Սպիտակազգեստ ասպետը, որը երազում էր ֆիլմեր նկարահանել
․․1979 թվականն էր: «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի գրականության և արվեստի բաժնի աշխատասենյակի դուռը բացեց սպիտակ հագուստով, բարետես, լուսավոր ժպիտով մի երիտասարդ: Բարևեց, ասաց, որ շատ է ուզում թղթակցել ամսագրին: Մոտենում էր Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան օրը: Հանձնարարեցի այդ առթիվ զրուցել դերասանուհու հետ: Հարցազրույցը փոքրիկ կրճատումներով տպագրվեց ամսագրում: Արարատցի ժպտադեմ երիտասարդը դարձավ մեր լավագույն թղթակիցներից մեկը: Տարիներ անց, երբ նա արդեն ՀՀ պաշտպանության նախարար էր, նախարարության տարածքում հանդիպելիս այն օրերի անմիջականությամբ բարևելու փոխարեն ասում էր՝ «ջնջածներդ դեռ պահում եմ… »։ Ութսունականների սկզբին մեր սպիտակազգեստ ասպետը, այդպես էինք խմբագրությունում կոչում նրան, երազում էր Մոսկվա մեկնելու, կինեմատոգրաֆիայի ինստիտուտում սովորելու մասին: Երազում էր ֆիլմեր նկարահանել: Սակայն նրա՝ ֆիլմեր նկարահանելու երազանք-ձգտումը այլ՝ Արցախյան ազատամարտի նվիրյալ մարտիկի ու զորապետի՝ փուշ-տատասկոտ, խորդուբորդ ճամփեքով պիտի անցներ: Մարտական ընկերներ կորցրեց, ու նրանց կորստյան վշտից ջերմ ժպիտը թախծով պատվեց:
Լրագրող, արձակագիր Ասպրամ Ծառուկյանի հուշերից
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող չիրականացված սցենարները նայելիս պատահաբար տեսա նաև գրող Վազգեն Սարգսյանի (ՀՀ պաշտպանության նախարար) գրական երկու սցենարների հայտերը։ Դրանցից մեկը թերի է տպագրության համար (ոչ ամբողջական), իսկ մյուսը՝ «Կճղակների տակ» սցենարի հայտն ամբողջական է։ Այն բաղկացած է 9 մեքենագիր էջից և պահպանվում է արխիվի չիրականցված սցենարների ֆոնդում։
«Կինոաշխարհը» իր ընթերցողներին է ներկայացնում Վազգեն Սարգսյանի «Կճղակների տակ» գրական սցենարի հայտը, որը «Հայֆիլմ» կինոստուդիայից այլ նյութերի հետ միասին 90-ականներին տեղափոխվել էր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կճղակների տակ
Սցենարի հայտ
– Տղիս եմ տանում, – ասաց, – 28 տարեկան: Դագաղը էնտեղ` ներքևում է: Բանտում է մեռել: Տասնմեկ օր է ճամփեքին ենք, հիմա էլ ասում են յոթ օրից շուտ տոմս չկա…
Հայ մարդու չարքաշ էն տեսակն էր, որ աշխարհի ցանկացած անկյունում, միլիոն մարդու մեջ էլ տեսնես, կմտածես` հորեղբայրս է: Ծոցագրպանից լուսանկար հանեց. – Էս ինքն է` տղես: Երկրորդ դատվածությունն էր: Ասեցին` էստեղ էլ թաղեք, տանելը շատ դժվար կլինի… Դժվարն էն բառը չէ`Քրիստոսի չարչարանք քաշեցինք: Հիմա էլ, ըհը, ասում են մի շաբաթից շուտ տոմս չկա: Ես` ջհանդամը, էն խեղճ մերը էնտեղ սպասելով կիսամարդ դառավ…
Ապշեցուցիչը պատմելու իր ձևն էր: Այդ կերպ, թերևս, քառասուն տարվա հանգուցյալի մասին կարելի է պատմել. 42-ին, Մոզդոկի տակ, տղաս գերմանական գնդակից զոհվեց, – ու այդ դեպքում էլ , պատկերացրեք, լսողը զարմացած կմնա: Հոր դեմքի վրա ախր ոչ մի մկան չէր շարժվում, աչքերն` անհաղորդ, արճաձույլ շարվածքով բառերը դուրս էին գալիս բերանից` ծուռտիկ, իրար շալակ եղած:
– Չէ, մենակ չեմ, – ասաց, – անլեզու հալիս ես ի՞նչ հարց լուծող էի: Հարևանս էն կողմերում քանի տարի աշխատել է, հարևանիս հետս դրի. Հեն է, վերևում` ղեկավարության մոտ, տեսնենք մի բան կստացվի, թէ չէ…
Ինքն էլ, այնուամենայնիվ, տոմսարկղի առաջ էր հերթ կանգնել: Գիրք ու թերթ կարդացողների, խաչբառ լուծողների, ոտքի վրա ննջողների, խնձոր ու նարինջ ուտողների ծանր հարահոսը դեպի բաղձալի պատուհանիկ, ակնհայտորեն իր տեղը չէր: Չդիմացավ, ասաց.
– Մարդ մի հեկտար փոր անի, մի վագոն ածուխ թափի` հերթի չկանգնի:
– Որովհետև հերթը հարգել չգիտեք, չգիտես թերթում կարդաց, թե՞ իր կարծիքն հայտնեց բերետավոր մի տղամարդ:
– Երևելի բան է, հա, – նեղսրտեց մարդը: Չգիտեր, ասող էլ չեղավ, որ հերթ կոչվածը մի խուլ դիկտատոր է, որ տեղն եկած տեղը կոխած ունի ամեն բան` դեմք ու դիրք, խիղճ ու տաղանդ, պատճառ ու հետևանք և խեղճանում է միայն առ ու ծախի առաջ:
– Քիչ մնաց, – հուսադրեցին կողքերից, – մարդ են, չէ՞, կհասկանան, այսպիսի դեպքերի համար իրենք միշտ էլ պահած տոմսեր են ունենում:
– Մի անգամ մոտեցա` չտվեց, – ասաց մարդը:
– Տասնոցը դիր անձնագրիդ մեջ, տուր իրեն, – հուշեցին:
– Էդպես, հա՞, – իբր գլխի ընկավ: Վերարկուի կոճակներն արձակեց, կոստյումից ու ջեմպրից էլ անցավ ու վերնաշապիկի հեռավոր գրպանից մաշված երկու տասանոց հանեց: Հողի միջից, քարի տակից կորզված փող էր, տասը-քսան տարվա խնայողություն էր – ոչ մի կերպ չէր տեղավորվում անձնագրերի մեջ և կողքից հուշեցին.
– Էդպես չէ, այ մարդ, գաղտնի, ծածուկ, որ կողուկշտից չտեսնեն: Դու էլ, իբր, տեղյակ չես: Ինքն էլ` վերցնում է ու տեղյակ չի…
Պատուհանի առաջ մարդն այնուամենայնիվ կանգնեց դասը կարգին չսերտած երեխայի նման: Ներս մեկնեց ձեռքը և ասես գիլյոտինի տակ մեկնելու այդ վախեցած-մեղավոր կերպն արդեն բավական էր, որ իր անձնագիրը չբացեին: Տոմսավաճառ կինը հայացքը բարձրացրեց, – որ խիստ հազվադեպ էր անում, – և տակնիվեր, ակնոցի միջից, իրեն նրանից բաժանող բոլորովին այլ մթնոլորտի, պատուհանի ապակու միջից նայեց մարդուն: Եվ իրենք այնքան էին տարբեր, այնքան էին միմյանցից հեռու, մի կողմը մյուսից այս պահին այնպիսի կախման մեջ էր, որ մարդու շունչ էր կտրվում:
– Ժենշինա, – լեզուն կոտրելով դիմեց հայրը և, երևի ուզում էր ժպտալ` չստացվեց, դեմքը ծամածռվեց աղերսալի, – սին վոտ ումեր… վնիզու, պանիմայեշ… մատ ժդյոտ… դվա բիլետա…
– Գրաժդանին, – այդպես տանտերն է նայում անփող տնվորին, պարտատերն է դիմում հարյուր տարվա իր պարտապանին, – ռուսկիմ յազիկոմ վամ օբյասնիլի, չտո դո սեմնադցատոգո չիսլա նա Երևան նի օդնոգո բիլետա նետու, պանիմայետե՞, նե-տու:
– Դա, – քրթմնջաց մարդը, – նո…: – Ու թեթևակի բացելով` այնպես, որ տասնոցի կարմիր ծայրը երևա, ավելի առաջ մեկնեց անձնագրերը: Քրտինքի կաթիլները ծանրանում էին թավ հոնքերի վրա, ուր որ է կաթել կեղտոտելու էին պատուհանագոգը և տոմսավաճառը վարդագույն դիմակի տակ չկարողացավ թաքցնել դեմքի ծամածռումը:
– Վսյո,- ասաց,- սլեդույուշչի:
Նրբորեն մարդուն մի կողմ քշեցին պատուհանի մոտից: Կատարվածից բան չեր հասկացել:
– Երևի փողը չտեսավ, հը՞, – հարցրեց:
– Դիմեք հերթապահ ադմինիստրատորին, – խորհուրդ տվեցին:
– Է, արդեն դիմել ենք, – ավելի մոլորվեց մարդը, նա էլ ասում է դիմեք գլխավոր ադմինիստրատորին, գլխավորն էլ ասում է` դիմեք աէրոպորտի նաչալնիկին…
Ուսները թոթովեցին. մեր իմացած – կարեցածն, իբր, այդքանն էր, մենք էլ` քեզ նման: Մորուքավոր, ջղային մի երիտասարդ այնուամենայնիվ ընդվզեց` «նման աշխատաոճի ու անտարբերության» դեմ: Առջևում կանգնողները նեղսրտեցին. – Թող տեսնենք ինչ ենք անում, այ ընկեր, առանց այն էլ թթված է, տեսնում ես: Ընդմիջման ժամն էլ մոտենում է:
– Անկիրք ու տհաճ մի վեճ սկսվեց: Պարզվեց, որ միևնույն հերթի մեջ էին աշխարհի ամենազբաղված մարդիկ, «ոչ ոք իր հաճույքի համար այստեղ չի կանգնելու»: «Վաղը» մեկի հարսանիքն էր, մյուսը թղթակից էր ու խմբագրություն պիտի հասցներ «պետական նշանակության նորությունները», երրորդը շտապում էր հիվանդ հորաքրոջ «վերջին շնչին», չորրորդը… Կրքերը բորբոքվեցին, երբ տոմսավաճառը հիշեցրեց, որ հինգ րոպեից ընդմիջում է, և «էս ճամփեքի վրա էփված-թրծված» մեկը բացատրեց, թե` «ընդմիջումից` այսինք կեսգիշերից հետո տոմսի արժեքը, հասկանում եք, չէ՞, թանկանում է»: Իրարանցում սկսվեց: Հարահոսը տոմսարկղի առաջ փոր տվեց- ուռճացավ: Սեռի ու տարիքի նախնական հասկացությունները պահի մեջ կուլ գնացին չուշանալու, ոչ մեկից ու ոչ մի դեպքում ետ չընկնելու ժամանակի բնազդին: Հզոր կոնքերի, կոփված ուսերի ու երկար ձեռքերի հաղթարշավ էր: Տոմսավաճառը երանի էր տալիս այն օրվան, երբ կպրծներ այս «կաշայից»: Սուտ երանի էր: Իր մատանու ադամանդյա քարերը խնդում- աչքով էին անում տիրուհու ստի ու ամբոխի խելակորույս իրարացման վրա:
Մորուքավոր ջղայինը մի կերպ դուրս պրծավ ամեն կողմից սեղմվող շրջապտույտի միջից: – Տնաշեններ, էնպես էք խառնվել, ասես աշխարհի վերջն է:
Աշխարհի վերջն էր ու մի բան էլ դենը: Այլապես սրտապատառ ու՞ր էին շտապում պայթող ճամպրուկներով այս մարդիկ` եթե ոչ այլ մոլորակներ: Մեծ ոտք ունեցողներին օդանավակայանում կանգնելու տեղ արդեն չկար, իսկ մարդիկ դեռ գալիս ու գալիս էին: Պատուհանների գոգերն ու աստիճանահարթակների խորշերը լեփ լեցուն էին մարդկանցով: Մայրը 4-5 տարեկան երեխային ամուր կապել էր նստարանի թիկնակին, որ ամբոխի մեջ չկորչի, ոտնատակ չլինի ու ինքը կանգնել, ծնկերն էր դողացնում զուգարանի հերթում: Ռադիոն, խնդրեմ, հայտարարում էր, որ 6 տարեկան Անդրեյը կորցրել է ծնողներին: Իրենց հարյուրգրամանոց ծառայությունները վաճառքի հանած հարբեցողների սխտորաալկոհոլաբույր վտառիկները դեգերում ու ձվադրման տեղ չէին գտնում: Շնչելու օդ չկար: Գաղջ մթնոլորտն ինքը խեղդվում էր տագնապի ու քրտնքահոտի մեջ: Իսկ ինքնաթիռները քիչ են: Եղածներն էլ, անտեր մնա, սկզբում կարևորներին ու ճարպիկներին են տանում` խեղճերին թողնում են վերջում… Բա որ չհասցնեն… Խեղճերի օրը կտրվի, ո՞վ կուզի էս թոհուբոհի մեջ խեղճ մնալ: Ուրեմն հուպ տուր, առաջ, ոչ մի բանի առաջ կանգ չառնես: Էս աշխարհը առնող- տանողինն է. ով առավ`առավ, ով թռավ` թռավ, ով մնաց` մնաաաց…
Սոդոմ-գոմորային իրարանցման ու աղմուկի մեջ, ձեռքերը հնամաշ վերարկուի գրպաններն առած, հայրը կանգնած էր միայնակ, հերթերից, երթերից օտարված: Որդին «Էնտեղ, ներքևում է` ցինկե դագաղի մեջ», աշխարհի մյուս ծայրում կինը սպասելով «կիսամարդ դառավ»: Ինքը արդեն 11 օր է ճամփեքին է, մի տեսակ… կարծես ցավ էլ չի մնացել մեջը. թողեց ճամփեքին: Ամբողջ մտածմունքն այն է, որ շուտ տուն հասնի մորը հանձնի որդու դիակը, հետո ինչ ուզում է, թող լինի: Հիմա ինչ որ բան հարկավոր է ձեռնարկել, հասկանում է, բայց` ի՞նչ… Պապիրոսը կպցրեց – միլիցիոները որտեղից-որտեղ եկավ կանգնեց գլխին: Ուսադիրներով ու գերբավոր գլխարկով միլիցիոները հենց նա էր, ով իրեն պետ էր, Աստված էր ուղարկել: Տուգանքը հոժարակամ մուծեց («մարդու հետ որ տալ-առնել ես ունենում, հետը լեզու գտնելը հեշտանում է»), կտրոնից հրաժարվեց ու … ծոցագրպանից հանեց որդու լուսանկարը…
Հետո մի օդաչուի բռնացրեց: Օդաչու էլ չէր` կուրսանտ էր, որ ներողություն խնդրելով, կարմրել-քրտնելով մի կերպ գլուխը պրծացրեց փախավ:
Իրեն զննող հայացք բռնած հայրը մոտեցավ մորուքավորին: – Լավ, բա ես հիմի ո՞նց անեմ:
– Հրապարակներում դու վշտի առևտուր մի արա, – փիլիսոփայեց մորուքավորը, – վիշտ մի տուր ու կարեկցանք մի ակնկալիր: Էս ժողովուրդը քո ուզած ապրանքից չունի, սնանկ է:
– Ես քեզ ասում եմ` բարև, ընկեր Համո, դու ասում ես` մայկա-տրուսիկը «Դինամոյի» խանութից առա, – նեղսրտեց մարդը: – Այ բալա, ինձի իմ փողով ընդամենը երկու տոմս է հարկավոր, ցավս առնեմ, գնամ իմ յուղի մեջ տապակվեմ:
Ճշմարտությունն այնքան պարզ ու անողոք բարբառվեց, որ մորուքավորն ամաչեց, զզվեց իր քարոզչականությունից: – Գնանք, հայրիկ, – ասաց, գնանք մի-մի հատ ծխենք:
Ծխարանի առաջ նույնպես սարսափազդու հերթ էր: Ստիպված, դիմելով կենտրոնաձիգ շրջապտույտը ճեղքելու փորձությանը, շունչները տեղը բերին օդանավակայանի դռներից դուրս:
– Ասացին` հիվանդացավ, մեռավ: Եսիմ, հիվանդացա՞վ, թե՞ հիվանդացրին… Մի քանի ամիս առաջ էլ հացադուլ էր հայտարարել` ինչի՞ համար` չիմացանք: – Հոր ձայնի մեջ դարձյալ ոչ մի հնչերանգ չփոխվեց: Ձայնն ասես քարանձավի խորքից էր գալիս: Հետո դեմ առավ կոշտ ու ցցուն ինչ-որ բանի, հառաչանք լսվեց ու շարունակվեց բառերի ծանր քայլափոխը. – Հերդ որ ճարպիկ մարդ ըլներ, թիկունքին տեր ունենար, բալա ջան, հենց էն առաջին անգամ բերանները կփակեր ու քեզ բանտերը չէր գցի ու դու էսօր կենդանի կլնեիր… Դիակն էլ չէին ուզում տալ, մինչև բերանները մի բան չգցեցի, բան դուրս չեկավ: Պակաս-պռատն էլ ճամփեքին լրացրին… Ու մեկը չկա էս բաների մասին գրի, աշխարհով մեկ աղաղակի… Լռելով, ներս գցելով ախր ժանգոտում – թունավորվում ենք: Հիմի, ես չեմ հասկանում…
Օդի գաղջ ալիքի հետ «պետական նշանակության» թղթակիցը հայտնվել է դռների մեջ և հոգու պարտքն համարեց օգնել խեղճին. – Այսպես ուրեմն հայրիկ, առնում ես ցանկացած օրվա տոմս ու թռիչքից առաջ մոտենում հաշվառման բաժանմունքին, – թարգմանեց մորուքավորը: Հաշվառողին, հասկանալի է, մի բան տալիս ես` տեղնուտեղը տոմսդ ձևակերպում է տվյալ չվերթի վրա: Ամենալավ միջոցն է, ասեմ քեզ:
– Էդպես, հա՞, – իբր գլխի ընկավ մարդը: – Ի՞նքդ էլ ես էդպես անելու:
– Չէ, դեպուտատականից իրեն մի տոմս հատկացրել են: Դե, իր գործը ուրիշ է` չէպէ:
Ցուրտը «կտրում» էր: Ներս մտան: Հոր ուղեկից-հարևանը տոմսարկղի առաջ դիվոտել – սպասում էր:
-Այ մարդ, – վրա տվեց, ուրիշը քո փոխարեն աշխարհ շուռ կտար, բերան կճղեր – հույսդ ինչի՞ վրա է… Պատերազմի մասնակցի գրքույկդ ո՞ւր է:
-Ի՞նչ են ասում, անշտապ հարցրեց հայրը:
– Ի՞նչ էին ասելու, – բորբոքվեց ուղեկիցը: – Դագաղն ասում են ուզում եք հենց հիմա ուղարկենք, դուք հետո կգնաք, երբ հնարավոր լինի: Հո չի՞ կորի, ասում են այրոպորտներում էլ հատուկ տեղ կա` կպահեն, չի փչանա, մինչև դուք կհասնեք:
– Էստեղ ասում էին առեք ցանկացած օրվա տոմսը, հետո, թռիչքից առաջ մոտեցեք հաշվառողներին…, փորձեց իր իմացածն ասել հայրը, բայց ուղեկիցը «ամեն տեսակ դատարկ բաների հետ գլուխ չուներ», ձեռքից բռնեց ու երեխայի նման քարշ-քարշ տալով տարավ նրան: Երեխայի նման քայլերը խառնեց, լավ էր գոնե չընկավ` գլդիգլոր գնաց ուղեկցի ետևից…
Ռադիոն հայտարարում էր, որ ութերորդ բաժանմունքում սկսվում է 903 չվերթի ինքնաթիռի ուղևորների հաշվառումն ու իրերի ընդունումը. նո.4 տոմսարկղի տոմսավաճառը իր արկղի դռնակը ետևից, պատուհանիկը առջևից փակել և մեջն ամփոփված սերուցք ու թթու վարունգ էր ուտում առանց հացի, իհարկե առանց հացի, կազմվածքը հարկավոր էր պահպանել, դեռ պետք էր գալու. հարահոսը տոմսարկղի առաջ կանգ էր առել, հիանում էր իր «աստվածուհու» ախորժակով, ակնածալի լռություն էր: Պետքարանի հերթում մինչդեռ, մեծ աղմուկ էր. երեխան նստարանին կապած, կինը, որ ընդհուպ մոտեցել էր երանելի դռանը, հանկարծ որոշել էր հերթից դուրս, հասկանում եք…, որ խստիվ արգելվում է: – Էդ ո՞ր իրավունքով, – ճղճղում էին կողքերից, – պատերազմի հաշմանդա՞մ եք, ի՞նչ եք, ընտրյա՞լ եք: Մենք էլ ձեզ նման: Թռչնակիս տեսեք…
– Համեցեք մեզ մոտ, – կանչեց ապուշի մեկը տղամարդկանց համապատասխան հերթից, – մենք ժլատ չենք:
Կինը լացակումեց ու շրջվելով մխրճվեց ամբոխի մեջ:
– Գնաց բողոքելու, – որոշեցի տղամարդկանց հերթից:
– Որտեղ ուզում է թող բողոքի, – վճռեցին կնանիք: – Թող միլիցիոներ կարգեն` հերթը կարգավորի: Մեռնեմ օրենքին:
Իսկ իրենց երամը լքած «թռչնակը» հուսահատության մղումով բարձրացել ու ավելի բարձր ատյանների դռներին էր զարկվում: Դեպուտատական սրահի փակ դուռը ներսից բացվեց և կանացի ժպիտով, փափուկ մի տղամարդ համապատասխան վկայական պահանջեց: Կինը հակվեց դեպի տղամարդ ու ինչ-որ շշնջաց ականջին: Այո, այո, իհարկե կա, – բարձրաձայն փափուկը, – ձեր վկայականը, խնդրում եմ: – Ես վկայական չունեմ,- կինը լացակումեց.- Բայց այս պահին ինձ շատ է հարկավոր, հասկանում եք: – Ոչնչով չեմ կարող օգտակար լինել, սառցաձայն «կառեկցեց» փափուկը և ուզում էր դուռը ծածկել, բայց կինը երկու ձեռքով կառչեց բռնակից: Սա արդեն այն պահն էր, երբ ամոթ ու արժանապատվություն կոչվող նուրբ ու վեհ զգացումները գրոշի արժեք են ստանում և դադարում ես քեզ մարդ զգալ:
– Ես ստիպված կլինեմ միլիցիոներ կանչել, -սպառնաց դռնապահը` աչք ածելով դեպի ներս, ուր մտահոգ դեպուտատները ճեմում էին լույսի, մաքրության ու կանաչի խրախճանքի մեջ:
Դռնապահը չէ` կինն ինքն էլ չէր պատկերացնի, որ նման բան կարող է անել:
– Ընկեր դեպուտատներ, – ծղրտաց /և մի՞թե դա իր ձայնն էր/ ընկեր դեպուտատներ, ես զուգարան եմ ուզում…
Իսկ մորուքավորը լսափողն առել, փորձում էր ինչ-որ Վիկայի հարբած-դանթած հիշողությունն արթնացնել. իր բռան միջից Վիկա կոչեցյալ հավիկը տարի ու կես առաջ 4-5 գարեհատիկ է կերել ու կտուցը էս կողմ ու էն կողմ քսելով հաջորդ պահին էլ մոռացել, սա այսօր եկել, կենսագրությունն է պատմում. – Մենք միասին անկրկնելի, հեքիաթային երեք օր ենք անցկացրել, դու ինչպես կարող էիր մոռանալ… – Պիցունդայում, հիշիր, նավակի մեջ… ես քեզ ասում էի որ քո շուրթերը բալի համ ունեն… Հետո, քո ոտքը ցավում էր և մինչև պանսիոնատ, ուղիղ 3 կիլոմետր ես քեզ ձեռքերի վրա տարա: Հիշիր` ասում էիր, որ ինձ նման տղամարդ առաջին անգամ ես տեսնում… Լսիր, Վիկա, իմ կարծիքով ծիծաղելու բան չկա, ընդհակառակը` հարկավոր է լաց լինել… Ե՞ս, ես եմ շփոթում…Սիրելիս, շուրթերիդ բալահամը դեռ լեզվիս վրա է… Ծոծրակիդ վրա փոքրիկ, աննշան մի խալ կա, որը դու ինձ էիր նվիրել: Ճիշտ այդպիսի մի խալ էլ մարմնիդ վրա ունես… Դու ինձանից լավ գիտես` որ մասում… Իհարկե ճիշտ եմ… Միևնույն է չե՞ս հիշում… Ի՞նչ ճապոնական ժամացույց… Այո, այո, հենց ճապոնական խոշոր ժամացույց կապող տղան եմ…
Շռնդալով երկինք բարձրացավ 903 չվերթի ինքնաթիռը` տանելով բերետավորին, «պետական նշանակության» թղթակցին, «էս ճամփեքի վրա թրծվածին»… համար չորս տոմսարկղի տոմսավաճառը իր սուրճը ծխախոտով խմեց ու բացելով արկղիկի դուռ-լուսամուտը, վերսկսեց իր բեղուն աշխատանքը: Հերթը տոմսարկղի առաջ նորեն իր տարերքի մեջ մտավ, նորանոր բերետավորներ ու թրծվածներ թռչել-մնալու պայքարը թեժացրին` բարձրացնելով արժեքը: «Առաջիկա յոթ օրերի համար ոչ մի ազատ տեղ չկա», այո, բայց` նայած ում համար չկա… Հայրն ու իր ուղեկիցը չէին երեվում և մորուքավորը մտածեց` «Փառք Աստծո, մարդկանց մեջ դեռ կարեկցանք կա, Փառք Աստծո»:
– … Ինչևէ, – հառաչեց լսափողի մեջ, – սիրելի և կյանքում անմոռանալի Վիկա, թույլ տվեք չանցնեմ նամակիս բուն իմաստին և այսքանով ավարտեմ խոսքս… Այնուամենայնի՞վ… Կարճ` ուզում էի մի գիշերով քո հարկի տակ հոգնած-զզվածիս պատսպարես… Ինչպե՞ս … Իհարկե, իհարկե հյուր կունենաս, գիշերն ափսոս չէ՞, Վիկա… Իսկ եթե հյուր չունենայի՞ր, Վիկա… Այո՞… Այդ դեպքում ես սփոփված եմ…
– Տագդա յա ուտեշոն, – նրա ռուսերենը ծաղրեցին – փռտկացին հեռախոսային այս խոսակցությամբ «կայֆ բռնող» երկու դպրոցահասակ աղջիկ – տագդա օն ուտեշոն: Այնքան գեղեցիկ էին ծիծաղում շան աղջիկները…
Քիչ անց մորուքավորն ավելի «սփոփվեց»` տոմսի տեր դառավ. ապրի իրերը փաթեթավորող ամենահզոր բանվորը: Բայց տոմսը ձեռքին, արդեն հաշվառման բաժանմունքում կանգնած` էլի վստահ չէր, որ թռչելու է: Ինչ ասես, որ չէին կատարվում թռչել-մնալու զարմանալի մեխանիզմի մեծ ու փոքր ատամնանիվներում: Ասում էին, նույնիսկ տեղերից ավել տոմսեր են վաճառվել: Հարյուրերորդ անգամ մորուքավորը իր տոմսի իսկությունը ստուգեց և, երբ առժամանակ խաղաղված գլուխը, տեսավ նրան, հորը. ձեռքերը հնամաշ վերարկուի գրպաններն առած կանգնել, վիզը ծուռ նայում էր իր հերթին:
«Ինչո՞ւ եք էդքան խեղճ, էդքան անօգնական, մղկտաց մորուքավորի սիրտը: – Հորեղբայրս, հայրս, ինչո՞ւ ես էդքան մեղկ… Ձեր լեռներում ու այգիներում, ձեր աշխատանքի գլխին` իշխան ու թագավոր, էս անպտուղ հերթերում ինչո՞ւ եք էդքան խեղճանում… Դուք եք ախր երկրի աղը, կույր ինքնամատուցմամբ ինչո՞ւ եք ձեզ դնում ստերջ անասունների կճղակների տակ…»:
Կանգնած էր հայրը` հերթերից ու երթերից օտարված: Զգում էր, որ ինչ-որ բան հարկավոր է ձեռնարկել` բայց ի՞նչ… Ոչ ոք նրանով զբաղվելու ժամանակ չուներ, ամեն մարդ իր պայքարի, իր ճամպրուկների հետ էր: Շան տղերքն էլ, ասում են, ավել տոմսեր են վաճառել: Ինքնաթիռն էլ, անտեր մնա, կարևորներին ու ճարպիկներին տանում` խեղճերին թողնում է վերջում. բա որ չհասցնի՞… Խեղճերի օրն էլ կտրվի, ո՞վ կուզի էս թողուբոհի մեջ խեղճ մնալ…
– Ժողովուրդ, – համատարած աղմուկի մեջ կերկերաց հոր ձայնը: Մի քանի քայլ մոտեցավ ու ծոցագրպանից հանեց որդու լուսանկարը: – Հայրենակիցներ տղես է. 28 տարեկան բանտում է մեռել դագաղն էնտեղ է ներքևում 11 օր ճամփեքին ենք հիմա էլ ասում յոթ օրից շուտ տոմս չկա խնդրում-աղաչում եմ երկու տոմս կրկնակի արժեքը կտամ վերև Աստված ներքևը դուք իմ ձեռը բռնեք էս վիճակից դուրս գամ…
Պատրաստեց Ռ․Բագրատունյանը