Հարցազրույց գրող, սցենարիստ Սարգիս Հովսեփյանի հետ.
– Ուզում եմ միամիտ հարց տալ` ի՞նչ է կինոն այսօր:
– Կինոն այսօր, իհարկե, առաջին հերթին բիզնես է: Իհարկե սա կոպիտ ընդհանրացում է, բայց կարծում եմ` 20-րդ դարի կինոն շատ ավելի արվեստային էր, քան այսօր: Ես սա չեմ ասում ափսոսանքով, նոստալգիայով և այլն, ես սա ասում եմ որպես փաստի արձանագրում: Չեմ ափսոսում, որովհետև կարծում եմ` ամեն ժամանակաշրջան իր գլխավոր արվեստն ունի, և կինոն այն տեսքով, որ տեսքով իր արվեստային գագաթնակետին հասավ անցած դարում, այլևս չի կարող լինել ո’չ մեր ժամանակներում, ո’չ էլ հատկապես ապագայում:
– Կարո՞ղ եք ընդհանրացումներ անել` հենվելով իրար հաջորդող նշանակալից ֆիլմերով անցնող հետագծին և նկատել կինոյի հետագա զարգացումների միտումները:
– Ես, մասամբ, կարծես, պատասխանեցի այդ հարցին: Արվեստի կոմերցիալիզացիայի մի աստիճան կա, որից հետո արվեստի այդ տեսակն սկսում է անվերադարձ տրանսֆորմացիաներ կրել ու զիջումների գնալ արվեստի մեջ, և կինոն բացառություն չէ: Ավելին, կինոն, լինելով տեխնոլոգիաների հետ ավելի անմիջական կապով պայմանավորված արտադրություն, երևի թե ավելի հակված է արագ ու մեծ փոփոխությունների: Ես կինոգետ չեմ, որպեսզի ավելի համակարգված հետագիծ մատնացույց անեմ, բայց այնուհանդերձ, փորձեմ երևի ռեժիսորներով և ուղղություններով հետագիծ ստանալ. Չապլին, գերմանական էքսպրեսիոնիստներից Մուրնաու, իտալական նեոռեալիզմ, այնուհետև Ֆելինի, Անտոնիոնի, բերգմանական կամերային կինո, Նոր ալիքից Տրյուֆո, Տարկովսկի, Փարաջանով, ավելի ուշ շրջանում մարտաֆիլներ, այնուհետև Տարանտինո, Լինչ, ժամանակակից սերիալներ. ուղղակի անհավանական տարբեր են թե’ էսթետիկական առումով, թե’ տեխնիկակապես և թե’ թեմատիկ առումով: Ինչ վերաբերում է միտումներին, ապա տեխնիկական առումով շատ բան ասել չեմ կարող, քանի որ համապատասխան գիտելիքներ չունեմ, բայց կարծում եմ` թեմատիկ առումով, ինչպես 70-ականներից սկսած տիեզերքը նվաճելու ժամանակաշրջանում, առաջիկայում էլ կինոյում ավելի ու ավելի մեծ տեղ կզբաղեցնեն ֆուտուրիստական թեմաները: Հիշենք, օրինակ, հրաշալի «Սև հայելի» ֆիլմաշարը: Մարդկությունն ակնհայտորեն գտնվում է մեծ փոփոխությունների շրջանում: Իմ գնահատականով` թվային հեղափոխության մեջտեղում ինչ-որ տեղ` եթե հեղափոխության ակտիվ փուլը դիտարկենք որպես ինչ-որ ժամանակահատված: Կարծում եմ, արտհաուսային, հեղինակային կինոն ավելիուավելի լուսանցքային կդառնա ու կբավարարի միայն փոքրաթիվ սիրահարների պահանջմունքները:
– Ի՞նչ եք կարծում` պրոդյուսեր-ռեժիսոր-սցենարիստ կինոստեղծ եռյակից ու՞մ դերն է առավել կարևոր որակյալ ֆիլմ ստեղծելու հարցում: Տեսակետ կա, որ սցենարիստը, ստանալով պատվերը, ոչ թե պետք է ազատ ստեղծագործի, այլ ծրագրի ֆիլմի հաջողությունը` ընդհուպ որտեղ պիտի հուզվի հանդիսատեսը և որ մասում ծիծաղի: Ի վերջո, ո՞վ է պրոֆեսիոնալ սցենարիստը և ի՞նչ է նրանից կախված որակյալ ֆիլմի ստեղծման հարցում:
– Ավելի շուտ, այո: Հիմա սցենար գրելը, կարելի է ասել, գիտություն է` իր վաղուց արդեն մշակված տեխնիկաներով, հնարքների հավաքածուով, հաշվարկներով, դասագրքային ճշմարտություններով և այլն: Նախկինում էլ էին հաշվարկում հանդիսատեսի ռեակցիաները, բայց դա անում էին ավելի շուտ ինտուիտիվ` հենվելով սեփական տաղանդի վրա: Հիմա դա հասցվել է գերճշգրտության` օգտվելով գիտության ձեռքբերումներից` հոգեբանություն, սոցիոլոգիա և այլն: Ըստ այդմ, սցենարիստը ստանում է պատվեր, փորձում է իրագործել պատվիրատուի պատկերացումները` օգտագործելով իր մասնագիտական հմտությունները: Եվ այո, հիմա սցենարիստի ազատ ստեղծագործելու հնարավորություններն ավելի սահմանափակ են: Ինչ վերաբերում է՝ ում դերն է կարևոր, ապա ես, լինելով սցենարիստ, երբեք չեմ համարել, թե ամենակարևորը սցենարիստի դերն է, չնայած լավ սցենարիստը իրական նախադրյալներ է ստեղծում լավ կինոյի համար: Չեմ հիշում ով է ասել, բայց ինձ դուր է գալիս այն միտքը, որ ամենաախմախ սցենարից լավ ռեժիսորը կարող է ստանալ լավ ֆիլմ, և ամենահանճարեղ սցենարից ախմախ ռեժիսորը կարող է ստանալ ախմախ ֆիլմ:
– Անցյալ դարի 40-ական թվականներին ետպատերազմյան Իտալիայում շատացել էին հեծանիվի գողությունները: Եվ Իտալիայում ֆիլմեր նկարահանվեցին հենց այդ թեմատիկայով: Իտալացի կինեմատոգրաֆիստները չդավաճանեցին իրենց հանդիսատեսին: Այսօր հայկական կինեմատոգրաֆը ինչի՞ մասին պետք է ֆիլմեր նկարահանի:
– Սա բարդ հարց է: Որովհետև պետք-ով չի լինում, եթե, իհարկե, չեն պատվիրել: Իսկ Հայաստանում ո՞վ պիտի պատվիրի և պատվիրելուց ի՞նչ կպատվիրի: Իտալացի նեոռեալիստներն այդպես փորձում էին իրենց հետ կատարվածը վերաիմաստավորել, հակադրվել այն ամենին, ինչը բերեց երկրորդ համաշխարհայինի արհավիրքը: Մենք չենք կարողանում վերաիմաստավորել, ըստ այդմ նաև չգիտենք ինչին հակադրվենք: Իմ տպավորությամբ` մենք իներցիայով ապրող, ասես հողմերի բերանն ընկած հանրություն ենք: Ի վերջո, կան հիմնական, առաջին հայացքից շատ պարզ հարցեր. ի՞նչն այնպես չէ, ինչու՞ է մարդը վատ ապրում, ինչու՞ մարդը չի կարողանում երջանիկ լինել կամ գուցե ինչպե՞ս է հնարավոր երջանիկ լինել, և սրա մասին կարելի է նկարել, կապ չունի` մենք ապրում ենք անմիջապես երկրորդ համաշխարհայինից հետո՞, թե՞ Թավշյա հեղափոխությունից հետո:
– Ֆիլմերի ժանրային հստակ բաժանումները` կոմեդիա, արկածային, դրամա, թրիլլեր, դետեկտիվ և այլն, խանգարու՞մ, թե՞ օգնում են սցենարիստին:
– Դա ոչ խանգարում է, ոչ օգնում է սցենարիստին: Կարելի է ասել, դա նեղ մասնագիտացում է: Եթե սցենարիստը կարող է աշխատել կոնկրետ ժանրում, աշխատում է: Օրինակ, ես խուսափում եմ մաքուր կատակերգություններից, դա իմը չէ, բայց կարող է անհրաժեշտություն լինել խառը ժանրերի, որը նույնպես նորմալ է: Ի դեպ, հիմա ավելի հաճախ են պատահում խառը ժանրեր:
– 2020 օսկարակիր ֆիլմերից ամենաշատ ո՞րը հավանեցիք և ո՞ր ֆիլմի սցենարն էր ամենահաջողվածը` ըստ Ձեզ:
– Ես հավանել եմ «Ջոկերը»` բոլոր առումներով:
Հարցազրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
Լուսանկարի հեղինակ՝ Անահիտ Հայրապետյան