«Դմիտրի Կեսայան (Կեսայանց). 18 հունիսի 1931 թ. – 14 ապրիլի 2001 թ. ռեժիսոր, սցենարիստ: Ծնվել է Երևանում: 1945-49 թթ. աշխատել է կոլտնտեսությունում: 1950 թ. Երևանում ավարտել է մանկավարժական ուսումնարանը, աշխատել որպես դերասան Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1963 թ. ավարտել է Համամիութանական կինոինստիտուտի (ВГИК) ռեժիսուրայի ֆակուլտետը: 1962-2001 թթ.` ռեժիսոր «Հայֆիլմ» կինոստուդիայում: Մահացել է Երևանում»:

Ահա այն  ամբողջ տեղեկատվությունը, որ կարելի է գտնել այսօր համացանցում Դմիտրի Կեսայանցի մասին: Այն էլ ռուսական կայքերում. հայկական կայքերը լավագույն դեպքում հղում են անում դրանց: Կենսագրական այս սուղ ու թերի տվյալներին երբեմն կցվում է նրա նկարահանած ֆիլմերի ցանկը` ամբողջական կամ պակասավոր:

Եվ անտեղյակ ընթերցողի համար անհայտ ու անհասկանալի է մնում, թե ինչու է Երևանում ծնված Կեսայանցը 14 տարեկան հասակում աշխատել կոլտնտեսությունում:  Մինչդեռ հարկ էր գոնե նշել, որ նա աշխատել է Սիբիրում մի պարզ պատճառով. 12 տարեկանից ընտանիքի հետ աքսորվել է Սիբիր, ուր անցակացրել է հինգ երկար ու ձիգ տաժանակիր տարիներ, որոնց հիշողությունները  տասնամյակներ անց  վերածվելու էին սցենարի` ստանալով «Աստծո պատիժ» որակումը:  Աքսորից վերադառնալուց հետո նա դեռ երեք տարի էլ ծառայում է բանակում և ապա նոր` 1954-ին ընդունվում ռուսական մանկավարժական ուսումնարան: Այստեղ սովորելու տարիներին միաժամանակ աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան:

Մոտ քառասնամյա ռեժիսորական ավանդ ունեցող այս ռեժիսորի մասին այսքան սուղ տեղեկությունները համացանցում, անշուշտ, հնարավոր չէ արդարացնել, բայց բացատրել կարելի է: Ժամանակակից սերնդին, որը հիմնականում համացանցի միջոցով է տեղեկություններ տալիս ու առնում, Կեսայանցի նկարահանած 18 ֆիլմերի ցանկը գրեթե ոչինչ չի ասում, բացառությամբ թերևս «Տերն ու ծառան» կարճամետրաժ կինոնակարի, որն այդ ցանկում  առաջին տողն է գրավում, նրա ռեժիսորական դեբյուտն է, կուրսային աշխատանք` նկարահանված 1962 թ.:

Այսպիսի տարօրինակ ճակատագիր:

Միջին սերունդը, իհարկե, էլի մի քանի կինոնկարներ է հիշում` «Մարդն «Օլիմպոսից» (1974), «Զինվորն ու փիղը»(1977), «Ավտոմեքենան տանիքին» կամ «Մեր պապերի քայլերգը» (1980), «Անիծվածները» (1991), «Աղետը» (1993) և այլն: Սակայն կինոաշխարհում` կինոգործիչների ու կինոգետների շրջանում, բոլոր խոսակցությունները սկսվում և հանգում են «Ավդոյի ավտոմեքենային», որը արվեստագետի դիպլոմային աշխատանքն է և բավական դրամատիկ ճակատագիր է ունեցել:

Կեսայանցի կենսագրության աղքատիկ տեղեկատվության հարցում թերևս որոշ չափով «մեղավորություն» ունի նաև ինքը` Կեսայանցը: «Աքսորվել եմ, վերադարձել, սովորել, ավարտել, նկարահանում եմ»,- այսքանը, երբ հարց էր տրվում նրան իր անցած կյանքից: Որոշ դրվագներ բացվեցին միայն կյանքի վերջին տարիներին, երբ թղթին հանձնեց «Աստծո պատիժ» կինոսցենարը  և «Շնչահեղձության կարոտ» հուշագրությունը : Եվ այսօր որոշ չափով լույս են սփռում միայն մի կարճ հարցազրույց և հարազատների հիշողությունները:

Դմիտրի Կեսայանցի հայրը` Գագիկ Կեսայանը,  ծնվել է Կարսում, պապը  Կարսում հայտնի փաստաբան է եղել, իսկ տատը, ըստ նախնիների վկայությունների,  Ռուբինյանների և Մելիք-Յուզբաշյանների տոհմից էր: Կեսայանները ինը երեխա են ունեցել: Գաղթի ճանապարհին չորսին կորցրել են, այստեղ հասել են հինգը: Սկզբում ապրել են Լենինականում, հետո տեղափոխվել են Երևան:   Գագիկ Կեսայանը  հաշվապահ է աշխատել, սակայն բազմակողմանի հետաքրքրություններ է ունեցել. լիարժեք տիրապետել է գերմաներենին, թարգմանություններ արել, զբաղվել է լուսանկարչությամբ, ռադիոտեխնիկայով, նկարել է:

«Տատիկս` Սոֆիկը,  նրան միշտ «Մակարենկո» էր անվանում,- պատմում է Կեսայանցի ավագ դուստրը` Մարինան,-  քանի որ շատ է զբաղվել երեխաների դաստիարակությամբ: Աշխատելով երկու-երեք տեղ,  բավականին ծանրաբեռնված, այնուամենայնիվ հանգստյան օրերը լիովին նվիրել է երեխաներին, մանավանդ շատ է զբաղվել նրանց գեղագիտական զարգացմամբ, և հավանաբար արվեստի սերը հենց նա է սերմանել հորս մեջ»:

Գագիկ և Սոֆիկ Կեսայանները 4 երեխա են ունեցել` երկու տղա և երկու աղջիկ, մի աղջիկը  մահացել է 2 տարեկանում, մինինգիտից, իսկ կրտսեր տղային կորցրել են աքսորի ճանապարհին:

Պատերազմը սկսվելուն պես Դմիտրիի հորը զորակոչում են բանակ: Ամենայն հավանականությամբ գերմաներեն իմանալու հանգամանքն է դեր խաղացել, որ նրան ուղարկել են Վրաստան` Վազիանի` պարաշյուտիստ հետախույզների դպրոց: Նա փաստորեն բանակ է զորակոչվել այն ժամանակ, երբ սպասում էին  Դմիտրիի քրոջ ծնունդին. պատերազմը սկսվել է հունիսի 22-ին, իսկ քույրը ծնվել է հուլիսի 13-ին: Եվ փաստորեն հայրը հասցրել է մեկ անգամ միայն տեսնել երեխային: «Տատիկս նորածին երեխան գրկին հասել է Վազիանի,- շարունակում է Մարինան,- որ ցույց տա ամուսնուն: Եվ դա եղել է նրանց վերջին հանդիպումը»:

Վազիանիից հետո Գագիկ Կեսայանին տանում են Կերչ, և մի քանի ամիս անց հարազատները սև թուղթ են ստանում:  Հավանաբար հետագայում նրա զոհվելու փաստը հերքվում է, և նոր վարկած է  առաջ գալիս` գերի է ընկել, ինչը համարվում էր հայրենիքի դավաճանություն: Համենայն դեպս 1944 թ. նրա կնոջը աքսորում են` որպես հայրենիքի դավաճանի կնոջ:

Հետագայում Կեսայանցի մայրը  շատ է պատմել այդ ճակատագրական դեպքի մասին, մանրուք առ մանրուք: Երբ իրավապահները ներխուժել են  և հանձնարարել արագ հավաքվել,  12-ամյա Ռազմիկը (Դմիտրի անունը նա ստացել է աքսորում, այնտեղ շատերն էին անվանափոխվում, քանի որ ռուսները դժվարանում էին արտաբերել հայկական անունները, այդ անունով էլ նա այնտեղ անձնագիր է ստացել)  ցնցում է ապրել. հորը, որ այնքան սիրել ու հարգել է, հանկարծ  հայտարարում են թշնամի: «Պահարանի վրա դրված էր հոր լուսանկարը,- պատմում էր Կեսայանի մայրն իր թոռներին,- մեկ էլ շուռ եկավ ու սկսեց նկարի հետ կռվել, թե էդ ին՞չ ես արել, որ թշնամի ես դարձել, բա դու էդ մա՞րդն էիր»:

Ենթադրել միայն կարելի է, թե հետագայում քանի-քանի անգամ է նա մտքում կռիվ տվել հոր հետ, մինչև որ 8-9 տարի անց պարզվել է, որ հայրը ոչ միայն դավաճան չի եղել է, այլև հերոսաբար է զոհվել, որ այդքան զրկանքներն իրենք հանիրավի են կրել:

Աքսորից վերադառնալուց տարիներ անց երիտասարդ Դմիտրին ներկայիս ներքին գործերի նախարարության շենքի մոտ մի մարդու է հանդիպում, որը,  նմանեցնելով իրեն հորը, մոտենում է  ու ներկայանում որպես հոր մարտական ընկեր: Ասում է, որ միասին են պատրաստություն անցել Վազիանիում և կռվել Կերչում: Այնուհետև այդ մարդը Դմիտրիին հրավիրում է ՊԱԿ-ի իր աշխատասենյակը և մանրամասն պատմում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: «Հետախուզության ուղարկելիս յուրաքանչյուրիս հետ մի ռադիստկա էին դնում: Մեզ ուղարկեցին տարբեր քառակուսիներ, և պարզվում է, որ երբ Գագիկն իջնելիս է լինում, տեսնում է, որ ներքևում գերմանական զորքեր են, ու որպեսզի գերի չընկնեն, նա և ռադիստկան պայթեցնում են իրենց, սեղմում են ձեռքի սարքի այն կոճակը, որ ծայրահեղ դեպքերի համար էր նախատեսված: Դա մենք հետո պարզեցինք, երբ գերմանացիները հեռացան, և բեկորների ու այրված դիակների զննում կատարեցինք»:

Բայց մինչ հայրենիք վերադառնալը և տարիներ անց հոր արդարացվելը անցնելու էին աքսորի դժոխային ճանապարհի և Հյուսիսային Ղազախստանում ապրած ծանր կյանքի տարիները:

Աստրախանի մոտ, երբ աքսորականներին տեղափոխող ապրանքատար գնացքը մի օրով կանգ է առնում, Դմիտրին և նրա հասակակից մի քանի երեխա պահակային զինվորների ուղեկցությամբ  գնում են լողալու Վոլգա գետում:  Դմիտրիի 8-ամյա եղբայրը` Էդիկը, նույնպես ցանկանում էր լողալ, սակայն Դմիտրին արգելում է նրան` ասելով, թե դեռ փոքր է, քշում է դեպի վագոն` մոր մոտ: Բայց եղբայրը ընկերոջ հետ ծածուկ փախչում է հեռու տեղ, որպեսզի բոլորի աչքից հեռու լինեն, և երկուսն էլ խեղդվում են:  Հետագայում այն սարսափելի տեսարանը` երեխաների դիակները գետափնյա տախտակամածին, ամբողջ կյանքում հետապնդելու էր հարազատներին, քանի որ նրանք հնարավորություն չեն ունենում անգամ  ողբալ նրանց վրա ու հողին հանձնել: Էշելոնը շարունակում էր իր ընթացքը: «Հուսահատ տատիկս հապշտապ իր հետ վերցրած հագուստները, որոնք բավական շքեղ ու թանկարժեք են եղել այն ժամանակների համար,  գնացքի պատուհանից  նետել է գետափին կանգնած պառավներին, որ գոնե թաղեն որդուն»,- շարունակում է Մարինան:

Աքսորավայրում մի տարի անց Դմիտրին սովորում է տրակտորիստների դպրոցում և աշխատանքի անցնում կոլտնտեսությունում: Բայց դեռ պատանեկան տարիներին սկսված ծանր ֆիզիկական աշխատանքը բնավ չի մարում նրա մեջ ուսման ու արվեստի ծարավը: «Մինչև հիմա տանը պահում ենք նրա դպրոցական տարիների պատվոգրերը, նաև  աքսորի տարիներին գրած մանկական պատմվածքները, որ գրված են տեղի ռուսական բարբառով ու մեծ թվով ուղղագրական սխալներով, – ասում է Դմիտրի Կեսայանցի կինը` Անահիտը:- Մինչև աքսորը նա սովորել է հայկական դպրոցում, իսկ այնտեղ` այդ կորած գյուղում, մի կարգին դպրոց էլ չի եղել»:

1949 թ. Կեսայանների աքսորի ժամկետը լրանում է, և ընտանիքը վերադառնում է հայրենիք: Այնուհետև Դմիտրի Կեսայանցը երեք տարի ծառայում է սովետական բանակում և զորացրվելուց հետո սկսում է ջանասիրաբար հետ բերել ուսման կորցրած տարիները: Քանի որ նա մտադիր էր Մոսկվա գնալ սովորելու, հասկանում է, որ պետք է լավ տիրապետի ռուսերենին: Ուստի որոշում է նախ սովորել որևէ հումանիտար հաստատությունում, և 1954 թ. ընդունվում է Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական ուսումնարան: «Երբ ընդունելության ժամանակ շարադրություն է գրում,- պատմում է Անահիտ Կեսայանցը,- 40-ից ավելի սխալ է անում, բայց հետո այնքան լավ էր տիրապետում ռուսերենին, որ խմբագիրները նրա գրած տեքստերին մոտ չէին գալիս, ասում էին, որ անելիք չունեն»:

Ուսումնարանում Դմիտրի Կեսայանցի կյանքում կարևոր դեր է խաղացել նրա ուսուցիչներից մեկը` Ալեքսանդր Սեգեևիչը, որը մեծ վաստակ ուներ Դմիտրիի մասնագիտական կողմնորոշման և գիտելիքների ձեռքբերման հարցում: «Ես փոքր էի, բայց հիշում եմ, որ հայրս ու մայրս կապված էին նրա հետ ու այդքան տարի հետո էլ հաճախ էին նրան այցելում: Շատ պատկառելի ու կիրթ մարդ էր»,- հիշում է Մարինան:

Ուսումնարանում էլ հանդիպում են Դմիտրի Կեսայանցը և նրա առաջին կինը` Էռնա Դանիելյանը: 1957 թ. Կեսայանցը դիմում է Համամիութենական կինոինստիտուտ (ՎԳԻԿ) և ընդունվում անվանի կինոռեժիսոր Գրիգորի Կոզինցևի արվեստանոցը: Ինստիտուտն ավարտելուց հետո վերադառնում է Երևան, ամուսնանում և սկսում իր ռեժիսորական գործունեությունը: Սակայն տասը 10 տարի անց ճակատագրի ևս մի ծանր հարված է ստանում. քաղցկեղից մահանում է նրա կինը:  Հինգ տարի անց ամուսնանում է Անահիտի հետ, որն էլ նրան պարգևում է երկրորդ դստերը` Սուսաննային:

Ժամանակակիցներն ու գործընկերները միայն ջերմորեն են խոսում նրա մասին` բարի, բայց խստապահանջ, դյուրահավատ, բայց սկզբունքային, լայնախոհ, բայց բծախնդիր, խիստ, բայց անկեղծ, սակայն բոլոր մակդիրներից առաջ ու հետո շարունակ ու անխտիր կրկնվում է տաղադանդավոր որակումը,  ընդ որում` բազմակողմանի,  տաղանդավոր ամեն ինչում. տաղանդավոր ռեժիսոր, տաղանդավոր սցենարիստ, տաղանդավոր ուսուցիչ, տաղանդավոր ընկեր, տաղանդավոր ընտանիքի հայր…

«Ես երկար տարիներ ռադիոտեխնիկայով եմ զբաղվել,ռադիոսիրող էի,- պատմում է օպերատոր Լևոն Աթոյանը,- վերջին տարիներին նա էլ հրապուրվեց դրանով և կարճ ժամանակ անց ինձնից առաջ անցավ, ինձնից լավ էր տիրապետում այդ ամենին»:

«Նա  շատ բարձր երաժշտական ճաշակ ուներ,- շարունակում է Աթոյանի դուստրը,-  իր տանը հզոր սարքավորում էր դրել, որի շնորհիվ երաժշտությունն առանձանակի հնչողություն էր ստանում, մանավանդ շատ էր սիրում ռոք օպերաներ: Բայց սիրելը քիչ էր, իր սիրով վարակում էր ուրիշներին: Օրինակ` երբ հյուր էինք գնում, ստիպում էր ժամերով նստել ու լսել այդ երաժշտությունը: Ու այդ սերը մնաց իմ մեջ, որը իմ հերթին փոխանցել եմ որդուս: Ուրիշ, ուրիշ մարդ էր, արտասովոր…»:

«Հայրս շատ խիստ էր, տանել չէր կարող անկարգությունները, բայց  երբ մեծացանք, ավելի շատ ավագ ընկեր էր, խորհրդատու: Ոչ թե միջամտում էր մեր որոշումներին, ոչ թե պարտադրում, այլ համբերատար սպասում էր, որ ինքներս, ինքնուրույն գանք ճիշտ եզրակացության, թեկուզև այդ ընթացքում սխալներ գործեինք, թեկուզև այդ ընթացքում տառապում էր, ապրումներ ունենում: Բայց և ջանասիրաբար փորձում էր այնպիսի պայմաններ ստեղծել, որ հեշտությամբ կարողանանք տեսնել ճիշտ ճանապարհը,- ասում է Կեսայանցի ավագ դուստրը` Մարինան:- Մանավանդ շատ ուշադիր էր մեր գեղագիտական զարգացման հարցում, և եթե մեր մեջ արվեստի որևէ ճյուղի նկատմամբ ինչ-որ հակում, ինչ-որ առկայծում էր տեսնում, ամեն ինչ անում էր դրան ելք տալու համար»:

«Նա կենցաղից հեռու մարդ էր, կարելի է ասել` բացարձակ անտեղյակ: Երբեք իր անվան ու վաստակի շնորհիվ բարեկեցություն չստեղծեց, ինչպես շատ-շատերն էին անում, պարզապես դրա կարիքը չէր զգում, և դրամի արժեքը երբեք չիմացավ, այնքան առատաձեռն էր, որ հոնորարը կարող էր տուն չհասցնել կամ շռայլորեն բաժանել իր բազմաթիվ ազգականներին: Երբևէ խանութից անձամբ գոնե մի գուլպա չի գնել, թեպետ սիրում էր կոկիկ տեսք ունենալ: Բայց ես սիրով եմ տարել ընտանեկան կենցաղի ամբողջ բեռը, որովհետև հասկանում էի նրան: Նա ապրում էր միայն արվեստով ու արվեստի մեջ: Հենց այդ արվեստն է  ուժ տվել, օգնել, որ այդքան զրկանքներից հետո էլ ողնաշարը չջարդվի ու մարդկային նկարագիրը չխաթարվի: Աստված մի ձեռքով նրան զրկանքներ էր բաժին հանել, մյուս ձեռքով` շնորհ` տաղանդի ու ոգեշնչման շնորհը»,- խոստովանում է Անահիտ Կեսայանը:

«Ես ուսանելու տարիներին ուսուցիչներ շատ եմ ունեցել, բայց Կեսայանցն առանձին տեղ էր գրավում նրանց շարքում,- պատմում է ռեժիսոր Գագիկ Հարությունյանը:- Չափազանց խիստ դասախոս էր,  ուղղակի անողոք, իսկ դասերից դուրս լավ ընկեր էր, հավասարը հավասարի պես,  յուրաքանչյուր քայլիցդ ոգևորվող ու ոգևորող: Հիշում եմ` առաջին կուրսում նույնիսկ մի քանի ուսանողներ կազմակերպեցին ու դիմում գրեցին ռեկտորատ` հրաժարվելով Կեսայանցի դասերից: Պատճառն այն էր, որ գիտեին` շատ խստապահանջ է, եթե չսովորեն, չի նշանակի, և ոչ մի միջնորդություն դեր չի խաղա: Այդքան բարի ու փխրուն մարդ լինելով` նկարահանման հրապարակում ուղղակի կերպարանափոխվում էր, իսկական բռնակալ էր: Նա պատասխանատու ու պահանջկոտ էր ոչ միայն ուրիշների, այլև և առաջին հերթին իր  նկատմամբ»:

«Ասում են, որ դժվար է աշխատել բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի հետ: Դա, թերևս, ճիշտ է, քանի որ այս արվեստագետին բնութագրող առաջին հատկանիշը պահանջկոտությունն է: Պահանջկոտությունն ինքն իր և գործընկերների նկատմամբ: Ես սիրով եմ աշխատում նրա հետ, ու պատահական էլ չէ, որ հատկապես նրա ֆիլմերի համար գրած գործերս են առանձնապես թանկ ինձ համար»,- «Զինվորն ու փիղը» ֆիլմի էկրան բարձրանալու առիթով խոստովանել է կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը : Շատերն են վկայում, որ մասնագիտական շրջանակներում Կեսայանցը ֆիլմի երաժշտության հաջող ընտրության առանձնակի ձիրք ու ճաշակ ուներ, և գործընկերները հաճախ էին նրան դիմում` խորհուրդ հարցնելով իրենց ֆիլմի երաժշտության համար:

Դատելով Կեսայանցի թողած սցենարներից ու հուշագրությունից` վստահաբար կարելի է ասել, որ նա ակնհայտորեն նաև գրելու ձիրք ուներ: Եվ կարդալով դրանք` բավականությունից առավել զարմանք ես ապրում, թե ինչպես է կարողանում ժլատ, մի քանի տողով, առանց նկարագրությունների,  ավարտուն կերպար ու տեսարան ստեղծել:

Ուստի զարմանալի չէ, որ մի մի կարճ հարցազրույցի ժամանակ անկեղծացել է ու խոստովանել, որ պատանեկության ու երիտասարդության տարիներին որոշակի նախասիրություն չի ունեցել, հավասարապես սիրել ու հրապուրվել է և՛ գրականությամբ, և՛ երաժշտությամբ, և՛ նկարչությամբ, և՛ թատրոնով:  եվ բավական հասում տարիքում է գիտակցել, որ միայն մի ինքնուրույն արվեստ կա, որում կարող է որպես արտահայտչամիջոցներ օգտագործել արվեստի բոլոր տեսակները: Ահավասիկ.

« Լինում է, որ մի գեղեցիկ օր մարդը որոշում է կինոռեժիսոր դառնալ ու դառնում է: Բայց ես կինեմատոգրաֆ եմ եկել ոլոր-մոլոր ճանապարհով:  Սկսել եմ շատ սովորական` ոտանավորներից: Ու թեպետ սկսնակ բանաստեղծների դպրոցական օլիմպիադայում դրանք լավագույնը ճանաչվեցին, մեկ-երկու տարի անց սկսեցի արձակ գրել: Տասնութ տարեկանում արդեն երկու վիպակ ունեի, երեք պատմվածք, «օրագիր»` չորս ընդհանուր տետր և… կինոսցենար: Ինչո՞ւ կինոսցենար. մինչև հիմա չեմ հասկանում:

Հիմա, երբ թերթում եմ քսան-երեսուն տարվա վաղեմության իմ գրվածքները, դատողությունների պարզամտությունն ու ծայրահեղությունը ժպիտ են շարժում: Եվ նախանձ:  Միշտ նախանձել եմ ինձ` անցյալում: Ոչ թե երիտասարդությանը, այլ մտածողության մաքրությանն ու պարզությանը: Ես հավանաբար գրամոլ չեմ եղել: Ուղղակի կյանքն այնպես է դասավորվել, որ պատմելու բան եղել է: Շնչահեղձ էի լինում իմ զգացմունքներից, բայց ինքնամփոփ էի, քչախոս, ու միշտ հակված էի զրույցի ինքս ինձ հետ:

Տասնինը տարեկանում ինձ սկսեց ձգել բեմը. դա անհաղթահարելի էր: Ընդունվեցի Պատանի հանդիսատեսի թատրոն` որպես սկսնակ դերասան և մոտ երեք տարի աշխատեցի: Խենթանալու չափ սիրում էի իմ փոքրիկ դերերը` մեկ-երկու ռեպլիկով: Հետո անսպասելիորեն «հիվանդացա» երաժշտությամբ: Հնարում էի «Օրատորիաներ կիթառի համար» (՜) թվային նոտաների միջոցով: Իսկ գեղանկարչությունն արդեն «վերապրուկ» էր: Իմ առաջին ժամացույցը, որ մայրս էր նվիրել ծննդյանս օրվա կապակցությամբ, փոխեցի բեռլինյան  լազուրի  պարկուճի հետ (չեմ կարող ինձ ներել): Կարճ ասած, երբ մոսկովյան թերթում տպագրեցին իմ երկու ակնարկն ու պատմվածքը, երբ Մոսկվայի սպայի տանը ցուցադրեցին իմ նկարները և ծառայության չորս տարվա ընթացքում 36 պատվոգիր ու դիպլոմ ստացա գեղարվեստական ասմունքի համար մոսկովյան բեմերում,  վերջնականապես խճճվեցի: Արդեն 24 տարեկան էի, բայց չէի կարողանում մասնագիտություն ընտրել: Ինձ գրավում էին և՛ գրականությունը, և՛ բեմը, և՛ կերպարվեստը, և՛ երաժշտությունը:

Համամիութանական կինոյի ինստիտուտ (ՎԳԻԿ) ընդունվեցի առաջին իսկ փորձով և առանց ուղեգրի: Բախտս բերեց: Հայտնվեցի Գրիգորի Կոզինցևի արվեստանոցում: Հինգ տարվա շփումը նրա հետ օգնեց ինձ վերջնականապես ձևակերպելու իմ վերաբերմունքն իրերին, մարդկանց ու երևույթներին, սանձահարելու իմ զգացմունքները և ծառայեցնելու դրանք գեղարվեստական խնդրին, վերացարկված աշխարհընկալումները արտահայտելու որոշակի պլասիկ պատկերներով: Տարերայնության պաթետիկան և մարդկային նկարագրի պարադոքսները. ահա թե ինչն է միշտ հետաքրքրել ինձ: Վերջին հաշվով աշխարհն իրոք առաջ են տանում խենթերն ու դոնկիխոտները… Դա անկասկած իմ մասին է…» :

«…Ռեժիսորը շատ տաղանդավոր է… բայց…»: Ժամանակին այսպես խոսում էին հենց նրանք, ովքեր պատրաստվում էին կտրել թռիչքի պատրաստվող ռեժիսորի թևերը: Չկտրեցին, իհարկե, կապեցին, ժամանակավորապես: Այնուամենայնիվ, այդ «բայցը», որի տակ շատ բան կարող ես տեղավորել, պիտի իր կնիքը թողներ, պիտի կրկնկակոխ հետևեր նրան ամբողջ կյանքում, քանի որ այդ «բայցը», վերջին հաշվով, ինչպես դիպուկ նկատել է Դ. Մուրադյանը, արվեստագետի ու ժամանակի հակամարտությունն էր. «Ժամանակն ու ինքը միշտ կոնֆլիկտի մեջ էին: Այդպես էր սկսվել նրա կենսագրությունը» :

Այն, որ ասպարեզ է իջել նոր մտածողությամբ, իր ուրույն ոճով ու ձեռագրով  ժամանակի նոր չափանիշներին համապատասխանող տաղանդավոր ռեժիսոր, Կեսայանցն ազդարարել էր արդեն իր «Տերն ու ծառան» աշխատանքով:  Ե՛վ ժամանակի, և՛ հետագայի գրականության մեջ հազիվ թե գտնվի որևէ գնահատական այս ֆիլմին, որում դույզն-ինչ բացասական կամ քննադատական երանգ լինի: Բայց 90-ականներին տված մի հեռուստատեսային հարցազրույցում միայն Կեսայանցը խոստովանեց, որ այս ֆիլմի ճանապարհն էլ մինչև էկրան  առանձնապես հարթ չի եղել: Քննարկման ժամանակ ստուդիայի այսպես կոչված երիտասարդական սեկտորի ներկայացուցիչները եռանդով քննադատել են այն, թեպետ այդպես էլ որևէ էական թերություն չեն կարողացել մատնանշել: Դեբյուտանտը նույնիսկ հիասթափություն ու հուսահատություն է ապրել, որոշել է վերադառնալ Ռուսաստան և այնտեղ շարունակել իր գործունեությունը: «Եվ դրա հնարավորությունը կար,- ասում է Կեսայանցը հիշյալ հարցազրույցում,- ղեկավարս` Գրիգորի Միխայլովիչը, նոր էր ավարտել «Համլետի» նկարահանումները, և ինձ աշխատանք առաջարկեց Լենինգրադում` մի հինգսերիանոց ֆիլմ: Այնուամենայնիվ չընդունեցի, ես մտածում էի, որ եթե ինչ-որ բան կարող եմ անել, ապա միայն հայրենիքում» :

Ինչպես Ս. Հասմիկյանն է հիշում, չնայած «Տերն ու ծառայի» հաջողությանը, հեղինակի մեջ անբավարարություն կար, նա ինքնաարտահայտման նոր ասպարեզ ու միջոց էր փնտրում, ձգտում էր ասել մի բան, որ ուրիշները դեռ չեն ասել. «Եվ դա միանգամայն օրինաչափ ու բնորոշ է դեբյուտանտին»:

«Եվ հանկարծ, միանգամայն պատահաբար, ինչ-որ մի օրաթերթում մի փոքրիկ ակնարկ կարդացի հին Երևանի մասին: Միլիցիոներ Անդո, Կարաբալա, թիթեղագործ Ավդո… Ինչ-որ անիրական խենթեր: Կատակերգակներ` ողբերգությունից: Կամ ողբերգակներ` կատակերգությունից: Ես նրանց հիշում էի: Նրանք ապրեցին մինչև քառասնական-հիսնական թվականները: Եվ հաճախ էին անցնում մեր փողոցով: Ակնարկի հեղինակը գրող Վալտեր Արամյանն էր: Ես հանդիպեցի նրան և շատ հետաքրքիր բաներ իմացա: Նա լավ հիշում էր և՛ Պտի Ժանի ռեստորանը, և՛ Բոզ Մաքոյին, և շատ ուրիշ բաներ: Ես անմիջապես վազեցի հանրային գրադարան, պատվիրեցի քսանական թվականների բոլոր թերթերը և մինչև ականջներիս ծայրը թաղվեցի այդ զարմանալի, ռոմանտիկ և հակասական էպոխայում: Երկու ամիս նստեցի հանրայինում և օր օրի, ինքս ինձ համար հայտնագործեցի միանգամայն նոր, ծիծաղելի և հուզիչ Աշխարհ»,- գրում է Կեսայանցն իր «Շնչահեղձության կարոտ» հուշագրությունում :

Այս խոստովանության մեջ երևում է այն, ինչ, ինչպես պարզվեց հետագայում, Կեսայանցի ստեղծագործության առանցքն էր. նա ամենուր արտասովորն էր փնտրում, այն, ինչը իրեն ընդհանրացումներ անելու, ողբերգությունը ծիծաղելի դարձնելու, և ծիծաղելիի մեջ ողբերգականը տեսնելու ազատություն էր տալիս:

«Մեկ էլ կինոստուդիայում հայտնվեց Ռ. Արամյանի սցենարը, որը մի փոքրիկ զավեշտալի նովել էր հնի ու նորի պայքարի մասին: Ավդոյի ավտոմեքենան բախվում է կառապանների սարքած դավադրությանը և ջախջախվում,- պատմում է Ս. Հասմիկյանը:- Բայց որոշ ժամանակ անց Կեսայանցը 15-20 էջանոց սցենարը տանում է վրան  աշխատելու և դրա փոխարեն ներկայացնում է բոլորովին նոր` 50-60 էջանոց տարբերակ, որում արդեն ուրիշ կերպարներ կային, ուրիշ դրվագներ: Դա բնավ նման չէր ռեժիսորական սցենարի, այլ կարծես գրական սցենարի նոր տարբերակ էր: Մասնավորապես  ուշագրավ էր այն նոր դրվագը, թե ինչպես են կոմսոմոլները դավադրություն սկսում ինքնաեռների դեմ` ռեստորաններից հավաքելով դրանք: Այսինքն` նա ուզում էր ցույց տալ, որ նորն էլ կարող է ծիծաղելի լինել, հնի ու նորի պայքարը միանշանակ չէ, և նորն էլ կարող է ավերել հինը` մնացուկի անվան տակ: Զարմանալի էր, որ դեռ 30-ը չբոլորած երիտասարդը կարող է այդքան խորը և այդքան հեռուն տեսնել»:

Ի վերջո, անցաթուղթ է ստանում Կեսայանցի տարբերակը, և նկարահանումները սկսվում են: «Ես հաճույք էի վայելում: Ես վերակենդանացնում էի կյանքը, որը շատ լավ գիտեի»,- հիշում է ռեժիսորը:-…Ես հասկանում էի, որ մի քանի սյուժետային ուղղություններով, գործող անձանց մեծ բազմությամբ և ահռելի մասսովկայով այդ ամբողջ բազմերանգ նյութը չես խցկի երեք մասերի մեջ: Ինչի՞ վրա էի հույսս դրել: Չգիտեմ: Պարզապես այդ մասին չէի մտածում, այլ ասես ինձնից խլելու էին այդ իրավունքը: Բայց նկարահանում էի այնպես, ինչպես զգում էի, ինչպես տեսնում էի: Միայն իմը: Անվերապահ ու անզիջում» :

Եվ ճակատագրի հեգնանքով Կեսայանցի ֆիլմին պատահեց այն, ինչը նա այդպես ջանադիր ու սիրով պատկերում ու ծաղրում էր հենց այդ ֆիլմում. «Ավդոյի ավտոմեքենան» ժապավենը ունեցավ այն նույն ճակատագիրը, ինչ Ավդոյի ավտոմեքենան. այն բախվեց կոմունիստական գաղափարախոսության  հսկա քարին ու արգելվեց որպես «ակնհայտ հակասովետական ֆիլմ», որի «հեղինակներին նույնիսկ սև հացով ափսոս է կերակրել»: Կեսայանցը կոտրել էր հին կաղապարները, իրերին ու դեպքերին նորովի նայելու, դրանք այլ դիտանկյունից տեսնելու և մեկնաբանելու թարմ շունչ էր բերել. այս էր ամբողջ պատմությունը, և կառապանների ու միաժամանակ ընկեր Նվարդի դերում հայտնվել էին «Հայֆիլմ» կինոստուդիայի որոշ ղեկավար անձինք ու «պայծառ ապագա» կառուցող կենտկոմի քարտուղարները: Ճշմարիտ գաղափարի ճշմարիտ գեղարվեստական մարմնավորման ապացույցի չափազանց թանկ գին:

Մինչդեռ արգելքի կամ փակ դռների դառնահամը դեռ չէր հասցրել  հիշողություն դառնալ այդ ամենը չափազանց ցավագին ապրող երիտասարդ ռեժիսորի համար: Բանն այն է, որ  1964-ին Խրուշչովն արգելեց Մառլեն Խուցիևի  «Ես քսան տարեկան եմ» («Իլյիչի ուղեկալը») կինոնկարը, որը կիսով չափ նաև Կեսայանցինն էր, քանի որ ինստիտուտում սովորելիս` 4-րդ կուրսում, նա պրակտիկան Խուցիևի մոտ էր անցնում և իրականացնում էր ամբողջ երկրորդ պլանը: «Շնչահեղձության կարոտ» հուշագրության մեջ Կեսայանցը բավական մանրամասն է նկարագրում, թե ինչ ծանր է ապրել այդ առաջին հարվածը և ինչ խոր հիասթափություն ու հուսահատություն է ունեցել, երբ տեսել է, թե ինչպես են  «չխառնվելու» ուղին ընտրում այնքան հարգված հեղինակությունները, մանավանդ` Կոզինցևը:

Հետո` տասնամյակներ անց միայն նա պիտի գրեր. «Իսկ ի՞նչ կարող էր ասել կամ անել Գրիգորի Միխայլովիչը: Կամ` մյուսները: Ես այդ ժամանակ դեռ չգիտեի և չէի էլ կարող հնարավոր համարել, որ երկու տարի հետո ինքս կհայտնվեմ Խուցիևի վիճակում: Դեռևս չգիտեի, որ մայրաքաղաքում անցկացված գաղափարական «մաքրումն» անպայմանորեն պետք է կրկնվի հանրապետություններում: Այժմ, լիաթոք ըմբոշխնելով անկախության  «քաղցրությունը», եկել եմ այն եզրահանգման, որ ամեն ինչ բնական էր. պատվիրատուն դրամ չէր ափսոսում կինեմատոգրաֆի զարգացման համար: Տրամադրում էր այնքան, որքան պահանջվում էր, և ընդամենը մի հատիկ պայմանով` իրեն չպարսավել: Ցույց տվեք ինձ որևէ երկրից որևէ մեկենաս կամ պատվիրատու, որն այլ կերպ է վարվում» :

Այնուամենայնիվ, երկարատև պայքարից հետո ֆիլմի ինչ-որ մի տարբերակ էկրան բարձրացավ: Նկարահանված յոթմասանոց լիամետրաժ ֆիլմից մնաց երեք մաս, մնացածը նույնիսկ պատմության համար չպահպանվեց, հրո ճարակ դարձավ: «Ես երկու տարի պարապուրդ տվեցի, գիշերները լալիս էի և խեղդում իմ մեջ սեփական ձայնս: Թաղում էի կինոն ինձ համար և ողբում իմ խենթ ճակատագիրը: Եվ երբ իմ աշխատանքն անվանեցին հակասովետական ու փակեցին գզրոցում, ինձ համար դա անբուժելի ողբերգություն էր, պրոֆեսիոնալիզմի մահ» :

«Ֆիլմն ի վերջո և՛ չստացվեց, և՛ ստացվեց: Չստացվեց հանդիսատեսի համար, ստացվեց մեզ համար` կինոգետներիս  և պատմության համար, քանի որ, ի վերջո, մենք այն որակում ենք որպես առաջին «դարակային» ֆիլմ, այսինքն` մի ֆիլմ, որը չի ընդունվել գաղափարական տեսանկյունից, բայց մեծ արժեք ունի: Սա մեզանում առաջինն էր, և գուցե երկրորդը չկա»,- ասում է Ս. Հասմիկյանը:

«…Ես էպոխան էի նկարահանել: Բայց ստիպում էին ցույց տալ առանձին դեպքերը, որոնք առանց էպոխայի վերածվում էին անեկդոտի: Եռամասը, որ ընդհանուր ալմանախում մեկ-երկու օր ցուցադրվում էր «Մոսկվա» կինոթատրոնում, ճարպկորեն «սոսնձել» էր ֆիլմի մոնտաժող, փորձառու Վալենտինա Հայկազյանը»,- հիշում է Կեսայանցը : Սակայն նույնիսկ հանդիսատեսը` բանիմաց հանդիսատեսը, որ ֆիլմից հանված հատվածները երբևէ չի էլ տեսել, այսօր ահա այսպիսի դիտարկումներ է անում.«Թող վերամբարձ չհնչի, եթե ասեմ, որ այն, ինչ նկարահանում է Կուստուրիցան, մատուցման ու կինոոճի առումով Դմիտրի Կեսայանցը նկարահանել է դեռևս 40 տարի առաջ: Երկմտել պետք չէ: Պարզապես հարկավոր է մեկ անգամ ևս դիտել «Ավդոյի ավտոմեքենան» և Դ. Կեսայանցի որոշ ֆիլմեր: Ինքնամփոփ, քչախոս, միևնույն ժամանակ նկարահանման հրապարակում «դժվարամարս» ռեժիսորի համբավ ձեռք բերած Դիման ստեղծել է ֆիլմեր, որոնք իրենց մեջ ամփոփում են ժամանակաշրջանի հակամարտությունը» :

«Իհարկե, սա ծանր փորձ էր, բայց ի պատիվ Դիմայի, նա արեց, իր դեմքը ցույց տվեց, իր արվեստի մնալու իրավունքը  նվաճեց,- շարունակում է Ս. Հասմիկյանը:- Եթե նա կենդանի մնար ու իմանար, որ իրեն Կուստուրիցայի հետ են համեմատում…  Ափսոս, որ «Ավդոյի» ճակատագիրն ազդեց նրա ապագայի վրա, նա ինչ-որ առումով կոտրվեց: Շարունակեց, իհարկե, «Զինվորն ու փիղը», մյուս ֆիլմերը` միանգամայն հաջողված, բայց արդեն կարծես թափը կոտրվել էր: Նույնիսկ «Ավդոն» նորից արեց, նմանատիպ սյուժեով` «Ավտոմեքենան տանիքին», բայց արդեն դա չհնչեց, ժամանակն արդեն ուրիշ էր: Արվեստում օրենք կա. դու պիտի լինես ժամանակիդ մեջ:  60-ական թվականներին այդ գործը կարող էր կրակել,  և փաստորեն կրակեց, կրակեց այն իմաստով, որ կինոհասարակությունն իմացավ: Առհասարակ, բոլոր անվանի ռեժիսորներից էլ առաջին հերթին մեկ-երկու ֆիլմ ես հիշում, որոնք երևույթ են, ում ուզում եք վերցրեք, մնացածը պարզապես լավ ֆիլմեր են: Եթե գանք Դիմային, ապա նախ «Ավդոն» պիտի նշես, որ թեկուզ այդ վիճակում, երևույթ էր, և իհարկե «Տերն ու ծառան»: Հետո նա պարզապես լավ ու հաջողված ֆիլմերի մի ամբողջ շարք նկարահանեց, թեպետ կարծում էր, որ իր ստեղծագործական կյանքը չի ստացվել: Եվ դա էլ բնական է. իսկական արվեստագետը երբեք իրենից գոհ չի լինում»:

(շարունակելի)

Պատրաստեց Անահիտ Հարությունյանը