Օրեր առաջ փարիզաբնակ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» լիամետրաժ վավերագրական ֆիլմն արժանացավ La SCAM-ի աստղի։ Մեր ընթերցողներին մանրամասնենք, որ La SCAM-ը Ֆրանսիայում գործող կարևորագույն կազմակերպություններից է, որը հիմնադրվել է 1981 թվականին՝ վավերագրական դաշտի ստեղծագործողների հեղինակային իրավունքները պաշտպանելու նպատակով։   La SCAM-ն ունի նաև տարբեր մրցանակներ և թոշակներ, որոնց մասին առավել մանրամասն մեզ կպատմի աստղակիր Թամարա Ստեփանյանը։

-Թամարա, ի՞նչ է իրենից ներկայացնում La SCAM-ի Աստղը ։

-Դա վավերագրական կինոյում ռեժիսորի աշխատանքն արժևվորող մասնագիտական կարևոր լեյբլ է։ Այս տարի 450 վավերագրական ֆիլմից La SCAM-ի Աստղին արժանացան ընդամենը երեսունը։ Դա հաճելի հաղթանակ է։

-Բայց սա La SCAM-ում քո ունեցած առաջին հաղթանակը չէ։

-La SCAM-ը տրամադրում է նաև «Երազանքի սևագիր» կոչվող թոշակ՝ տարվա լավագույն սցենարների համար։ Երկու տարի առաջ նույն «Կանանց գյուղը» ֆիլմի սցենարի համար ես La SCAM-ից արժանացա այդ թոշակի։

-Եվ ինչպիսի՞ն են «Աստղային» հետևանքները։

-Նոյեմբերի սկզբին Փարիզի «Forum des images»-ում տեղի կունենա փառատոն, որի բացման ժամանակ մենք կստանանք մեր աստղերը, դրամական մրցանակը, և, իհարկե, կցուցադրվեն ընտրյալ երեսուն ֆիլմերը։

-Քո ֆիլմերի DVD հավաքածուն պետք է լույս տեսներ մայիսին։ Ի՞նչ փուլում եք հիմա։

-Ստեղծված իրավիճակի պատճառով միջոցառումը տեղափոխվեց աշուն։ DVD-ին ներառում է իմ բոլոր ֆիլմերը՝ երեք լիամետրաժ վավերագրական և մեկ կարճամետրաժ խաղարկային։

-Հայաստանյան քո հանդիսատեսը կկարողանա՞ այն գնել։

-Այս պահին աշխատում ենք Եվրոպայում և Միացյալ Նահանգներում տարածման շուրջ։ Բայց հույս ունեմ՝ Հայաստանն էլ կհետաքրքրվի։

-Նոր ֆիլմի մտքեր կա՞ն։

-Այս պահին աշխատում եմ երկու նոր ծրագրերի վրա՝ խաղարկային լիամետրաժ ֆիլմ, որն այս պահին զարգացման փուլում է, և արխիվային լիամետրաժ ֆիլմ, որն իմ կարծիքով հետաքրքիր արդյունք կտա։ Վերջինիս հարցում, դեռ նյութերի հվաքման և մշակման փուլում եմ։ Իմ լավագույն ընկերն այսօր Յութուբն է։

-Ի՞նչ թեմայով է լինելու արխիվային լիամետրաժ ֆիլմը։ 

-Հայկական կինոյի։ Ես մեծացել եմ՝ մշտապես շրջապատված կինոյի իրականությամբ։ Մեծ ծնողներս աշխատում էին կինոստուդիայում, հայրս դերասան էր, հայկական հեռուստատեսությամբ անըդնմեջ  ֆիլմեր էին ցուցադրվում։ Այսինքն կինոյի աշխարհը մշտապես ներկա է եղել իմ կյանքում։ 12 տարեկանում տեղափոխվելով Բեյրութ՝ ես, բնականաբար, բաժանվեցի այդ պատկերներից, բայց հաստատվելով Փարիզում՝ հասկացա, որ պատկերները խորապես մնացել են իմ հիշողության մեջ։ Այսօր, որպես հասուն կին, ես հետ եմ վերադառնում դեպի այդ ակունքները և փորձում այսօրվա Թամարայի ձայնով և պոետիկ մոնտաժի օգնությամբ վերարտադրել այդ պատկերները։ Ֆիլմը բաղկացած է լինելու մի շարք գլուխներից։ Մի քանիսն արդեն մոնտաժել եմ, հետաքրքիր գոդարական ոճով մի բան է ստացվում։ Այս ֆիլմն ինձ ոգեշնչում է, քանզի ես ուզում եմ արժեքավորել մեր ունեցած հարուստ ֆիլմադարանը, որի մասին արտասահմանում քչերը գիտեն։ Փարաջանով ու Փելեշյան անուններին ժամանակն է ավելացնել մյուս հսկաներին։ Ես փորձում եմ համախմբել բոլորին ու մատուցել նորովի։ Այս կինոն միջոց է վերադառնալու արմատներիս, հասկանալու՝ որտեղից եմ գալիս ես։

-Փաստորեն այս ֆիլմի գլխավոր զենքը մոնտաժն է։

Այո, մոնտաժն ինձ համար բոլոր ֆիլմերում ամենակարևոր աշխատանքային էտապն է։ Իմ մոնտաժը դասական չէ, այն ինձ համար պոետիկ սիմֆոնիա է։ Ես վերցնում եմ նյութը և փորձում ստեղծել տարբեր ռիթմեր, տարբեր երանգներ, տարբեր գործվածքներ։ Դա հատկապես երևում է «Ձյուն կար» ֆիլմում։ Արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում եմ նույն մոնտաժորի հետ։ Մոնտաժը ես անում եմ երկար ու պարտադիր  դադարներով, որոնց ընթացքում թողնում եմ միտքս հասունանա։ Միայն մոնտաժի ժամանակ եմ կարողանում լիովին տեսնել ֆիլմը։

-Ի՞նչ կասես այս տարվա մշակութային աշխարհում հայերի ունեցած մի շարք հաղթանակների մասին։

-Դա հիանալի է։ Նորա Մարտիրոսյանի հաղթանակը չափազանց կարևոր էր մեզ համար և առաջին հերթին՝ Նորայի համար, որի ճանապարհը դեպի այդ բարձունքը բարդ էր ու քարքարոտ։ Ինչ վերաբերում է վավերագրական կինոյին, մեծ ուրախությամբ կարելի է արձանագրել, որ ռեժիսորների մեծամասնությունը կանայք են։

-Հետաքրքիր է՝ ի՞նչու։

-Ըստ իս, վավերագրական ֆիլմի համար պետք է ժամանակ, համբերություն, զգացմունքային մեծ դաշտ, նուրբ աչք ու հոտառություն, պետք է կարողանալ հարմարվել օտար կյանքի ուրիշ ռիթմին։ Հայ կանայք այս ամենն ունեն արյան մեջ, շատ հարմարվող և համբերատար են, ի տարբերություն տղամարդկանց։ Հարություն Խաչատրյանը թերևս միակ տղամարդն է, ում վավերագրական կինոն փշաքաղվելու աստիճանի զգացմունքային է, ես գնահատում և սիրում եմ նրա աշխատանքը։ Իհարկե, չեմ խոսում Փելեշյանի մասին, քանզի վերջինս բոլորովին այլ մոլորակից է։

-Ինքնամեկուսացման երկար ամիսների ընթացքում, հոգեբաններն անընդմեջ կրկնում էին «Կյանքն այլևս նույնը չի լինելու»։ Քո կյանքը փոխվե՞ց։

-Նման վախ ես էլ ունեի, բայց արդեն մի քանի օր է, ինչ կյանքս վերադարձել է իր բնականոն ռիթմին, և դա շատ հաճելի զգացողություն է։ Ինքնամեկուսացման ամենասկզբից ես ընդունեցի ինձ համար բավականին բարդ որոշում՝ այդ շրջանում չաշխատել և զբաղվել միայն իմ ընտանիքով։ Որոշումը բարդ էր, քանզի անորոշ ժամանակահատվածով բազմաթիվ անավարտ ծրագրեր դրվեցին մի կողմ։ Այդպես, գրեթե երկու ամիս ես արջի նման մտա ձմեռային քուն, բայց հիմա արթնացել եմ լի էներգիայով, ուժերով և նոր մտքերով։ Հագեցել եմ քնից և հանգստից, հիմա գործողություն եմ ուզում, առաջ շարժվել և ստեղծագործել։

-Եվ վերջին հարցս եթե կինոաշխարհից ցանկացած մեկ մարդու հետ անսահման զրուցելու հնարավորություն ունենայիր, ու՞մ կընտրեիր։

-Իհարկե Փելեշյանին, իմ երազանքն է իր հետ ծանոթանալ և զրուցել, շատ-շատ հարցեր ունեմ Վարպետին տալու և լուռ լսելու։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ,2020 թ