20-րդ դարի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Մերիլին Մոնրոն, ծնվել է հունիսի 1-ին ։ Նրա մասին շատ է գրվել, բայց և տեղեկություններն այնքան հակասական են, որ ծայրաստիճան դժվար է դրանց ետևում նշմարել իսկական Մերիլինին:

Հավանաբար, ոչ ոք չի կարող պատմել նրա մասին ավելի լավ, քան անձամբ ինքը: Վերջերս հրապարակվեցին հատվածներ նրա օրագրերից, որոնք թույլ են տալիս տեսնել նրան անսպասելի կողմից և իմանալ այն, ինչի մասին նախկինում կարելի էր միայն գուշակել:

Երկար ժամանակ օրագրերը պահվում էին ամերիկացի ռեժիսոր Լի Ստրասբերգի այրու մոտ, հենց նրան էլ Մերիլինը կտակել էր իր արխիվը: Վերջերս Աննա Ստրասբերգը վճռեց դրանք հրապարակել: «Մերիլին Մոնրո. Ֆրագմենտներ» գիրքը, որտեղ ներառված են դերասանուհու նամակները և օրագրային գրառումները, համարում են լավագույն գիրքը նրա մասին և առաջին իսկական ինքնակենսագրությունը, քանի որ նախկինում հրատարակված ամեն բան ընդամենը այլոց հիշողություններն էին նրա մասին:

Մերիլին Մոնրոն առաջին ամուսնու՝ Ջիմ Դոգերտիի հետ

Նա սկսել է օրագիր պահել 16 տարեկանում, երբ առաջին անգամ ամուսնացավ: Ջիմ Դոգերտիի հետ են կապված իր առաջին հիասթափությունները. «Նրա հետ անցկացրած առաջին իսկ գիշերվանից ես սկսեցի կասկածել մեր հարաբերություններին… Նա ինձ հրապուրեց, որովհետև այն քիչ երիտասարդներից մեկն էր, որի հանդեպ ես սեռական նողկանք չէի զգում: Ինձ թվում էր, որ նա օժտված է ապշեցուցիչ հատկություններով, որոնք ես չունեի: (…) Նրա կողքին իմ մեջ ծնվեց անվտանգության կեղծ զգացում: (…) Երեկ գիշեր ես վատ տրամադրություն ունեի: Ես սպասում էի նրան, իսկ նա չէր գալիս: Ես վախենում էի, որ նա կտեսնի ինձ այդքան խղճուկ վիճակում: Հետո պարզվեց, որ նա իրոք գիշերն անցկացրել է ուրիշ կնոջ հետ: Ես կկարողանայի հաղթահարել մերժումը, բայց հիմար դառնալ ես չէի կարող»: Դոգերտիի հետ ապրեցին ընդամենը մեկ տարի: Նրա երկրորդ ամուսինը եղավ բեյսբոլիստ Ջո Դի Մաջոն, այս ամուսնությունը ևս երկար չտևեց՝ 9 ամիս անց նրանք բաժանվեցին: Դի Մաջոյի մասին Մերիլինը օրագրում չի հիշատակել:

Մերիլին Մոնրոն  երկրորդ ամուսնու՝ Ջո Դի Մաջոյի հետ

Մերիլինի երրորդ ամուսնությունը ամենաերկարատևն էր. Արթուր Միլլերի հետ նրանք ապրեցին 1956-ից մինչև 1961 թ.: Նրա մասին Մերիլինը գրել է հիացմունքով և սիրով. «Ես շատ եմ ուզում պաշտպանել Արթուրին, ես սիրում եմ նրան – և նա միակ մարդն է – որին ես երբևէ իմացել եմ, որին ես ընդունակ եմ սիրել ոչ միայն իբրև տղամարդու, որին ես ձգտում եմ գործնականորեն ինքնամոռաց – բայց և նա միակ մարդն է… որին ես վստահում եմ այնպես, ինչպես ինձ – որովհետև երբ ես իսկապես հավատում եմ ինձ (որոշ բաներում), ես դա անում եմ լիովին»:

Արթուր Միլլերի հետ բաժանումը Մերիլինի համար շատ ցավոտ էր: Նա Արթուրի գրառումներից պատահականորեն իմանում է, որ նա հիասթափված է իրենից և ամաչում է իր պատճառով ընկերների առջև: «Խռովյալների» նկարահանումների ժամանակ դրամատուրգը, որ գրել էր այդ ֆիլմի սցենարը, սիրահարվում է ուրիշ կնոջ: Մերիլինը խոստովանել է իր օրագրում. «Ես միշտ շատ եմ վախեցել ինչ-որ մեկի կինը լինելուց.  կյանքն ինձ սովորեցրել է, որ մարդը չի կարող անկեղծորեն սիրել մեկ ուրիշին»:

Մերիլին Մոնրոն երրորդ ամուսնու՝ Արթուր Միլլերի հետ

Միլլերից բաժանվելուց հետո դերասանուհին ընկավ խոր դեպրեսիայի մեջ, նրան հետապնդում էին մահվան մասին մտքերը. «Ես կցանկանայի մեռնել: Բոլորովին գոյություն չունենալ: Բայց ես ինչպես կարող եմ անել դա… Բրուքլինի կամուրջը ինձ շատ է դուր գալիս: Այնտեղ գեղեցիկ է և օդը այնքան մաքուր: Երբ քայլում ես նրա վրայով, ամեն ինչ թվում է հոյակապ, չնայած նույնիսկ մեքենաների կատաղի հոսքին: Չէ, դա պետք է լինի ուրիշ կամուրջ՝ անճոռնի և առանց գեղեցիկ տեսարանի…»: Նա անվերջ փորփրում է ինքն իր մեջ. «Մարդու համար, ինչպիսին ես եմ, ճիշտ չէ զբաղվել մանրամասն ինքնավերլուծությամբ – ես առանց այդ էլ ամեն ինչ լավ կշռադատում եմ: Այնքան էլ ուրախ բան չէ չափից դուրս լավ իմանալ ինքդ քեզ, կամ մտածել, որ դու քեզ լավ ես ճանաչում – յուրաքանչյուրին անհրաժեշտ է չնչին մի գաղտնիք, որպեսզի կարողանա անցնել անկումի միջով»:

Այն ժամանակ, երբ նրան շրջապատում էր երկրպագուների և ֆանատների բազմությունը, նա իրեն զգում էր անսահման միայնակ. «Մենակ!!!!! Ես մենակ եմ, ես միշտ մենակ եմ, ինչ էլ որ կատարվի»: 1961 թ. Մերիլին Մոնրոն հայտնվեց հոգեբուժական կլինիկայում, որտեղից նա գրում էր Լի Ստրասբերգին. «Նրանք ինձ դրել են շատ հիվանդ պացիենտների խցում (բետոնե պանելներ և այլ ատրիբուտներ): (…) Ես այն զգացումն ունեի, որ բանտում եմ հայտնվել հանցագործության համար, որ չեմ կատարել: (…) Ես ասացի նրանց. «Եթե դուք պատրաստվում եք ինձ հետ վարվել ինչպես խելացնորի հետ, ապա ես էլ ինձ կպահեմ խելացնորի պես»: Բժիշկն ասաց, որ ես շատ-շատ հիվանդ աղջիկ եմ և շատ-շատ հիվանդ աղջիկ եմ եղել արդեն շատ տարիներ»: 1962 թ. օգոստոսի 5-ին Մերիլինի մարմինը գտան իր տանը: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն:

Մերիլինի մասին գրվել է շատ, բայց նա նախկինի պես մնում է առեղծված:

 

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը