Ծեր մարդու ճանապարհը ոչ թե դեպի մահ է, այլ՝ դեպի մանկություն։

 Ես շատ ձանձրալի և տարօրինակ մարդ եմ և հույս ունեմ ապրել ևս հարյուր տարի։

Ես սքանչելի մանկություն եմ ունեցել։ Հենց այդ ժամանակ  առաջին անգամ լսեցի տերևներից թափվող անձրևի ձայնը, ծանոթացա ձյան հետ, բացեցի բերանս ու բռնեցի փաթիլը, առաջին անգամ փորձեցի պաղպաղակ, համտեսելուց հետո անմիջապես ետ գնացի, այն այնքան համեղ էր, որ ես վախեցա։

Իմ ամենամեծ հանդիպումը տեղի է ունեցել մանկությանս օրերին՝ ծովի հետ։ Հայրս ամբողջ ընտանիքին նստեցրեց ձիուն լծված սայլի մեջ ու տարավ ծով։ Դա իրադարձություն էր։ Ծովն աչքերիս մեջ չէր տեղավորվում։

Այն ամենն ինչ հիմա ուտում եմ, նույնիսկ ամենահամեղները, այնքան համեղ չեն որքան այն ինչ ուտում էի երեխա ժամանակ։ Ես երբեք չեմ կերել այնպիսի ինվոլիտներ (իտալական ազգային ուտես), ինչպիսին պատրաստում էր մայրս։

Ծեր մարդու ճանապարհը ոչ թե դեպի մահ է, այլ՝ դեպի մանկություն։

Մանկության օրերին մենք անմահ ենք։

Ես ձեր աչքի առաջ կկտրեի ձեռքս, եթե սկսեի հավատալ Աստծուն։ Ես տեսել եմ այն մխիթարությունը, որն ունեն հավատացյալ մարդիկ, սակայն այդ մեծ բառերը  «ճակատագիր»,  «հավատ», դեռ ստվերում են ինձ համար։

Ես միշտ անվստահությամբ եմ վերաբերվում իշխանությանը։ Ցանկացած իշխանության։ Քանի որ յուրաքանչյուր իշխանություն, արև լինի, թե՝ ոչ, մշակույթին  միշտ արևային ակնոցով է նայում։

Պատմության ամենասարսափելի ժամանակաշրջաններում հաճախ ծնվել են լավագույն ստեղծագործությունները։  Ռուս վերջին մեծ պոետները հայտնվեցին ռեժիմի օրոք, ճնշումների ներքո։ Մանդելշտայմը, Ախմատովան և այլք։ Կինոյում նույնպես։ Ռուսական մեծ կինոն ստեղծվեց համակողմանի ճնշման դեմ պայքարում։

Ուժը ոչ թե տղամարդու մկանների, այլ՝ կնոջ թուլության մեջ է։

Տղամարդը չգիտի ինչպես դուրս գալ փոթորկից, երբեք էլ չի իմացել։

Ես երկու լավ ընկեր ունեմ։ Պենաբիլիում Ջաննին է, որը խլացավ։ Նա բացարձակ Դոն Կիխոտ է։ Նա ստիպում է, որ ես ամեն առավոտ քայլեմ։ Այսպիսի ավանդույթ գոյություն ուներ․ Սուրբ Ջիովանիի տոնի առթիվ՝ ծաղիկներով զարդարել Պենաբիլիի բոլոր կանանց տան դռները։ Այդ ավանդույթը հիմա միայն Ջաննին է պահում։ Նա ամբողջ գիշեր քայլում է լեռներում և սարերում՝ ծաղկած ծառի ճյուղեր քաղելով։ Հաջորդ առավոտյան քաղաքի բոլոր կանանց տան դռները կարելի էր ծաղիկներով զարդարված տեսնել։ Եվ կա մեկ ուրիշ ընկեր՝ Ռոբերտո Ռոսսին։ Նա ինտելեկտուալ է։ Ապրում է Բոլոնիայում, ես նրան ամեն երեկո զանգահարում եմ։ Նա մեծ պոետ է, ինչպես Խլեբնիկովը՝ Ռուսաստանում, պոետ՝ պոետների համար։ Ես նրան հարցնում եմ․ «Ինչպե՞ս»  ես,  «Հրաշալի», լինում է պատասխանը։ Ի՞նչ ես կերել․ «Բացառապես համեղ բաներ»։  Նա գրում է իմ բոլոր գրքերի նախաբանները և չկա մի օր, որ չզանգահարենք միմյանց։

Պենաբիլիի իմ տանը շատ պատուհաններ կան, որոնք բացվում են իմ առաջ սարերի, դեպի հեռուն տանող ճանապարհի տեսարաններ։ Երբ մարդը ծեր է նրա միակ ճանապարհորդությունը մնում է պատուհանից նայելը։

Ինչ վերաբերում է փառքին, ես ձևացնում եմ, թե այն ինձ դուր չի գալիս։

Ես ստիպված եմ եղել ստել։ Օրինակ՝ պատմություն հորինել ֆիլմի նկարահանումների և Իտալիայում ճամփորդելու մասին, որպեսզի Տարկովսկուն թողնեն մեզ մոտ, կամ՝ ես կարողացա խաբել իմ ընկերոջը՝ Մարչելո Մաստրոյանիին։ Նա մահանում էր, իսկ ես նրան ասում էի՝ ինչ հրաշալի տեսք ունես։ Նա այնպես էր տանջվում։ Շատ ցավալի էր տեսնելը, իսկ նա նայեց ինձ ու ասաց․«Բաստա, Տոնինո»։

Հիմա ինձ դուր է գալիս, որ տանը կախված չլինեն նկարներ, ինձ դուր է գալիս փլավ ուտել, ինձ դուր են գալիս կանայք։

Ես սիրում եմ թռչունների վանդակներ։ Առաջին նվերը, որ արեցի ապագա կնոջս, 35 տարի առաջ, դա փոքրիկ վանդակ էր, որը գնել էի թռչունների շուկայից։ Ժամանակ առ ժամանակ թղթի վրա ինչ-որ բաներ էի գրում և գցում վանդակի մեջ: Կինս չգիտեր իտալերեն, երբ ես գնում էի տնից, նրան ասում էի՝ բացիր և այդ կերպ սովորիր լեզուն։ Այնտեղ, օրինակի համար գրված էր լինում․  «Այօր ես ուզում եմ քեզ կլոր բառեր ասել»։ Սակայն թռչուններ ես երբեք չեմ փակել վանդակում։

Ես չեմ սիրում մեքենա վարել։ Ինձ համար մեքենաները գոյություն չունեն։

Հաջորդ կյանքում ես իհարկե կցանկանայի լինել դաշնակահար։

Ես չհասկացա ինչպես դարձա ծերունի։ Ես ուզում եմ ուսումնասիրել նոր ուղիներ։

Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը