1926 թվականի հունվարի 18-ին խորհրդային հանդիսականները առաջին անգամ տեսան Սերգեյ Էյզենշտեյնի հռչակավոր ««Պոտյոմկին» զրահանավը» ֆիլմը: Չնայած նրան, որ ռեժիսորն ընդամենը 27 տարեկան էր, իր ֆիլմը անընդհատ ճանաչում էին լավագույններից մեկը կինեմատոգրաֆի պատմության մեջ, որը հսկայական ազդեցություն գործեց ողջ կինոարտադրության վրա:

Իսկ ո՞վ էր սցենարի հեղինակը, ասել է թե սյուժեի հեղինակը և երիտասարդ ռեժիսորի գլխավոր ոգեշնչողը: Պատկերավոր ասած՝ թիվ 1 համաշխարհային գլուխգործոցի մայրը Նինա Ֆերդինանդի Աղաջանովան է: Նինա (Նունե) Ֆերդինանդի Աղաջանովան ծնվել է 1889 թ. հոկտեմբերի 27-ին (նոյեմբերի 8-ին): Մահացել է 1974 թվականի դեկտեմբերի 27-ին: Թաղված է Պերեդելկինոյի գերեզմանատանը: Հայ խորհրդային սցենարիստ, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ:

Ծնվել է Եկատերինոդարում վաճառականի ընտանիքում: Նրա հայրը Կուբան է գաղթել Թուրքիայից 1877-1878 թվականների հալածանքների ժամանակ: Սովորել է Եկատերինոդարի մանկավարժական դասընթացներում: Երկար տարիներ եղել է սցենարիստ-խորհրդատու, խմբագիր և սցենարական բաժնի վարիչ «Մեժռաբպոմֆիլմ» կինոստուդիայում, այնուհետև՝ «Սոյուզդետֆիլմ» կինոստուդիայում:

Առաջին ռուսական հեղափոխության 20-ամյակի կապակցությամբ Կինոյի համամիութենական կենտրոնական ինստիտուտի (ВЦИК) հոբելյանական հանձնաժողովը հաստատում է Աղաջանովայի «1905 թվական» սցենարը: Այս սցենարում «Պոտյոմկին» զրահանավի վրա տեղի ունեցած ապստամբությունը ֆիլմի դրվագներից մեկն էր: Աղաջանովայի առաջարկությամբ ֆիլմի բեմականացման համար ներգրավվում է Սերգեյ Էյզենշտեյնը: Աշխատանքի ընթացքում «Պոտյոմկինի» մասին դրվագը վերաճում է ինքնուրույն սցենարի, ըստ որի 1925 թվականին Էյզենշտեյնը նկարեց «Պոտյոմկին» զրահանավը» ֆիլմը:

1945-1952 թվականներին զբաղվել է մանկավարժական աշխատանքով (1949 թվականից՝ դոցենտ), Կինոյի համամիութենական պետական ինստիտուտում (ВГИК) դասավանդել է սցենարական վարպետություն:  Պարգևատրվել է «Պատվո նշան» և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշաններով:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը