Աշխարհահռչակ կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանն ակտիվ մասնակցություն է ունենալու փառատոնային GAIFF PRO հարթակի աշխատանքներում։

Կինոռեժիսորն իր փորձով է կիսվելու հուլիսի 13-16-ն անցկացվող GAIFF PRO-ի մասնակիցների հետ, արդեն հասցրել է ընթերցել C2C օնլայն շուկայի նախագծերը։ Նշենք նաև, որ հուլիսի 14-ին նախատեսվում է համեմատական քննարկում Ատոմ Էգոյանի «Օրացույց»  և Եկաթերինե Չելիձեի «Մեռած հոգիների արձակուրդ» ֆիլմերի շուրջ, որին կմասնակցեն երկու ռեժիսորները։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից։

«Հենց սկզբից, երբ ստեղծվում էր «Ոսկե ծիրան»-ը, մենք մտածում էինք մշակույթների խաչմերուկ գաղափարի մասին։ Հայաստանն այն երկիրն է, որտեղով անցել են բազում մշակույթներ, և մենք միշտ հավատացել ենք, որ մեր երկիրը հիանալի վայր է փառատոնի անցկացման համար»,-ասում է Ատոմ Էգոյանը։

Ռեժիսորի խոսքով՝ հենց սկզբից պարզ դարձավ, որ փառատոնի շրջանակում Հայաստան այցելող կինոգործիչները կախարդական, յուրահատուկ զգացողություններ են ունենում։ Էգոյանը փաստում է՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը աննկարագրելի հմայք ունի, յուրահատուկ անձնավորություն է, և մարդիկ սիրում են նրա շուրջը գտնվել։

«Հենց սկզբից մենք հույս ունեինք, որ փառատոնը կդառնա Հայաստանի բրենդը, և բոլորովին զարմանալի չէ, որ այն դարձավ մշակույթի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Մենք այնքա՜ն բան ունենք առաջարկելու աշխարհին, սա շատ ոգեշնչող փառատոն է։ Իմ ճանաչած բոլոր կինոգործիչները, ովքեր եկել են, մասնակցել փառատոնին՝ հիասքանչ փորձառություն են ունեցել, և շատ են խոսում այն մասին, թե որքան հիասքանչ էր փառատոնը։ Ահա թե ինչու՝ շատ կինոգործիչներ են ցանկանում գալ այստեղ»,-նշում է աշխարհահռչակ ռեժիսորը։

Նրա խոսքով՝ կինոգործիչները շատ են տպավորվում հատկապես այն փաստից, որ Հայաստանում մեծարում են արվեստի գործիչներին։ Օրինակ, մեր երկրում Փարաջանովի, Կոմիտասի, Սարյանի և այլ գործիչների գործունեությունը ներկայացնող թանգարաններ կան, որոնք հիացնում են արտերկրից մեր երկիր ժամանողներին։ Էգոյանը շեշտում է՝ մեզ համար այս ամենը կարող է սովորական թվալ, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, սակայն այն, որ երկիրը հարգում է իր արվեստագետներին, ապշեցնում և հիացնում է արտերկրի կինոգործիչներին, երկիրն այդ կերպ կարևորում է մշակույթը։

Էգոյանն առանձնահատուկ ընդգծում է՝ շատ է հպարտանում փառատոնով։ Ասում է՝  «Ոսկե ծիրան»-ը հնագույն մշակույթ ունեցող երկրի և երիտասարդ փառատոնի յուրատեսակ համադրություն է, այս համադրության արդյունքում յուրահատուկ բան է ստեղծվում։

Աշխարհահռչակ ռեժիսորը տխրում է, որ այս օրերին համավարակի պատճառով փառատոնը չի անցկացվում, սակայն հուսով է, որ շատ շուտով կվերադառնանք նորմալ կյանքին։ Այս օրերին հետաքրքրությամբ կարդացել է C2C օնլայն շուկայի նախագծերը, հետաքրքիր սցենարներ է գտել, և խոստանում է իր փորձով կիսվել մասնակիցների հետ՝ ամեն կերպ օժանդակելով նրանց նախագծի էլ ավելի լավը դառնալու գործընթացում։

Շեշտում է՝ երիտասարդ  կինոարտադրողները պետք է ամուր մաշկ ունենան, հասկանան, որ իրենց հաճախ են մերժելու, պետք է պատրաստ լինեն դրան, ամբողջ ընթացքում պայքարեն։ Պետք է շարունակեն փորձել, ոգեշնչված լինեն, և իրենց կրքով վարակեն այլ մարդկանց։ Էգոյանն ասում է՝ ներկայացված ֆիլմերից շատերը կարող են հաջողակ լինել, մնում է լավագույն ձևով աշխատել, օգտագործել մեր ունեցած ռեսուրսները՝ ֆիլմերն էլ ավելի կատարելագործելու համար։

Ատոմ Էգոյանը նշում է, որ նման ձևաչափի օնլայն փառատոնի միջոցով կինոոլորտի մարդիկ միավորված լինելու զգացողություն կունենան, կզգան, որ ընտանիքի անդամ են։ Էգոյանի խոսքով՝ պետք է ադապտացվել ժամանակներին, օգտագործել տեխնոլոգիաներն այնքանով, որքանով հնարավոր է։

«Ի տարբերություն շատերի՝ ես առավել հաջողակ եմ եղել, որովհետև մեր վերջին ֆիլմը` «Պատվավոր հյուրը» ցուցադրվել է Վենետիկի, Տորոնտոյի, Լոնդոնի կինոփառատոներին, մենք պետք է լինեինք Սոֆիայում, այնուհետև ի հայտ եկավ կորոնավիրուսը և ամեն ինչ դադարեց։ Երջանիկ եմ, որ ֆիլմը որոշակի փառատոնային կյանք ունեցավ, բայց տխուր եմ, որ բազում կինոստեղծողներ, հատկապես՝ երիտասարդները, սպասման մեջ են։

Միևնույն ժամանակ՝ մենք պետք է հասկանանք, որ որևէ ազդեցություն չունենք այս ամենի վրա։ Մարդկային բազում սերունդներ բախվել են նմանատիպ խնդիրների հետ, և մենք կհաղթահարենք ամեն ինչ։ Ամեն ինչ շատ առեղծվածային է, որովհետև մենք չենք էլ հասկանում ոչինչ։ Մենք ամեն օր նոր բան ենք բացահայտում այս վիրուսի մասին»,-նշում է ռեժիսորը։ Էգոյանը հույս ունի, որ «Պատվավոր հյուրը» շատ շուտով կցուցադրի նաև Հայաստանում։

Աշխարհահռչակ ռեժիսորը փաստում է՝ շատ ուրախ է, որ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ի դեպ, օրեր առաջ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում անցկացվեց օնլայն հանդիպում ֆիլմի հեղինակների հետ։
«Սա հրաշալի ձեռքբերում է Հայաստանի համար, որովհետև առաջին անգամ Կաննի մրցութային ծրագրում հայկական ֆիլմ է ընտրվում «Բարև, ես եմ»-ից հետո։ Ափսոս, Նորան այս տարի չի կարողանա անձամբ գնալ Կաննի փառատոն, բայց սա մեր կինոինդուստրիայի համար իսկական հաղթանակ է»,-նշում է նա։

Այս օրերին աշխարհահռչակ ռեժիսորը շատ է կարդում, ընթերցում գրքեր, որոնց անդրադառնալու ժամանակ չի ունեցել, շարունակում է գրել, ստեղծագործել։


    Արեգ Բալայան․Օր 42,Ստեփանակերտ

    Էս օրը մի քանի մասից է  բաղկացած։ Հիմա երրորդն եմ պատմում։ Եղբայրական գերեզմանոցում շրջում էի։ Քայլում էի, մտածում, ցավում… նկարում։...

    , |4 Դեկտեմբեր 2020,20:59