Արժե ևս մեկ անգամ վերհիշել, թե ինչպես են քաղաքակիրթ երկրներում գուրգուրում իրենց կինոժառանգությունը: Հայաստանում կարծես այս տարի սառույցը շարժվել է․ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հայկական սինեմատեկի ստեղծման համապարփակ նախագիծ է ներկայացրել  ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Սա առիթ է, որ կինոգետներն ու կինոսիրողները հայացքները կրկին հառեն  եվրոպական նման հաստատություններին և  ուսումնասիրեն նրանց փորձը: «Կինոաշխարհը» որոշեց ներկայացնել նրանց դիտարկումներն իր ընթերցողներին` նկատի ունենալով, որ մենք էլ կինոյի թանգարանի կամ ֆիլմադարանի ստեղծման ու ձախողման բավական դրամատիկ պատմություն ունենք: 

Ֆրանսիական սինեմատեկը (Cinémathèque française)

Աշխարհի խոշորագույն սինեմատեկը. հիմնադրվել է 1936 թ. շնորհիվ կինոգետ Անրի Լանգլուայի և ռեժիսոր Ժորժ Ֆրանժյուի ջանքերի, որոնք մինչ այդ ղեկավարում էին իրենց կինոակումբը: Նրանք առաջիններից էին աշխարհում, որ սկսեցին զբաղվել ֆիլմերի պահպանմամբ ու արխիվացմամբ:  Ժապավենները հարկ էր փրկել հատկապես Գերմանիայի իշխանություններից: Սակայն փոքրիկ դահլիճը` 60 հոգու համար, նրանք ձեռք բերեցին միայն 12 տարի անց: Այդ ժամանակվանից ի վեր Սինեմատեկը բազմիցս է փոխել իր «բնակության» վայրը: Նրա պատմության մեջ ամենադրամատիկ միջադեպը 1968-ին էր: Այն ժամանակվա մշակույթի նախարար Անդրե Մալրոն փորձեց Լանգլուային թոշակի ուղարկել, ինչը հանգեցրեց 1968-ի մայիսյան բողոքի ցույցերին (դրանցով է սկսվում «Երազողները» ֆիլմը): Ներկայիս Սինեմատեկը 8 տարի առաջ տեղավորվել է Փարիզի արևելքում` մի քանի կինոդահլիճներ, ցուցադրության տարածություններ և գրադարան ունեցող ընդարձակ շենքում: Այն ղեկավարում է Սերժ Տուբիանան` Cahiers du cinéma-ի նախկին խմբագիրը: Ցուցադրությունների ծրագիրն այնքան հագեցած ու բազմաբնույթ է (մասնավորապես` գոյություն ունի առանձին Cinéma bis շարքը` նվիրված էրոտիկային, ֆանտաստիկային և «բ» դասի կինոյին), որ աշխարհի խոշորագույն կինոփառատոներն իրենց հետահայացը ծրագրում են` հետևելով Սինեմատիկի  ծրագրերին:

Պորտուգալական սինեմատեկը (Cinemateca Portuguesa)

Աշխարհի հնագույն սինեմատեկներից մեկը. հիմնադրվել է 1948 թ., նրա ենթակայության  տակ է ANIM ազգային արխիվը: Ֆիլմերի ցուցադրության համար նախատեսված է երկու դահլիճ` 227 և 47 տեղերով: Մեծ գրախանութ ունի և «39 աստիճան» սրճարանը, որ անվանակոչվել է ի պատիվ Հիչքոքի նշանավոր կինոնկարի (այդքան աստիճաններ էլ տանում են այնտեղ): Թերևս լավագույն տարիները Սինեմատեկի պատմության մեջ 1991-2009 թթ. են: Այն ժամանակ հաստատությունը ղեկավարում էր պորտուգալացի ամենաոգեշնչված կինոգետը (և դերասան)` Ժուան Բեռնար դա Կոստան: Սինեմատեկում աշխատում են շատ նշանավոր ռեժիսորներ, օրինակ` Մանուել Մոզուշն աշխատում է արխիվում, իսկ Ռիտա Ազեվեդու Գոմեշը երկար տարիներ զբաղվում է կինոյի մասին գրքերի ձևավորմամբ: Հիմա Պորտուգալիայում սոսկալի ճգնաժամ է, որ հարվածել է առանձնապես մշակույթին (մշակույթի նախարարությունն ընդհանրապես վերացվել է), ինչն անդրադարձել է նաև Սինեմատեկի վրա: Փող չկա ծրագրերի գրքույկների տպագրության և էլեկտրոնային ենթագրերի համար: Վերջերս խոսակցություններ կային առհասարակ հնարավոր փակման մասին, բայց ցանկալի է հուսալ, որ ամեն ինչ կհաղթահարվի: Հարևանությամբ գտնվում է D’Oliva ռեստորանը, որ մինչև վերջերս պատկանում էր Պորտուգալիայի ամենանշանավոր ռեժիսոր Մանոելա դի Օլիվեյրայի թոռանը. այդտեղից Սինեմատեկն անվճար վայֆայ է օգտագործում:

Բոլոնիայի սինեմատեկը (Cineteca di Bologna)

Եվրոպայի ամենաազդեցիկ կինոարխիվներից մեկը. հիմնադրվել է 1963 թ. և իր հավաքածուում ունի ավելի քան 46 հազար ֆիլմ (հենց այստեղ է պահպանվում իտալական վաղ շրջանի ժապավենների եզակի ընտրանին): Սինեմատեկին առնընթեր գործող լաբորատորիան` L’Immagine Ritrovata, հին ֆիլմերի վերականգնման խոշոր կենտրոն է, հենց այստեղ են սովորաբար աշխատանքներ տարվում այն ֆիլմերի վրա, որոնք Կաննում և Վենետիկում ցուցադրվում են հետահայաց ծրագրերում: Մի առանձին պարծանքի առարկա է Պիեռ Պաոլո Պազոլինիի եզակի արխիվը, որի պատվին էլ անվանակոչվել է Սինեմատեկին հարող փոքրիկ հրապարակը, և որտեղ ամռանը ցուցադրում են հին կինոներ արխիվային կինոպրոյեկտորներով: «Լյումեր» կինոթատրոնը բաղկացած է երկու դահլիճից` «Սկորսեզե» (175 տեղ) և «Մաստրոյանի» (142 տեղ): Քանի որ Բոլոնիան փոքր ուսանողական քաղաք է, Կինոյի թանգարանը Եվրոպայի կինոսիրողներին այստեղ է բերում տարբեր փառատոների միջոցով:  Դրանցից ամենանշանակալին`  մասշտաբային Il cinema ritrovato-ն` ֆինն կինոգետ և ռեժիսոր Պետեր ֆոն Բագայի ղեկավարությամբ, այս տարի կայացավ 27-րդ անգամ:

  Վիեննայի կինոթանգարանը (Österreichisches Filmmuseum)

Ավստրիայի կինոթանգարանը գտնվում է Վիեննայի կենտրոնում` այն նույն շենքում, ինչ և «Ալբերտինա» պատկերասրահը: Այն հիմնադրվել է 1964 թ. էքսցենտրիկ և փորձարար ռեժիսոր Պետեր Կուբելկայի ջանքերով, որ ղեկավարել է այն մինչև 2001 թ.: Նրան փոխարինել է կինոգետ Ալեքսանդր Խորվաթը: Թանգարանի պատվավոր նախագահը Մարտին Սկորսեզեն է: Հավաքածուն ընդգրկում է ավելի քան 25 հազար ֆիլմ, հատուկ ուշադրություն է դարձվում գերմանալեզու կինոյին և խորհրդային 1918-1945 թթ. ֆիլմերին: Հնարավոր է, որ այստեղ է պահպանվում Ձիգա Վերտովի ամենամեծ արխիվն աշխարհում: Թանգարանն ընդամենը մեկ դահլիճ ունի, սակայն ծրագիրը շատ խիտ է: Ամեն տարի, Վիեննայի կինոփառատոնի հետ համատեղ, անցկացվում է մասշտաբային հետահայաց ցուցադրություն: Այս տարի ցուցադրվեցին ամերիկացի մեծ կատակերգակ Ջերրի Լյուիսի ֆիլմերը: Թանգարանի մի առանձին ծրագիր է կինոյի մասին գերմաներեն և անգլերեն գրքերի հրատարակությունը: Հենց այստեղ է դեռ մինչև Կաննի հաղթարշավը լույս տեսել առաջին կինոգիտական ժողովածուն Ապիչատպոնգ Վիրասետակունի մասին: Հրատարակչական քաղաքականությունը բավական ժողովրդավարական է. բացի ավանգարդի դասականների մասին մենագրություններից, կարելի է գրքեր հանդիպել նաև Ջո Դանթեի` «Գրեմլինների» հեղինակի մասին: 

Գերմանական սինեմատեկը` Կինոյի թանգարանը (Deutsche Kinemathek — Museum für Film und Fernsehen)

Գերմանիայի գլխավոր կինոարխիվը` հիմնադրված 1963 թ., նախ և առաջ զբաղվում է ֆոնդերի պահպանմամբ, արխիվացմամբ ու համալրմամբ: Այստեղ պահպանվում է 13 հազար ֆիլմ: Արխիվի հպարտություններից է Մառլեն Դիտրիխի ժառանգությունը: Թանգարանն ունի մշտական ցուցադրություն` նվիրված գերմանական կինոյի պատմությանը: Այստեղ կարելի է տեսնել «Դոկտոր Կալիգարիի կաբինետը», «Մետրոպոլիս» և այլ կարևոր կինոնկարների զգեստներ, էսքիզներ ու արխիվային նյութեր: Ամեն տարի հատուկ Բեռլինի փառատոնի համար այստեղ պատրաստում են մասշտաբային հետահայաց: Այսպես, հաջորդ տարվա համար ծրագրված է «Ստվերի գեղագիտությունը» ծրագիրը` նվիրված լույսի հետ XX դարի առաջին կեսի ռեժիսորների  աշխատանքի ուսումնասիրությանը: Կինոյի թանգարանը սեփական ցուցադրումներ չի կազմակերպում, բայց գտնվում է այսպես կոչված Կինոյի տանը (Filmhaus), որը միավորում է Բեռլինի կինոդպրոցը DFFB (Deutsche Film- und Fernsehakademie Berlin) և «Արսենալը», որը հենց երկու կինոդահլիճ ունի և ամենօրյա ռեժիմով ցուցադրում է դասական կինո, սակայն անմիջականորեն կապված չէ սինեմատեկի հետ, նրանից անկախ ժապավենների իր հավաքածուն ունի: