Ներկայացված է հայտնի կինոփառատոների ցանկը, որոնց մասնակցել կարող են ոչ միայն հայտնի կինոռեժիսորներ, այլև նրանք, ովքեր դեռ նոր են սկսում կինո նկարել: Ինչ է դրա համար անհրաժեշտ և ինչով են բնութագրական յուրաքանչյուրն այդ փառատոներից:

Կինոփառատոների ընդունված բաժանումը դասերի վաղուց բավականին պայմանական է դարձել, թեպետև մինչ օրս դեռ պահպանվում է պրոֆեսիոնալների միջավայրում: Առավել հեղինակավոր (Ա դասի) փառատոներ են համարվում հետևյալ չափանիշներին համապատասխանողները՝ միջազգային ձևաչափը, ամենամյա անցկացումը, ցուցադրվող ֆիլմերի պրեմիերականությունը, միջազգային ժյուրին և պետական աջակցությունը: Այս պայմանները ապահովում են 1933 թվականին կազմավորված Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային դաշնության (FIAPF) լիազորագրի հանձնումը:

Այդ հեղինակավոր ցուցակի մեջ մտնում են ընդհանուր առմամբ 51 փառատոն, որոնց թվում՝ մրցութային և ոչ մրցութային, խաղարկային և ոչ խաղարկային, ինչպես նաև մասնագիտացված փառատոներ: Սակայն, հայտնի փառատոների մեր ցուցակում կան և չլիազորագրված, բայց ուշադրության արժանիներ ևս:

Պետք չէ մոռանալ, որ «գլխավորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը» արտահայտությունը կինոփառատոների համատեքստում ձեռք է բերում առանձնակի հրատապություն: Չէ որ այդ շարժման էությունը ոչ թե մրցավազքն է մրցանակների ետևից (որոնք նվաճելու ցանկությունը, անշուշտ, ոչ ոք չի չեղարկել), այլ ֆիլմը պատշաճ ներկայացնելու, պրոդյուսերների տեսադաշտում հայտնվելու, տարաբնույթ աջակցություն ստանալու, կինոշուկային, լաբորատորիաներին և ոչ հիմնական մրցույթներին մասնակցելու, մի խոսքով՝ նկատված լինելու հնարավորությունը:

Ռոտերդամի փառատոն

Անցկացման ժամանակը՝ հունվար-փետրվար

Համաշխարհային մակարդակի եվրոպական փառատոների մեջ Ռոտերդամի փառատոնը, որն առաջին անգամ անցկացվեց 1972 թվականին, շահեկանորեն առանձնանում է իր ուղղվածությամբ՝ աջակցություն այլընտրանքային նախագծերին և ոչ կոմերցիոն կինոյին՝ Արևելյան Ասիայի և զարգացող երկրների ֆիլմերի վրա առանձին սևեռմամբ:

Ծրագրերի անվանումներն իրենք են խոսում իրենց մասին՝ Bright Future, Signals, Spectrum, Limeligh, որոնց շրջանակներում ավանդաբար ներկայացվում են լիամետրաժ, վավերագրական, փորձարարական, կարճամետրաժ ֆիլմեր, ներկայացվող պահանջներին համապատասխանող իննովացիոն տեսաարտադրանք ողջ աշխարհից՝

* աշխատանքները պետք է ավարտված լինեն փառատոնն սկսվելուց մեկ տարուց ոչ ավելի ուշ,

* ֆիլմերը, որոնք ավելի վաղ ցուցադրվել են Նիդերլանդներում, ինչպես նաև որոնք ավելի վաղ ներկայացվել են մասնակցության այս փառատոնում, չեն ընդունվում քննարկման:

Ակնհայտ մինուսներից՝ ուսանողական ֆիլմերը (բացառությամբ ետդիպլոմային աշխատանքների) չեն ընդունվում, ըստ որում լիամետրաժ դեբյուտային աշխատանքները, որոնց միջազգային պրեմիերաները կայացել են փառատոնում, հայտնվում են Bright Future կատեգորիայում:

Հետաքրքրական պարգևներից է հանդիսատեսի համակրանքի մրցանակը, որի դափնեկիրը Նիդերլանդների տարածքում իր ֆիլմի կոմերցիոն վարձույթի հնարավորություն է ստանում:

Ծրագրում նաև CineMart կինոշուկան է, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, ինստալյացիաներ և ժամանակակից կինոինդուստրիայի այլ իրադարձություններ, որտեղ կարելի է աջակցություն ստանալ արտադրության մեջ գտնվող նախագծի համար:

(շարունակելի)