«Նոսֆերատու. սարսուռի սիմֆոնիա», 1922 թ.

Մենք ֆիլմը դիտում ենք լոկ որպես ֆիլմ: Սակայն հետադարձ հայացք նետելով պատմությանը և ներկային` ակամա դրդված ենք այլ հետևություններ անել… Խոսքն իհարկե նշանակալի գործերի մասին է:

Եվ այսպես, ամայի փողոցներ, հատուկենտ երևացող մարդիկ, որ տխուր դեմքերով դագաղներ են տանում… Կարծում եք, վերջին երկու ամիսներին «Եվրոնյուզի» կամ CNN և այլ նորությունների ընթացքում դիտած պատկերնե՞ր եմ նկարագրում: Բնավ, ոչ: Այդ տեսարանը Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուի` 1922թ. էկրան բարձրացած` «Նոսֆերատու. սարսուռի սիմֆոնիա» համր ֆիլմից է: Տրանսիլվանիայում երբևէ չեղած, անգլո-իռլանդական ծագում ունեցող Բրեմ Սթոքերի հանրահայտ «Դրակուլա» վեպի այս էկրանավորումը թերևս ամենատպավորիչն է մինչ օրս, թեև բազմաթիվ այլ տարբերակներ են նկարվել հետագայում, այդ թվում այնպիսի ռեժիսորների կողմից, ինչպիսիք են Կարլ Դրեյերը, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Վերներ Հերցոգը և ուրիշներ: Մուռնաուն և արտադրող կինոընկերությունը խորամանկության էին դիմել` Սթոքերի այրիին չվճարելու համար ֆիլմում փոխված են հերոսների անունները: Կոմս Դրակուլան դարձել է կոմս Օռլոք և այլն: Իսկ էկրան բարձրանալուց հետո կինոընկերությունն անմիջապես սնանկ հայտարարվեց, դարձյալ «ավելորդ ծախսերից» խուսափելու նպատակով: Գլխավոր դերակատար Մաքս Շրեկը (անիմացիոն անճոռնի պերսոնաժն ազգակցական կամ որևէ այլ կապ ունի՞, տեսնես), գերմանական էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչների մեծամասնության նման, դուրս էր եկել Մաքս Ռեյնհարդտի թատրոնից: Նա, ինչպես ասում են, այնքան օրգանիկ էր այս դերում, որ հետագայում առիթ տվեց Հոլիվուդին մի նոր առասպել ստեղծել` 2000թ. նկարահանվեց «Վամպիրի ստվերը» ֆիլմը (ռեժ.` Էդմունդ Մերիջ), որ կառուցված էր Մուռնաուի կինոնկարի ստեղծման պատմության շուրջ պտտվող կասկածների վրա: «Անուրջների ֆաբրիկան» այստեղ գերազանցեց իրեն` ներկայացնելով, թե իբր Դրակուլային մարմնավորած Մաքս Շրեկը վամպիրին բնորոշ հատկություններ է ունեցել և դրա շնորհիվ է այդքան համոզիչ խաղացել: Շրեկի դերը կատարեց Ուիլեմ Դեֆոն, իսկ ռեժիսոր Մուռնաուի դերում հանդես եկավ Ջոն Մալկովիչը:

Շարունակենք գրեթե մեկ դար առաջ նկարված ֆիլմի ոչ ինքնանպատակ հիշեցումը: Եվ այսպես, մարդիկ վախվորած դուրս են նայում պատուհաններից ու «լսում» դատարկ փողոցում կանգնած մունետիկի ընթերցած հայտարարությունը, որ գոթական տառատեսակով գրված տիտրերի տեսքով հայտնվում է էկրանին: Ասվում է, որ քաղաքացիներին արգելվում է հիվանդանոց տանել ժանտախտի կասկածով հիվանդներին, քանի որ դա կհանգեցնի ամենուրեք վարակի տարածմանը… Հաջորդ դրվագի տիտրերի բովանդակությունն ավելի «տպավորիչ» է հնչում մերօրյա համատեքստում. «Վախը սողոսկել էր քաղաքի բոլոր անկյուններում: Ո՞վ էր դեռ առողջ: Ո՞վ` արդեն հիվանդ…»:

Այժմ մի քիչ խոսենք վախի մասին, որ սարսափի ժանրի անկյունաքարային, հենակետային տարրերից է: Զգացողություններից թերևս ամենաուժեղն է, քանի որ հետևում ամեն ինչի ավարտի սարսափն է, որքան էլ փորձեն հեղինակները մահվան առեղծվածային զուգախաղերով գրավել ընթերցողին կամ հանդիսատեսին` տանելով նրան ադրենալինով շաղախված մութ արահետներով: Այստեղ տեղին է հիշատակել գերմանական էքսպրեսիոնիզմի ֆիլմերի առնչությամբ ժամանակին ձևակերպված հետևյալ միտքը. «Մենք շատ քիչ բան իմացած կլինեինք մեր մասին, եթե կարծեինք, թե հայացքը հետք չի թողնում…»: Սա բավական հմտորեն օգտագործվել է սարսափի ժանրի ֆիլմերում, մինչ կստանար գիտական հիմնավորում: Իհարկե, այս առումով, Հիչկոկն անգերազանցելի է, քանի որ նրա վախի ճանապարհորդություններն այդ անտեսանելի արահետներով ոչ միայն հարստացրել են կինեմատոգրաֆի արտահայտչամիջոցների զինանոցը, այլև` բացահայտել մարդու ներաշխարհը, նրա մեջ եղած անհայտը: Եվ հաճախ նրա ուղեկիցը եղել է հումորը: Հետաքրքիր է, որ Մուռնաուի ֆիլմում` իբրև նախորդի, նույնպես դժվարությամբ շոշափվող հումոր կա, այդուհանդերձ: Կոմս Օռլոքի մեջ կա երկակիություն. նա զզվելի լինելու հետ մեկտեղ, երբեմն ծիծաղելի է և նույնիսկ խղճահարություն է առաջացնում:

Մերօրյա այս անդրադարձի համատեքստում ուշագրավ է նաև, որ ֆիլմն այսպես է սկսվում հեղինակ-պատմողի անունից. «Գրառումներ ժանտախտի համաճարակի մասին. քաղաք Վիսբորգ, 1838թ.»: Այնուհետև վերջինս խոստովանում է, որ երկար է մտորել իր քաղաքում ժանտախտի ծագման և վերացման պատճառների մասին: Գլխավոր հերոսը անշարժ գույքի ոմն գործակալից գումար վաստակելու առաջարկ է ստանում և առանց վարանելու համաձայնում է, թեև պատրաստվում էր իր հարսանիքին: Ավելին, իրենց քաղաքում ապրող այդ խիստ տարօրինակ գործատուն ոչ պակաս տարօրինակ բառերով է նրան ճանապարհում` մաղթելով «երջանիկ ճանապարհորդություն ուրվականների աշխարհում»: Իսկ մեր հերոսն այնքան է գայթակղված մեծ գումար վաստակելու հեռանկարով, որ արտասովոր ոչինչ չի տեսնում այդ մաղթանքի մեջ, ոչ  էլ նկատում է, որ իր` «գողերի և ուրվականների հեռավոր երկիր» մեկնելը վշտացնում է հարսնացուին, տագնապով լցնում վերջինիս սիրտը: Ըստ էության, հանուն դրամի, նա առանց երկմտանքի գործարք է կնքում մութ ուժի հետ:

Հետաքրքրական մի ասպեկտ ևս. ֆիլմում առկա է գիտնականի արտառոց, որպեսզի չասենք մոլագարի գծեր ունեցող մի կերպար` պրոֆեսոր Բուլվերը, որ «նույն այդ ժամանակ հետազոտում էր բնության գաղտնիքները»,- ինչպես զգուշորեն նշվում է տիտրերում… Այնուհետև հեղինակի անունից ասվում է. «Ես գրի էի առել, որ այդ օրերին պրոֆեսորն իր աշակերտներին ներկայացնում էր գիշատիչ բույսի մի տեսակ»: Եվ կադրում տեսնում ենք, թե ինչպես է գայթակղությանը չդիմացած ճանճը` զոհը, պարփակվում ծաղկաթերթերի մեջ, աքցանի մեջ առնվելու նմանությամբ: Աշակերտները սարսափահար են, իսկ պրոֆեսորը` մի տեսակ գիշատիչ հրճվանքով ասում է բույսի մասին. «Ասես վամպիր լինի, չէ՞»: Սա էլ դեռ ամենը չէ: Հաջորդ տեսարանում նա մանրադիտակի տակ է առնում ինչ-որ բան, և, աշակերտները գլխին թափված, դարձյալ սարսափահար նայում են: Անիմացիոն սև-սպիտակ գծապատկեր ենք տեսնում ընդամենը, ինչ-որ շարժվող ու գալարվող սպիտակ մի երկու գիծ` խոշորացված մանրէ… Եվ պրոֆեսորը կրկին ինչ-որ գիշատիչ հրճվանք է ապրում, տիտրերի միջոցով ուշադրություն հրավիրելով, թե` այն «ինչպիսի շոշափուկներ ունի, թափանցիկ է, եթերային, գրեթե ուրվական…»:

Եթե հաշվի առնենք, որ ֆիլմը գրեթե հարյուր տարի առաջ է նկարահանված, սյուժետային տարբեր թելերն իրար կապելով այդքան տեսանելի դարձնելու հնարքից բացի, հիրավի, ինքնին զարմացնում է պրոֆեսորի կողմից ուսումնասիրվող մանրէն խոշորացված, գրեթե էկրանով մեկ պատկերելու մտահղացումը: Եվ դա արվել է, երբ 3D-ն և ավելին տեխնիկապես պարզապես անհնար էր նույնիսկ պատկերացնել: Հիմա, երբ մոտ երեք ամիս է, մենք գրեթե ամեն օր էկրանին տեսնում ենք այդ «անկոչ հյուրին», անհատակ օվկիանոսի խորքերում ապրող, մուտացիայի ենթարկված մի ութոտնուկի տեսքով` արդեն անհամար շոշափուկներով ու գունավորված աներևակայելի երանգներով, ակամա հարց է առաջանում, ո՞վ է այս անճաշակ ուռճացված սցենարի հեղինակը կամ դասական սարսափի ժանրի իրական կանոններին անտեղյակ բեմադրիչը: Մարդու զայրույթն ուղղակի ափերից դուրս է գալիս, հատկապես, երբ «Ավատար», «Գրավիտացիա» և այդօրինակ այլ ֆիլմերը հետևում թողնելով, հանդգնորեն արդեն մրցել են ուզում Սթենլի Կուբրիկի հետ և մեզ ցույց տալիս, թե ինչպես է այդ կաուչուկե խաղալիք հիշեցնող շարժապատկերն արդեն պտտվում մեր երկրագնդի շուրջ, կարծես թե մոլորակի չափեր ունեցող մի նոր արբանյակ լինի…

Վերադառնալով մեր կողմից դիտարկվող «Նոսֆերատու. սարսուռի սիմֆոնիա» ֆիլմին` անցնենք դասական սարսափի ժանրի կանոնների հիշեցմանը: Ստվերախաղը, միտումնավոր աղճատումները, նկարահանման պլանների ընտրությունը` ամեն ինչ Մուռնաուի ֆիլմում նպաստում է չարի ամբողջական կերպար ստեղծելուն: Եվ այդ չարը վերջում պիտի պարտվի, ինչպես վայել է ճշմարիտ առասպելին կամ հեքիաթային ստեղծագործությանը: Այս ֆիլմի արժանիքները միայն կինոլեզվի գեղագիտության հետ չեն կապված: Առհասարակ, սարսափի ժանրը իր լավագույն արտահայտություններում կամ դրսևորումներում երբեք չի խախտել դասական խաղի կանոնները, մի բան, որ չենք կարող ասել ոչ միայն մերօրյա «մանրէաբանական-վավերագրական սարսափի» մասին, այլև վերջին տասնամյակներում ստեղծված այդ տեսակ համաշխարհային կինոարտադրանքի ճնշող մեծամասնության մասին:

Դասական սարսափ-պատումը միշտ ունեցել է խոր փիլիսոփայական բովանդակություն և ավարտվել է Բարու հաղթանակով. դա է այս ժանրի պայմանը` բարոյական վարքականոնը: Մեր դիտարկած Դրակուլա-Օռլոքի պատմության մեջ նույնպես ընդգծված է Լույսի առավելությունն ու հաղթանակը: Բնության օրենքների համաձայն, ինչպես հայտնի է, արևը դուրս գալուն պես, գիշերային ստվերները նահանջում են: Այսպիսով` ֆիլմում այլանդակ, ծուռումուռ ճանկերով, անհամաչափ մարմնով ուրվական-վամպիրը գիշերով է գործում, իսկ ցերեկը քնում է: Լույսից խուսափելու ձև է սա, քանզի նա էլ իր հերթին վախենալու բան ունի. ոչ միայն վախեցնում է, այլև` վախենում: Բայց Լույսից բացի, նրան այստեղ հաղթում է նաև Գեղեցիկը: Դարձյալ հիշեցնենք. երբ կոմս Օռլոքը երիտասարդ հերոսի կրծքին տեսնում է կախազարդը` նրա սիրելի հարսնացուի պատկերով ու շփոթվում է, արդեն իսկ ակնարկ է արվում, որ դա վամպիրի պարտության սկիզբն է: Ճիշտ է, ավաղ, նա կհասցնի ժանտախտ տարածել, մահ սփռել, սակայն հենց այդ գեղեցկուհու` իր զոհի հանդեպ իր համար անսովոր մի զգացմունք` գուցե սեր զգալով, մռայլ կոմսը գալիս է նրա մոտ, մնում մինչև աքաղաղի կանչը և արևածագը, ինչը նրան անխուսափելի վախճան է բերում: Եվ կենարար արևի ճառագայթների, այսինքն` Լույսի մեջ չարագործի տարրալուծվելուն, անհետանալուն պես, հրաշք է կատարվում` համաճարակը վերանում է, ավարտվում:

Վերջում, հիշեցնելով նաև հայտնի մի ճշմարտություն` որ առհասարակ, միտքը նյութականանալու հատկություն ունի, հավելենք, որ կինոյի փորձն է՛լ ավելի շոշափելի է դարձնում ստեղծագործության և իրականության կապը, փոխհարաբերությունները, այն` ինչ ընդունված է անվանել «intertextuality», այսինքն` փոխներթափանցումներ: Վաղուց արդեն հայտնի է, որ կինեմատոգրաֆը ոչ միայն վերարտադրում, այլև վերստեղծում է իրականություն: Այս համատեքստում հարց է ծագում` ով ումից կամ ինչից է ներշնչվել այդ տեսակ գործեր ստեղծելիս կամ այսօր մոլորակի վրա տիրող իրավիճակն ու վախերը հարուցելիս… Եվ կամ` ի՛նչն է դրդում մարդուն ինքնանպատակ, հեքիաթի իմաստությանը չապավինող սարսափ ստեղծել, ինչ ստվերներ են պտտվում նրա ներաշխարհում ու հալածում նրան… Չէ՞ որ բոլոր ստեղծագործողները (նաև` գիտնականները) նույն պատասխանատվության առաջ են, քանի որ թե՛ իրենք, թե՛ իրենց հետնորդներն ապրում և ապրելու են այն նույն աշխարհում, որտեղ և մնացած մարդիկ:

Դե, ինչ ավելացնենք. կինոյինը` կինոյին, կյանքինը` կյանքին:

Իբրև եզրափակում պարզապես համոզմունք հայտնենք, որ հաստատապես, բնությունը, կյանքը ավելի իմաստուն է և տաղանդավոր, քան ցանկացած հիվանդագին զառանցանք ու ցնորք: Եվ վաղ` թե ուշ, այդ իմաստությունն էլ կհաղթի:

Սիրանույշ Գալստյան