1905 թվականին, երբ Ցարական Ռուսաստանում հեղափոխական շարժումներ էին, Բաքվում, թռուցիկներ բաժանելու պահին ձերբակալվեց Պավել Բլյախինը։ Նրան արգելափակեցին Կարսի բերդում։ Նույն թվականի հոկտեմբերին Ռուսական Կայսրությունում հայտարարվեց համաներում, և Բլյախինը մի խումբ այլ հեղափոխականների հետ ազատ արձակվեց` պայմանով, որ այլևս չբնակվի Կովկասում։

«Ապստամբ օրեր» խորագրով իր հուշագրությունում Բլյախինը նկարագրել էր Կարսից իրենց հեռանալը` բանտից մինչև կայարան շարված էին զինվորականներ։ Բլյախինը հեռացավ հայկական բերդաքաղաքից, իսկ հաջորդ անգամ Կովկաս եկավ արդեն հեղափոխությունից հետո։ 1921 թվականին, երբ նա Ռուսաստանից գնացքով գալիս էր Բաքու, ճանապարհին գրեց «Սատանայի կարմիր ճտերը» գիրքը, որը պատմում էր երեք պատանի վրիժառուների մասին` երկուսը սլավոնական ազգության, մեկը` չինացի։

1905-ին ու հետագա տարիներին Կարսի կայազորում էր ծառայում ցարական (ավելի ուշ անկախ Հայաստանի) սպա Գարեգին Քեսայանը։ Ստույգ հայտնի չէ, թե արդյոք Քեսայանը և Բլյախինը շփվե՞լ են, թե՞ ոչ։ Հնարավոր է, որ երբ համաներումից հետո հեղափոխականը քայլում էր դեպի Կարսի կայարան, ճանապարհին կանգնած մեծ թվով զինվորականների՝ լիներ նաև սպա Քեսայանը։

1937 թվականին Լենինականում ՆԳԺԿ-ն ձերբակալեց Գարեգին Քեսայանին։ Նրան դատապարտեցին մահվան։ Եժովյան դարաշրջանի «արդարադատությունը» «մեծ մարդասիրություն» դրսևորելով, նախկին սպային հնարավորություն տվեց վերջին անգամ տեսակցել հարազատների հետ։ Կինը հրաժեշտի եկավ երեք երեխաների, այդ թվում նաև վեց ամսական Էդմոնդի հետ։ Գարեգին Քեսայանը, գրկելով փոքրիկ Էդմոնդին, ասաց. «Այս երեխան հեռու կգնա, մեր ազգանունը կհռչակվի և դա կլինի կենդանի պատասխանը այն սրիկաներին, որոնք մեզ բաժանեցին»։ Սպա Քեսայանի գնդակահարությունից հետո` ընտանիքի անդամներին արտաքսեցին Ալթայի Վոզնեսենկա գյուղը։ Հայաստան վերադառնալ նրանց թույլ տվեցին Հայրենական Մեծ Պատերազմից հետո։

Անցան տարիներ։ 1965 թվականին ԽՍՀՄ ղեկավարությունը սկսեց նախապատրաստական աշխատանքը Հոկտեմբերյան հեղափոխության կեսդարյա հոբելյանը նշելու ուղղությամբ։ Պետք էր նոր թեմատիկ ֆիլմեր նկարել, սակայն  «ժանրի ճգնաժամն» իրեն զգացնել էր տալիս։ Հեղափոխությունը գովաբանող պաթետիկ կինոնկարներն այլևս ժողովրդականություն չէին վայելում։ Ասում են, երբ Ստալինյան դարաշրջանի ավարտին ԽՍՀՄ կինոթատրոններում ցուցադրում էին Տարզանի մասին պատմող ամերիկյան ֆիլմերից մեկը, սարսափով նկատեցին, որ մտացածին մարդակապիկի թեմայով շարժանկարն ավելի մեծ ժողովրդականություն էր վայելում, քան Լենինի մասին կինոները։ Խրուշչովյան ձնհալի հետ հասարակության մոտ ազատամտության դրսևորումները միայն խորացան։

Երբ ԽՍՀՄ Պետկինոյում քննարկում էին, թե ինչ նկարել սպասվող կեսդարյա հոբելյանի առիթով, ժողովին հրավիրել էին 29 տարեկան կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանին (ասում են, ազգանվան մեջ «ո» տառը հայտնվել է անձնագրում սխալ գրառման հետևանքով): Նույն թվականին Քեոսայանը նկարահանել էր «Խոհարարուհին» (Стряпуха) կատակերգությունը, որտեղ ի դեպ իր առաջին կինոդերը խաղաց դեռևս առաջին քայլերն անող Վլադիմիր Վիսոցկին։ Ֆիլմը շռնդալից հաջողություն ունեցավ` 30 միլիոնից ավելի վաճառված տոմսերով։ Երիտասարդ ռեժիսորի առաջին իսկ հաջողությունները, յուրահատուկ ռեժիսորական լուծումներն ու անսպառ էներգիան էին թերևս պատճառը, որ նրան հրավիրել էին հեղափոխության գալիք հոբելյանի թեմայով քննարկումներին։

Լենինի մասին նոր կինոներ նկարահանելու անխուսափելի, բայց և անիմաստ պետական որոշումների ֆոնին (այդ ֆիլմերից ոչ մեկը հաջողություն չունեցավ) Քեոսայանն առաջարկեց նկարահանել ամերիկյան վեստեռն ոճի կինոնկար քաղաքացիական պատերազմի տարիների մասին։ Որպես հղում նա հիշեց ամերիկյան «Հրաշալի յոթնյակը» վեստեռնը, որը խորհրդային կինովարձույթում մեծ հաջողություն էր գրանցել։ Քեոսայանը համարձակ առաջարկ արեց՝ հրաժարվել հեղափոխական արդեն ձանձրալի դարձած պաթետիզմից, և ֆիլմը կառուցել հնարքների, ձիավարելու, փոխհրաձգությունների ու երիտասարդների համար գրավիչ այլ լուծումների վրա։ Մեր օրերում, իմանալով ստեղծվելիք կինոնկարի հաջողության մասին, մի փոքր դժվար է հավատալ, բայց Քեոսայանի առաջարկը սկզբում խորհրդային կոնյուկտուրայի համար մտահոգության տեղիք է տալիս. հայ ռեժիսորն, ըստ էության, առաջարկում էր հեղափոխական թեման նկարահանել ամերիկյան շարժանկարի չափանիշներով։ Նման մոտեցումը երկրի կուսակցական ղեկավարությունը կարող էր և չընդունել։ Օրինակ նույն 1965թ-ին հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծած ու հետագայում շատ հայտնի դարձած «Գեղեցկության թագուհին» (Королева красоты) երգը կուսակցականները սկզբում քննադատում էր այն պատճառաբանությամբ, որ մեղեդիում նկատվում էին ամերիկյան թվիստին բնորոշ ելևէջներ։

Այնուհանդերձ առաջարկն ընդունվեց, ու Քեոսայանն անցավ գործի։ Այստեղ էր, որ հիշեցին «Սատանայի կարմիր ճտերի» մասին. պատանի վրիժառուների գաղափարը համահունչ էր Էդմոնդ Քեոսայանի մտահղացմանը։ Հեղափոխական գրող Բլյախինը 1961 թվականին մահացել էր, սակայն Քեոսայանը գտավ նրա այրուն և 1000 ռուբլի վճարի դիմաց գնեց հեղինակային իրավունքը` սցենարը իր հայեցողությամբ փոխելու վերապահումով հանդերձ։ Նա վրիժառուների թիվը երեքից դարձրեց չորս, չինացի Յու Յուին փոխարինեց գնչու Յաշկան (Չինաստանի հետ քաղաքական հարաբերությունները լավ չէին և վերևներից այդպես կարգադրեցին), գտան դերասանների, որոնք արագացված կերպով ձիավարություն ու մի քիչ էլ մարտարվեստ սովորեցին։ Ֆիլմի առաջին տեսարանը, որ նկարահանեցին, կազակ Գրիշկային փոխադրող կառքի հետապնդումն էր քառյակի կողմից։ Այս դրվագում Յաշկա- գնչուի դերասանը (Վասյա Վասիլև) ձիուց կառքի վրա ցատկելիս վայր ընկավ և վնասեց ոտքը։ Դրվագն ուշադիր նայելիս` կարելի է նկատել , որ երբ գնչուն ձիով հասնում է կառքին, կադրը փոխվում է, ապա` հաջորդ դրվագում գնչուն արդեն կառքի վրա է` մոնտաժային հնարքով լուծելով խնդիրը:

1966 թվականի վերջին Էդմոնդ Քեոսայանի «Անորսալի վրիժառուները» պատրաստ էր ու հաջորդ տարվա ապրիլին առաջին անգամ ցուցադրվեց Մոսկվայի Կինոյի տանը, ապա` մտավ կինովարձույթ։

Արդյունքը մեղմ ասած շշմեցուցիչ էր։ Մի աղջիկ նոյեմբերին նամակ գրեց վրիժառու Դանկայի դերասան Վիկտոր Կոսիխին` ասելով, որ ֆիլմը դիտել է ուղիղ 50 անգամ։ «Անորսալիների» համար կինոթատրոնները 54,5 միլիոն տոմս ծախեցին ։ ԽՍՀՄ պատմության ընթացքում կինոթատրոններում ամենաշատ դիտված ֆիլմերի ցանկում այն զբաղեցնում է 28-րդ տեղը։ Ընդ որում, այս ցուցակը որոշակի սուբյեկտիվություն է պարունակում հետևյալ տրամաբանությամբ. ցանկի մասնավորապես առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող ֆիլմերն են «20-րդ դարի ծովահենները» և «Մոսկվան արցունքների չի հավատում»-ը, որոնք էկրան են բարձրացել 1980 թվականին։ Երկու դեպքում էլ 80 միլիոնից ավելի վաճառված տոմս ռեկորդային արդյունքով։

Սակայն, 1980 թվականին ԽՍՀՄ բնակչությունը 270 միլիոնի սահմաններում էր ու 60-ականների համեմատ աճել էր թե՛ բնակչության թիվը, թե՛ երկրում կինոթատրոնների քանակը։ 1960-ականների կեսերին, երբ դեռ շռնդալից ցուցանիշներ չէին գրանցել Ռյազանովը, Գայդայը կամ Գովոռուխինը, Քեոսայանը մի պահ խորհրդային թերևս ամենամեծ մասայականություն վայելող ֆիլմեր նկարահանողը դարձավ։

Ինչպես և մտադրվել էր, Էդմոնդ Քեոսայանն իր ֆիլմում ոչինչ չէր նշել «Մեծ Հոկտեմբերի», բոլշևիզմի, Լենինի կամ համաշխարհային պրոլետարիատի մասին։ Վեստեռնի կանոններով հեղափոխության մասին կինոն, ըստ էության հեղափոխություն արեց կինոմատոգրաֆում` ստեղծելով սովետական «վեստեռնի» ժանրը, որը կոչեցին «իսթեռն»` արևմուտքի և արևելքի հակադրությունը շեշտելու համար։

Ֆիլմի աննախադեպ հաջողությունը պատճառ դարձավ, որ Էդմոնդ Քեոսայանը նկարահանի նաև խորհրդային կինոմատոգրաֆի առաջին «սիքվելը»` «Անորսալիների նոր արկածները» (1969) և «Ռուսական կայսրության թագը» (1973)։ Դրանց հաջողությունների ֆոնին Էդմոնդ Քեոսայանի հանդեպ անսպասելի ծավալված «սև փիառի» մասին` հաջորդիվ։

Հայկարամ Նահապետյան 

Վաշինգտոն, 2020 թ․


Վազգեն Սարգսյանի առաջին ու միակ դերը կինոյում

1979թ. «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի գրականության և արվեստի բաժնի աշխատասենյակի դուռը բացեց ճերմակ հագուստով, գեղեցկատես, փոքր- ինչ շփոթված,  ժպտադեմ մի երիտասարդ,...

, |21 Սեպտեմբեր 2020,00:39