Այսօր Քեյթ Բլանշետի ծննդյան օրն է։ 1969 թվականի մայիսի 14-ին ծնվեց Քեյթ Էլիս Բլանշետը՝ ականավոր և տպավորիչ դերասանուհի, երկու «Օսկարի» և երեք «Ոսկե գլոբուսի» (նույնքան էլ BAFTA-ի արձանիկների) մրցանակակիր։  Քեյթ Բլանշետը ներկայիս ամենաանորսալի կինոաստղն է: Ելիզավետա, Ժասմին, Քերոլ: Որքան մեծանում է իր կերպարների քանակը, այնքան հեշտ է դառնում նրա համար անտեսանելի մնալ:

Նման քողարկման գագաթնակետը դարձավ «Մանիֆեստո» կինոնկարը (2015), որը պետք է ամրագրեր ժամանակակից արվեստը մեծ էկրանին, բայց դարձավ ներբող առ կինոյի դերասանը: Դա ինչ-որ բանով ֆիլմը հարազատացնում է Լեոս Կարակսի ««Սրբազան շարժիչներ» կորպորացիային» (2012), բայց, չնայած վերամարմնավորման բոլոր հնարքներին (գրիմ, ցնցոտիներ, առոգանություն կամ քայլվածք), անգամ Պարոն Կեղտը համենայն դեպս Դենի Լավանն է: Նա հիացմունք է հարուցում հենց շնորհիվ ճանաչելի մնալու ընդունակության և միևնույն ժամանակ դառնում է մեկ ուրիշը: Այնտեղ, որտեղ Դենի Լավանը աստղ է, Քեյթ Բլանշետը անորսալի ավատար է: Նրա խարիզման բոլորովին այլ բնույթ ունի: Նրան հաջողվում է ստեղծել կերպարներ և թաքնվել նրանց մեջ այն աստիճան, որ նրանք սկսում են գոյություն ունենալ ասես իրենից դուրս:

«Մանիֆեստոն» դերասանուհու դիմանկարների շարք է՝ ստեղծված ռեժիսոր-գեղանկարչի կողմից: Արդեն իսկ ազդագրին նայելիս ինքնաբերաբար առաջանում է համեմատությունը՝ Ուորհոլի «Դիպտիխ Մերիլին» (1962): Ուորհոլը լիովին մի կողմ է քաշում իրեն, ի ցույց դնելով դեմք-կերպարը որպես ապրանք, որն արդեն չի պատկանում տիրոջը: «Մանիֆեստոն» հանգում է այդ նույն եզրակացություններին, բայց շուռ է տալիս այդ գաղափարը: Ռեժիսորը անանուն չէ. նա ստեղծում է պերսոնաժներ, ընտրում նրանց համար լոզունգներ, աղարտում համատեքստը: Նկարչի անանունությունը վերապահված է Բլանշետին: Որովհետև նա այստեղ չէ, նա միշտ ինչ-որ ուրիշն է: Եվ դա ավելին է, քան մասնագիտական հատկանիշը: Սկարլետ Յոհանսսոնը կամ Նիկոլ Կիդմանը, ինչպես և Լավանը, յուրաքանչյուր դերում կրում են նշանակալի մասնաբաժին իրենցից, քանի որ չափազանց ճանաչելի են, չափազանց մեծ է անձամբ իրենց պաշտամունքը: Բլանշետին բարեբախտորեն հաջողվեց դրանից խուսափել:

«Ելիզավետա», 1998

Ի՞նչը դրան նպաստեց: Դերերի կա՞զմը: Սեփական, մշտապես սպրդող կերպարի առեղծվածայնությո՞ւնը: Չափազանց արմատական վերամարմնավորումնե՞րը: Ավելի շուտ, բոլորը միասին: Մասամբ պատասխանն առկա է արդեն իսկ առաջին դերում, որ հռչակեց նրան Ավստրալիայի սահմաններից անդին: Շեկհար Կապուրի «Ելիզավետա»-ում (1998) Բլանշետ-թագուհին դժվարությամբ շփոթմունքը թաքցնող պարմանուհուց վերածվում է սպիտակաշպար անշարժ դիմակի: Ֆիլմի վերջում իր խորհրդականն ու հովանավորը նրան է ուղղում ամենաստույգ ողջերթի խոսքը՝ «քարանալ»: «Բոլորը կարիք ունեն խորհրդանիշի՝ ընդօրինակելու համար: Բոլորն են ուզում կենդանի աստվածության տեսությանն արժանանալ»: «Ելիզավետա»-ի համատեքստում այդ կոչը նշանակում էր հրաժարվել ինքդ քեզանից, և դա այն է, ինչ դերասանուհուն անձամբ հետագայում փայլուն կերպով հաջողվեց:

Բլանշետը դեռ մեկ անգամ չէ, որ կխաղա կապույտ արյան ներկայացուցչուհու: Բացի Ելիզավետա I թագուհու կերպարում («Ոսկե դար», 2007) երկրորդ անգամ հայտնվելուց. նրա զգեստապահարանում ֆանտաստիկ Հելը («Տոր. Ռագնարյոկ», 2017) և Գալադրիելն են («Մատանիների տիրակալը» եռապատում, 2001-2003): Գումարած հարուստ ու նրբագեղ անհատների մի ամբողջ պահունակ՝ Լյուսինդա Լեպլասթրիեր («Օսկարը և Լյուսինդան», 1997), լեդի Չիլտերն («Իդեալական ամուսին», 1999), լեդի Մերիոն («Ռոբին Հուդ», 2010), Ժասմին («Ժասմին», 2013), Քերոլ («Քերոլ», 2014): Իսկ կապույտ արյունը միշտ է քարացած կուռք: Նույնիսկ Ժասմինի տրագիկոմիզմը, այսօրվա դրությամբ իր լավագույն դերը, կառուցված է հենց քար կտրած կերպարի շրջանակում մնալու անհնարինության վրա:

Դերասանուհու էկրանային մարմնավորումները այնքան են հիշարժան, որքան որ անթափանցելի են իր հերոսուհիները: Միտումնավոր շքեղ Քերոլը կամ մղկտուն շփոթահար Ժասմինը առանձնացած են հասարակությունից, ասես հեռացած են ֆոնից, թեթևակի լուսավորված են կոնտրաժուրով: Բլանշետը զարմանալիորեն մենախաղում է, անգամ ոչ գլխավոր դերերում: Սակայն հենց բանը հասնում է զուգախաղի, փոխգործողության, ամեն բան դառնում է ավելի դժվար: Հիշենք թեկուզ «Բենջամին Բատտոնի առեղծվածային պատմությունը» (2007), որտեղ ողջ վարպետությամբ հանդերձ նա մնում է երկրորդական հերոսուհի, թեև դերը ենթադրում էր այլ նոմինացիա: Կամ «Սկանդալային օրագիրը» (2006), որտեղ Ջուդի Դենչի հետ իր զուգախաղը թեկուզև երկուսին էլ «Օսկար» պարգևեց, սակայն հազիվ թե հավասարվի իր «մենախաղային» կերպարներին:

«Ժասմին», 2013

Բլանշետն ասես ստեղծված է վերամարմնավորելու, այլ ոչ թե վերամարմնավորվելու: Որքան ավելի շատ է նա անորսալի կերպարում, այնքան ավելի նկատելի և պայծառ է այն մխրճվում հիշողության մեջ: Իր շատ պերսոնաժներ ենթակա են օբյեկտիվացման բուն պատմության մեջ (կամ – միջնորդավորված – հանդիսականի կողմից): Թերեզը նկարում է Քերոլի դիմանկարները: Ելիզավետան՝ Անգլիայի խորհրդանիշ: Քեթրին Հեպբյորնը («Ավիատորը», 2004)՝ Հոլիվուդի սրբապատկեր: Ջուդը (Բոբ Դիլանի երրորդություններից մեկը «Ես այնտեղ չկամ»-ում, 2007)՝ ռոք-բեմի հերոս: Իր մյուս պերսոնաժները՝ էլֆյան տիրակալուհի Գալադրիելը կամ ասգարդյան աստվածուհի Հելան, օբյեկտիվացվում են իբրև պերսոնաժներ՝ տեղ գրաված երկրպագուների բանակի հետ:

Նույնիսկ էքսցենտրիկայում նա լավն է սոլո-միայնակ և իկոնայի-սրբապատկերի դերում: «Փաստագրությունն այսօր» սերիալի մի դրվագում իր Իզաբելլա Բարտի պատմությունը՝ Մարինա Աբրամովիչի պարոդիան, պատմված է անսահմանորեն շատ լուսանկարների և պերֆորմանսների միջոցով, որտեղ ինքն անձամբ արվեստի մարմնավորված ստեղծագործություն է: Հատկանշական է, որ արդյունքում Բարտա-Բլանշետը վերավստահում է բոլոր պերֆորմանսները՝ նկարագրված քննադատների, երկրպագուների կամ գործընկերների հայացքների միջոցով, ուրիշ նկարիչների: Ստեղծելով կերպար-խորհրդանիշներ, նա ինքնամեկուսանում է նրանցից:

Վերադառնալով առեղծվածայնությանը. Բլանշետի կերպարները հաճախ են ենթարկվում համեմատությունների: «Ելիզավետա»-ում նրա հերոսուհին նմանություն ունի Օրլանդո Տիլդա Սուինտոնի հետ: «Հաննա. Կատարյալ զենք» (2011) ֆիլմում ԿՀՎ իր գործակալ Մարիսսա Վիգլերը կարծես Դանա Սկալլիի հարազատ քույրն է, որին խաղում է Ջիլլիան Անդերսոնը: Իսկ Հելան «Տոր»-ից Անջելինա Ջոլիի այն նույն Մալիֆեսենտան է: Խոսքը ոչ թե ստեղծված բնավորությունների, այլ այն մասին է, թե որքան հեշտությամբ է Բլանշետին հաջողվում քողարկվել վիզուալ կերպարի ետևում:

Թվում է, թե նա ֆիզիկապես ընդունակ է դառնալ ինչ-որ մեկ ուրիշը: Ավելի ճիշտ, հանդիսականները նրա կերպարից մասնազատում են միայն ամենավառ հատկանիշները, նրան հասցնելով խորհրդանշանի: Ինչպես թափառաշրջիկ Չարլիի համար մեզ բավական են ձեռնացուպն ու կոտելոկը, այնպես էլ Դիլանի համար Բլանշետին բավական են մուգ ակնոցն ու գանգուր մազերի դեզը: «Սուրճ և սիգարետ»-ի (2003) նովելում դերասանուհին խաղում է միաժամանակ հաջողակ հեռուստահաղորդավարուհու և նրա զարմուհու-անհաջողակի դերերը: Երկու հերոսուհիներն էլ ստեղծված են մի քանի վառ շտրիխով՝ մեկի «հեռուստատեսային» հարդարանքը և երկրորդի բացահայտ դեռահասական հանդերձանքն ու դիմահարդարումը: Նրանք հանդիպում են հյուրանոցի լոբբիում, և դա հավելյալ մի ապացույց է, թե որքան հեշտ է նրա համար մնալ անճանաչելի:

Ջոն Հիլլկոուտը Բլանշետին նկարում է Massive Attack հոլովակում The Spoils երգի համար և ասես շարունակում «Մանիֆեստո»-ի գործը: Արդեն 30 րոպե անց նրա դեմքը սկսում է աղավաղվել, մերկանում՝ ի հայտ է գալիս արդեն ոչ մեկին չպատկանող կերպարի թվային բնույթը: Ուորհոլը իր ժամանակին գործ ուներ ֆիզիկական օբյեկտի հետ՝ «Նիագարա» ֆիլմի (1953) գովազդային լուսանկարի: Հիլլկոուտը ցուցադրում է թվային աշխարհին պատկանող դեմքի ողջ ապշեցուցիչ ռեալիստականությունը և միաժամանակ խաբուսիկությունը: Հիմա դա ֆիզիկական իրականության ոչ թե դրոշմն է, այլ տվյալների հավաքածու, որ մեկ կոճակի սեղմումով աղավաղվում է մինչև լիակատար անճանաչելիության աստիճան: Ընթերցել և փոխել այն իր ձևով կարող է յուրաքանչյուրը: Վերջաբանում բազմաթիվ տեքստուրաների և դիմակների միջոցով Բլանշետը հերթական անգամ դառնում է կուռք: Նրա կերպարը, բոլորովին ոչ երկար ժամանակով կորզված խավարից, վերածվում է քարե տոտեմի, ըստ որի արդեն ոչ ոք չի կարող ճանաչել նրա կենդանի նախատիպը:

Աղբյուրը

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը