Գյունտեր Գրասը հավատում էր, որ անցյալի դասերը չսերտելը բերում է սխալների կրկնության: Նույն մտավախությունն ունի նաև ռումինացի ռեժիսոր Ռադու Ժուդեն, որի սրամիտ ուսումնասիրություններ հիշեցնող ֆիլմերը նվիրված են Ռումինիայի պատմության ամենամութ էջերին:

«Ապրեսը» (Aferim!, 2015), «Ինձ մեկ է, եթե մենք պատմության գիրկն անցնենք որպես բարբարոսները» (I Do Not Care If We Go Down in History as Barbarians, 2018) ստեղծվել են քաղաքական և պատմական վերլուծությունների հենքի վրա և մատնանշում են  անցյալի ուղղակի ազդեցությունը ժամանակակից ռումինական հասարակության վրա: Նույն ոգով է ներշնչված նաև ռեժիսորի նոր ֆիլմը` «Մեծատառերով»-ը (Uppercase print, 2020), որը ներկայացված էր Բեռլինալեի Ֆորում ծրագրում:

Պատմությունը, որը կառուցված է իրական դեպքերի վրա, տեղի է ունենում 1980-ականների Ռումինիայում, երբ երկրի ղեկին էր Արևելյան բլոկի ամենատոտալիտար առաջնորդը՝ Նիկոլաե Չաուշեսկուն (1965-1989): Նրա կառավարության տարիներին  ոտնահարված էին մարդու իրավունքերը, իսկ ռեպրեսիաները կանոնավոր բնույթ էին կրում։

Ֆիլմը 15-ամյա Կալինեսկու Մուգուրի մասին է, որը 1981թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծատառերով կավճային գրագրություններ էր անում Ռումինիայի Բոտաշանի քաղաքի կոմունիստական կուսակցության տեղական կոմիտեի պատերին.

«ՄԵՆՔ ՍՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ», «ՀՈԳՆԵԼ ԵՆՔ ՍՆՈՒՆԴԻ ՀԱՄԱՐ ՀԵՐԹ ԿԱՆԳՆԵԼՈՒՑ», «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԲԱՐԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է»:

Առաջին հայացքից անմեղ այս տողերն աներևակայելի հանդգնություն էին կոմունիստական Ռումինիայում և մոբիլիզացված գաղտնի ծառայությունները շուտով գտնում են մեղավորին:

Ռադու Ժուդեն պատմություն է հյուսում է 15-ամյա երիտասարդի պայքարի մասին։ Կալինեսկու Մուգուրը չի ցանկանում հանդուրժել իր երկրում տիրող անարդարությունը, անազատությունը, սովն ու աղքատությունը: Ֆիլմը փոքր մարդու խիզախության մասին է։ Մուգուրը վտանգելով  կյանքը, ընդվզում է բռնակալ ռեժիմի դեմ և պայքարում հասանելի ամենապարզ մեթոդներով, որոնք սակայն ունեն հսկայական կարևորություն և ազդեցություն բնակչության իրազեկման հարցում: Կալինեսկու Մուգուրը նման է Հանս Ֆալադայի «Միայնակ Բեռլինում» վեպի հերոսներին (հիմնված  իրական դեպքերի վրա), ովքեր գաղտնի երկտողեր էին տարածում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` քաղաքացիների ուշադրությունը հրավիրելով այնպիսի հարցերի վրա, որոնց մասին մտածելն անգամ սարսափելի էր: Մյուս կողմից ռեժիսորը զուգահեռներ է տանում Հիսուս Քրիստոսի հետ, որը պատրաստ էր իր ուսերին վերցնել մարդկության բոլոր մեղքերը հանուն նրա փրկության: Հղումն ավելի ակնառու է դառնում ֆիլմի ավարտական տեսարաններից մեկում, երբ հյուրերն ընթրում են սեղանի շուրջը, իսկ առջևից նկարահանող տեսախցիկը որսում է «Խորհրդավոր ընթրիքը» հիշեցնող միզանսցենը:

Թատերական ներկայացման տեսքով հանրությանը առաջին անգամ ներկայացված այս պատմությունը՝ (բեմադրող ռեժիսոր` Ջանինա Կարբունարու),  ֆիլմում նույնպես հավատարիմ է մնացել «թատերական» կոնցեպտին: Բոլոր գործողությունները տեղի են ունենում չորս մասերի բաժանված բեմում, իսկ հերոսները գլխավորապես մենախոսում են: Սա յուրօրինակ սառնություն է ավելացնում ողբերգությանը՝ ստեղծելով քրեական հարցաքննության տրամադրություն, որին մասնակից է նաև հանդիսատեսը: Ժուդեն լայնորեն օգտագործել է նաև արխիվային խրոնիկա, ինչը զուգադրվում է դեպքերի զարգացմանը. այստեղ հնչում է ռումինական ֆոլկ երաժշտություն, հեռուստատեսային արխիվային նյութերը պատմում են իդեալական ռումինական հասարակության մասին, որ զբաղվում է սպորտով, քաղաքները աճում են, սերունդները կրթվում: Այսպիսով, ռեժիսորն ընդգծում է մեդիայի կեղծությունը, որ իդեալականացված ուտոպիա է ստեղծում` սքողելու երկրում տիրող զարհուրանքը:

Ժուդեն ավարտում է ֆիլմը պարբերաբար հայտնվող ժամանակակից Բուխարեստի տեսարաններով, որոնք լի են թանկարժեք մեքենաներով, Լուի Վիտոնի և այլ բրենդային հագուստների գովազդներով: Ռեժիսորը փորձել է ցույց տալ, որ մարդկության պատմության հազարամյակների ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել բացի գովազդային վահանակներից:

Բարեբախտաբար, անփոփոխ է մնացել նաև մարդկային պատասխանատվության, բարության, խիզախության և ինքնազոհության գաղափարները, ինչպես նաև պայքարի կարևորությունը հանուն արդարության:

Սոնա Կարապողոսյան