Չնայած համատարած բացասական տրամադրվածության այս բարդ ժամանակահատվածին, երբ կորոնավիրուսի տարածման մասին լուրերը շարունակում են գրավել բոլոր մեդիա հարթակները՝ լարվածություն և խուճապ տարածելով հանրության շրջանում, ցանկանում եմ կիսվել դրական էմոցիաներով և պատմել տարեվերջին Ղազախստանի Ալմատի քաղաքում տեղի ունեցած «Բաստաու» միջազգային երտասարդական  կինոփառատոնին մասնակցությանս մասին:

2019-ի նոյեմբերին ԵԹԿՊԻ-ի Միջազգային Հարաբերությունների բաժնից հեռախոսազանգ ստացա, որից պարզ դարձավ, որ Ղազախստանից կինոփառատոնի մասնակցության հրավեր է ստացվել, ԵԹԿՊԻ-ի ուսանողական աշխատանքներից արդեն ընտրվել են մրցույթին ներկայացվելիք ֆիլմերը, իսկ ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացնելու պատասխանատվությունը ինձ է վստահվել: Ես ԵԹԿՊԻ-ի Կինոգիտության բաժնի 4-րդ կուրսի և ՊանԱրմենիան մեդիա դպրոցի հեռուստա-ռադիոլրագրության բաժնի ուսանող եմ: Միաժամանակ թղթակցում եմ ԵԹԿՊԻ-ի «ԿինոԹատրոն» և kinoashkharh.am կայքերին: Սիրում եմ կինոն ու ապրում՝ կինոյով, ու հենց սա էր պատճառը, որ ընտրեցի կինոգետի մասնագիտությունը, չնայած որ մեր իրականությունում այն, ցավոք, պահանջված մասնագիտություն չէ:

Պաշտում եմ հատկապես 50-60-ակնների կինոն, չնայած հետաքրքրված եմ նաև ժամանակակից կինոյով: Կինոգետի մասնագիտության հիմնական գործառույթներն են կինոյի պատմության և տեսության ուսումնասիրությունը, կինոգիտական, կինոքննադատական, վերլուծական հոդվածների ստեղծումն ու հրապարակումը: Սակայն կինոգետի մեկ այլ, ոչ պակաս կարևոր մասնագիտական պարտականություն է կինոփառատոններին սեփական երկիրը ժյուրիի կարգավիճակով ներկայացնելը: Նման հիանալի առիթ և փորձառություն դարձավ իմ մասնակցությունր «Բաստաու» միջազգային կինոփառատոնին, որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ ժյուրիի կազմում: «Բաստաու» ղազախերենից թարգմանաբար նշանակում է «Սկիզբ»:

Փառատոնն անց է կացվում է «Նոր սերնդի կինո»  խորագրով՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդ կինոգործիչներին միջազգային կինոասպարեզում առաջին քայլերն անելու և աչքի ընկնող կինեմատոգրաֆիստների հետ կապեր հաստատելու, յուրատեսակ հարթակ դառնալով  երիտասարդ  և ավագ սերունդների փորձի փոխանակման համար: Փառատոնը տարեցտարի ավելի մասշտաբային է դառնում. այս անգամ մասնակցության հայտեր էին ներկայացվել շուրջ 65 երկրներից (այդ թվում՝ ԵԹԿՊԻ-ի և ՀՌՍՀ-ի ուսանողական ֆիլմեր ), ընդհանուր՝ 360 ֆիլմ: Ուսանողական ժյուրին նախագահում էր հյուրընկալող երկրի ներկայացուցիչ՝ «Բաստաու» VII կինոփառատոնի «Գրան Պրի» մրցանակի դափնեկիր կինոռեժիսոր Ալիշեր Ժադիգերովը, ժյուրիի կազմում էին Ռուսատանի, Բելոռուսի, Ղըրղզստանի և Հայաստանի ներկայացուցիչները:     Այսպիսով «Bastau» VIII կինոփառատոնն անցկացվեց 2019 թվականի դեկտեմբերի 3-7-ը, փառատոնի կազմում էին Ուսանողական և Միջազգային ժյուրին, որոնցից յուրաքանչյուրը Bastau Shorts, Bastau Docs և Bastau Debuts անվանակարգերում հանձնելու էր առանձին մրցանակներ:           

Փառատոնին մասնակցում էին բելոռուսական “Лістапад” միջազգային կինոփառատոնի տնօրեն Իգոր Սուկմանովը (Բելոռուս), ռեժիսոր Ադիլհան Երժանովը (Ղազախստան) ռեժիսոր, սցենարիստ Գելա Բաբլուանին (Ֆրանսիա), կինոգետ, կինոքննադատ Ռոբերտո Կուետոն (Իսպանիա), կինոյի և թատրոնի դերասան Ալեքսանդր Պաշկովը (Ռուսաստան), դերասանուհի Նելլի Ուվարովան (Ռուսաստան), ռեժիսոր Շարիպա Ուրազբաևան (Ղազախստան), դերասան Սանժար Մադիևը (Ղազախստան), ռեժիսոր Չոն Սին Օն (Հարավային Կորեա), ռեժիսոր Իրակլիյ Կվիրիկաձեն (Վրաստան), կինոգետ, կինոքննադատ Բորիս Շուլմանը : 

Կինոփառատոնի բացման արարողության համար «Alatau» կինոթատրոնում կառուցվել էին փոքրիկ տաղավարներ, որոնցում, հենց հյուրերի աչքի առաջ, ցուցադրում էին ղազախական ազգային մշակույթը: Այստեղ Արվեստների ակադեմիայի սաները կատարում էին ղազախական ազգային մեղեդիներ, գորգ էին գործում, պատրաստում խեցեղեն, հյուսում զամբյուղներ: 

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ռեժիսոր Շարիպա Ուրազբաևայի «Մարիամ» ֆիլմի ցուցադրությունը: Փառատոնի շրջանակներում ժյուրիի անդամները հնարավորություն ունեցան այցելելու «Ղազախֆիլմ» կինոստուդիա, որին կից գործում է ղազախական կինոյի թանգարանը: Այցը չափազանց տպավորիչ էր, քանի որ «Ղազախֆիլմը» ոչ միայն երկրի գլխավոր կինոստուդիան է, այլ նաև ունի պատմական նշանակություն: Սկսած ստուդիայի մուտքի դռնից, մինչև ղազախական կինոյի դասական Շաքեն Այմանովի ժամանակներում կառուցված փակ և բաց տաղավարները (պավիլյոնները), յուրաքանչյուր քայլը պատմություն է։Կինոթանգարանում առանձնահատուկ տեղ ունի Այմանովի աշխատասենյակը. ռեժիսորի գրասեղանին շարված են նրա ձեռագրով կինոսցենարները, նամակներն ու լուսանկարները, դրոշմանիշները (ի դեպ հավաքածուի մեջ կար նաև հայկական դրոշմանիշ) սենյակում դրված է նրա հեռուստացույցը, լուսանկարչական ապարատը, դանակների և գրիչների հավաքածուները: Այստեղ են նաև ռեժիսորի գրադարանը և նրա նկարահանած ֆիլմերի կոստյումները: Սենյակի կենտրոնում, սեղանի վրա, դրված է Այմանովի շախմատի խաղատախտակը: Այստեղ ամեն բան այնքան կենդանի է, որ զգացողություն է առաջանում, թե ուր որ է, նկարահանումների արանքում, ներս կմտնի  Շաքեն Այմանովը՝ շարունակելու կիսատ թողնված շախմատային պարտիան: Այմանովի դերը ղազախական կինոյում համեմատելի է Համո Բեկնազարյանի՝ հայ կինոյի պատմության մեջ ունեցած հսկայական դերի հետ: Քչերին է հայտնի, որ հայրենական պատերազմի տարիներին սովետական կինոյի մի շարք ականավոր գործիչներ ժամանակավորապես էվակուացվել են Ալմատի քաղաք և աշխատել Ղազախֆիլմ կինոստուդիայում: Նրանց թվում են եղել Էյզենշտեյնը, Պուդովկինը, Պիրևը, Պրոկոֆևը, Ռոմմը, Շկլովսկին: Այսօր էլ թանգարանի սրահներից մեկում հպարտությամբ պահում են այն կինոխցիկը, որով Սերգեյ Էյզենշտեյնը նկարահանել է իր «Իվան Ահեղ» ֆիլմը: Ռուս կինոռեժիսորների հենց այս տարիներին (1941-1945) ավանդած մասնագիտական փորձի արդյունքում էլ ղազախական կինոն վաթսունականներին մեծ թափ է առնում: Այս ամենի հետ մեկտեղ՝ կինոստուդիան զինված է ժամանակակից լավագույն տեխնիկայով:

Կինոփառատոնի ընթացքում, մրցութային ֆիլմերի ցուցադրմանը զուգահեռ՝ Տ. Ժուրգենովի անվան Պետական արվեստների ակադեմիայում անցկացվեցին նաև կինոյին նվիրված վարպետության դասեր: Կինոռեժիսոր, արվեստաբանության դոցենտ Արսեն Առաքելյանը անցկացրեց «Ժամանակակից կինոյի խնդիրները» թեմայով վարպետության դաս: Մեծ հետաքրքրություն առաջացրեցին նաև դերասաններ Ալեքսանդր Պաշկովի և Նելլի Ուվարովայի անցկացրած վարպետության դասերը:

Կինոփառատոնի ամենավառ իրադարձություններից էր Կինոդպրոցների միջազգային ասոցիացիային անդամագրվելու մասին հուշագրի ստորագրումը: Ասոցիացիային միացան ևս երեք կինոդպրոցներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Նեպալից:

Վերադառնալով կինոփառատոնի արդյունքներին՝ կինոփառատոնի հաղթողը դարձավ կորեացի ռեժիսոր Չոն Սին Օն իր «Տեղափոխել գերեզմանը» ֆիլմով: Լավագույն ռեժիսորական աշխատանք ճանաչվեց հնդիկ ռեժիսոր Դոմինիկ Սանգմայի «Հառաչանք» ֆիլմը: Փառատոնի լավագույն անիմացիոն ֆիլմը դարձավ լատվիացի Կերիհա Առնեի «Դրամատիկ ավարտ»  ֆիլմը: Օրազ Աբիշևի անվան լավագույն դոկումենտալ ֆիլմ ճանաչվեց Արսեն Առաքելյանի «Հայելու միջով»  ֆիլմը: «Գրան Պրին» հանձվեց լիտվացի ռեժիսոր Լաուրա Տամոշյունայտեին՝ «Ես քնած էի, երբ երջանկությունն անցավ կողքովս» ֆիլմի համար: Հատուկ մրցանակը բաժին հասավ լատվիացի ռեժիսոր Մարտինս Գաուսիշի «Բաննի» ֆիլմին:

Կինոփառատոնի ընթացքում ԵԹԿՊԻ-ում ուսանելու տարիներին իմ կուտակած գիտելիքները հնարավորություն ստացան դրսևորվելու գործնականում: Կարևորագույն ձեռքբերում կարելի է համարել ժյուրիի անդամների հետ մասնագիտական փորձի փոխանակումը, հնարավորությունը՝ տեսնելու կինոն օտարազգի իմ հասակակիցների աչքերով, քննարկելու ժամանակակից կինոյի խնդիրները, որոնք, ինչպես ինձ համար պարզ դարձավ փառատոնի օրերին, մեծ մասամբ նույնն են՝ ամբողջ աշխարհում Հատկապես տպավորիչ էին համատեղ կինոդիտումները քննարկումներն ու բանավեճերը: Ինչպես նաև հետաքրքիր էին մրցանակների բաշխմանը նախորդող քվեարկությունները, ֆիլմերի ընտրման մեխանիզմներն ու գնահատման մեթոդները: Յուրաքանչյուր օրվա ավարտին մենք՝ ժյուրիի անդամներս, հավաքվում էինք քննարկելու և վերլուծելու տվյալ օրվա ֆիլմերը: Բացի պարտադիր մրցութային ֆիլմերը դիտելուց՝ անգամ հասցրինք քննարկել կինոգիտական գրականությունը՝ համեմատելով աշխարհահռչակ կինոգետների տեսությունները: Քանի որ ժյուրիի կազմը բաղկացած էր կինոյի թե՛ տեսական (կինոգետներ), և թե՛ գործնական ներկայացուցիչներից (ռեժիսորներ), պետք է խոստովանել, որ որոշումներ կայացնելը բարդ էր և երկարատև. երբեմն կարծիքները իրարամերժ էին: Սակայն լարված և հանգամանալից քննարկումներից հետո, ամեն դեպքում, կարողացանք արժանի ընտրություն կատարել՝ մրցանակները հանձնելով իրավամբ լավագույններին:

«Բաստաու» կինոփառատոնին մասնակցությանս շնորհիվ կարողացա բալանսավորել մասնագիտությանս տեսական և գործնական առանձնահատկությունները: Այն չափազանց հիշվող էր ոչ միայն կազմակերպվածության, կինոյի միջազգային ճանաչում վայելող վարպետների և աստղերի հետ շփման, մեծ քանակությամբ հաջողված ֆիլմերի առկայության, այլ նաև առաջին անգամ ժյուրիի անդամի կարգավիճակով հանդես գալու հանգամանքով:

Էլեն Դանիելյան