2017 թվականին, երբ Մոնպելիեի գեղեցիկ անկյուններից մեկում ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի հետ զրուցում էինք ֆիլմերի և արվեստի շուրջ, Նորան խոստովանեց, որ «ի տարբերություն ժամանակակից արվեստի աշխարհի, որը պահանջում է կապերի մեծ ցանց, կինոյի դաշտում պարզապես կարելի է ֆիլմը դնել ծրարի մեջ , ուղարկել փոստով և այն կարող է ընդգրկվել հիանալի փառատոների  ֆիլմացանկերում»։

Այսօր Նորայի խոսքերն ավելի քան հավաստի են, քանզի ռեժիսորի տասը տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը՝ «Երբ որ քամին հանդարտվի» նոր ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում։ Այս պատվին հետանկախության շրջանի հայկական կինոն արժանանում է առաջին անգամ։ Առաջին անգամ է նաև, որ ACID-ի (Association du Cinéma Indépendant pour sa Diffusion, Անկախ կինոյի տարածման ասոցիացիան) և Կաննի կինոփառատոնի պաշտոնական ցուցակներում համատեղ ներկայացվում է մեկ ֆիլմ՝ անվանվելով «համընդհանուր ֆավորիտ»։

Եվ մինչ կինոաշխարհի հսկաները վիճում են, թե ում ծրագրում է առաջինը ներկայանալու Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, մենք շտապում ենք հանդիպելու Նորային և զրուցելու այս բարդ տարվա, թերևս, ամենալավ նորության մասին։

-Նորա, ի՞նչպես ընդունեցիր այս հիանալի նորությունը։

Անկեղծ ասած, նորությանը հասնելու ճանապարհը բավականին բարդ էր։ Կազմակերպիչներն իրենք էլ չգիտեին, թե ինչ տարբերակով են անցկացնելու փառատոնը։ Թեպետ մի բանում վստահ էին՝ կինոն պետք է դիտել կինոթատրոնում, ոչ՝ առցանց։ Վերջին պահին ընտրվեց «Լեյբլ 2020»-ի գաղափարը։ Իհարկե, մեծագույն ոգևորվածությամբ իմացանք, որ մեր ֆիլմը պաշտոնական ցուցակում է։ Մեզ առաջարկեցին, ցանկության դեպքում, սպասել և դիմել 2021 թվականին։ Բայց քանի որ արդեն տասը տարի է, ինչ աշխատում եմ այս ծրագրի վրա, որոշեցի, որ ֆիլմը պատրաստ է և ժամանակն է այն հանձնել հանդիսատեսի դատին, իսկ ինձ՝ քայլել առաջ։ Կաննի լեյբլը կարևոր մասնագիտական գնահատական է, ինչը նոր ֆիլմ նկարահանելու հնարավորություն կտա։ Անիմաստ էր կորցնել ևս մեկ տարի։

-Պատմության մեջ առաջին անգամ է, որ ACID-ն ու Կաննը համատեղ ներկայացնում են մեկ ֆիլմ։

Այո, քանի որ փառատոնային ցուցադրություն չէր լինելու, նրանք որոշեցին չմրցել և երկուսով ներկայացնել մեր ֆիլմը։

-Եվ ի՞նչ է դա նշանակում ։

Նշանակում է, որ ֆիլմն ունենալու է կրկնակի աջակցություն։ Այսինքն՝ այն մի կողմից ցուցադրվելու է ACID-ի բոլոր ծրագրերում՝ գրավելով հեղինակային կինոյի սիրահարներին, մյուս կողմից ընդգրկված է լինելու Կաննի պաշտոնական ծրագրերում՝ կինոյի սիրահարների լայն շրջանակների համար։ Իրականում, այս ողջ աղմուկի նպատակն է հնարավորինս շատ հանդիսատես բերել կինոթատրոն։

-Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։

Այո, ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները։ Հայաստանից Անի Որսկանյանը ներկայացնում էր «Aneva Production»-ը, Ֆրանսիայից «SISTER Productions»՝ ի դեմս Ժուլի Փարատյանի և Աննաբելլա Նեզրին՝ բելգիական «Kwassa Films»։ Երբ փոխվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարությունը, եթե չեմ սխալվում, մեր ֆիլմն առաջիններից էր, որ ֆինանսական աջակցություն ստացավ կինոկենտրոնից։ Սա թույլ տվեց հայկական կողմի պրոդյուսերական ընկերությանը դիմել «Eurimages»-ին, որն էլ տրամադրեց բյուջեի 17 տոկոսը, ինչը հսկայական գումար է։ Ես անչափ շնորհակալ եմ իմ պրոդյուսերներից, ովքեր պայքարեցին, հնարավորինս ջանք գործադրեցին՝ գումար գտնելու համար։ Ֆրանսիական կողմի շնորհիվ մենք ստացանք  ֆիլմի ֆինանսավորման հիմնական մասը, իսկ Բելգիայում ես արդեն արեցի հետարտադրությունը (պոստպրոդուկցիան)։

-«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը քո առաջին լիամետրաժ աշխատանքն է։ Տարբերությունը մե՞ծ էր։

Հսկայական։ Բոլորովին այլ ֆորմատ է։ Մինչև նկարահանումների մեկնարկը, ես չէի պատկերացնում, թե որքան տարբեր աշխարհների մասին է խոսքը։ Ռեժիսորի ուսերին ընկած ողջ պատասխանատվությանը գումարվում են նաև կինոարտադրության պահանջներն ու ճնշումը։ Վերջինս արել է ներդրումներ և, բնականաբար, սպասում է կինոյի հաջողությանը։ Առհասարակ, ես կարծում եմ, որ դեբյուտային ֆիլմը ռեժիսորի մարտական մկրտությունն է։ Երբ դու քեզնից դեռ ոչ մի բան չես ներկայացնում ֆիլարտադրության համար, ֆինանսավորում ստանալն ավելի քան բարդ է։ Ծանրակշիռ ու համոզիչ հիմնավորումներ են պետք՝ գումար ստանալու, թիմ ստեղծելու և, իհարկե, կինո նկարահանելու համար։ Անգամ, երբ դիմում ես CNC (Centre national du cinéma, Ազգային կինոկենտրոն), երկու տարբեր հանձնաժողով կա: Առաջին լիամետրաժ ֆիլմերը քննվում են առանձին հանձնաժողովի կողմից։ Այսինքն՝ ես, օրինակ, Թերենս Մալիքի հետ նույն խմբում չեմ։ Փոխարենը, Կաննի կինոփառատոնին դիմելիս, մենք Մալիքի հետ հայտնվում ենք նույն ցուցակում և ընտրվում հավասար պայմաններով, և սա պատմության ամենագեղեցիկ կողմն է։ Դու հայտնվում ես հսկա ռեժիսորների կողքին մեկ վայրում։

-Խոսենք բուն ֆիլմից, որը, փաստորեն, տասը տարվա աշխատանքիդ արդյունքն է։

Կարճ ներկայացնեմ մեր ընթերցողին. «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ  ֆրանսիացի, օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետություն՝ ուսումնասիրելու օդանավակայանը և կանաչ լույս տալու դրա վերաբացմանը: Այստեղ նա հանդիպում է Էդգար անունով տղայի, որն օդանավակայանի մոտակայքում տարօրինակ առևտրով է զբաղվում: Երեխայի և բնակիչների հետ շփման ու մտերմության արդյունքում, Ալենը բացահայտում է այս մեկուսացած երկիրը և դիմում ռիսկերի՝ որպեսզի օդանավակայանը վերաբացվի:

Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հայ և ֆրանսիացի դերասաններ Գրեգուար Կոլանը, Հայկ Բախրյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը, Նարինե Գրիգորյանը և Վարդան Պետրոսյանը։

-Նորա, շատ գեղեցիկ  է հնչում «Երբ որ քամին հանդարտվի» անվանումը։

 Ես ցանկանում էի այդ անվան միջոցով փոխանցել ֆիլմի հույսի և սպասումի զգացողությունը։ Ֆիլմը, ֆիգուրատիվ առումով, սպասում է, երբ որ քամին հանդարտվի։

-Ֆիլմը կառուցված է օդանավակայանի շուրջ՝ դարձնելով կառույցը այլաբանական կերպար։ 

Երբ ես առաջին անգամ հանդիպեցի Ստեփանակերտի օդանավակայանի տնօրեն Դմիտրի Ադբաշյանին, որն ինձ ներկայացրեց կառույցի ստեղծման պատմությունը, մեջս միտք ծագեց՝ Ղարաբաղն ինքնին օդանավակայան է, այն կա, այստեղ է, բայց դեռ պատրաստ չէ «թռիչքի»։ Ես սկսեցի կառուցել ֆիլմն այդ մտքի շուրջ։ Եվ գիտե՞ս ինչն է հետաքրքիր. հստակ իմանալով, որ օդանավակայանը չի գործում՝ ամեն անգամ, կողքով անցնելիս, նայում էի՝ կարո՞ղ է ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Ամբողջ ֆիլմն այդ հույսի նուրբ թելի մասին է։ Եթե շատ հավատաս, կարող է և ստացվի։

-Նկարահանելով ֆիլմ Արցախի մասին, դու կայուն քայլերով դուրս ես գալիս  կինոյի սահմաններից։

Այն, որ մենք այսօր կարող ենք քայլել Ստեփանակերտի փողոցներով, իսկ կողքիդ վազվզող, քաղցր բամբակ ուտող երեխաները խոսում են հայերեն, պարզապես հրաշք է։ Ես գիտեի, որ սա է պետք ցույց տալ։ Սկզբում շատերը հարցնում էին՝ ինչո՞ւ չեմ նկարահանում վավերագրական ֆիլմ: Բայց չէ՞ որ այս երկիրը վավերագրական չէ, այն ինքնին կարծես հորինված լինի: Եվ այս պատմությունը վավերագրական տարբերակով պատմելով՝ նրա այդ նշանակությունը կնվազեր։ Ղարաբաղի ուժն իր անիրական ներկայության մեջ է։ Ես փորձում էի գտնել այդ երանգը, որով իրականությունը կստանար նոր շունչ։ 

-Ինչպե՞ս ստեղծվեցին ֆիլմի գլխավոր երկու կերպարները՝ ֆրանսիացի Ալենն ու հայազգի Էդգարը:   

Առաջին անգամ հայտնվելով Ղարաբաղում՝ ես հասկացա, որ այս ֆիլմի ստեղծման համար իմ՝ միաժամանակ հայ և ֆրանսիացի լինելն առավելություն է։ Եթե ես գայի Ղարաբաղ որպես ֆրանսիացի, ապա կնկարեի երկիրը օտար բացահայտողի աչքով, իսկ եթե նկարահանեի որպես հայ, չէի կարողանա պատկերացնել, թե ֆիլմն ինչպես կընկալվի դրսում։ Իմ ֆիլմի երկու գլխավոր հերոսները՝ հայ երեխան և ֆրանսիացի մասնագետը, երկուսն էլ ես եմ։

-Գլխավոր հերոսի դերում խաղում է ֆրանսիացի հայտնի դերասան Գրեգուար Կոլանը, որը մեզ հայտնի է հիմնականում ռեժիսոր Կլեր Դենիի ֆիլմերի միջոցով։ Ինչպե՞ս դերասանն ընդունեց Արցախում նկարահանվելու առաջարկը։

Ես ունեի առաջին պլանի դերասանի մեծ ընտրություն։ Բայց Գրեգուար Կոլանին հանդիպելիս, անմիջապես հասկացա, որ գտել եմ իմ գլխավոր հերոսին։ Մենք Գրեգուարի հետ միասին կարողացանք կերտել իր հերոսին։ Գրեգուարն արեց առավելագույնը՝ լիովին նվիրվեց դերին։ Դրանում իհարկե մեծ դեր ունեցավ նաև այն, որ Ղարաբաղում մեզ ընդունեցին գրկաբաց և անսահման սիրով։ Մենք շրջապատված էինք բազմաթիվ հրաշալի մարդկանցով, և դա, կարծում եմ, շատ օգնեց Գրեգուարին։

-Ճի՞շտ է, որ օդանավակայանի տնօրենին մարմնավորող դերասանը վերջին պահին հրաժարվեց նկարահանվել։

Այո, դա այն ժամանակ էր, երբ ես արդեն որոշում էի՝ որտեղ է պետք տեղադրել տեսախցիկները։ Մենք շտապ սկսեցինք փնտրել ֆրանսերեն խոսող հայ դերասանի։ Դավիթ Հակոբյանը ֆրանսերենի չէր տիրապետում, բայց քասթինգի ժամանակ ֆրանսերեն տեքստից մի հատված այնպես կարդաց, որ ես փշաքաղվեցի և հաստատեցի նրան օդանավակայանի տնօրենի դերում։ Արդյունքում, Դավիթ Հակոբյանը կարողացավ փայլուն մարմնավորել իր հերոսին՝ համոզելով բոլորիս, որ ֆրանսերենն իր մայրենի լեզուն է։

-Ո՞րն է ֆիլմի հաջորդ քայլը։    

Որպես կանոն, եթե քո ֆիլմը ցուցադրվել է Կաննում, այն այլևս իրավունք չունի ցուցադրվել Ա կատեգորիայի ուրիշ փառատոններում։ Բայց կորոնավիրուսի դրական կողմերից այն էր, որ փառատոնային այս սահմանափակումները հանվեցին։ Մենք կարող ենք դիմել և մասնակցել այլ կարևոր փառատոնների։

-Փաստորեն կորոնավիրուսն ունի նաև դրական կողմեր։

Փորձում եմ գտնել։ Ինքնամեկուսացման շնորհիվ, ես սկսեցի աշխատել իմ նոր ֆիլմի սցենարի վրա։ Հուսով եմ, այս մեկը տասը տարի իրեն սպասեցնել չի տա։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2020թ․