Հարցազրույց գրող, «Կորեական դելիկատես» դեբյուտային ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր Համբարձում Համբարձումյանի հետ։

Ձեր բոլոր պատմվածքները մեր ժամանակների, մեր իրականության, մեր երկրի ցավերի, խնդիրների մասին են: Ինչու՞ որոշեցիք հենց «Կորեական դելիկատես» պատմվածքը կինո դարձնել:

– «Կորեական դելիկատես» պատմվածքի սյուժեն թույլ էր տալիս կարճամետրաժ ֆիլմ նկարել։ Բացի այդ` պատմվածքների այդ շարքից  հենց «Կորեական դելիկատեսն» եմ համարում ամենահաջողված պատմվածքը։

2019-ին սկսվեցին «Կորեական դելիկատեսի» նկարահանումները: Եթե մի սկսնակ ռեժիսոր խնդրեր մի քանի կետով ներկայացնել հեղինակային կինո նկարելու դժվարությունները, ի՞նչ կպատմեիք նրան:

– Ես ինքս սկսնակ եմ և  իմ փորձով կիսվելու դեպքում կասեի, որ պետք էր ավելի երկար նախապատրաստվել, ռեժիսորական սցենարի այլ տարբերակներ մտածել, ավելի շատ փորձեր անել դերասանների հետ, աշխատել մանրուքների վրա։ Այն ինչ քո մտքում պատկերացնում ես և այն ինչ վերջնաարդյունքում ստանում ես`  տարբերվում են իրարից։

– Հայկական ֆիլմարտադրության մեջ կա՞ն արհեստական խնդիրներ, որոնք օրենսդրական փոփոխություններով կարելի է շտկել ու թեթևացնել վազվզոցը կամ թղթատարությունը:

– Այո, կարծում եմ, որ թղթատարությունը շատ էր։ Քանի որ ես նաև ֆիլմի պրոդյուսերն էի, թղթատարությունը ինձնից ավելի շատ ժամանակ, եռանդ ու ջանք խլեց, քան ստեղծագործական աշխատանքը, ստեղծագործական աշխատանքի շատ քիչ ժամանակ մնաց։ Մի կողմից պետությունը պետք է հետևի, որ պետական փողերը քոռուփուչ չարվեն, մյուս կողմից մենք չունենք կայացած պրոդուսերական կենտրոններ, որոնք կարճամետրաժ նախագծերով կզբաղվեն։  Կարծում եմ, որ փոքր բյուջե ունեցող կարճամետրաժ նախագծերին պետությունը պետք է  ազատի թղթատարությունից։  Իմ շփումներից ես հասկացա, որ աշխատանքը, ֆիլմը երկրորդական նշանակություն ունի պետության համար։ Կարևորը թղթերում ամեն ինչ ճիշտ լինի։

Եվ այնուամենայնիվ, ավելի հետաքրքիր է լինել կինոդիտո՞ղ, թե՞ կինո նկարող:

Տարբեր հետաքրքրություններ են, բայց կապված են իրար հետ։ Հետաքրքիր գիրք կարդալուց հետո ուզում ես գրել, իսկ հետաքրքիր ֆիլմ նայելուց հետո ֆիլմ նկարելու ցանկություն է առաջանում։  Այնուամենայնիվ ֆիլմ նկարելը անհամեմատ մեծ ջանք է պահանջում, էդ պատճառով նայելը ավելի հեշտ ու հաճելի զբաղմունք է։

– «Կորեական դելիկատեսի» սցենարն այնպիսին է, որ Դուք պիտի աշխատեիք կենդանու և երեխայի հետ: Այս երկու դերակատարումների կառավարումն էլ ռեժիսուրայի մեջ դժվար առաջադրանքներ են: Ի՞նչ հետաքրքիր միջադեպեր եղան այս առումով:  

Երեխայի խաղի առումով խնդիրներ չեղան, բայց շունը ստիպեց, որ ըստ սցենարի չնկարենք։ Նկարեցինք այն, ինչ հնարավոր էր ստանալ։  Ըստ սցենարի շունը պետք է հաչեր, պտտվեր, խաղար երեխայի հետ, բայց մեր Ջեկոն չխոսկան քոթոթ դուրս եկավ։ Ոչ  հաչաց, ոչ էլ խաղաց երեխայի հետ, որովհետև կտրվել էր հարզատ միջավայրից և խոր դեպրեսիայի մեջ էր։ Մի դրվագում քոթոթը նույնիսկ փախավ։ Այդ կադրում դերասանը շան վզին պարան պետք է անցկացներ և քաշելով տաներ իր ետևից։ Առաջին դուբլը նկարելուց հետո,  երբ դերասանը պետք է պարանը վիզը անցկացներ, քոթոթը ճողոպրեց։ Ստիպված եղանք մի դուբլով բավարարվել, որովհետև չէինք ուզում շանը տանջել։

Այսօր արտահուզ համարվում են հեղինակային կամ փառատոնային ֆիլմերը: Կարելի է և այսպես ձևարկերպել` արտհաուզը կինո է, որտեղ վճռորոշը հեղինակի ֆիգուրն է, որ ստեղծում է իր աշխարհը, փորձում է խոսել իր լեզվով և իր արածին վերաբերում է իբրև արվեստի գործի:  «Կորեական դելիկատեսը» կարելի՞ է համարել արտհաուզ:

Չգիտեմ, թե ինչ կարելի է համարել «Կորեական դելիկատեսը»։ Արդյունքը այն չէ, ինչ պատկերացնում էի, տպավորություն ունեմ, որ ինչ-որ բան պակասում է ֆիլմին։ Ամեն դեպքում հետաքրքիր փորձ էր, միայն նկարահանման ընթացքում հասկացա, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ և  ինչ բացթողումներ կան։ Մեկ ամսից ֆիլմի վրա աշխատանքները կավարտեմ, հավանաբար ինչ-որ փառատոնային ճանապարհ կանցնի, այդ ժամանակ դիտողը ինքը հնարավորություն կունենա տեսնել ու դատել, թե ինչ ժանրի ֆիլմ է։

Արդյո՞ք արտհաուզն արդեն իսկ որակի հայտ է:

– Եթե արտհաուս համարենք այն ֆիլմերը, որոնք լայն զանգվածների համար չեն, ապա դա բացարձակապես չի նշանակում, թե նման ֆիլմերը պարտադիր որակյալ են։  Այդ նշաձողի տակ գտնվող կամ այդպիսին ներկայացող բազմաթիվ ձանձրալի ու անհետաքրիր ֆիլմեր կարող ենք հանդիպել։

Հարցազրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը