Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, «Պարադիզ»  ընկերության նախագահ, EUROPA CINEMAS  կինոթատրոնների ցանցի անդամ Մարտուն Ադոյանը։

Կան քաղաքային վայրեր, որոնց սիրված, ճանաչված, հայտնի լինելն ու  կարևորությունը մեծապես  պայմանավորված են հենց իրենց ղեկավարների անձերով։ «Մոսկվա» կինոթատրոնի մասին խոսելիս մտովի տեսնում ենք  Մարտին Ադոյանի ժպիտը, ուրախացնող ու հուսադրող խոսքը, հախուռն բնավորությունը, բոլորին ու ամենքին աջակցող տեսակը։ Ցավոք, այսօր Մարտին Ադոյանը հեռացավ երկնային արքայություն՝  թողնելով իր սիրելի  քաղաքն ու տարիների անփոփոխ հասցեն՝  «Մոսկվա»  կինոթատրոնը։

«Կինոաշխարհի» խմբագրակազմը ցավակցում է Մարտուն Ադոյանի ընտանիքին, հարզատներին, մտերիմներին, ընկերներին։ Մարտուն Ադոյանը լինելով ոլորտի նվիրյալներից, խորությամբ գիտակցում էր կինոյի առջև ծառացած խնդիրները։ Նա միակն էր սեփականաշնորհված կինոթատրոնների տնօրեններից, որ գիտակցելով կինոյի դերն ու նշանակությունը մարդկանց կյանքում, պահպանեց կինոթատրոնի ուղղվածությունը նորանկախ Հայաստանում։ Նրա թափանցող միտքն ու հազվագյուտ հեռատեսությունը հաստատուն կինոհարթակ դարձրեց «Մոսկվա» կինոթատրոնը՝  կամրջելով  անկախության սերունդն ու նոր ժամանակների կինոն։

ՀԳՄարտուն Փայլակի Ադոյանը ծնվել է Աշտարակի տարածաշրջանի Ուջան գյուղում: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: Աշխատանքային գործունեության ընթացքում 1986-1991 թթ եղել է ՀՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վերահսկողության և վերստուգման բաժնի պետ, Հանրապետության կինովիդեո միավորման գլխավոր տնօրենի տեղակալ, 1991 թ.-ից զբաղեցրել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը: Մշակութային ոլորտում ծավալած գործունեությունը հիմնականում վերաբերում է կինոարտադրությանը: Եղել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաֆիլմերի գլխավոր պրոդյուսեր:

Պարգևներ ՀՀ Մշակույթի նախարարության «Ոսկե Մեդալ» (2007 թ.), ՀՀ նախագահի մրցանակ (2014 թ․), ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ մրցանակ (2015 թ․), Երևանի քաղաքապետի «Ոսկե Մեդալ» (2016 թ․)։