց ցավ պատճառել։ Բացի այդ, միշտ չէ, որ իրական հերոսները նպաստում են գեղարվեստական կերպարների վարքագծերի դրսևորմանն ու բացահայտմանը։ Ֆիլմում շեշտը դրված է ոճրագործության և նրա հետևանքների վրա։ Եվ ներկայացնելով ռուսական բանահյուսական հերոս «Հիմար Իվանին»՝ փորձել ենք հասկանալ ռուս զինվորի, այս դեպքում՝ մարդասպանի հոգեբանությունը, որոնց կերպարները ֆիլմում նույնացված են։ Իրականում մենք մեր կերպարների, միջավայրի, տրամադրության միջոցով փորձել ենք ոգեղենություն հաղորդել մի ոճրագործութան պատմության, մի եղելության, որի մեջ թերևս ինչ-որ միստիկ բան կար, և ֆիլմում կարծես դա հաջողվել է։
– Հետաքրքիր է՝ ոճրագործի հետ հանդիպե՞լ եք։ Նա գիտե, որ ֆիլմ եք նկարահանել։
Ա․Ա․ – Անկեղծ ասած՝ սարսափելի դժվար է ոճրագործի կերպարի հետ աշխատելը։ Երբ դու գիտես, որ քո առջև մարդասպան է և նրան՝ տվյալ դեպքում դերասանին, պետք է բացատրես, պարզաբանես, հիմնավորես, խնդիր տաս, առաջադրանք տաս, որ ինքն էլ իր հերթին այդ ամենը կատարի համոզիչ՝ անտանելի բարդ է։ Զուտ մարդկային, հուզական առումով շատ դժվար էր։
Ն․Մ․ – Ես չգիտեմ իրական ոճրագործը տեղյա՞կ է ֆիլմի մասին, թե ոչ, բայց նրա կատարած եղեռնագործությունը ցնցեց բոլորին, թերևս, բացի իրենից։ Երբեք ցանկություն չենք ունեցել հանդիպում փնտրել նրա հետ, քանի որ մեր երկխոսությունը «մեր մարդասպանի» հետ էր՝ դերակատարի, որն ավելի կարևոր էր մեզ համար։
Սպանդի տեսարանի նկարահանումներից հետո դերասանն այնքան էր այլայլվել ու ազդվել, որ մոտենալով մեզ, ասաց՝ փառք Աստծո, որ ես մարդ չսպանեցի։
– Ֆիլմի միջազգային պրեմիերաների մասին խոսենք. որտե՞ղ և ե՞րբ է այն ցուցադրվել ու այսուհետև ինչ պլաններ կան՝ հետագա ցուցադրությունների հետ կապված:
Ա․Ա․ – Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019թ. Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում՝ Deep Focus/Signature ծրագրում, որը ներառում է համաշխարհային վարպետների ֆիլմերը։ Մի քիչ անհամեստ կհնչի, բայց Ռոտերդամի համար մենք հենց այդպիսին ենք, քանի որ արդեն 8-րդ անգամ ենք ներկայանում այնտեղ։ Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում այդ փառատոնը, կարծում եմ՝ պրոֆեսիոնալները գիտեն։
Այնուհետեև ֆիլմը մասնակցեց Ուրուգվայի, Հայնանի, Յալթայի միջազգային կինոփառատոներին, ստացավ հրավերներ բազմաթիվ այլ՝ Հարավկորեական Ջանջուի, Անկարայի, Պերուի, Բերգամոյի և այլ միջազգային կինոփառատոներից։ Ցավոք, այս տարվա փառատոնային հրավերները թագավարակի պատճառով հետաձգվեցին։ Բայց ի ուրախություն մեզ՝ 2020թ.-ի փետրվարին Լոս Անջելեսի «Laemmle» Գլենդել կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի ամերիկյան պրեմիերան, որին հաջորդեցին ֆիլմի ցուցադրությունները։ Դա իրականացնում էր հենց «Laemmle Group»-ը, ինչը մեզ համար մեծ պատիվ էր, քանի որ այդ ընկերությունը կանգնած է ամերիկյան կինոյի ակունքներում։ Բավական է միայն նշել, որ նրանք «Յունիվերսալ» ստուդիայի հիմնադիրներն են։ «Laemmle»-ն ցուցադրում է հիմնականում միջազգային կինոփառատոններում աչքի ընկած ֆիլմեր՝ Վենետիկի, Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի, Սանդենսի, Լոկառնոյի փառատոներից։
Ուզում եմ հատուկ նշել ֆիլմի ռուսական պրեմիերայի մասին, թերևս, հասկանալի պատճառով, քանի որ թեման առնչվում է ռուսական իրականությանը նույնպես։ Եվ ֆիլմում կա որոշակի մեղադրական երանգ կամ առոգանություն, ինչը բնական է և ինչը բխում է պատմության տրամաբանությունից։ Դա տեղի ունեցավ 2019թ. սեպտեմբերի 21-ին, Յալթայի միջազգային կինոփառատոնում, և մենք այդ ցուցադրումը նվիրեցինք Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին։
– Հայ հանդիսատեսը կտեսնի՞ ֆիլմը։ Կա՞ն գործընկերներ, որոնց հետ եք նկարահանել։
Ն․Մ․ – Ֆիլմի հայկական պրեմիերան տեղի ունեցավ Երևանում, 2019թ. սեպտեմբերի 26-ին, «Կինոպարկ» կինոթատրոնում, այնուհետև հաջորդեցին հայաստանյան ցուցադրությունները։ «Մոսկվա» կինոթատրոնի հետ պայմանավորվածություն ունեինք՝ այս տարվա ապրիլի 9-ից կրկին ցուցադրումներ կազմակերպել, բայց թագավարակն այստեղ էլ մեզ խանգարեց։
Փառք Աստծո, մենք լավատես ենք և կարծում ենք, որ այս ֆիլմն ուղղված է հետագա սերունդերին։ Այնպես որ, ամեն ինչ առջևում է։
Ինչ վերաբերում է գործընկերներին, մենք միշտ էլ ունեցել ենք գործընկերներ։ Եթե պրոֆեսիոնալ ես, չես կարող գործընկերներ չներգրավել։ Մեծ կինոն միջազգային նախագիծ է, հնարավոր չէ առանց գործընկերների իրագործել։ Մի դեպքում դա կարող է համարտադրող լինել, մի դեպքում՝ դերասանական կազմից, մի այլ դեպքում՝ ստեղծագործական խմբից, էլ չեմ խոսում հետարտադրական, առաջխաղացման, ֆիլմի տարածման աշխատանքային հարաբերությունների մասին, որոնք ամբողջովին իրականացվում են երկրից դուրս։
Պաշտոնապես մարդասպան Վալերի Պերմյակովը հանձնվել է ռուսական կողմին ու դատապարտվել ցմահ ազատազրման:
Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանը «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմին գեղարվեստական այլ վերջաբան են տվել՝ ցուցադրելով քահանա Տեր-Ավետիսի կողմից՝ համամարդկային ու ազգային արժանապատվության վրա խարսխված ազնիվ ու արժանի «հաշվեհարդար»:
Հարցազրույցը՝ Նաիրա Փայտյանի