Աշխարհի առաջատար 21 կինոփառատոների (Կանն, Վենետիկ,Սան Սեբաստիան, Բեռլին, Սանդենս, Տորոնտո և այլն) նախաձեռնությամբ մայիսի 29-ին մեկնարկեց   We Are One («Մենք միասնական ենք») առցանց կինոփառատոնը։ Ցանցային փառատոնի կազմակերպիչները Tribeca փառատոնն ու  YouTube ծառայությունն են:

Բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն մայիսի 29-ից հունիսի 7-ը։  Միասնական միջազգային կինոփառատոն անցկացնելու որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով  մի շարք փառատոներ չեղարկվել կամ տեղափոխվել են ավելի ուշ ժամկետներ։

We Are One  փառատոնի շրջանակում ցուցադրվելու է աշխարհի 35 երկրից ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում` 13 համաշխարհային և 31 առցանց պրեմիերա,  23 լիամետրաժ խաղարկային և 57 կարճամետրաժ ֆիլմ և այլն։ Հանդիսատեսը կարող է ոչ միայն անվճար տեսնել ֆիլմերը, այլ նաև լսել անվանի ռեժիսորների ելույթները, համաշխարհային կինոյի հայտնի մասնագետների քննարկումները։