Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Բեռլինի միջազգային փառատոնը հավաքել էր մեծ քանակության ֆիլմեր` նվիրված ազգային, քաղաքական և սեռական փոքրամասնություններին: Ֆորում, Պանորամա ծրագրերում տեղ գտած բոլոր ֆիլմերից առանձնանում էր հոնգկոնգյան «Սուկ, սուկ»-ը, որի անդրանիկ ցուցադրությունը տեղի էր ունեցել Բուսանի միջազգային փառատոնում:

Երիտասարդ ռեժիսոր Ռեյ Յունգի երրորդ լիամետրաժ ֆիլմը պատմություն է երկու տարեց տղամարդկանց` Պակի (70) և Հոիի (65) սիրո մասին: Յուրահատուկ նրբությամբ և պարզությամբ հյուսված ֆիլմը վեր է հանում ոչ միայն հոմոֆոբիայի, այլև տարիքով պայմանավորված խտրականության (ageism), կրոնի և սոցիալական խնդիրների մասին: Այն ցույց է տալիս հետպատերազմյան հերթական կորած սերնդի կյանքը, ովքեր սովորել են բավարարվել ամենաչնչինով, ճնշել են իրենց ինքնությունն ու ցանկությունները` հոգ տանելով միայն իրենց մերձավորների համար: Իսկ հիմա, երբ նրանց զավակները մեծացել են, նրանցից կախված չեն, հերոսները կանգնած են դատարկության անդունդի առաջ և վախենում են անգամ վերանայել իրենց կյանքը: Ու թեև այս զգացմունքներն ու հարաբերությունները կարող են նրանց առջև նոր հնարավորություններ բացել, վախը հասարակական քննադատությունից կամ ընտանիքի անդամների կարծիքից, շղթայում է նրանց: Մյուս բանը, որ կանգնած է Պակի և Հոիի միջև, կրոնն է. բացի նրանից, որ հերոսների հայացքները քրիստոնեության շուրջ չեն համընկնում, Հոիի պեդանտ և մոլի հավատացյալ որդին հազիվ թե հաշտվի հոր ընտրության հետ: Հոմոֆոբիան ֆիլմի բազում շերտերից հերթականն է. հանրային բաղնիքում տեղի ունեցող շարունակական զրույցները բացահայտում են այն խտրականությունները, որոնց բախվում են համասեռամոլ տղամարդիկ: Իսկ միայն համասեռամոլների համար նախատեսված ծերանոցի ստեղծման քննարկումները դրդում են մտածել միայնության և սեփական ես-ի հետ առերեսվելու կարևորության մասին:

Ֆիլմում գործում է ժեստերի, սիմվոլների մի ամբողջ համակարգ, որը բանալի է ծառայում՝ զգացմունքները արտահայտել չսիրող, մշակույթը հասկանալու համար: Գլխավոր հերոսների հայացքները, ժպիտերը կամ ձեռքսեղմումը փոխարինում են ջերմության բոլոր արտահայտումները՝ բացահայտում սրտում թաքնված զգացմունքները: Հատուկ է սնունդի դերը. ի հավելումն ամենօրյա ընթրիքներին, որոնք խորհրդանշում են հենց ընտանիքը, ֆիլմում այն օգտագործվում է որպես սիրո և հոգատարության արտահայտում. վիճած ամուսինները կիսում են խեցգետինը` հաշտվելով առանց որևէ բառի, հերոսներ «չթույլատրվող» քաղցրավենիքներ են առնում իրենց թոռնուհիների համար, իսկ տեսարանը, երբ Պակն ու Հոին միասին ընթրիք են պատրաստում, ստեղծում են իդելական հարաբերությունների տրամադրություն:

«Սուկ, սուկ»-ը (կանտոներենից թարգմանաբար`հորեղբայրներ) ազնիվ, ջերմ և մելանխոլիկ ֆիլմ է ընտանիքի կարևորության, պարտավորությունների, վախերի, սիրո և կապվածության, ինչպես նաև այս ամենից բխող իմաստության մասին: Եվ այն մասին, որ անկախ բոլոր փնտրտուքներից ու դրանց դժվարություններից, հերոսները կարողանում են պահպանել հոգատարությունն ու ազնվությունը, սովորում են ընդունել նորը և թույլ չտալ կրկնել սխալները, որոնք կփոխեն կյանքի ողջ հունը հակառակ ուղղությամբ:

Սոնա Կարապողոսյան