«Տարերայնության պաթետիկան և մարդկային նկարագրի պարադոքսները. ահա թե ինչն է միշտ հետաքրքրել ինձ: Վերջին հաշվով աշխարհն իրոք առաջ են տանում խենթերն ու դոնկիխոտները… Դա անկասկած իմ մասին է…»։ –Դ․Կեսայանց

Կեսայանցի տաղանդը նոր կողմերով փայլեց նրա վերջին ֆիլմերում` «Անիծվածներում» և «Աղետում», որոնք երևույթ համարվեցին վերջին շրջանի հայկական կինեմատոգրաֆում: Սա նոր նյութ էր հեղինակի համար` քրեական անձանց կյանքի ճշմարտացի պատկերումը ազատազրկման վայրում, հետևաբար նոր բացահայտումների, նոր գյուտերի հնարավորություն: Եվ ֆիլմի յուրաքանչյուր կադրից երևում է, թե որոնումների ինչ տառապագին ճանապարհ է անցել հեղինակը: «Ֆիլմում մի ինչ-որ խոր ու ամուր ջիղ կա, որ կարծես մի ներքին լույսով վեհացնում ու լուսավորում է հանցագործների մասին այդ ամբողջ պատմությունը: Ցույց տալով ստահակների ու վիժվածքների` ռեժիսորը չի կարողանում թաքցնել այրող հետաքրքրությունն իր հերոսների նկատմամբ` չնայած իր ատելությանը այդ  «հատակի» նկատմամբ… Խորշելով մարդկային ստորությունից ` հեղինակը լի է սիրով բուն մարդկայնության նկատմամբ, կյանքի նկատմամբ: Հետևաբար սա բարի ֆիլմ է» : Ինչպես  միշտ:  Եվ կարևոր չէ` հեքիաթ է մատուցում հեղինակը, թե բանտային սահմռկեցուցիչ կյանք: Նյութը նրա ձեռքին միշտ միջոց է դառնում հաստատելու ու վերահաստատելու հավերժական ճշմարտություններ:

Ռեժիսորի  վերջին` «Աղետ» ֆիլմը մտահղացված էր որպես «Անիծվածների» շարունակություն: Այն Սպիտակի երկրաշարժի մասին է, սակայն «Անիծվածներին» կապվում է նրանով, որ աղետի ժամանակ կալանավորներին բաց էին թողնում բանտից, որպեսզի կարողանային տեսնել իրենց ողջ մնացած հարազատներին, բացի այդ, շատ պրագմատիկ նկատառում կար` մարդկանց փրկող ձեռքերի պակասը: Մտավախություն կար, որ կալանավորները կփախչեն, և դա միանգամայն իրատեսական զգուշավորություն էր, քանի որ կալանավորների մեջ նաև կրկնահանցագործներ կային: Եվ նրանք աղետի վայրում շարունակում են գողանալ, կողոպտել, սպանել…  Սակայն արվեստագետը հարազատ է մնում իր սկզբունքին, և կարողանում է ցույց տալ, որ  նույնիսկ այդ վերջացած հանցագործների մեջ ինչ-որ մարդկային ու լուսավոր բան, այնուամենայնիվ,  պահպանվում է:  Իսկ ահա կինոնկարի ֆինալում բանտարկյալները վերադառնում են, դեռ բավական չէ, նրանց հետ վերադառնում են նաև մարդիկ, ովքեր գնալու տեղ չունեին: Նրանք  ուրախ սովետական քայլերգի հնչյունների ուղեկցությամբ, չնչին ունեցվածքը թևի տակ, ներս են մտնում բանտի  երկաթե դարպասներից ներս: «Դարպասները փակվում են, և հայտնվում է մակագրությունը` «Վերջ»: Հոյակապ ֆինալ: … Հենց միայն այս ֆինալում բացահայտվել է ռեժիսորի ամբողջ տաղանդը` խոր ու ազնիվ» :

Կեսայանցի ֆիլմերից մեկն էլ Հայաստանի պարի ժողովրդական անսամբլի մասին է: Բայց մտահղացման հիմքում դարձյալ արտասովոր իրադարձություն է: «Սրանից մի քանի տարի առաջ մամուլում հաղորդում երևաց այն մասին, թե ինչպես երգի-պարի անսամբլը, հասնելով լեռնային բարձրադիր յայլաղը, համերգ էր տվել ընդամենը մի քանի մարդու համար: Պարողներն ավելի շատ էին եղել, քան հանդիսատեսը:  Այդ դեպքի մասին հիշեցի, երբ սկսեցի աշխատել «Ոգեշնչում» ֆիլմի սյուժեի վրա: Մի սովորական համերգ-ֆիլմի բեմադրությունը, որում անտարբեր խցիկը իրար հետևից կարձանագրեր Հայաստանի ժողովրդական պարի անսամբլի խաղացանկի համարները, քիչ էր հրապուրում ինձ »: Հերթական անգամ մի փոքրիկ, ուրիշների համար աննշան ինտրիգը ոգեշնչման աղբյուր է դառնում, ներկայից անցյալ ու ապագա հաղթարշավ սկսելու հրճվանք պարգևում: Կինոնանկարում անսամբլը համերգ է տալիս ընդամենը մի մարդու համար` Ոսկան ամիի: «Այդպիսի իրավիճակը, մեր կարծիքով, հնարավորություն կտա մի նոր հայացքով տեսնելու սովորականը, անցողիկը,- շարունակում է մեկնաբանել ռտեժիսորը:-  Իրենք` այդ արտասովոր համերգի մասնակիցները, առաջին անգամ են այդպիսի հստակությամբ հասկանում, որ իրենց ելույթը քննություն է սեփական խղճի առջև…»: Կրկին ու կրկին մի փոքրիկ ծիծաղելի պատմությունից ընդհանրացման հեռանկար է բացվում:

Մեծ հաշվով, եթե վերևից նայենք Դմիտրի Կեսայանցի ստեղծագործությանը, այսինքն` ոչ միայն  ժամանակագրորեն, զարգացման ընթացքի մեջ, այլև մեկտեղված, ընդհանրության մեջ, ապա կարելի է այդ ամենին  հենց նրա գտած անունը տալ` ոգեշնչում:  Դմիտրի Կեսայանցի ստեղծագործական կյանքը տաղանդավոր ու ոգեշնչված մարդու պատմություն է, մի մարդու որը հաջողությամբ է հանձնել քննությունն իր խղճի առջև: Ուրեմն` երջանիկ մարդու պատմություն: Բայց նաև մի մարդու, որի հետ ճակատիրը սիրում էր չար կատակներ անել: Նրա պատանությունը, հասունացման տարիները ճզմվեցին ստալինյան բռնապետության ճռռացող  մեքենայի տակ, հասուն տարիները, երբ միանգամայն պատրաստ էր նոր թռիչքի ու նոր որակի նվաճման, խեղդվեցին անկախության տարիների «հարկադիր պարապուրդի» մեջ:   Պատահական չէ, որ նա իր հուշագրությունն անվանեց «Շնչահեղձության կարոտ»: Դա այն ոգեշնչման կարոտն էր գուցե, երբ զգացմունքները խեղդում էին, ու այն տքնանքի, երբ գրասեղանի, խցիկի ու մոնտաժման սեղանի առջև ելք էր տրվում դրանց: «Աղետից» հետո այդ կուտակումները ելք չունեին:

Վերջին տարիներին, նկարահանելու հնարավորություն չունենալով, Կեսայանցն ամբողջովին նվիրվել էր մանկավարժական գործունեությանը: Նա դասավանդում էր Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում և Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում` պատրաստելով կինոռեժիսորների նոր սերունդ: Բայց դա, ըստ երևույթին, բավական չէր, որ մարեր «շնչահեղձության կարոտը» կամ տեղի չունենար բառի բուն իմաստով շնչահեղձությունը:

Ժամանակին քննադատներից մեկը «Մարդը «Օլիպմոսից» ֆիլմի ընդհանրացումն օգտագործեց ժամանակի հայկական կինոյի բնորոշման համար` դրանով իսկ ցույց տալով այդ գաղափարի տարողունակությունը: «Ի միջի այլոց, «Մարդը «Օլիմպոսից» ֆիլմի վերջաբանը, ըստ իս, կարևոր է ոչ միայն էկրանից արված պատմության համար: Նա, իմ կարծիքով, ուղղակի վերաբերում է նաև… ժամանակակից հայկական կինոյին: Ֆիլմն այս ասես զգուշացնում է մեզ, որ մենք հաճախ անցնում ենք անսպասելիի, անսովորի կողքից` գրեդասելով բազմիցս կրկնվածը, փորձվածը, հանրահայտը: Վերջին երկու տասնամյակի ընթացքում հայկական կինեմատոգրաֆում թարմը, անզուգականը մշտապես անհաշտ կոնֆլիկտի մեջ են եղել ծամծմվածի, երկրորդականի հետ: «Օլիմպոսցի» մարդու պես այստեղ էլ երբեմն հայտնվել են անսովոր, վառ, բարեհաջող կինոյի կայունացած պատկերացումները ջարդող երկեր, որոնք հանդիսատեսի և, որ հատկապես ցավալի է, կինեմատոգրաֆիստների կողմից միշտ չէ, որ արժանացել են բավարար ուշադրության» :

Շարունակելով այս միտքը` ասենք, որ իր հեռացումով էլ, ասես, նա ևս մի անգամ հաստատեց իր ընդհանրացումների ճշմարտացիությունը: Նա հեռացավ այնպես աննկատ, ինչպես իր կինոնկարի հերոսը,  թերևս լրիվ չհասկացված ու չգնահատված: Նրան «մոռացան» նույնիսկ կոչում շնորհել, թեպետ  շատ ավելի արժանի էր, քան մի քանի կոչում ստացածներ` միասին վերցրած: «Վերջին տարիներին նա շատ էր հիվանդանում, և նրա անունը ավելի ու ավելի հազվադեպ էր հայտնվում մամուլում: Եվ ահա տխուր լուրը. կյանքից հեռացավ մի կինոռեժիսոր, որի անունը հավետ կմնա հայ կինեմատոգրաֆի պատմության մեջ»,- գրեցին նրա մահախոսականում : Ու ինչպես իր կինոնկարում, որքան ավելի են տարիները հեռացնում մեզ նրանից, այնքան ավելի է մեծանում նրա բացակայության զգացումը, ավելի ցցուն է դառնում նրա դատարակ թողած տեղը: Մի կարևոր երակ հայ կինեմատոգրաֆում առայժմ մնացել է ընդհատված: Նա հեռացավ` թողնելով մեզ իրեն ըստ արժանվույն գնահատելու պարտքի բեռան տակ ու իր հետնորդի սպասումով:

«…Եվ ամեն հանդիպելիս հարցնում էր. «Մի՞թե ես չեմ նկարահանելու իմ վերջին ֆիլմը»,- այսպես է հիշում Դավիթ Մուրադյանը վերջին տարիների Դմիտրի Կեսայանցին:  Փաստ է. Կեսայանցի էկրան բարձրացած վերջին ֆիլմը` «Աղետը», նկարահանել է 1993-ին, մահացել է 2001-ին:  Ամենայն հավանականությամբ այդ յոթ-ութ տարիներն ամենադժվարինն են եղել նրա կյանքում:

Ի՞նչ է նկատի ունեցել Կեսայանցը` «վերջին ֆիլմ» ասելով, «Երանելի՞ն», որ այդպես էլ չնկարահանեց , «Աստծո պատի՞ժը», որի սցենարն արդեն քանի տարի շարադրում ու վերաշարադրում էր: Իրական  վերջին` «Աղետ» ֆիլմը էկրան բարձրանուց հետո Գ. Հարությունյանին տված վերհիշյալ հարցազրույցում այն հարցին, թե կարելի՞ է «Անիծվածները» համարել Դմիտրի Կեսայանցի գագաթնակետը, ռեժիսորը պատասխանում է. «Ոչ, իմ պիկը դեռ չի եկել, դա լինելու է այն, ինչ նոր եմ պատրաստվում նկարահանել»: Այդ ժամանակ նա երկու նախագիծ ուներ` «Աստծո պատիժը» և ֆիլմ Ղարաբաղի մասին: «Անհամեստություն չհամարեք, բայց ես կամաց-կամաց բարձրանում եմ դեպի իմ պիկը,- շարունակում է նա:- Կան ռեժիսորներ, որոնք ունենում են իրենց գագաթնակետը, հետո կամաց-կամաց իջնում են, ես ընդհակառակը` կամաց-կամաց բարձրանում եմ»:

Այս տարի` 2011-ին, Դմիտրի Կեսայանցը կդառնար 80 տարեկան: Եվ Ազգային կինոկենտրոնը որոշեց նրա հոբելյանի կապակցությամբ  գզրոցից հանել ու տպագրության լույսին արժանացնել «Աստծո պատիժը» սցենարը այն համոզմունքով, որ այդ կերպ կկարողանանք ինչ-որ չափով թեթևացնել մեր պարտքի բեռը նրա հիշատակի առջև  և հավատով, որ ռեժիսորի վերջին ֆիլմը դեռ օրակարգում է:

Եվ շարժառիթը միայն այս երկի գեղարվեստական բարձր մակարդակը չէ, որ հեղինակի անուրանալի գրական ձիրքի արգասիք է, կամ նրա հոբելյանն արժանիորեն նշելու պարտքի զգացումը, այլ եզակիությունը, որ պայմանավորված է թեմայով և հեղինակի կենսագրությամբ: Մենք այսօր շատ ենք խոսում Մեծ եղեռնի մասին գրական հաջողված երկերի սակավության, գրեթե բացակայության մասին, հաճախ դրանով բացատրում նաև կինոնկարների չգոյության հանգամանքը: Եվ մոռանում ենք, որ մեր անցյալի պատմության մեջ էլի կան ողբերգական էջեր, որոնք գեղարվեստական փաստ չեն դարձել:  Խոսքը մասնավորապես 30-40-ական թվականների մասին է, երբ մեր հազարավոր հայրենակիցներ զոհ գնացին ստալինյան բռնապետությանը, մեծ մասը չվերդարձավ, մի մասն էլ վերադարձավ հոգեպես ու ֆիզիկապես խեղված: Դա էլ փաստորեն եղեռն էր: Մեր արմատը բառի բուն իմաստով քերեցին:

Եվ ահա մեր առջև մի բացառիկ ստեղծագործություն է, որը ոչ թե սոսկ արվեստագետի երևակայության արդյունք է, այլ ապրածի, զգացածի, տեսածի գեղարվեստական վերարտադրություն, ու անկախ այն հանգամանքից` երբևէ կնկարահանվի, թե ոչ, միանգամայն արժանի է հարատևելու որպես ինքնուրույն գրական գործ:

Հ․Գ․ «Կինոաշխարհը» շուտով կհրապարակի նաև Կեսայանցի վերջին՝  «Աստծո պատիժը» սցենարը թարգմանված հայերեն ( սցենարի բնագիրը ռուսերենով է)։ 

Պատրաստեց Անահիտ Հարությունյանը