Դու մի զարմացիր, որ քեզ ասացի, թե վերստին պիտի ծնվենք: Քամին ուր որ ուզում է, այնտեղ էլ փչում է. դու նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս և ուր է գնում: Նույնպես և բոլոր նրանք, որոնք Հոգուց են ծնվում (Հովհաննես 3։7-9):

 Վերստին ծնված լինելու ուրախությամբ, ինչ-որ տեղից եկող դեռ անաբացատրելի քամու հովերով 20-ամյա Դանիելը՝ (Բարտոշ Բելենյա) պայուսակում բանտային քահանայի քոլարով վերնաշապիկը, ուղեւորվում է լեհական մի խուլ բնակավայր՝ սղոցարանում աշխատելու: Տղան երազում է  քահանա դառնալ, բայց «նախկին բանտարկյալները հոգեւոր հաստատություններում անելիք չունեն»,- հրաժեշտից առաջ հիշեցնում է բանտի քահանան: Ուրեմն նրան սպասում է  սղոցարանը կամ… նա կհետևի քամուն, որ չգիտի՝ որտեղից է գալիս և ուր է գնում:

Լեհական կինոն վերջին տարիներին հաճախ է հայտնվում միջազգային կինոփառատոններում: Յան Կոմասայի ֆիլմը, թվում էր՝ կկրկնի իր հայրենակից Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմի հաջողությունը, որ 2014-ին  «Օսկար»-ում լավագույն օտարալեզու ֆիլմ ճանաչվեց, սակայն այս ֆիլմի ճանապարհին հայտնվեցին «Մակաբույծները»: Իհարկե, համամետություններն անիմաստ են և «Օսկարի» մասին չէ, որ պիտի խոսվի: «Մարմին Քրիստոսի»-ն այն ֆիլմերից է, որ պարզապես արժի դիտել:

Դանիելը սղոցարանի փոխարեն հայտնվում է եկեղեցում, որտեղ հանդիպում է Մարթային (Էլիզա Ռիցեբել): Քամին, որ հիմա արդեն նրա գլխում է, ծնում է սուտը՝ այդ պահից ամբողջությամբ փոխելով նրա ու փոքրիկ գյուղի բնակիչների կյանքը: Նա աղջկան վստահեցնում է, որ քահանա է: Հետո սուտը, որ ինչպես հայտնի է, անընդհատ մեծանալու սովորություն ունի, նրան հասցնում է խորան. տեղի քահանան հիվանդ է և հարբեցող, ուստի երիտասարդը կարող է փոխարինել նրան:

Կոմասան լեհերի Զվյագինցևն է: Նա նույնքան սառնասիրտ է պատմում  Արեւելյան Եվրոպան խժռող արատների մասին, որքան Զվյագինցևը՝ ռուսական միջավայրինը. եկեղեցում խռնված հավատացյալներ, որ կապ չունեն Քրիստոսի հետ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, որոնք կապ չունեն քաղաքացիների հետ, երեխաներ, որ կապ չունեն իրենց ծնողների հետ ու միջավայր, որտեղ ատելությունը միակ բանն է, որ կարելի որսալ օդում: Վերջին շտրիխը այս ամենի քահանան է, որ քահանա չէ ու թվում է՝ բոլորը գտել ու արժանացել են իրար, բացառությամբ մի բանի. Դանիելից ճառագող լույսը, որ ոչ մի շանս չունի լինելու, բայց կա ու քամին, որ նրան այս կողմերն է բերել:

Նա սիրում է, այն ինչ անում է, նա ուզում է փոխել ու փոխվել, նա սովորական տղա է, որ գիտի անկեղծ խոսել ու վստահ է, որ ցանկացածն արժանի է ծառայելու Քրիստոսին և ցանկացածը կարող է, եթե ուզում է: Նրա մտածումները պարզ են, հեռու պաթոսից. եթե չես ուզում, որ երեխադ ծխի, ինքդ մի ծխիր, եթե ուզում ես մտերմանալ տղայիդ հետ, գնա նրա հետ հեծանիվ վարելու, եթե ուզում ես խաղաղվել, ներիր: Ահա այս վերջին խորհուրդը ֆիլմի հանգուցակետն է: Գյուղում տեղի ունեցած ավտովթարի պատմությունը, որտեղ զոհվածների հարազատները քավության նոխազ են դարձրել վարորդներից մեկի այրուն՝ թույլ չտալով անգամ ամուսնուն հուղարկավորել իրենց հողում: 20-ամյա, բանտային անցյալով, իր կյանքը ստի վրա կառուցած այս երիտասարդին հաջողվում է դուրս բերել գյուղը ատելության ճահճից, խաղաղեցնել մարդկանց, սովորեցնել նրանց ապրել ցավի հետ, ներել, մոռանալ, վայելել, զվարճանալ:  Նա իր հավաքած գումարով հողին է հանձնում երկար ժամանակ թաղվելու չարժանացած վարորդի աճյունասափորը: Վերջին բանը, ինչ նա հասցնում է անել ազատության մեջ:

Իսկ հետոն խաչի ճանապարհն է: Դանիելի խաչը բանտն է, որտեղ վերադարձողներին սպասում են հին դահիճները: Կոմասան նրան չի սպանում, բայց վերջին կադրերից պարզ է դառնում՝ նա չի ապրելու: Ընդամենը, տեսնել նրա ջախջախված դեմքը և լսել նրա խուլ հևոցը՝ հասկանալու համար, որ «լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետեւ չարություն էին գործում» (Հովհաննես 3:19):

Աստղիկ Հակոբյան

Մյունխեն, 2020 թ.


«Սուկ, սուկ»  (Ռեյ Յունգ, 2019)

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Բեռլինի միջազգային փառատոնը հավաքել էր մեծ քանակության ֆիլմեր` նվիրված ազգային, քաղաքական և սեռական փոքրամասնություններին:...