Կինոռեժիսոր Սեգ Կիրակոսյանի «Մաքրագործում» պոետիկ վավերագրական ֆիլմը պատմում է մարդ-բնություն հարաբերությունների, ներդաշնակության ու հակասությունների մասին: 15-ից ավելի երկրներում շուրջ 10 տարի նկարահանված ֆիլմի գլխավոր հերոսը մարդկության հավաքական կերպարն է, իսկ գործուղությունները կատարվում են այլաբանորեն ներկայացված մարդկության զարգացման տարբեր փուլերում: Ֆիլմի հիմնական ասելիքն է՝ տեխնոլոգիական և ստեղծագործական զարգացումն օգտակար է, քանի դեռ ագահությունը գերիշխող չէ մարդկանց մեջ: Ֆիլմն ունի սցենարական հստակ գիծ. 7 հիմնական գլուխներն են՝ Արարչագործություն, Հայտնություն, Աշխատանք, Հանգիստ, Ագահություն, Անհետացում, Վերածնունդ և Մաքրագործում:

Չնայած ֆիլմում արծարծվում են խնդրահարույց թեմաներ, սակայն այն իր բնույթով ինտելեկտուալ ատրակցիոն է, քանի որ դիտողին ստիպելու է և ուրախանալ, և տխրել, և հրճվել, զմայլվել և զզվել, վախենալ, պրովոկացիայի ենթարկվել, խորհել:

Լիամետրաժ «Մաքրագործում» պոետիկ վավերագրական ֆիլմի տեսանյութերն ամբողջովին հեղինակային են՝ Սեգ Կիրակոսյանն անձամբ է դրանք նկարահանել Շվեյցարիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Ուկրաինայում, Շվեդիայում, Թուրքիայում, Մալթայում, Պորտուգալիայում, Չեխիայում, Անգլիայում, Բուլղարիայում և այլ երկրներում: Նկարահանված նյութն ամբողջությամբ վավերագրական է՝ չկան բեմադրված, տեսախցիկի համար կրկնված գործուղություններ, սակայն մոնտաժի ընթացքում կադրերը հեռանալով իրենց փաստագրականությունից ձեռք են բերել նոր իմաստ և կերպարայնություն:

Այժմ ֆիլմը հետարտադրական փուլում է. պրեմիերան նախատեսվում է 2021թ. երկրորդ կեսին: Ֆիլմի բյուջեն շուրջ 500.000 եվրո է։ Բյուջեի զգալի մասը ծախսվել է արտադրական փուլում: Մնացած հատվածի ֆինանսավորման համար նախատեսվում է դիմել կինոհիմնադրամների, գործարարների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև արվեստասեր հանրությանը: Ստեղծագործական խումբը բաց է արվեստով ոգեշնչվող ցանկացած անձի մասնակցության համար՝ կամավորական աշխատանքի, նյութատեխնիկական աջակցության և առաջիկայում կազմակերպվելիք դրամահավաքների միջոցով:

Միջազգային դիստրիբյուցիայի փորձ ունեցող պրոդյուսեր և ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը, որն ուսումնասիրել է ֆիլմի սցենարն ու նկարահանված նյութերը, համոզմունք է հայտնում, որ «Մաքրագործումը» լուրջ հայտ է հանդիսանալու հայկական կինոն ըստ արժանվույն ներկայացնելու համաշխարհային կինոյի համատեքստում. «Այս ֆիլմի մասին դեռևս շատ ենք լսելու աշխարհի տարբեր ծայրերից, քանի որ հանդիսատեսը ցանկություն է ունենալու նորից դիտել այն, նոր շերտեր բացահայտել իր համար, ինչպես նաև խորհուրդ տալ ընկերներին գնալ ու տեսնել ֆիլմը. դա է կինոյի գովազդի հին, ստուգված ու արդյունավետ ձևը»:

Կինոնկարի թրեյլերը՝


    Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ

    Ռոբերտ Մաթոսյանի անտիպ  «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գրքից  ուշագրավ պատառիկներ․․․ *** 1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը, Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց  «Երևանյան օրերի խրոնիկա»...

    , |24 Հունվար 2022,12:29