Փարիզում՝ 2019 թվականի մարտի 29-ին,  91 տարեկան հասակում վախճանվեց հռչակավոր ֆրանսիացի կինեմատոգրաֆիստուհի Անիես Վարդան: Դրանից դեռ մեկ տարի առաջ, հոբելյանի նախօրեին, ռեժիսորը Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրի դատավորներից էր, իսկ երկու տարի առաջ՝ պատրաստվում էր «Դեմքեր, գյուղեր» հերթական վավերագրության պրեմիերային,  որ նկարվել էր փողոցի նկարիչ JR-ի համահեղինակությամբ: Կինեմատոգրաֆիստուհու աշխատանքը պարգևատրվեց «Օսկարով», և այդ հաջողությունը Վարդային դարձրեց Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի ամենատարեց մրցանակակիրը: «Ես դեռ ողջ եմ, ես դեռևս հետաքրքրվում եմ: Ես մի կտոր նեխող մարմին չեմ»,- կատակում էր նա «Գարդիանի» հարցազրույցի ժամանակ:

Կինեմատոգրաֆիստուհու ռեգալիաները կարելի է շատ երկար թվարկել, բայց շատ ավելի երկար կարելի է պատմել իր ֆիլմերի մասին՝ զգացմունքային, բարդ և անսահման գեղեցիկ: Վարդայի մասին հաճախ ասում են, որ նա կռահել է հանրահայտ «ֆրանսիական նոր ալիքը», սակայն դա կիսով չափ է ճշմարիտ. Վարդան հենց այն նոր ալիքն էր, որ բարձրացավ ընդդեմ գաղջ ու ձանձրալի կոմերցիոն կինոյի:

Անիես Վարդայի ֆիլմերից․․․

«Կլեո 5-ից մինչև 7-ը» («Cleo de 5 »,1962 թ․)

«Կլեո 5-ից մինչև 7-ը» ֆիլմում Անիես Վարդան օգտագործում է դասական թատերական հնարք. մեկուկես ժամ տևողությամբ այս ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա կյանքի մեկուկես ժամանոց հատվածի մասին, որն սպասում է անալիզների արդյունքներին: Գլխավոր դերը ռեժիսորը տվել է Կորին Մարշանին՝ հազվագյուտ գեղեցկության դերասանուհու, որ կարողացել է պատկերել զգացմունքների մի ամբողջ գունապնակ՝ սեփական մահացության գիտակցությունից մինչև սիրո կարոտ: Ռեժիսորը խորհրդածում է կնոջ տեղի մասին ժամանակակից հասարակության մեջ, նրա սեքսուալության: Ֆիլմի սկզբում գլխավոր հերոսուհին հավատացնում է, որ գեղեցկությունը ամենագլխավորն է («Տգեղությունը մահվան ձև է: Քանի գեղեցիկ եմ, ես ողջ եմ…»), բայց ընդամենը մեկուկես ժամում նա հանգում է այն եզրակացության, որ դուրեկան արտաքինը դեռ բոլորը չէ (ավելի ստույգ, դա համարյա ոչինչ է): Եվ, հասկանալի է, «Կլեո 5-ից մինչև 7-ը» նկարված է Nouvelle Vague լավագույն ավանդույթներով՝ կենդանի կինոլեզու, գունագեղ մանրամասներ և լիակատար ընկղմում փարիզյան մթնոլորտի մեջ:

«Արարումներ» («Les creatures» 1966 թ․)

«Արարումներ» գեղարվեստական ֆիլմը պատմում է գրողի և իր կնոջ հարաբերությունների մասին, որոնց խաղում են Միշել Պիկկոլին և Կատրին Դենյովը: Այս կինոնկարի ժանրը միանշանակ հնարավոր չէ որոշել.  Վարդան հոգեբանական դրաման միացնում է ֆանտաստիկային, խորհրդածելով ստեղծագործության, արարման բնույթի, էության մասին: 53 տարի առաջ կինոնկարը արժանացավ քննադատների խառն վերաբերմունքին, որոնցից շատերը այս ֆիլմը համարում են անհաջող: Սակայն այսօր «Արարումները» ստանում է հույժ գովասանական արձագանքներ հայտնի քննադատներից, որոնց թվում կան անգամ ամերիկացի կինոքննադատ Ռիչարդ Բրոուդիի մեկնաբանությունները, որն իր համար թեմա է ընտրել ֆրանսիական նոր ալիքի կինոն: Իր գրախոսության մեջ The New Yorker կայքում նա հավաստիացնում է, որ Վարդայի «Արարումները» ցավալիորեն թերագնահատված ֆիլմ է:

«Առանց տանիքի, օրենքից դուրս» («Sans toit ni loi»,1985 թ․)

Անգլալեզու երկրներում այս ֆիլմը գիտեն Vagabond, հայերեն «Թափառաշրջիկը» անվանումով: Սակայն այդ բառը ամենևին չի հաղորդում ֆրանսիական անվանման խորությունը, որ նրբորեն օգտագործում է տեղական «առանց հավատի և օրենքի» ասացվածքը: Ժապավենը պատմում է Մոնա անունով աղջկա կյանքի վերջին օրերի պատմությունը, որն ստիպված է քնել վրանում, ուտել դեն նետված ուտելիք և տաքանալ խարույկի մոտ անտառում: Ժապավենի սյուժեն – անհանգրվան աղջկա թափառումներ – շատ բան է պատմում 60-ականների ազատասեր երիտասարդության բարքերի մասին, սակայն գլխավոր հերոսուհու մահը անչափ նրբորեն ակնարկում է, որ իրական աշխարհում այնպիսի հուսաբեկ, բայց ռոմանտիկ աղջիկների համար, ինչպիսին նա է, տեղ չկա: «Առանց տանիքի, օրենքից դուրս» ֆիլմը «Ոսկե առյուծ» է ստացել Վենետիկի կինոփառատոնում, իսկ գլխավոր դերակատար Սադրին Բոնները դարձավ «Սեզար» կինոմրցանակաբաշխության լավագույն դերասանուհին:

«Ջեյն Բ.-ն Անիես Վ.-ի աչքերով» («Jane B. par Agnes V.», 1988 թ․)

Անիես Վարդային միատեսակ լավ հաջողվում էին ոչ միայն գեղարվեստական, այլև վավերագրական ֆիլմերը: Ֆրանսիացի կինեմատոգրաֆիստուհու ամենահայտնի նկարներից մեկը նվիրված է Ջեյն Բիրկինի 40-ամյակին (ավելի ստույգ՝ այդ թվի հանդեպ դերասանուհու վախին): Վարդան և Բիրկինը չէ թե հրաժարվում են այդպիսի դեպքերում սովորական դասական դիմանկարից, բայց սաստիկ փոխում են այն: Ֆիլմն սկսվում է սրճարանում երկու կանանց հանդիպումից («Ես նայում եմ քեզ, այլ ոչ թե կինոխցիկին: Դա միգուցե սխալ է»,- ասում է Ջեյնը) և հետո վերաճում կես դյուժին տեսարանների, որտեղ խաղում է Բիրկինն ինքը ռեժիսորի հանձնարարությամբ: Նախկին դերեր, սյուրռեալիստական ուրվանկարներ, կենցաղի սովորական պատկերներ. թվում է, Ջեյն Բիրկինը ոչ մեկի առջև այդպես չի բացվել, ինչպես Անիես Վարդայի:

«Դեմքեր, գյուղեր» («Visages, villages», 2017 թ․)

Վարդայի հենց այն վավերագրական ֆիլմն է, որտեղ նա նկարահանվել է փողոցի գեղանկարիչ և լուսանկարիչ JR-ի հետ: Նրանք ճանապարհորդում են Ֆրանսիայի գյուղական վայրերով, ծանոթանում տարբեր մարդկանց հետ և տներին ու պատերին սոսնձում այն մարդկանց հսկայաչափ ֆոտոդիմանկարներ, որոնց հանդիպում են: Սա պարզ, բարի և կենսահաստատ ֆիլմ է, թե ինչպես ամեն իմաստով տարբեր մարդիկ ընդհանուր լեզու են գտնում: Վառ մի մանրամասն՝ նկարչի արևապաշտպան ակնոցը, որ նա, ասես կրկնելով Գոդարին, չի հանում անգամ հարյուրամյա տատիկին հյուրընկալվելիս: Թե ինչպիսին է ստացվել կինոնկարի վերջաբանը, դուք, հավանաբար, արդեն կռահեցիք. Անիեսը դեռ նման ինչեր չի արել:

Աղբյուրը

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը


Շուտով «Կորեական դելիկատես»` Համբարձում Համբարձումյանից  

Հարցազրույց գրող, «Կորեական դելիկատես» դեբյուտային ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր Համբարձում Համբարձումյանի հետ։ – Ձեր բոլոր պատմվածքները մեր ժամանակների, մեր...

, |23 Մայիս 2020,00:39