Առավոտից իրիկուն մենք թափառում էինք Թիֆլիսում, որոնելով բնական միջավայր, նատուրա: Պետքական և հարմար փողոցներ ու նրբանցքներ, տնակներ, պտուտակաձև սանդուղքներ (անպատճառ փայտյա), փնտրում-գտնում էինք ու արձանագրում հարմար տիպաժը: Այդպիսի մի օր մենք գնացինք շուկա, որտեղ, ինչպես մեզ ասել էին, դեռևս մնացել էին առևտրական-կինտոներ:

Հրաշալի են Թիֆլիսի շուկաները:

Մրգերի ու բանջարեղենի առատություն: Հյուսածո տափակացրած բարձր զամբյուղներում (գոդարի), տախտակե հարթ սկահների, տեփուրների և պարզապես սեղանների վրա՝ սաթե տանձերի, խաղողի՝ կանաչ, կարմիր, սև՝ բոլոր երանգների, դեղձերի, սերկևիլի կույտեր, իսկ գետնի վրա սև փայլուն սմբուկի, ձմերուկի, լոլիկի և տարատեսակ ուրիշ բանջարեղենի ու կանաչեղենի ամբողջական դեզեր: Եվ ահա այստեղ շուկայում ես, վերջապես, հանդիպեցի կինտո առևտրականների, ոմանք նույնիսկ դեռևս իրենց յուրօրինակ հագուստ-կապուստով:

Վաճառողների բղավոցներ, ավանակի զռռոց, զուռնայի, դուդուկի թախծոտ ձայն, բացականչություններ ու խոսակցություններ՝ այս ամբողջը միախառնվում էր մի ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ, որ այնքան բնորոշ է բոլոր արևելյան շուկաներին: Այստեղ ես երկար կանգ էի առնում վաճառողների ու գնորդների մոտ, ականջ դնում, անգամ երկար զրուցում վաճառող կինտոների հետ: Եվ իրոք, նրանց հնարամտությունը անսահման էր, իսկ սրամիտ խոսքերով ու զվարճասություններով նրանք ասես խաղ էին անում, ճիշտ ինչպես փոքր գնդիկներով:

Եվ այդ ժամանակ հիշեցի, որ ինչ-որ տեղ կարդացել եմ (որտեղ՝ չեմ կարողանում հիշել) կինտոների այդ կաստայի ծագման մասին: Այդ կաստան սկիզբ է առնում շատ հին ժամանակներից: Որքան որ հիշում եմ, մի քանի դար առաջ, վրաց թագավորների օրոք կազմվել են այսպես կոչված «Կարա-Չոխելի» (այսինքն սև չերքեզկաների) մարդկանց խմբեր: Նրանք միշտ գտնվել են արքային կողքին: Ուղեկցել են նրան և որսի գնալիս, և տոնակատարություններին, և բաղնիքում, որոնք այդ ժամանակներում ծառայում էին որպես մի տեսակ ակումբներ, և այնտեղ էին մնում շատ երկար: «Կարա-Չոխելիները» չէին թողնում, որ ձանձրանա արքան: Նրանք զվարճացնում էին արքային: Միշտ սրամիտ, հնարագետ և շատ ուրախ, նրանք զանազան բառախաղերով արքայի երեսին ասում էին, երբ անհրաժեշտ էր, իսկական ճշմարտությունը, որի մասին ուրիշ ոչ ոք չէր համարձակվի անգամ ծպտուն հանել, ուր մնաց թե արտահայտեր: Իսկ նկատի ունենալով արքային զվարճացնողների իրենց կարգավիճակը (թերևս մի տեսակ ռուսական թափառական զվարճախոսների և պալատական ծաղրածուների նման), դա նրանց հաջողվում էր:

Սակայն ժամանակը արագ է անցնում: Եթե կինտոները եղել էլ են «Կարա-Չոխելի», եթե ես չեմ սխալվում կինտոների կաստայի ծագումը որոշելիս, ապա անցած դարերը անշուշտ փոխել են նրանց: Բուրժուական դարաշրջանի գրականության մեջ կինտոն միշտ պատկերվել է որպես անփույթ, անհոգ ծաղրաբան, ամեն տեսակ անեկդոտների-պատմությունների դատարկաշրջիկ հերոս:

Իսկ սունդուկյանական հերոսները, մեր Պեպոն, Կակուլին, Վանոն, Կոլաուն, նրանք կիսապրոլետարներ են, աղքատ արհեստավոր, մանրավաճառ: Մի բան է պահպանվել նրանց մեջ և անցել դարերի միջով՝ դա իրենց սրամտությունն է, լավատեսությունն ու բարեսրտությունը:

Իմ օգնականներն ու ասիստենտները ծանոթություն հաստատեցին վաճառական կինտոների հետ, որոնց ես գտա շուկայում: Նրանց միջոցով շատ արագ շուկայով մեկ լուր տարածվեց, որ մեր խումբը եկել է բեմադրելու «Պեպո» կինոնկարը: Հասկանալի է, թե ինչ ոգևորությամբ ընդունվեց այդ լուրը: Իմ օգնականներին արդեն ողջ շուկան գիտեր, նշանակում է և ամբողջ Հավլաբարը: Փողոցներում նրանց կանչում էին անուններով, հաճույքով իրենց ծառայություններն առաջարկում, եթե հարկ լինի նկարահանումներում, պատրաստակամությամբ ու սիրով էին իմանում ու տեղ հասցնում բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, երբ իրենց ինչ-որ բան էր հանձնարարվում, և առհասարակ ներգրավվեցին, կարելի է ասել, մեր խմբի մեջ: Դե անշուշտ: Ինչո՞ւ չուրախանային, երբ այն ամենը, ինչ թանկ ու հարազատ էր իրենց, ինչին նրանք վարժվել էին, իրենց սովորույթները, իրենց ամենօրյա կյանքը, որ հեռանում՝ ի չիք էր դառնում, արձանագրվելու էր ժապավենի վրա: Նրանք կկարողանային այն կրկին տեսնել…

Իսկ երբ ծառացավ կինտոների հանդերձանքի հարցը, իսկ այն պարզվեց շատ բարդ է, քանի որ ոչ մի սովորական-հասարակ դերձակ այդ յուրահատուկ զգեստներն անկարող էր կարել: Հարկավոր էր գտնել մասնագետի: Իսկ որտե՞ղ: Այդ ժամանակ արդեն այդպիսի արհեստանոցներ չկային, դրանք փակվել էին: Բայց չէ որ մարդիկ դեռ կարող էին լինել: Եվ ահա շուկայի նույն այդ կինտոների օգնությամբ մենք գտանք մասնագետի՝ «վերջին» դերձակին: Կոչում էին նրան Գեորգի, կամ պարզապես Գիգո: Դա ծանրաշարժ մարդ էր, 60-ի մոտ, շատ գեր էր, հավանաբար դերձակի սեղանի մոտ մշտապես նստած լինելու հետևանքով: Անչափ բարեհոգի, ճերմակած բեղերով (ինչպես Տարաս Բուլբայի մոտ), ջինջ, բարեհոգի, կապույտ աչքերով: Գեր գունդի պես, միշտ բաց մոխրագույն չերքեզկայով, թվում էր, ոչ թե քայլում, այլ գլորվում էր: Նրան բերեցին նույն մեր օգնականները, շուկայի մեր նոր ծանոթները՝ կինտոները:

Պետք էր տեսնել, ինչպես ուրախությամբ վառվեցին իր աչքերը և լուսավորվեց դեմքը, երբ իմացավ, թե ինչու են իրեն բերել, երբ նա իմացավ, որ մեզ շատ է պետք ինքը, և ինչի համար հատկապես, որ առանց իրեն մենք չենք կարող գլուխ հանել, որ անհրաժեշտ է, հերոսներին հանդերձելուց բացի, նաև մի քանի տասնյակ հագուստ կարել կինտոների համար, հագուստներ, որոնց մասին նա արդեն չէր երազում երբևէ կարել, որոնց վրա նա աշխատել էր իր ողջ կյանքում: Եվ հանկարծ ոչ այնքան վաղուց դրանք դարձել էին ոչ պետքական, և ինքն էր դարձել ոչ պետքական… Եվ ահա, ասես երազ լինի, իրեն խնդրում են դարձյալ լինել իր գործի վարպետը: Դա իր կարապի երգն էր: Եվ այն նա երգեց հրաշալի: Նա ամբողջովին կրակ էր կտրել, աշխատում էր, ժամանակն անտեսելով: Երբ ես մտնում էի նախասրահ /Գավիթ/ և տեսնում նրան օգնականների մեջ, ասեղով, մկրատով կամ արդուկով, ինձ թվում էր, թե այդ մարդը էքստազի մեջ է, որ նա ոչ թե արհեստավոր-դերձակ է, այլ արվեստագետ, որ նա ոչ թե կար է անում, այլ ստեղծագործում է: Այդպիսի ներշնչանք էր ճառագում, որքան էլ տարօրինակ է, դերձակի դեմքից:

Ես բավականին մանրամասն տարածվեցի մեր դերձակ Գիգոյի մասին՝ կինտոյի հանդերձանքի «վերջին» դերձակի մասին: Կինտոները նույնպես «վերջիններն» էին, հեռացողները-անհետացողները: Ամեն ինչ այնպես էր դասավորվել, որ մենք ստիպված էինք տառացիորեն որսալ արձանագրելու համար այդ «վերջինը-հեռացողը»:

Ինձ հարկ կլինի էլի խոսել հեռացող-անհետացող շատ բաների մասին, որ մենք հասցրինք մեր կինոնկարի համար որսալ: Կոլորիտը անհետանում-հեռանում էր և նկատելի, և աննկատ ձևով: Սակայն, ամեն դեպքում՝ համառորեն և արագ:

Մենք պետք է Քուռ գետի վրա նկարեինք կինոնկարի սկիզբը: Արևածագին Պեպոն ձուկ է որսում Քռում: Նա նետում է ցանցը, մինչև ծնկները ջրի մեջ կանգնած: Իսկ Քռով լողում է եզան կաշիներից լաստի վրա (օդով լցված տիկերի)  ուրախ Կակուլին՝ քեֆ անող իր ընկերախմբի հետ: Այդ եզան կաշիները (այսինքն՝ դրանցից սարքած լաստը) ձեռք բերելը գրեթե անհնարին էր թվում: Այդ կաշիները ստանալու համար պետք է հատուկ եղանակով եզները մորթազերծ արվեին, առանձնահատուկ ձևով չորացվեին, հետո փչվեին ու կապվեին: Դա նույնպես կարող էր անել գիտակ մասնագետը: Բայց չէ որ հիմա արդեն վաղուց այդպիսի լաստերով ոչ ոք չէր լողում:

Ինչպե՞ս դուրս գալ իրավիճակից: Այդպիսի մասնագետների մենք անշուշտ չէինք գտնի, եթե մեզ չօգնեին դարձյալ մեր կամավոր օգնական-կինտոները: Նրանք մեզ համար սարքեցին այդ լաստը: Որտեղ և ով արեց՝ ես չգիտեմ: Սակայն ինչպես խոստացել էին, ճիշտ օրն ու ժամին, Քուռ գետի ափին, Օրթաճալայում, երբ ես այնտեղ հասա, օրորվում էր հռչակավոր լաստը: Երկու վիթխարի փչած տիկեր, ծածկված լաստերով (հյուսված ուռենու շիվերից), տարուբերվում էին անհանգիստ գետի ալիքների վրա և, թվում էր, սիրալիր հրավիրում էին լողալ իրենց վրա, Քուռի հինավուրց ափերի մոտով, լողացող ձկնորսական ուռկանների հետ միասին, բազում Պեպոների երգի հետ միասին, հին, խոնավությունից քայքայված տնակների հետ, ջրի վրա կախված հնամենի պատշգամբների ցանցկեն գործվածքի մեջ:

Աստիճանաբար, հաղթահարելով դժվարությունները, մենք նախապատրաստում էինք բարդ նկարահանումները Քռի վրա: Եվ հանկարծ չափազանց տագնապեցինք և վշտացանք, իմանալով, որ առաջիկա օրերին քանդելու և վերացնելու են բոլոր ջրաղացները, որ արդեն հարյուրավոր տարիներ կանգնած էին Քուռի աջ ափին, ուղղաբերձ ժայռերի ստորոտին:

Մենք այդ տեղերը նախատեսել էինք տիկերի վրա Կակուլիի խրախճանքի և Պեպոյի ձուկ բռնելու նկարահանումների համար: Առանց այդ ջրաղացների Հավլաբարը, այսինքն քաղաքի հին մասը, աներևակայելի էր: Եվ ահա կրկին մենք բախվեցինք հին, անհետացող կոլորիտի «վերջին» շտրիխի, «վերջին» անհետացող ջրաղացների հետ: Հարկավոր էր կասեցնել դրանց ավերումը ինչ գնով ուզում էր լինի:

(շարունակելի)

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,

Համո Բեկնազարյանի անձնական արխիվ (ռուսերեն),

Արխիվային նյութը  ներկայացվում է հայերենով ( թարգմանված)։