Նատալյա Նիկոլայչիկի հարցազրույցը՝ Պյոտր Մամոնովի (արտիստի) 60-ամյակին ընդառաջ

Ինչպե՞ս ստացվեց, որ հավատի եկա: Որտեղի՞ց իմանամ: Կործանվում էի, մեռնում էի, եզրագծին էի, ապրել էի ուզում: Խելքի եկա: Սկսեցի փրկել ինձ: Սկզբից մարմինս, հետո հոգուս մասին սկսեցի մտածել:

Երբեմն շատ դժվար է լինում, որովհետև ստիպված ես ինքդ քեզ հաղթահարել. Կրքերը եռում են, փոթորկվում՝ սարսա՜փ, օգնեցե՜ք: Այդ ժամանակ աղոթում եմ. «Տեր ողորմեա»: Օգնում է: Անցյալիս մասին ոչինչ չեմ հիշում, բացի այն, որ եղածն ուղղակի զառանցանք էր: Չեմ հիշում երեկվա օրը ու հիշել էլ չեմ ուզում: Ես ուղղված եմ դեպի ապագան: Առջևում ես հավերժություն ունեմ: Օրն անցավ ու ես ավելի մոտ դարձա Տեր Աստծուն: Նրա հետ էլ շփվում եմ, ավելի հաճախ, քան որդիներիս հետ:

Ամեն մարդ Աստծո կերպարանքն է, յուրաքանչյուրը՝ սրբապատկեր: Կյանքի ընթացքում մենք ամբարում ենք և՛ լավը, և՛ վատը: Բայց բոլորս էլ Աստծո ստեղծածն ենք, և հենց կյանքով ազդում ենք մեր կերպարանքի վրա:

Դեմքիս իմ բոլոր մեղքերն են դրոշմված, բոլոր վշտերս, ուրախություններս: Ե՛վ մեր դեմքերը, և՛ մարմինները, ամենը մեր կյանքի մասին են: Հոգին իր համար ձևեր է ստեղծում: Ու չկա «ախ, եթե միայն» հասկացությունը: Որովհետև մարդու բոլոր մազերը հաշված են, բայց նա ընտրության հնարավորություն ունի: Եվ այդ ընտրությունն ամեն օր պետք է անել՝ նախ ուղեղով, ապա սրտով: Ընտրել այս կյանքն ու գնալ դրանով՝ մինչև վերջ: Այսպիսին է գծապատկերը:

Ասենք՝ հարբեցողը լյարդի ցիռոզ ունի, Աստծո՞ պատիժն է: Դա իր ընտրությունն է:

Եթե շարունակեի խմել՝ մինչև վերջ, հիմա սատկած կլինեի: Փառք Աստծո, հասկացա, որ ժամանակն է կանգ առնել: Հարբեցողության մեջ կյանքիս 10-20 տարին կորցրեցի: Բայց կարևորը՝ հասկացա:

Պետյա, մաքրիր ատամներդ

Հիշողությանս մեջ մնում են ոչ թե իրադարձություններ՝ արտաքին կյանքից, այլ դեմքեր: Հիշում եմ, օրինակ, երիտասարդ մորս դեմքը, որը շատ զվարթ մարդ էր: Նա հիմա էլ այդպիսին է: Մայրս ընկերություն էր անում ինձ հետ ու դաստիարակում, ինչը հիմա այնքան հազվադեպ է պատահում: Եթե հանկարծ նեղացնում էի նրան, ինչ-որ բան էի ասում կամ անում, օրերով հետս չէր խոսում, հետո հաշտվում էինք:

Հիմա եմ հասկանում, թե որքան բարդ էր նրա մանկավարժական գործը: Նա տասը հազար անգամ ասել էր՝ «Պետյա, լվա ատամներդ», մինչև մի օր ես վերջապես վերցրեցի խոզանակն ու մաքրեցի ատամներս՝ նրա առաջին իսկ խնդրանքով:

Հետո արդեն ինքնուրույն էի անում, առանց հիշեցման: Այդ տեսարանը, մեկը շատ քչերից, թե ինչպես ես առաջին անգամ լսեցի մորս, ու այն, թե որքան հաճելի էր դա, պահպանում եմ հիշողությանս մեջ:

Իմ ուրախ և խելացի մայրն ինձ համար տարբեր դաստիարակչական դիպվածներ էր կազմակերպում.

Երբ ընդամենը 16 տարեկան էի, նա բանալիով կողպեց մեր «ԶԻԼ» մակնիշի սառնարանը: Ուտելու ոչինչ չկար, և երկու օր անց ես գնացի աշխատելու. Լափել էի ուզում:

Երեխան ընդդիմանում է ծնողներին՝ սա չեմ անի, նա չեմ անի: Ի՞նչ է անում խելամիտ ծնողը: Կա՛մ պատժում է, կա՛մ անկյուն կանգնեցնում, կա՛մ ծեծում, կա՛մ սկանդալ սարքում, բայց, միևնույն է, ստիպում է անել այն, ինչ պետք է… Այդպես էլ մեր Հայրն է վարվում՝ Տեր Աստված. Հարբեցողին, թմրամոլին, մարմնավաճառին, գծուծին, գողին այնպիսի իրավիճակի առաջ է կանգնեցնում, որ նրանք ուղղվեն: Աստված նրանց համար փրկություն է կամենում:

Արևը բոլորի վրա հավասար է շողում՝ և՛ գողի, և՛ ահավոր սրիկայի:

Թոռներիս նկատմամբ սերն առանձնահատուկ է

Օլեգ Յանկովսկին ընկերս էր: Պավել Լունգինն ընկերս է: Վերջերս ինձ հաղորդագրություն էր գրել՝ «Պետեչա, ես Ֆրանսիայում եմ»: Հաճելի է նման հաղորդագրություն ստանալը: Ես էլ նրան Պաշեչկա եմ անվանում: Գուցե դրանք ծիծաղելի վերջածանցներ են, բայց դա մեր՝ իրար նկատմամբ բարի վերաբերմունքն է: Ահա այդպիսի քնքուշ, անփորձ, պարկեշտ է Պավել Սեմյոնովիչը: Ուղղափառ հավատին ծանոթ չէ, բայց «Կղզին» նկարեց: Ուղղակի պետք էր մի կողմ քաշվել, Աստծուն գործելու տարածք տալ: Եվ Աստված ամեն ինչ արեց:

Գործնականում, այսօր բոլոր ընկերներս եկեղեցականներ են. Ուրախ, լավ տղերք: Աստծո հետ, ընդհանրապես, ամեն ինչ հեշտ է կատարվում:

Երկու թոռ ունեմ՝ երեքամյա Միշան և Տիխոնը՝ մեկ տարեկան: Փոքր են, դեռ իրենցից բան չեն ներկայացնում: Ինչպիսին կմեծանան, պարզ չէ: Շատ բան կախված է նրանից, թե ծնողներն ինչպես կդաստիարակեն: Ոչ թե տատիկ-պապիկը, այլ մայրն ու հայրը: Այդ պատճառով էլ ինքս ինձ սանձում եմ, չեմ խցկվում ուրիշի ընտանիք՝ իմ չբաշխված սիրով: Նրանց նկատմամբ սերը բոլորովին այլ է, քան զավակներիս հանդեպ, այլ վերաբերմունք: Ասում են՝ պապերն ու թոռներն այդքան քնքուշ են իրար վերաբերվում, որովհետև նրանց միավորում է շատ կարևոր մի հանգամանք. Երկուսն էլ մոտ են հավերժին: Երեխաները դեռ նոր են այս աշխարհ եկել, պապերը եզրագծին են, ելքին մոտ:

Ես քիչ եմ շփվում թոռներիս հետ, նրանք այստեղ չեն ապրում: Երբեմն, երբ եղանակը լավն է լինում, գալիս են, և ես շատ ուրախ եմ լինում: Մյուս երեխաներին էլ եմ ուրախ:

Վերջերս ծանոթներիս 9-ամյա տղան էր եկել ինձ մոտ: Արյունով օտար երեխա: Բայց ես երջանիկ էի նրա հետ շփման համար: Պատմեցի նրան հաղարջի մասին, ու այն մասին, թե ինչպես է խնձորենին աճում: Նա ուշադիր լսում էր: Անուն-հայրանունով էր ինձ կոչում:

Հրեշտակի և առանց ոտքերի մարդու մասին

Մեր ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր մարդ հրեշտակ է: Նա քո օգնականն է, և հենց այնպես չի հանդիպել: Նա կա՛մ քեզ փորձում է, կա՛մ սիրում: Այլ տարբերակ չկա:

Ջահել ժամանակ մի դեպք պատահեց: Խմում էինք ծանոթներիցս մեկի հետ, ուշ ժամի բաժանվեցինք: Առավոտյան զանգահարեցի իմանալու՝ ինչպես է տուն հասել, իսկ հեռախոսին պատասխանողն ասաց՝ «Նա գնացքի տակ է ընկել, երկու ոտքը կտրվել է»: Անտանելի փորձություն է, չէ՞: Գնացի նրա մոտ հիվանդանոց, իսկ նա ասաց՝ «Դու լավ ես, իսկ ես…» ու քաշեց ծածկոցը, իսկ այնտեղ… սարսափելի էր: Նա գոռոզ մարդ էր: Հետո դարձավ անտանելի համեստ, ուրախ մեկը: Պրոթեզներ դրեցին: Կին ունի, 4 երեխա, մանկագիր է, երջանկությունն ականջներից թափվում է:

Ահա այդպես Աստված բուժում է հոգիները մարմնական հիվանդություններով: Հնարավոր է, եթե չպատահեր այդ դժբախտությունը, մարդը կշարունակեր գոռոզանալ, ու կչորանար՝ կոշտ հացի նման:

Այդպիսին է դժվարանցանելի, բայց ամենակարճ ճանապարհը՝ դեպի հոգևոր մաքրություն: Ամեն րոպե պետք է սովորել, ամեն րոպե մտածել, թե ինչ ենք ասում: Ու արարել, արարել, արարել:

Կյանքը երբեմն հարվածում է, բայց այդ հարվածները բուժիչ են:

Աստված մեզ ուսուցանում է, որպես հոգատար հայր: Փոքր որդուն անկյուն է կանգնեցնում, որ հաջորդ անգամ վատ բաներ չանի: Երեխան փորձում է փախնել, իսկ հայրը բռնում է ձեռքը, որ տրամվայի տակ չընկնի: Այդպես և Աստված: Կրքերը քննություն են: Իսկ քննություններն ինչի՞ համար են: Դրանք հանձնելու: Այդ փորձություններում մենք ավելի ու ավելի մաքուր ենք դառնում: Ոսկին կրակի մեջ են թրծում, որ այն մաքրվի: Այդպես և մեր հոգիները: Մենք պետք է տանենք մեր բաժին սուգը՝ առանց քննության, առանց հարցնելու՝ «ինչի՞ համար»: Դա է մեր ուղին:

Վախենո՞ւմ եմ արդյոք. Վախենալու է, բայց հետաքրքիր

Մարդկանց ուղին մեկն է. Մենք բոլորս գնալու ենք կյանքից: Դեռ երեկ ես 20 տարեկան էի, վազում էի Գորկու փողոցով, և ահա, արդեն վաղը մահանալու ժամանակն է: Առանց այլաբանությունների: Վախենո՞ւմ եմ արդյոք: Վախենում եմ: Չեղած բան է: Բայց հետաքրքիր է, շատ: Չէ՞ որ Աստված այնտեղ է:

Հավերժություն: Պատրաստ չեմ: Շատ են տարբեր տեսակի նողկալի բաները: Բայց, թե ինչի համար եմ ինքս ինձ փնովում և ինչ գույնի է ներքնազգեստս, պարտադիր չէ իմանաք: Դա իմ գործն է: ԿներեքՊուշկինը մեզ պատասխանել է. «Ես զզվանքով եմ թերթում կյանքս, բայց ամոթալի տողերը չեմ ջնջում»: Իմ պատասխանը ճիշտ նույնն է:

Մի անգամ նստած էինք Վանեչկա Օխլոբիստինի հետ՝ «Արքա» ֆիլմի նկարահանման ժամանակ, դիմահարդարվում և զրուցում էինք այն մասին, թե ով ինչ է կարդացել կամ լսել հավերժական կյանքի մասին: Դիմահարդարն ասաց՝ «Վայ, ի՜նչ ծիծաղելի եք բայց»: Իսկ ես նրան, թե՝ «Իսկ, երբ Արարչի առաջ կանգնես, ընդհանրապես ծիծաղից կուշաթափվես»: Ախր, մեր կիսատպռատ խղճով, մեր կիսատպռատ կյանքերով պետք է նայենք Աստծո աչքերի մեջ, նրա, ով մեզ համար զոհեց իր կյանքը խաչի վրա… 

Պետք չէ երևակայել, թե մահից հետո մեզանից միայն հող է մնալու: Բոլոր խոշոր գիտնականները հավատացյալ են: Իմ ծանոթ բոլոր բժիշկները, որ գործ ունեն մահվան ու կյանքի հետ, հավատում են:

Կլինիկական մահվան մասին հազարավոր վկայություններ կան, որ փաստում են՝ վերջ չկա: Այնշթայնը Աստծո գոյությունը չէր վիճարկում, ինչպես և Պուշկինը, Լոմոնոսովը կամ Մենդելեևը: Իսկ ոմն 17-ամյա Լենոչկա հայտարարում է՝ «Ես ինչ-որ կասկածում եմ, որ ձեր Աստվածը գոյություն ունի»: Իսկ դու նախ կարդա, ուսումնասիրիր հարցը, հետո կասես: Բայց չէ՞ որ նա դա չի անում, ուղղակի լեզու է թափ տալիս: Դա նման է նրան, որ մտնես մետրո, տեսնես երթուղիների նկարագրությունը՝ ինչ-որ շրջանագիծ, տարբեր գույների կետեր: Ձեռքդ թափ տաս ու ասես՝ «Էական չէ, գլուխ կհանեմ»: Այդպես ամբողջ կյանքդ շրջանագծով կերթևեկես:

Գալիս է մի հարբերցող, ասում է՝ «Տուր»: Ասում եմ՝ «Տոլիկ, չեմ տա, կսատկես…» Իսկ նա ասում է՝ «Բոլորս ենք մեռնելու»: Չփորձեցի նրան բացատրել, որ կարևոր է այն, թե ինչպես կմեռնենք: Մի բան է՝ ճշմարտության համար, այլ բան՝ օղու պատճառով: Հասկանո՞ւմ եք՝ ինչ հետաքրքիր է: Աստծուն հետաքրքիր չեն մեր արարքները, այլ մղումները՝ ինչու ենք մենք այս կամ այն անում, ինչու ենք ապրում, ինչու ենք եկել, ինչու եմ հիմա Ձեզ հետ զրուցում: Գովազդի համա՞ր: Թու՜, հարցը դա չէ: Գուցե մեկը լսի, գուցե հարց տա՝ իսկ ի՞նչ է լինելու վաղը: Մեղսավորի մահը սարսափելի է: Ինչպիսին կգնաս, կմահանաս, այնպիսին էլ կլինես հավերժական կյանքում: Ինքնասպանները դուրս են թռչում պատուհաններից. Այն սարսափելի վիճակում, որում կմեռնես, կքարանաս հավերժության մեջ, ախպերս: Այդպիսին էլ կմնաս: Այնտեղ փոփոխություններ չկան, որովհետև չկա կամք, չկա մարմին: Մարմինն է մեր կամքը՝ փոփոխությունների:

«Կղզու» նկարահանումների ընթացքում ես պետք է դագաղի մեջ պառկեի: Երեք անգամ դուրս եմ թռել մեջից, չէի դիմանում: Խիստ բան է դագաղը. Պառկած ես, պատերը նեղլիկ, և ուրիշ ոչինչ չկա: Անգամ Ավետարան, որ կարդաս: Ինչ ամբարել ես հոգուդ մեջ, դրանով էլ պառկում ես: Գողականները ճիշտ են ասում՝ դագաղում գրպաններ չկան: Հավերժություն մենք կտանենք միայն այն, ինչ անհնար է շոշափել, այն ինչ զիջել ենք, ներել ենք, տվել ենք: Չէ որ ավելի օրհնյալ է տալը, քան վերցնելը: Ինքներդ փորձեք՝ տալիս եք, և այնքան լավ է հոգումդ: Իսկ նվեր ստանալիս, լավ, հինգ րոպե ուրախանում ես խոհանոցում, դնում աթոռի վրա և… անցավ ողջ ուրախությունդ:

Ես շատ «ամենտեսակ» կյանք եմ ապրել

Ինչո՞ւ ենք մենք ապրում: Երկար տարիներ ես ոչ մի կերպ չէի պատասխանում այս հարցին. Պտտվում էի շուրջ բոլորը: «Կայֆի տակ» էի, խմում էի, կռվում, պնդում՝ «Ես եմ ասողը»: Իսկ կյանքի իրական իմաստը սիրելն է: Դա նշանակում է զոհաբերել, իսկ զոհաբերել՝ նշանակում է տալ: Պարզագույն համակարգ է: Դա չի նշանակում գնալ եկեղեցի, աղոթել ու մոմ վառել: Տեսեք: 2002 թ., Չեչնյա, կանգնած են ութ զինվորիկներ, ու հանկարծ նրանցից մեկը պատահաբար քաշում է նռանկի ձգանը: Ու ահա, այն պտտվում է: Փոխգնդապետը՝ 55 տարեկան, ոչ մի անգամ եկեղեցի չի գնացել, ոչ մի հատիկ մոմ չի վառել, անհավատ, կոմունիստ, 4 զավակներ… մարմնով թռնում է նռնակի վրա: Ինքը կտոր-կտոր է լինում, զինվորիկները բոլորը ողջ են, ինքը՝ փամփուշտի արագությամբ դրախտում: Սա է զոհաբերությունը: Ավելի բարձր բան, քան տալ սեփական կյանքն ուրիշի համար, աշխարհում չկա:

Պատերազմի ժամանակ ամեն ինչ պարզվում է: Այնտեղ ամեն բան խտացած է, իսկ առօրյա կյանքում՝ լղոզված: Մենք մտածում ենք՝ լավ գործերի համար դեռ կա վաղը, վաղը չէ մյուս օրը…. Իսկ եթե մեռնես այսօր գիշերը՞: Ի՞նչ կարող ես անել հինգշաբթի, եթե մեռնես չորեքշաբթի: Թվում է՝ դեռ երեկ Օլեգ Յանկովսկին կողքիս նստած էր, ահա նրա բաճկոնը, ահա ծխամորճը: Իսկ ո՞ւր է հիմա Օլեգ Իվանովիչը: Մենք նրա հետ «Արքա» ֆիլմի նկարահանումների ժամանակ ենք ընկերացել: Կյանքի մասին շատ էինք զրուցում: Ես նրա մահից հետո էլ հետը խոսում եմ: Աղոթում եմ՝ «Տեր Աստված, ողորմեա և փրկեա նրա հոգին»: Ահա, թե ինչն է հասնում այնտեղ, աղոթքը: Այդ պատճառով էլ, երբ մեռնեմ, ինձ պետք չեն ճող, կաղնուց դագաղներ կամ ծաղիկներ: Աղոթեք, տղերք, ինձ համար, որովհետև ես շատ «ամենտեսակ» կյանք եմ ապրել:

Աղոթքը կարևոր է նաև կյանքի ընթացքում: «Շնորհակալություն» բառը՝ «շնորհ», արդեն աղոթք է: Պատահում է՝ չեմ կարողանում ակնոցս գտնել: Խնդրում եմ Տիեզերքի Արարչին՝ «Օգնիր, տեր Աստված», ու գտնում եմ: Մեր երկնային հայրը սիրում է մեզ, և նրան միշտ կարելի է դիմել խնդրանքով: Հասկանո՞ւմ եք՝ ինչ հրաշք է դա: Ահա, նստած ենք այստեղ Ձեզ հետ, մանր ճիճվիկներ, բայց կարող ենք ուղղակի ասել՝ «Ողորմեա, տեր»: Անգամ ամենափոքր խնդրանքը՝ հարցում է Տիեզերքին: Ի՜նչ զիլ է: Ոչ մի հերոյին սրա հետ չի համեմատվի:

Աստված չար քեռի չէ՝ փայտը ձեռքին՝ ամպի վրա նստած, մեր արարքները հաշվող: Ո՛չ: Նա մեզ ավելի շատ է սիրում, քան մայրիկը, քան բոլորը՝ միասին վերցրած: Եվ, եթե ինչ-որ դժբախտ իրավիճակներ է տալիս, ուրեմն մեր հոգուն դա պետք է: Հիշեք Ձեր կյանքն այն պահերին, երբ ծանր էր, դժվար… Ահա որն է ամենակայֆը, ամենազիլը: Մոտս մի կատակ է գրվել՝ որքան վատն են պայմաններ, այնքան լավ են կատուները: Ահա այդպես…

Սերը հերթից դուրս ափսեները լվանալն է

Ես կանգնած էի բեմի վրա՝ վանդակավոր շապիկով, երգում էի: Կիթառով՝ ես արքա եմ: Նա նայում էր ինձ, հետո բղավեց՝ «Դու գլխավորն ես, դու իմն ես՝ ամբողջ կյանքի համար»: Այդ օրվանից միասին ենք: Կամ, գուցե, այդպես չի եղել: Գուցե ես նրան պաղպաղակ եմ հյուրասիրել… Բայց դա էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ մենք փորձում ենք զիջել միմյանց, հասկանալ իրար: Եվ մեր ջանքերի չափով Աստված մեզ տալիս է խաղաղ ու համերաշխ կյանք: Մենք միասին ենք արդեն 33 տարի: Եթե վիճում ենք, սատանան ցնծում է:

Ամուսնությունը բարդ բան է: Դա հերոսություն է՝ ճգնավորի կյանքին հավասար: Մեկը մենակ է՝ «մեն», մենակյաց, մենակ բառից, իսկ ամուսնության մեջ երկու հավասար ճանապարհներ են: Երբեմն բարկանում եմ. Նա ինչ-որ բան սխալ է անում: Բայց նա կին է: Մի անգամ տեր հորը ասացի՝ «Հայր Վլադիմիր, ախր նա ինչպե՞ս կարող էր…»: Իսկ նա պատասխանեց՝ «Պետյա, նա կին է…»: Ես դա ամբողջ կյանքում եմ հիշում:

Տեսնել լավը, կառչել դրանից, միակ արդյունավետ ճանապարհն է: Մարդ շատ բան կարող է վատ անել, բայց ինչոր բանում նա հաստատ հաջողում է: Հենց այս թելից էլ պետք է ձգել, իսկ ամեն աղբի ուշադրություն չդարձնել: Սերը զգացմունք չէ, այլ գործողություն: Պետք չէ աֆրիկյան կրքերով վառվել՝ տարեց կնոջը մետրոյում տեղ զիջելիս: Արարքդ ևս սեր է: Սերը հերթից դուրս ափսեները լվանալն է:

Հավատը պրագմատիկ բան է

Դժգոհությունը պետք է դեպի ներս ուղղել: Իսկ մենք դեպի դուրս ենք ուղղում՝ կառավարությունը, թոշակները, այստեղ այն չէ, այնտեղ այն չէ… Խցկվում ենք հեռուստացույցի մեջ ու սկսում քննադատել: Իսկ դու ներս նայիր, ախպերիկ: Դու դաստիարակե՞լ ես  երեխաներիդ: Ոչ: Սպանե՞լ ես հինգ մարդու՝ աբորտ անելով: Այո: Դու աշխատավայրում ոչինչ չես անում՝ ճաղատ, մորուքով, 42 տարեկան, նստած ես, համակարգչով խաղեր ես խաղում, հետո սկսում կտկտացնել մկնիկը՝ «Վայ, տնօրենն է գալիս, ուշադրություն»: Ծիծաղելի պատկեր է: Օրական աշխատում ես 40 րոպե, բայց ուզում ես «արժանապատիվ» աշխատավարձ ստանալ: Ախր որտեղի՞ց ծլի այդ երկիրը: Կազանյան կայարանում 10 րոպե թողեք ձեր ճամպրուկը ու մտեք զուգարան: Գիտե՞ք ինչ կլինի: Ճամպրուկ այլևս չի լինի: Օգտակար հանածոների ու բոլոր հարստությունների 40 տոկոսն այս երկրի (Ռուսաստանի) տարածքում է գտնվում: Տեսեք, Երմակ Տիմոֆեևիչը իր տասը համակիրների հետ ձիերով  գնաց ու գաղութացրեց ամբողջ Սիբիրը: Ի՞նչ է, լա՞վ էին զգում, տա՞ք էր, կո՞ւշտ էին, հարմա՞ր էր: Ոչ, իրականում, զիլ էին զգում իրենց, հենց դա է հաղթահարումը: Ես չեմ ասում, որ պետք է հատուկ դժբախտություններ, դժվարություններ, ցավ ու պատերազմ բերել: Սովորական առօրեականությանմիօրինակ թվացող կյանքում էլ հերոսության տեղ կա՝ քեզանից տալ, զատել, չվիճել, այլ լսել

Հարազատների և մտերիմների վրա բղավելը ճիշտ չեմ համարում: Բարկությունը և տրտմությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական անձի պատիժ՝ ուրիշների արած հիմարությունների համար: Ես ուզում եմ լավ զգալ ինձ, այդ դեպքում ինչո՞ւ բղավեմ:

Մերձավորը նա է, ով մոտ է, այլ ոչ թե նա, ով Սոմալիում է: Այ, հիմա դուք եկել եք և ինձ համար մերձավոր դարձել: Ես ուժերիս ներածի չափով անելու եմ ամեն բան, որպեսզի դուք ձեզ լավ զգաք, իսկ դուք՝ ամեն բան, որպեսզի ես ինձ լավ զգամ: Կայֆ է չէ՞: Ի՜նչ զվարթ է կյանքը: Առաջին հայացքից ամեն բան հեշտ է, բայց, իրականում, բարդ է: Որովհետև մեր սեփական «ես»-ը կանգնել է գլխավոր անկյունում: Այդ պատճառով մենք շատ բան չենք տեսնում մեր շուրջը:

Իսկ ես արդեն վաղուց ոչինչ չեմ հաշվում, ոչինչ չեմ հիշում: Միակ բանը, որ ինձ պետք է, մի անկյուն քաշվել ու այս հիասքանչ, վառվող մայրամուտը տեսնելն է:

Մենք հետաքրքրվում ենք՝ ինչպե՞ս են գործերը Բանգլադեշում, Ճապոնիայում՝ երկրաշարժից հետո: Ի՞նչ երկրաշարժ: Մեզանից յուրաքանչյուրի ներսում է երկրաշարժը: Մարդը խեղդվում է գետում: Գոռում է՝ «Օգնեցեք»: Իսկ նրան պատասխանում են՝ «Գիտես, Ճապոնիայում…»

Յուրաքանչյուր քրիստոնյա, յուրաքանչյուր, պետք է օգնի նրան, ով կողքին է: Հատկապես արժեքավոր են մեր արարքները՝ մեր մերձավորների հանդեպ: Եվ ոչ թե մեր որդու կամ թոռների նկատմամբ, որոնց մենք սիրում ենք բնականորեն, այլ նրա, ով կարիքի մեջ է: Ահա, թե որն է «խնայբանկը»: Ահա, թե ինչն են հաշվի առնելու Հավիտենականության մեջ: Մենք միավորներ ենք հավաքում ամեն օր: Դա շոշափելի չէ, բայց հավատը բացառիկ պրագմատիկ երևույթ է:

Փրկիր ինքդ քեզ և բավական է

Անհնար է պատմել արքայախնձորի համի մասին, եթե երբեք այն չես փորձել: Անհնար է պատմել այն մասին, թե ինչ է քրիստոնեությունը՝ չփորձելով: Փորձեք զիջել, զանգել Լյուդկային, ում հետ հինգ տարի չեք խոսել, ու ասել՝ «Լյուդ, արի վերջ դնենք այս պատմությանը. Ես ինչ-որ բան սխալ ասացի, դու ինչ-որ բան սխալ: Արի կինո գնանք»: Ու կտեսնեք՝ գիշերն ինչ լավ կզգաք: Ամեն ինչ հարյուրապատիկով վերադառնում է քեզ՝ սիրելիիդ, բայց ոչ փալասներով, այլ հոգեվիճակով: Սա է իրական երջանկությունը: Բայց դրան հասնելու համար ամեն րոպե պետք է մտածել՝ ինչ ասել, ինչ ասել: Այդ ամենը արարում է:

Տեսեք՝ ինչ է կատարվում շուրջ բոլորը, որքան լավ մարդ կա, մաքուր, զարմանալի, ուրախ դեմքեր: Եթե մենք կեղտ ենք տեսնում, նշանակում է՝ այն մեր մեջ է: Նմանը նմանին է միանում: Եթե ես ասում եմ՝ «փախիր այստեղից, գող շուն», նշանակում է՝ ինքս եմ գողացել, եթե ոչ հազար դոլար, ապա գոնե մեխ: Մի դատեք մարդկանց, նայեք ինքներդ ձեզ:

Փրկիր ինքդ քեզ և բավական է: Վերադարձրու Աստծուն քո մեջ, հայացքդ ուղղիր ներս: Սիրիր ինքդ քեզ, իսկ հետո ինքանսիրությունդ դարձրու սեր՝ մերձավորիդ հանդեպՍա է նորմը: Մենք բոլորս այլասերվածներ ենք: Առատաձեռն լինելու փոխարեն՝ ժլատություն ենք անում: Հակառակն ենք ապրում, գլխիվար ենք քայլում: Ոտքերի վրա կանգնել՝ նշանակում է տալ: Բայց, եթե տվել ես 10 հազար դոլար, իսկ հետո փոշմանել, մտածել, որ պետք չէր տալ, հաշվի, որ լավ արարքդ չի էլ եղել:

Երջանկությունը հիմա է

Մայրիկն ու հայրիկը սերմ են ծնում, մեր մարմինը աճում է լորձից, իսկ հոգին Աստված է փչում մեզանից յուրաքանչյուրի մեջ՝ Սուրբ Հոգով: Դա այն է, ինչ կարող է միանալ Աստծուն: Մարդ արարածը եռակերտ է՝ ոգի, հոգի ու մարմին: Ոգին մաքուր տարրա է, որի մեջ բազմում է Աստված: Մարմինը՝ նյութական միս է՝ ուտել, քաքել… Հոգին զգացմունքներն են՝ լավ կինոն, լավ գիրքը, լավ զրույցը: Ինչպես ասում են՝ մարդ կա ձմերուկ է սիրում, մարդ կա՝ խոզի կռճիկ: Հոգու համար ես հին վեսթերններ եմ նայում: Լավ հեքիաթիկ է՝ զիլ դերասաններով: Ոչ թե այսօրվա ֆիլմերի նման, որտեղ կուրծք ու ազդր են կտրում: Դրանք ինձ սկսել են կոտրել: Ճիշտ ֆիլմը այն է, որն ամոթ չէ նայել 15-ամյա երեխայի հետ: Դա հոգու սնունդն է, իսկ այն պետք է լինի «մաքուր, բարի, հավերժական»-ի շարքից: Չէ՞ որ դուք շուկայում մսից հոտ եք քաշում: Եթե հոտ ունի, չեք վերցնում: Այդպես էլ պետք է վերաբերվել հոգևոր սննդին:

Երջանկությունը հիմա է: Հիմա լավ է, հիմա ուզում եմ և ստանում: Բոլորն են երջանկություն, սեր, առողջություն ուզում: Հարստություն են ուզում՝ չհասկանալով, թե դա ինչ է: Ես գիտեմ բազմաթիվ հարուստ մարդկանց, և նրանք բոլորն էլ դժբախտ են, մեկ մարդու պես:

Ծաղիկները կեղտոտ ծաղկամանի մեջ չեն դնում. Սկզբում լվանում են տարրան: Այդպես էլ մենք ենք. Երբ ինքներս մեզ ներսից լվանում ենք, մաքրում մեր մտքերը, միանգամից  հայտնում է Սուրբ Հոգին, ու հոգիդ խաղաղվում է, անգամ՝ առանց փողի: Ասենք՝ գնում ես լիքը դրամապանակով, ու հանկարծ շքամուտքում գլխիդ տալիս են ու ամեն ինչ վերցնում: Փողերդ չկան, իսկ Սուրբ Հոգին քեզանից ոչ ոք չի խլի:

Մի անգամ տեղի քահանային՝ հայր Վլադիմիրին ասացի՝ մարմինը, մորթին, միևնույն է, կսատկի… Իսկ նա պատասխանեց՝ «Պետյա, ձիուկին պետք է խնայել»: Նա ճիշտ է, չէ՞ որ մեր մարմինը տանում է մեր հոգին: Եվ ես ամենայն կերպ փայփայում եմ ձիուկիս: Ամեն առավոտ թռնում եմ լճակը, սուզվում: Հետևում եմ սննդակարգիս: Ուտում եմ ոչ թե համեղը, այլ որակյալը, լավը, պարզը, մաքուրը, ինչ աճում է երկրի վրա…

Առաջ տարբեր համեղ բաներ էի սիրում, հիմա ինձ համար հացից ու ջրից լավ բան չկա: Այս մթերքների համն ամենամաքուրն է: Կամայական տարիքում լավագույն խոհարարը սովն է: Եթե երկու օր ոչինչ չուտես, երեկ չէ առաջին օրվա շիլան ավելի համեղ կթվա, քան ցանկացած որս ու հավ:

Մենք ուտում ենք բոլորի նման, ապրում՝ բոլորի նման՝ աշաններ-մաշաններ, իկեաներ… Բայց փորձում ենք հնարավորինս շատ մթերք աճեցնել մեր այգում՝ վարունգ, լոլիկ, կաղամբ, բազուկ: Դրանով կինս է զբաղվում:

Քանի կատու ունեմ, երբեք չեմ հաշվել

Ինձ ասում են՝ դու չար ես, Աստծուն հավատում ես, բայց հայհոյում ես: Առանց Աստծո կսպանեի: Ես փորձում եմ, ազնիվ խոսք փորձում եմ: Եվ Աստված տեսնում է դա, գիտի իմ բոլոր միկրոհույզերը, միկրոնյարդերը

Ահա մենք՝ ձեզ հետ, նստած ենք, իսկ Աստված կանգնած է մեր կողքին: Ճշմարիտ եմ ասում, դա այդպես է: Դա ռուսական ազգային հեքիաթներից չէ: Իսկ, եթե Աստված կանգնած է կողքիդ, ամեն բան բովադակությամբ է լցվում: Իրական բովանդակությամբ: Ես դրանով եմ ապրում. Ուտելիք եմ եփում, մաքրում տունը, լվանում ափսեները, կոտրում փայտը, վառարանը վառում, բանաստեղծություններ եմ հորինում, պատմվածքներ, երգեր, նոր ծրագիրն եմ փորձում: Իմ խտասկավառակների վրա Դմիտրի Սմերնովի քարոզներն են, հոգևոր ճեմարանի պրոֆեսոր Ալեքսեյ Օսիպովի դասախոսությունները: Ինձ հետ Ավետարանն է, Քրիստոսը, աղոթքը՝ Նրա համար…

Հոգսեր՝ ինչքան ուզես: Օրը չի հերքում, պառկում եմ քնելու գիշերը՝ ժամը 4-ին: Ես կատուներ շատ ունեմ, նրանց համար  ուտելիք եմ եփում: Ահա Նյուշեչկան, որն արդեն 16 տարեկան է, աչուկները պետք է մաքրել: Նա իմ կատուներից ամենամեծն է: Քանի կատու ունեմ, չեմ հաշվում. Իրենք իրենց կյանքն ունեն: Որոշները գալիս են, մյուսները՝ կորչում: Մյուսներին շներն են գզում: Վայրի կյանք է: Այստեղ կենդանիներ շատ կան՝ և՛ գայլեր, և՛ վարազներ, և՛ լուսաններ: Այստեղ լավ տեղ է: Գայլերը տանը չեն մոտենում, կուշտ են: Իսկ նապաստակներ գալիս են: Ես նրանց չեմ որսում: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է կենդանի սպանել՝ մարզական հետաքրքրության համար: Մի անգամ Ալյասկայի մասին ֆիլմ էի նայում: Մի որսորդ պատմում էր, որ մի տարվա ընթացքում վերց եղջերու է սպանում, իրեն ավելի պետք չէ: Այ դա իրական կյանքն է: Նա գնում է որսի՝ խանութ գնալու պես: Դա Աստծուն չի բարկացնում: Իսկ սպանել միայն նրա համար, որ չվրիպես, որ կենդանին ընկնի, ու հետո խրտվիլակով կամ մորթով հպարտանաս, սատանայից է: Ոչ մի միջանկայլ բան չկա: Երկու անգամ երկուսը չորս է, ոչ թե երեք ու կես:

Սպանությունն, ընդհանրապես, առանձին թեմա է: Մենք՝ կնոջս հետ, մարդասպանների ընտանիք ենք: Մոլորվել էինք, մեր շատ երեխաների սպանել ենք: Եթե հղիության ընդհատումներ չանեինք, հիմա այնքան երեխաներ կունենայինք, որքան Վանյա Օխլոբիստինն ունի: Մի՞թե մենք կարող ենք երջանիկ լինել: Հիմա մենք պետք է ապաշխարենք, ներողություն խնդրենք և փորձենք ավելի լավ ապրել:

Կինը լիցքավորված է 7-8 երեխայի ծննդյան համար: Եթե այդպես լիներ, բոլոր հարցերը՝ ինչո՞ւ ապրել, և առավել ևս՝ ամեն տեսակի մատանիների ու արտաքին տեսքի մասին, կչքանային: Մարմինը կդառնա սմքած, չորացած, ու կպառկենք դագաղի մեջ: Իսկ կնոջից հետո մնում են երեխաները: Կինը փրկվում է մանկածնությամբ:

Ուզում եմ հնարավորինս շուտ մոռանալ

Կյանքի վերջում նորմալ մարդ դառնալ. Այ դա խնդիր է:

Ամեն գիշեր պետք է ինքդ քեզ պարզագույն հարց տաս՝ ես ապրեցի այս օրը, որևէ մեկին դրանից օգուտ եղա՞վ:  Օրինակ ես՝ հայտնի, զիլ արտիստ եմ, ռոք-ն-ռոլի աստղ, կարող եմ ձեզ հետ այնպես խոսել, որ շարքով սկսեք քայլել: Բայց մի՞թե ես դրանից լավ կզգամ: Կամ՝ դուք: Սատանայի անուններից մեկը «բաժանարար» է: Ներքին սատանան հուշում է՝ դու ճիշտ ես, ծերուկ, շարիր դրանց բոլորին: Ես փորձում եմ այդպիսին չլինել: Իմ հոգևոր աշխատանքում ամեն օր մի քիչ առաջ եմ գնում: Մոծակի քայլիկներով:

Կանգը հոգևոր աշխատանքի ընթացքում, գոհացումը քեզանով, մահ է: Այլ մոտեցում է պետք՝ ես ամեն տեսակի անասունից էլ վատն եմ: Կատվից էլ վատը, նա ամեն ինչ ճիշտ է անում, Աստծու կողմից է լարված, նա բնազդներ ունի, նա ընտրություն չունի: Իսկ ես ունեմ, և ես հաճախ  սխալվում եմ: Ինձ բացարձակ անկարող եմ զգում: Ոչինչ չեմ կարող առանց Աստծո:

Չեմ ուզում ոչնչով հպարտանալ՝ ո՛չ «Կղզի» ֆիլմում իմ դերով, ո՛չ բանաստեղծություններովս, ո՛չ երգերովս. Ուզում եմ կողքից այդ ամենին նայել: Ինձ համար ամեն օրը հրաշք է, ինձ համար ամեն օր երկինքը տարբեր է: Իսկ մի օրը նման չէ մյուսին: Երջանկություն է, որ սկսել եմ նկատել դա: Ես շատ բան եմ բաց թողել, ու շատ եմ ափսոսում դրա համար: Դրա համար շատ եմ արտասվում, իհարկե՝ ներսումս: Ամեն ինչ կարող էր ավելի մաքուր ու լավ լինել: Մի անգամ մեկն ասաց՝ «Դու այդպիսի երգեր ես գրել, որովհետև օղի ես խմել»: Բայց ես դրանք գրել եմ ոչ թե օղու շնորհիվ, այլ ի հեճուկս դրա: 60 տարիներիս բարձրությունից եմ ասում՝ այս կյանքում ոչ մի րոպե չի կարելի կորցնել, ժամանակը քիչ է, կյանքը՝ կարճ, ու դրանում յուրաքանչյուր ակնթարթ կարող է հիասքանչ լինել: Կարևոր է առավոտյան արթնանալ ու մաքրել շուրջդ: Եթե վատ տրամադրությամբ եմ արթնացել, ոչ թե պորտվեյն եմ խմում, այլ ասում եմ՝ «Աստված իմ, վատ եմ: Հույսս դնում եմ քեզ վրա, ինձ մոտ ոչինչ էլ չի ստացվի»: Ահա այս ընթացքն ամենակարևորն է: Եթե ջահել-սիրուններից ինչ-որ մեկն ինձ լսի ու փորձի այդպես անել, քանի դեռ ասեղը չի տնկվել երակի մեջ, արդեն հաղթանակ է:

Հիմա ուզում եք, որ սկսեմ հիշել: Իսկ ես ուզում եմ հնարավորինս արագ մոռանալ: Ուզում եմ ներքին կյանքով ապրել, հոգով, հասկանո՞ւմ եք: Ես շատ բան եմ անում դրա համար, փորձում եմ թույլ ուժերիս ներածի չափով, ամեն ինչ ներս եմ ուղղում: Տեսանելի աշխարհը մի բան է, որը վաղը կարող է կործանվել: Այ, երեկ ահավոր քամի էր, մտածում էի՝ տանիքը կպոկի, ու ողջ երաժշտությունս, բոլոր ձայնագրություններս, ամեն ինչ կկորի: Հուլիսի 4-ին ահավոր հեղեղ էր, առավոտյան արթնացա ու տեսա՝ Աստված  փլուզել է ձորակի կեսը, հեղեղել, տարել է իմ հողամասի հարմարավետ անկյունը, որը ես շատ էի սիրում: Ես մտածում էի՝ այս ամենն իմն է: Իսկ նա հիշեցրեց՝ «Տերը ես եմ, լակոտ, աղբ պետք չէ»: Այդպես է ամեն ինչ տեղի ունենում: Իսկ դուք ուզում եք, որ ես հիմա դիմափոշի քսեմ դեմքիս: Ձեզ չէ, կյանքին եմ երեք մատից կազմված կոմբինացիա ցույց տալիս: Ես դադարել եմ արժևորել այս կյանքը, չնայած՝ կպած եմ դրան ամբողջությամբ:

Թարգմանությունը՝ Սոնա Մարտիրոսյանի