Հարցազրույց կինոռեժիսոր Աննա Բայաթյանի հետ.

Դուք  հինգ  կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի  հեղինակ եք` «Գնալու եմ», «Խոստացված հանդիպում», «Մոտիվ», «Արդեն գիտեմ» «Ծովախեցու երգը»: Ձեր  ֆիլմերը  մասնակցել են փառատոների, մրցանակներ  են շահել: Հետաքրքիր  է  իմանալ,  թե  ինչ  ճանապարհ է անցնում հայաստանյան  ֆիլմարտադրության  դպրոցն  անցած  երիտասարդ  ռեժիսորը: Ինչպե՞ս  են  Հայաստանում դառնում  կինոռեժիսոր: Սկսենք  սկզբից` սովորել  եք Կինոյի և թատրոնի  պետական  ինստիտուտում: Ի՞նչ  տվեց  Ձեզ  այդ  տարիների  կրթությունը:

– 2004-ին ավարտեցի ինստիտուտը: Մենք կինոռեժիսուրայի բաժնի առաջին շրջանավարտներն էինք: Վիգեն Չալդրանյանի արվեստանոցում եմ սովորել երեք տարի: Հետագայում մեր կուրսը վերցրեց  Սերգեյ Իսրայելյանը, հետո`Ռուդոլֆ Վատինյանը: Նոր էր ձևավորվում կինոֆակուլտետը, բնական է,  դժվարություններ շատ կային: Տեխնիկա  չունեինք: Մեր տարիներին ամբողջ ինստիտուտում մեկ  կամերա կար, և այդ հին կամերայով ու ջարդված շտատիվով նկարեցի իմ առաջին «Գնալու եմ» կարճրամետրաժ խաղարկային ֆիլմը, որը մասնակցեց  մի շարք կինոփառատոնների, ստացավ  մրցանակներ, իսկ «Ես եմ» միջազգային կինոփառատոնում լավագույն կարճրամետրաժ խաղարկային ֆիլմի մրցանակը:

– Սպասու՞մ  էիք, որ  Ձեր  ուսանողական  ֆիլմը  մրցանակ կշահի:

– Բոլորովին: Երբեք չեմ մոռանա այդ օրը: Մրցանակաբաշխության օրը գրպանումս գրոշներ էին:  Մտքիս մեջ ասում էի` «Տեր Աստված, չեմ կարծում, թե կհաղթեմ, բայց եթե գոնե մի ծաղիկ նվեր ստանամ, երջանիկ կլինեմ»: Շատ գեղեցիկ մրցանակաբաշխություն էր, հավաքվել էին հայտնի ռեժիսորներ, դերասաններ, ես` երիտասարդ աղջիկ, սկսնակ ռեժիսոր, հիացած, փայլող աչքերով շուրջս էի նայում: Բոլոր մրցանակները բաժանեցին, մնացել էր վերջինը` «Լավագույն ուսանողական ֆիլմ» մրցանակը: Ես, իհարկե, ոչ մի հույս չունեի, թե կարող էի արժանանալ այդ մրցանակին: Մեկ էլ քույրս հրմշտում է, թե` «Քո անունն են տալիս, վեր կաց»: Ես չեմ հավատում, կարծում եմ` կատակ է անում: Քույրս ավելի ուժեղ է հրում` «Վեր կաց, քեզ են կանչում»: Էսպես, ինձ հրելով բեմ բարձրացրին: Առաջինը, որ բեմում ինձ նվիրեցին, մեծ, աննման փունջ ծաղիկներ էին: Ես, իհարկել հալվել էի` մոռանալով մրցանակի մասին, որը ոչ ավել, ոչ պակաս` մի մեծ քարի կոտր էր` շատ խորհրդանշական ռեժիսորի անկոտրում մասնագիտությանը: Ուզում էի հեռանալ, սական մի թանկագին ձայն` Ռուբեն Գևոգյանցն ասաց` «Աննա ջան, իսկ քո 200 դոլարը չե՞ս ուզում վերցնել»: Դե, իհարկե, ուզում էի (ծիծաղոմ ենք – Մ.Բ.): Հավաքվեցինք, այդ փողով ընկերներով մի լավ քեֆ արեցինք: Երբեք չեմ մոռանա: Հիշելիս միշտ ժպտում եմ:

– Ինստիտուտն  ավարտելուց  տարիներ  անց  քննություն  հանձնեցիր  բարձրագույն կինոռեժիսորական  կուրսեր` կինոռեժիսոր  Ռոման  Բալայանի  արվեստանոց  ընդունվելու համար: Ի՞նչ տվեցին  այդ  կուրսերում  սովորելու  տարիները:

– Միայն տեսություն սովորելով ռեժիսոր չեն դառնում: Կինո նկարելով են դառնում ռեժիսոր և ինքնակրթությամբ` կարդալով, ֆիլմեր նայելով, լսելով, դիտելով, մտածելով, ի վերջո կյանքի բնույթով: Բայց, իհարկե, շատ կարևոր է, թե ում կհանդիպես քո ճանապարհին, ով կլինի քո ուսուցիչը: Ես ուշացումով եմ իմացել, որ Ռոման Բալայանն է եկել, կուրս է հավաքում: Այդ շրջանում շատ լուրջ մտածում էի` արդյո՞ք ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, արդյո՞ք սա այն ճանապարհն է, որ ինձ պետք է: Հետո ի՞նչ պիտի լինի: Գնացի քննության, բայց չէի հավատում, թե կընդունվեմ: Ընդունող հանձնաժողովում  տարբեր երկրներից հայտնի ռեժիսորներ էին եկել, նրանց մեջ Ռոման Բալայանն էր: Դրսում`շատ ուսանողներ, որ ինձ պես եկել էին ընդունվելու և սովորելու Ռոման Բալայանի արվեստանոցում: Աղոթք արեցի ու ասացի` «Տեր Աստված, եթե սա է իմ ճանապարհը, եթե ռեժիսուրան է իմ կոչումը, ուրեմն թող ընդունվեմ»: Հանձնաժողովին նախապես պիտի ներկայացրած լինեինք մեր նկարած ֆիլմերից մեկը: Ես ուղարկել էի «Գնալու եմ» ֆիլմս, որ նկարել էի այն հին ջարդված կամերայով… (ծիծաղում ենք – Մ.Բ.): Շատ լավ հիշում եմ իմ այդ քննությունը. ամոթխած ներս էի մտել ու վախվորած կանգնել դռների արանքում: Ինձ ասացին` «Նե’րս արի, մեզ ավելի մոտ արի»: Մոտեցա, աթոռին  նստեցի: Նրանք արդեն դիտել էին իմ ֆիլմը: Մի քանի հարց տվեցին, հանձնաժողովի բոլոր անդամներն ասացին, որ շատ են հավանել  ֆիլմը: Իսկ Ռոման Բալայանը ոչինչ չասաց, նա պարզապես ինձ կանչեց իր մոտ, համբուրեց ճակատս ու ասաց` «Շնորհակալություն քո ֆիլմի համար: Ես քեզ շնորհավորում եմ, դու ընդունվել ես իմ կուրս»: Այդպես, իմ «Գնալու եմ» ֆիլմը ինձ համար նոր դուռ բացեց: Կուրսը տևեց  լեցուն  երկու տարի: Այդ ընթացքում հայտնի կինոռեժիսորներ եկան Հայաստան, հրաշալի վարպետաց-դասեր ունեցանք:

Ինչպիսի՞ ուսուցիչ  էր  Ռոման  Բալայանից:

Ռոման Բալայանի հետ ամեն հանդիպումը տոն էր: Նրա հետ շփման ամեն վայրկյանն էր հետաքրքիր: Նրա շնորհիվ է, որ ես վերահաստատեցի ռեժիսուրան որպես իմ կոչում, իմ  ճանապարհ: Ես կորցրել էի հավատն իմ նկատմամբ, հայ կինոյի նկատմամբ: Ռոման Բալայանը վերականգնեց  իմ հավատը և օգնեց, որովհետև հավատաց ինձ: «Դու կինո ես մտածում»,- ասաց ինձ: Եվ այդ գնահատականն այնքան թանկ է ինձ համար: Ու ես նորից սկսեցի փնտրել` ի՞նչ պիտի իմանամ կինոյի մասին, ի՞նչն է կարևոր, որ չգիտեմ: Հիմա էլ, երբ Ռոման Բալայանը գալիս է Հայաստան, հավաքում է իր ուսանողներին, հետաքրքրվում բոլորիս կյանքով: Նա Ուսուցիչ է բառի բարձր ու ամենաընդգրկուն իմաստով: Մեր վերջին զրույցներից մեկի ժամանակ ասաց, որ կինոն է կյանքի շարժիչ ուժը,  ու եթե ուզում ես մի բան փոխել այս կյանքում, միակ միջոցը կինոն է, ու ես նրա հետ համաձայն եմ: Եվ արժե, արժե ապրել կինոյի համար:

Կա՞ այնպիսի  մի  խոսք, մի  ճշմարտություն, որ  քեզ  ասել  է  Ռոման  Բալայանն  ու  դու  դա երբեք  չես  մոռանա:

– Ռոման Բալայանից ես այնքան բան եմ սովորել… Բայց, այո, կա մասնագիտական մի խորհուրդ, որ միշտ հիշում եմ, երբեք չեմ մոռանում: Դերասանի հետ աշխատելու նրբություններից  էինք խոսում, որը ես շատ եմ կարևորում կինոյում, ինչը տեսնում եմ և իր ֆիլմերում` ինչպես է նա աշխատում իր դերասանների հետ, որքան է կարևորում դերասանի հետ աշխատանքը, որքան է սիրում դերասանին: Մի օր  ասաց` «Եթե տեսնում ես, որ դերասանը քեզնից տաղանդավոր է, ուրեմն դու պիտի ցույց տաս, որ նրանից խելացի ես: Եթե տեսնում ես, որ դերասանը քեզնից խելացի է, ուրեմն պիտի նրան համոզես, որ դու ավելի տաղանդավոր ես»: Ի դեպ,  Բալայանը իր կուրսի բոլոր ուսանողներին հնարավորություն տվեց նաև նոր ֆիլմ նկարել` ապահովելով անհրաժեշտ տեխնիկայով: Ես նկարեցի «Արդեն գիտեմ» ֆիլմը, որը մասնակցեց շատ կինոփառատոների: Կիևի «Մոլոդիստ» կինոփառատոն մեկնեցի Ռոման Բալայանի հետ: Երբեք չեմ մոռանա այդ ճանապարհորդությունը: Այդ օրերին նա  ինձ հայրություն էր անում` հո չե՞մ մրսում, հո քաղցած չե՞մ, տեղս լա՞վ է, ամեն ինչ հարմա՞ր է: Ու մինչև այսօր` հետևում է իմ տրամադրությանը, իմ գործունեությանը: Նույնիսկ երբ երգ էի ձայնագրել, տեղադրել ֆեյսբուքյան իմ էջում, գրել էր` «Շատ լավ ես երգում, բայց քո կոչումը կինոն է»:

Փաստորեն, այսպես ստացվեց, որ «Գնալու եմ» ֆիլմը  ճանապարհ  բացեց  դեպի  Ռոման Բալայանի  բարձրագույն կինոռեժիսորական  կուրսեր, որի  ժամանակ  նկարեցիր  «Արդեն գիտեմ»  ֆիլմը,  որը քեզ տարավ  Նյու Յորք` SR Socially Relevant փառատոն:

SR Socially Relevant փառատոնում ներկայացվում են սոցիալական խնդիրների կարևորություն ունեցող ֆիլմեր: Փառատոնի կազմակերպիչը Նորա Արմանին է: Իհարկե, հաճելի է, երբ մրցանակ ես ստանում, բայց փառատոների մասնակցությունը միայն մրցանակը չէ, այլ փառատոնի շրջանակներում տեղի ունեցած հանդիումները, շփումները, ծանոթություններն ու կապերը: Նյու Յորքում ես ծանոթացա Մարկ Դյուրեթի` ֆրանսիացի շատ հետաքրքիր մի դերասանի հետ: Իմ թերի անգլերենով շփվել, հասկացել ու սիրել ենք միմյանց: Եվ ես գտա իմ հաջորդ ֆիլմի հերոսին: Ընդ որում, Մարկը, տպավորված փառատոնին ներկայացված իմ ֆիլմից, ինքը մոտեցավ ու ասաց, որ շատ կուզեր լինել իմ հաջորդ ֆիլմի հերոսը: Բայց մենք երկուսս էլ գիտենք, որ կինո նկարելը հեշտ գործ չէ, մեծ գումարների, ժամանակի հարցեր են:  Հիմա նամակագրությամբ շփվում ենք, կապը պահում ենք ու պատրաստվում ենք գալիք ֆիլմին: Հետո Նորա Արմանին եկավ Հայաստան, հանդիպեցինք: Գիտե՞ք, իմ ճանապարհին մարդիկ են հայտնվել, որոնք շատ կարևոր դեր են խաղացել իմ կյանքում, և այդ մարդկանցից մեկը դարձավ իմ սիրելի դերասանուհի և պրոդյուսեր Նորա Արմանին: Ես անվերջ հիանում եմ այս կնոջով: Մի հետաքրքիր բան ասաց Նորան` «Իմ ամենաուժեղ կողմը լավատեսությունն է»: Բոլոր հնարավոր ու անհնարին դժվար իրավիճակներում մնալ լավատես ու նայել ապագային, իրոք, ֆենոմենալ հատկանիշ է: Ճակատագրիս հանդիպումը այդ գեղեցիկ մարդկանց հետ  ծնվեց  նոր, այս անգամ արդեն լիամետրաժ ֆիլմի համագործակցության գաղափարը: Չեմ ուզում հիմա խոսել այդ ֆիլմի մասին, այն դեռևս հասունացման ու զարգացման փուլում է, բայց այնտեղ միանշանակ խաղալու են Նորան և Մարկը: Մի բան հաստատ կարող եմ ասել`  կինո նկարելը խենթություն է և շատ կարևոր է, թե ինչ թիմով ես պատրաստվում այդ գործն անել: Իմ վստահությունն ու երաշխիքը իմ թիմն է: Նրանք լավագույններից և ստանդարտներից դուրս մարդիկ են, ինչի համար միայն ուրախ եմ:

– Կա՞ ընդհանուր մի գիծ, մի ասելիք, մի խոսք, որ փորձել ես տեղ հասցնել  քո  հինգ  ֆիլմերում:

– Պոետիկ կինոյի մտածողությունն ինձ շատ հարազատ է: Օրինակ, հենց վերջին ֆիլմս` «Ծովախեցու երգը», ծնվեց Բուկովսկու պոեզիայի մի տողի ներշնչմամբ` «Թռչուն կա իմ սրտում…»: Իմ ֆիլմերի սցենարները գրել եմ մայրկիս`Կարինե Ջանջուղազյանի հետ: Ամեն ինչի մասին կարող ենք զրուցել, նա ոչ միայն իմ ընկերն է, այլ նաև իմ Ուսուցիչը, որից շատ բան եմ սովորել: Մենք երկուսով մի ներքին հստակ պայմանավորվածություն ունենք` ինչ էլ լինի, ֆիլմը պիտի ավարտվի հույսով: Երբեք չեմ մտածել իմ հինգ ֆիլմերի ընդհանուր ասելիքի մասին, բայց վերջերս հասկացա, որ իմ հինգ աշխատանքներում էլ, ըստ էության, ընդգծված են հույսը, հավատը և սերը: Գիտեմ, որ այս երեք բառերն էլ շատ են ծեծվել, և շատերը այսօր հեռանում են են կինոյում այս ասելիքից: Ես` ոչ, չեմ խուսափում: Քանի որ գիտեմ` երբ հավատում ես, անհնարինը հնարավոր է դառնում:

Անցյալ տարի թատրոնում բեմադրեցիր «Ճնճղուկ Պիաֆը» մոնոներկայացումը` Կարինե Ջանջուղազյանի  դերակատարմամբ: Ո՞րն է ավելի  դժվար` կինո՞ նկարելը, թե՞  թատերական պիես  բեմադրելը:

– Ես մեծացել եմ թատրոնում, թատերական ընտանիքում, հայրս՝ ռեժիսոր մայրս՝ դերասանուհի: Թատրոնը ծնվածս օրից իմ կյանքի անբաժան ու բնական մասն է եղել: Բայց երբևէ չեմ մտածել, որ թատերական բեմադրություն կանեմ: Ու երբ հնարավորություն ընձեռվեց  թատերական ներկայացում անել, ես այն սիրով ընդունեցի: Տեսականորեն տարբերություններ, իհարկե, կան: Երկու` թեև որոշակիորեն նման, միևնույն ժամանակ տարբեր աշխարհներ են: Ու քանի որ թատերական ռեժիսորի փորձառությունս մեծ չէ` ընդամենը մեկ մոնոներկայացում, ինձ իրավունք չեմ վերապահի մեծ-մեծ խոսել թատրոնի մասին: Բայց և’ կինոյում, և’ թատրոնում կա հոգևոր բովանդակություն, կա դերասան, որը երկու դեպքում էլ շատ եմ կարևորում:

Կինոն  էժան  զբաղմունք չէ: Լավ  կինո  ունենալու  համար  պետք  է  փող, շատ  փող: Եվ  իհարկե, կինոարտադրական  կազմակերպությունների  հետ  կապեր  ստեղծելու  հմտություն: Արդյո՞ք  կարելի  է հուսալ, որ եթե Հայաստանում լինի  պրոդյուսերական  դպրոց, ապա կլինի նաև որակյալ  կինոարտադրություն: Եվ  ինչպիսի՞ն  պիտի լինի պետական  մոտեցումը  այս հարցում  և ընդհանրապես  կինո  ունենալու գործում:

– Հայաստանում սակավաթիվ են  լավ պրոդյուսերները, որը խիստ անհրաժեշտ է կինոյին: Լավ կինո ունենալու համար ֆիլմը պետք է նաև համարտադրողներ ունենա: Բայց ամբողջ հարցն այն է,  որ  համարտադրող կողմն ուզում է տեսնել պայմանագրի մյուս կողմի՝ սեփական պետության աջակցության մասնաբաժինը, այսինքն` որքանո՞վ է քո պետությունը պատրաստ սատարելու կինոարտադրությանը: Թե ինչպես է իրականացվում մեր երկրում  պետական հովանավորչությունը կինոարտադրությանը, բոլորս գիտենք, սակայն անվերջ հույսով դեռ սպասում ենք, որ մեր թիկունքին մի օր կզգանք  մեր ամուր պետության աջակցությունը: Ոչ միայն իմ, այլև երիտասարդ` երազանք ու միտք ունեցող ռեժիսորների թիկունքը պիտի ամուր լինի: Շատ հետաքրքիր երիտասարդ ռեժիսորներ կան, որ ուզում են ու կարող են իսկական կինո, գեղարվեստական արժեքներ ստեղծել: Իսկ նրանք, ովքեր չեն կարող օգտակար լինել, գոնե  անհուսությամբ  չխանգարեն:

Զրույցը պատրաստեց  Մարինա Բաղդագյուլյանը