1993 թվականին նկարահանված վերջին՝ «Կյանք» ֆիլմից 27 տարի անց հնարավորություն կունենաք տեսնելու Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմը։ 60 րոպե տևողությամբ Ֆրանսիա-Գերմանիա համատեղ արտադրության «Բնություն» ֆիլմը պատրաստ է, այն ուղարկվել է պատվիրատուներին։ Ֆրանսիական կողմը բազմիցս է նշել, որ իրենք հիացած են ֆիլմով և չեն համբերում, թե երբ է պրեմիերան լինելու։ Այն պետք է տեղի ունենար 2020-ի գարնանը, բայց համավարակի պատճառով տեղափոխվել է․Փելեշյանի նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու աշնանը՝ Փարիզում, որին հաջորդելու է նաև Վարպետի ստեղծագործություններին նվիրված մեծամասշտաբ ցուցահանդեսը։
Ֆրանսիայում սպասում են ոչ միայն համաշխարհային կինոիրադարձություն-պրեմիերային, այլև Արտավազդ Փելեշյանի այցելությանը Փարիզ՝ որպես պատվավոր հյուր և ֆիլմի ռեժիսոր։
Հզորագույն կինոնախագծերի ու սցենարների հեղինակ Արտավազդ Փելեշյանը 1993 թվականից հետո որևէ ֆիլմ չի նկարել։ Եվ ահա, Վարպետի էկրանային ստեղծագործական կյանքը տևական ընդմիջումից հետո վերսկսվելու հնարավորություն կստանա՝ հանձին Ֆրանսիա-Գերմանիա համատեղ արտադրության «Բնություն» ֆիլմի։ Կինոնկարի նախաձեռնողները, դիմելով Արտավազդ Փելեշյանին, ասել են, որ մեծ պատիվ կլինի, եթե Վարպետն իրենց հետ համագործակցի և բնության տարերքների, աղետների մասին ֆիլմ պատրաստի։
«Բնություն» ֆիլմում Վարպետն օգտագործել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, նաև Տիգրան Համասյանի երաժշտությունը։ Նա իրեն հատուկ մոնտաժի վարպետությամբ ու լեզվով մոնտաժել է համաշխարհային դասականների երաժշտությունն այնպես, կարծես այն գրվել է հատուկ «Բնություն» ֆիլմի համար։
Մի անգամ, երբ Վարպետն ու նրա կինը՝ տիկին Աիդան, ներկա են եղել Տիգրան Համասյանի համերգին, մտահղացել են նոր ֆիլմում օգտագործել նաև Համասյանի երաժշտությունը՝ վստահ, որ այն համահունչ է լինելու կադրերին, ֆիլմի ոգուն ու ձեռագրին։ Դրա մասին ասել են երիտասարդ երաժշտին, որն էլ սիրով տրամադրել է ձայնագրությունը։ Այնպես որ, կինոյի համաշխարհային դասականի որոշմամբ՝ երաժշտության համաշխարհային դասականների կողքին ֆիլմում հնչելու է նաև Տիգրան Համասյան։
Վարպետն ու նրա տիկինը հույս ունեն, որ համավարակը չի խոչընդոտի նոր ֆիլմի պրեմիերային, և իրենք կմեկնեն Փարիզ։ Փարիզյան պրեմիերայից հետո նախատեսված է «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը նաև Գերմանիայում, Մոսկվայում, Միլանում։
Հ․Գ․Կորոնավիրուսը մեր բնականոն կյանքը խաթարել է, մշակութային նախագծերը հիմնականում վիրտուալ հարթակ են տեղափոխվել, բայց հասկանալի է, որ դրանից արդյունավետությունը տուժում է։ Արվեստագետները ստիպված են տանը ստեղծագործել, ավագ սերունդը խուսափում է անգամ անմեղ զբոսանքներից։
Համաշխարհային կինոհանճար Արտավազդ Փելեշյանը տիկնոջ հետ ստիպված է փակված մնալ երևանյան իր բնակարանում։ Վարպետը մինչև կորոնավիրուսն էլ էր ստեղծագործում, նոր ֆիլմն էր մոտնաժում, գրում էր իր հուշագրությունների նոր գիրքը։
Նաիրա Փայտյան