Հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպը Էնդրյու Լևիտասի «Սև ու սպիտակ Ֆելինի» (Fellini Black and White) ֆիլմում խաղալու է հռչակավոր իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիին։ Նրա կնոջ՝ Ջուլիետա Մազինիի դերում հանդես է գալու Պենելոպե Կրուսը։ Ֆիլմի նկարահանումների սկիզբը նախատեսված է 2020 թվականին՝ Լոս Անջելեսում։ Այս մասին գրում է kinoart.ru կայքը՝ հղում անելով Դանիել Ռիչթմանի գրառմանը։ Ֆիլմում, հավանաբար, կխաղան նաև Ալեքսանդր Սկարսգարդը, Ջեմի Ֆոքսը, Պիտեր Դինքլեյջը։

Ֆիլմը պատմելու է հայտնի իտալացի ռեժիսորի՝ 1957 թ. «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Լոս Անջելես իրական այցելության իրադարձությունների մասին ֆանտաստիկ պատմությունը։  Մրցանակաբաշխությունից երկու օր առաջ նա անհետանում է և գրեթե բաց թողնում արարողությունը։ Այդ ընթացքում նա իր համար հայտնաբերում է ջազը, սերֆինգը, սիրահարվում է  անասնաբույժին և մի ամբողջ օր գտնվում բարձր տրամադրության տակ։

Ֆիլմի սցենարը գրել է Հենրի Բրոմելլը։ Այն պատրաստ է եղել դեռևս 2005 թվականին, սակայն սցենարը մերժվել էր։ Ավելի ուշ, 2013 թվականին արդեն սկսվել էր ֆիլմի զարգացման  փուլը, բայց Բրոմելլի մահից հետո կինոնկարի արտադրությունը կրկին սառեցվեց ։

Ջոնի Դեպն արդեն աշխատել է Էնդրյու Լևիտասի հետ. 2020-ի փետրվարին Բեռլինի կինոփառատոնում տեղի ունեցավ Լևիտասի երկրորդ ռեժիսորական աշխատանքի՝ «Minamata»- ի պրեմիերան, որտեղ Դեպը խաղացել է ռազմական լուսանկարիչ Ուիլյամ Յուջին Սմիթի դերում: