Լևոն Աթոյանց. Ուրիշ ոչ մի ազգ չունի իր Բեկնազարյանը
«Բեկնազարովը շատ մեծ էր ու տարբեր, տարբեր բոլորից: Ուրիշ ոչ մի ազգ չունի իր Բեկնազարովը: Նրա նման մեծություններ հազարամյակը մեկ են ծնվում»: Երկար տարիների ճանապարհ անցած վաստակաշատ կինոօպերատոր Լևոն Աթոյանցը այսպես սկսեց «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան Համո Բեկնազարյանի մասին իր թանկ հիշողություններն ու պատմությունները։
Լևոն Աթոյանցի մանկության տարիներն անցել են Թիֆլիսում: Առաջին հայկական հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն» (1935) ևս Թիֆլիսում է նկարվել ու հենց այն փողոցում, որտեղ ծնվել է նա: Նա պատմում է, որ «Պեպոյի» նկարահանումների ժամանակ Բեկնազարովը լուռ նստում էր մի աթոռի վրա, իսկ ահա օպերատորները պտտվում էին նկարահանման հրապարակում: «Պեպոն» ուներ երկու օպերատոր, որոնցից մեկը Բեկնազարյանի կրտսեր եղբայրն էր՝ Գարուշ Բեկնազարյանը, մյուսը՝ Դմիտրի Ֆելդմանը: Դրա համար էլ դեռ մանկությունից Աթոյանցի մոտ ծնվում է «ապարատի մոտ կանգնած» մարդկանց մասնագիտությունն ունենալու ցանկությունը: 90-ամյա վարպետը նախանձելի ճշգրտությամբ է հիշում այն պատկերները, որ տեսել է «Պեպոյի» նկարահանումների ընթացքում: Եվ հատկապես առանձնացնում է վերջին կադրերը, երբ մարդիկ երգելով գնում են դեպի բերդը՝ Պեպոյի մոտ: Նա հստակ է հիշում նաև Պեպոյին մարմնավորող Հրաչյա Ներսիսյանին բերդի ճաղերի հետևում: Փոքրիկ Լևոնը ականատես է եղել այս ամենին՝ չպատկերացնելով անգամ, որ այդ մեծերից մի մասի հետ հետագայում անգամ աշխատելու է:
Աթոյանցը ցավով հիշեց , թե ինչպես իր ֆիլմերի ու աշխատանքի հանդեպ ունեցած անհարկի միջամտություններից նեղված և վիրավորված Համո Բեկնազարյանը լքեց ոչ միայն «Հայֆիլմ» կինոստուդիան, այլև Հայաստանը՝ հեռանալով Մոսկվա, որտեղ էլ կնքեց է իր մահկանացուն՝ մոռացված ու անտեսված: Անգամ գերեզմանն է անտերության մատնված եղել: Հետագայում Բեկնազարյանի Մոսկվայի ուսանողներն են այն կարգի բերել, և ամեն տարի ծաղիկներ են դրել վարպետի շիրմին։ Աթոյանցը թախիծով հիշեց, որ վերջին անգամ Բեկնազարյանի գերեզմանը տեսել է 1990-ականներին՝ Մոսկվա կատարած վերջին այցելության ժամանակ:
Աթոյանցը նշեց, որ մեծանուն կինոռեժիսորի անունն արդեն 30 տարի է՝ ընդհանրապես չի հնչում: Ու դա առավել ցավագին դարձավ «Հայֆիլմի» հետ կապված դեպքերից հետո, երբ քանդված ու թալանված պատմական շենքը կարծես իր հիմնադրի ճակատագրին արժանացավ: Այն դեպքում, երբ «Հայֆիլմի» հին ստուդիան «Մոսֆիլմի» ամենամեծ կինոստուդիաներից էր: Ցավալիորեն նաև «Հայֆիլմի» նոր շենքի դիմացից Համո Բեկնազարյանի քարե դիմաքանդակը հեռացվեց: Աթոյանցը վիրավորված է բոլոր այն ղեկավարներից, որոնք վաճառեցին կինոստուդիան, քանի որ նրանց բնավ հետաքրքիր չէր՝ ո՞վ է Համո Բեկնազարյանը․ մարդկային այդ տեսակը պարբերաբար հայտնվում է մեր ազգի մեջ և անում ամեն բան, որ մոռանանք պատմությունը:
Աթոյանցը պատմում է, որ բոլորին հայտնի Պոնչիկանոցի տեղում ժամանակին Կինոյի շենքն է եղել, որտեղ ապրում էին Բեկնազարյանները, որոնք Երևանի հարուստ գերդաստաններից էին, ունեին մեծ հողամաս Զանգվի ձորում: Երևանում ծնված լինելն ու հարուստ ժառանգությունը շատ օգնել են Համո Բեկնազարյանին «Հայֆիլմի» ստեղծման ժամանակ: Բեկնազարյանը երիտասարդ տարիներին, լինելով շատ գեղեցիկ տղամարդ, նկարահանվել է տարբեր կինոստուդիաների համր ֆիլմերում՝ մարմնավորելով հմայիչ ու առնական հերոսների: Այսինքն՝ մինչև «Հայֆիլմի» ստեղծումը նա բավական երկար ճանապարհ էր անցել, արդեն իսկ հմուտ էր իր գործին ու հրաշալի պատկերացնում էր, թե ինչպես կարելի է և´ հավատարիմ մնալ ԽՄ պահանջներին, և´ լավ ֆիլմ նկարել:
Օպերատորը պատմեց ու կրկին անցավ 1960-ականներին, երբ մի քանի անգամ գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների: Եվ հենց այդ ընթացքում էլ Գարուշ Իվանիչի (Բեկնազարյանի եղբայրը) խնդրանքով, որն իրեն շատ էր սիրում ու վստահում, հանդիպել է Համո Բեկնազարյանին՝ նրան փոխանցելով եղբոր ուղարկած ծանրոցները՝ լավաշով, չիչիլ պանիրով ու հայկական տարբեր համեմունքներով: Աթոյանցը պատմում է, որ սրտի թրթիռով է արել այդ առաջադրանքն ու մինչև այսօր էլ մանրամասն հիշում է Բեկնազարյանի մոսկովյան բնակարանի հասցեն:
Բայց շարունակությունն արդեն բնավ հուսադրող չէ. «Դուռը թակեցի և որոշ ժամանակ անց այն դժվարությամբ բացեց մի զառամյալ մարդ՝ անփույթ տեսքով ու հագուստով՝ թասանման մի գլխարկ էլ գլխին: Ցավով, ինքս ինձ խոստովանեցի, որ հենց Բեկնազարովն է: Վարպետն ուրախացավ, նստեցրեց ինձ իր կողքին և ցույց տվեց այն գիրքը, որ գրում էր այդ ժամանակ: Մոսկվայում ապրելու տարիներին նա միշտ էր գրում՝ իր կյանքի ու կինոյի մասին: Հետագայում, իհարկե, մի գիրքը նույնիսկ տպագրվեց, բայց, ցավոք, վարպետի գրառումների մեծ մասը մնաց անտիպ: Մոսկովյան հանդիպումներից մեկի ժամանակ Բեկնազարովն ինձ նվիրեց իր գրքերից մեկ օրինակ: Նա նաև տպագրված գրքերից ուղարկում էր Հայաստան, և եղբայրը բաժանում էր մարդկանց: Ի դեպ, ասեմ՝ Գարուշ Իվանիչին էլ, չնայած որ շատ հետաքրքիր գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր էր նկարում, շատ շուտ հանեցին «Հայֆիլմից», ուղղակի նա չհեռացավ Հայաստանից: Ինչ վերաբերում է Բեկնազարովին, այսօր նվիրյալ անհատներ են պետք, որ գնան Մոսկվա, ուսումնասիրեն եղած նյութերն ու անգամ ֆիլմ նկարեն: Այն ժամանակ, որքան էի երազել նման մեծության հետ մի սեղանի շուրջ հայտնվելու, այդպես մտերմիկ զրույցի բռնվելու մասին, բայց տան անմխիթար վիճակի պատճառով գրեթե չլսեցի, թե ինչ է խոսում Բեկնազարովը: Այնքան վատ էի զգում, որ նման մեծությունը կարող է հայտնվել այդպիսի իրավիճակում: Ճիշտ է՝ բնակարանում Բեկնազարովը որդու հետ էր ապրում, բայց նա էլ այդ շրջանում շատ էր խմում: Ու չնայած Մոսկվա կատարած հաջորդ այցելություններիս ժամանակ Բեկնազարովի տղան համեմատաբար կարգավորել էր իր հակումները խմիչքի հանդեպ, ու տունն էլ որոշակիորեն խելքի էին բերել, բայց ռեժիսորի կյանքի վերջին տարիները նրա կենսագրության իրապես ամենասարսափելի էջերն են:
Ցավալին այն է, որ այդ ամենի մեղավորը հենց մենք ենք: Այն, ինչ չկարողացավ անել 1915 թվի մեծագույն ողբերգությունը, հետագայում շարունակեցինք մենք արդեն ներսից: Մեր ժողովուրդը ոչ միայն չի կարողանում պահել ու գնահատել իր մեծերին, այլև խանգարում է ապրել ու արարել՝ մատնելով տարատեսակ փորձությունների: Բայց դրան զուգահեռ անբացատրելի մի կենսունակությամբ մենք գոյատևում ենք արդեն հազարամյակներ: Ու իմ միակ հույսն այն է, որ եթե եկել, հասել ենք 21-րդ, ավելի հեռուն էլ կգնանք:
Ժամանակին, երբ Վրաստանից նոր էի եկել Հայաստան, ինչպես էի կարմրում, երբ պատահաբար տեսնում էի Բեկնազարովին քաղաքում զբոսնելիս: Ինչպիսի՜ մարդիկ էին մոտենում նրան ու ողջունում: Նա Երևանը շատ էր սիրում, դրա համար էլ հաճախ էր զբոսանքի դուրս գալիս: Անգամ Պոնչիկանոցի տարածքում գտնվող իրենց տնից ոտքով գալիս էր «Հայֆիլմի» հին ստուդիա, որ գտնվում էր Տերյան 2 հասցեում: Այն ժամանակ նա մարդկանց համար մեկն էր, ով առաջին հայկական ֆիլմն էր նկարել, ի դեպ, նույնն արել էր թե´ ադրբեջանցիների, թե´ վրացիների համար: Վրաստանում նա նաև նկարվել է համր կինոյում: Դրա համար էլ մինչև վերջին 30 տարիները Բեկնազարովը Վրաստանում շատ մեծ սեր ու հարգանք էր վայելում: Իսկ այսօր մարդիկ ամենուր են փոխվել, փորձում են մոռանալ մեծերի բոլոր ներդրումները, բայց, չէ՞ որ փաստաթղթեր կան, ի վերջո:
Ի դեպ, Հայաստան տեղափոխվելուցս հետո Բեկնազարովն արդեն նեղացած էր բոլորից, չէր շփվում մարդկանց հետ և շատ հազվադեպ էր «Հայֆիլմ» գալիս: Երբ առաջին անգամ պատահաբար հանդիպեցի նրան «Հայֆիլմի» հին շենքում, այդ պահին նա կարծես Աստված լիներ ինձ համար, անգամ վախեցա ու հետ-հետ քաշվեցի»:
Պատմում է Աթոյանցն այս ամենը՝ ոչ թե ժամանակային ճիշտ հերթականությամբ, այլ տրվելով հիշողությունների ու զգացողությունների հոսքին, որ այնքան թանկ են իննսունամյա օպերատորի համար: Եվ տարիների հեռվից նա մեծ բացթողում է համարում, որ Համո Իվանիչին Մոսկվայում շատ չէր խոսեցնում, չնայած որ ռեժիսորը հանդիպումների ժամանակ շատ չէր էլ խոսում: «Այսօր, եթե անգամ մարդիկ ցանկանան ճիշտը գրել, չեն կարող, որովհետև չեն ապրել այդ ժամանակներում: Բայց չէր խանգարի փորփրել, ուսումնասիրել ռեժիսորի կյանքը: Բեկնազարովի աչքերից երևում էր, որ մարդն իր ներսում խորը վիշտ ունի: Նա նեղացած երեխայի աչքեր ուներ: Աշխարհի տարբեր մասերում ու հատկապես իր հայրենիքում առաջին կինոստուդիան ստեղծած այս մարդը 1960-ականներին մի տեսակ կուչ էր եկել, կարծես էլ չէր սիրում ինքն իրեն: Ու չէիր էլ կարող նրան կեղծ ոգևորել, ասել, որ ամեն բան լավ է, չէ՞ որ նա զգում էր, նա ռեժիսոր էր: Ցանկացած ռեժիսոր լավ հոգեբան է միաժամանակ: Նա նեղացել էր իր հայրենակիցներից ու այլևս ցանկություն չուներ Հայաստան վերադառնալու: Հայկական կինոյի ստեղծման ակունքներում կանգնած մարդուն ժամանակի ընթացքում սկսեցին ընդհանրապես անտեսել:
Կինոն դրախտ է իրականում, իսկ Համոն բացել էր դրախտի դռները մեր առաջ: Բայց խորհրդային հասարակարգն այնպես փոխեց մարդկանց, որ նրանք սկսեցին մտածել միայն փորի ու փողի մասին,- խորը ցավով նկատեց Աթոյանցն ու հավելեց,-իսկ ռուսները, օգտվելով ստեղծված իրավիճակից, Բեկնազարովին հրավիրեցին Մոսկվա և տուն տվեցին: Անգամ մահից հետո ցուցանակ էին փակցրել, որ այդ տանն ապրել է մեծն Բեկնազարյանը: Համենայն դեպս 90-ականներին դեռևս կար այդ գրությունը: Չմոռանանք, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բեկնազարովը հայտնի էր որպես ռուսական համր կինոյի աստղ: Նա նկարվել էր ավելի քան 70 ֆիլմերում,- նշեց Աթոյանցն ու եզրափակեց մեր զրույցը հետևյալ խոհերով,- իր փառքի գագաթնակետին անգամ Բեկնազարովը մնաց հասարակ, «ջիգյարով», «աղուհացով» մարդ:
Նա չէր կարող «Պեպոն» նկարել, եթե այդ տեսակ հոգի չունենար: Արդյունքում Բեկնազարովի նման մեծությունն այնպես է անտեսվել, որ անգամ մի արձան չունի Երևանում: Ցավն այն է, որ այժմ նույն անտարբեր վերաբերմունքը ունենք մեր բոլոր մեծերի նկատմամբ: Ո՞վ գիտի մեզնից, որ մեր Տիգրան Մեծ թագավորին անդրադարձել են աշխարհի 24 կոմպոզիտորներ: Նույնն էլ Բեկնազարովը. նա մեր կինոյի Տիգրան Մեծն է, որ կարողացավ ոչ միայն հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան, այլև համալրել այն ժամանակի լավագույն տեխնիկայով և նկարել հիասքանչ ֆիլմեր:
Իսկ այդ ամենն այնպես քանդեցին, որ հետքն անգամ չես գտնի: Այնինչ, ամեն անգամ «Հայֆիլմի» մասին հիշելիս պետք է նշենք Բեկնազարովին՝ որպես հայկական կինոյի հիմք: Բայց ես հույսս չեմ կորցնում, որ եկող սերունդներն ավելի լավն են լինելու, որ մեր երկիրը կայացած երկիր է դառնալու, որ մենք, օրինակ՝ հատուկ կինոթատրոն կունենանք Բեկնազարովի անունով, որտեղ կցուցադրվեն հին ֆիլմեր և մեկ բաժակ սուրճի շուրջ կծավալվեն հետաքրքիր քննարկումներ: Եվ, ի վերջո, Համո Իվանիչը կունենա թե´ իր մասին պատմող ֆիլմ, թե´ իր արձանը` հենց հին «Հայֆիլմի» տեղում»:
Արփի Խաչատրյան