1990-ականներին հեռուստատեսությամբ ցուցադրվեց մի աղետ-ֆիլմ, որն այն ժամանակ մենք` նմանատիպ կինոյին դեռևս անսովոր հանդիսատեսներս, դիտեցինք շունչներս պահած ու սարսափով, թեև վերջինս ընկալվեց իբրև ֆանտաստիկ ժանրի կինոնկար: Խոսքը 1976թ. հիմնականում, Հռոմի «Չինեչիտա» կինոստուդիայի տաղավարներում նկարահանված «Կասանդրայի անցակետը» իտալա-բրիտանական ֆիլմի մասին է, որի պրոդյուսերը զարմանալիորեն Կարլո Պոնտին է, որ առավելապես հայտնի է որպես գեղարվեստական բարձրաժեք ֆիլմերի ստեղծմանն աջակցած ֆիլմարտադրող: Արդ, հիշեցնենք հակիրճ բովանդակությունը. Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գրասենյակ են ներխուժում երեք ահաբեկիչ, որոնցից մեկը պատահաբար կոտրում է կենսաբանական զենքի մահաբեր բակտերիաներով լեցուն արկղը` վարակելով նրանց: Երկուսը սպանվում են անվտանգության աշխատակիցների կողմից, իսկ երրորդը, որոշ խոչընդոտներ հաղթահարելով, փախչում է և նստում Ժնևից Ստոկհոլմ մեկնող գնացքը… Նա վարակված է հատուկ տեսակի պնևմոնիայով, որ գիտնականների «շնորհքով» է ի հայտ եկել և հարուցում է թոքի ժանտախտ: Շարունակությունն այսօրվա հանդիսատեսի համար արդեն դժվար չէ գուշակել. քանի որ փախուստի դիմած հիվանդը, ըստ ֆիլմի, կարող է վարակել գնացքի ուղևորներին (ինչը և տեղի է ունենում), բնականաբար, նրանք բոլորը դառնում են վտանգավոր մնացյալ մարդկության համար…

Եվ ահա բոլոր կայարաններում հայտնվում են պաշտպանողական, վարակի համար անթափանց արտահագուստով մարդիկ, որոնց հրամայված է կրակել գնացքից իջնող ցանկացած ուղևորի վրա: Աշխարհի մարդկության փրկության մասին հոգացող ամերիկյան բանակի գնդապետը` Բերտ Լանկաստերի, ինչպես միշտ, տպավորիչ դերակատարմամբ, ամենայն լրջությամբ ստանձնում է ողջ պատասխանատվությունը և կարգադրում, որ գնացքը պետք է շարժվի դեպի Լեհաստանի տարածքում գտնվող նախկին նացիստական համակենտրոնացման ճամբար, որտեղ և ուղևորները կպահվեն կարանտինի մեջ…

Սակայն այդտեղ հասնելու համար գնացքը պետք է սլանա Կասանդրայի անցակետով, իսկ այդ խարխուլ կամուրջը չի շահագործվել Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր: Հասկանալի է, որ մարդկանց գիտակցաբար ուղարկում են մահվան դուռը, որպեսզի մնացած մարդկությանը ռիսկի չենթարկեն… Նշենք, որ գնացքում «հավաքված են» այն ժամանակի այնպիսի անվանի դերասաններ, ինչպիսիք են Ռիչարդ Հարիսը, Սոֆի Լորենը, Ավա Գարդները, Ինգրիդ Թուլինը և շատ ուրիշներ:

Հարկ է առանձնացնել ԱՄՆ-ում Ստանիսլավսկու սիստեմը ներմուծած և ադապտացրած Լի Ստրասբերգին, որ եզակի դեպքերում, մեկ կամ երկու անգամ է կինոյում հանդես եկել: Վերջինս խաղում է Հոլոքոստը վերապրած ծեր հրեայի` Կապլանի դերը, որը սարսափում է այն մտքից, որ ինքը նորից պետք է այդ «Տարտարոսում» հայտնվի: Սյուժեն ավելի մանրամասնելու խնդիր չունենք, քանի որ մերօրյա համատեքստում միանգամայն հասկանալի է սույն ֆիլմի հիշեցման նպատակը: Սակայն նախորդ դարի 70-ականներին նկարված այս և, հատկապես, վերջին տարիներին հայտնված շատ ուրիշ ֆիլմեր իրոք մտորումների տեղիք են տալիս և դրդում զուգահեռներ տանել: Եկեք խորհենք, թե ինչո՞ւ են այս տեսակ ֆիլմեր նկարահանվում, առհասարակ: Միայն ահռելի շահույթի՞ համար: Ինչո՞վ է պայմանավորված դրանց` գիտական-սարսափ ֆիլմերի գոյությունը, որոնք միտված են կրճատելու ֆանտաստիկայի` երևակայականի և իրականի միջև առկա հեռավորությունը:

Ամեն դեպքում, հանուն արդարության և ի պատիվ այն ժամանակի ամերիկյան քննադատների, պետք է նշել, որ Ջորջ Պան Կոսմատոսի այս կինոնկարը հայտնվելուն պես անողոք վատ ընդունելության է արժանացել: Այսպես, «Նյու Յորք Թայմսն» այն անվանել է «խորապես հիմար, վիրավորականի չափ հիմար ֆիլմ», «Վրայեթի»-ն այն բնութագրել է` «հոգնած, ծիծաղելի, ակամա ծիծաղելի աղետ-ֆիլմ», «Չիկագո Տրիբունն» այն որակել է իբրև «աղետ-ֆիլմի ակամա պարոդիա, իսկ գնացքի ուղևորներին պատուհասած աղետները` պարզապես ծիծաղելի»…

Նշենք, որ ֆիլմը նկարվել է տակավին մեծ կինոյի դարում, երբ դեռ ստեղծագործում էին կինոյի աշխարհի տիտանները, և դեռևս գործում էին արվեստի և մարդկայինի չափանիշները: Գուցե դրանով էլ պայմանավորված է եղել քննադատների գնահատականը: Կամ գուցե այն ժամանակ նման սյուժեն իր անհավանականության աստիճանի գերֆանտաստիկ թվալու պատճառով էր ծիծաղելի կամ հիմար թվում: Ո՞վ գիտի: Համենայն դեպս, կարող ենք ասել, որ նմանատիպ բովանդակության ֆիլմերը, որոնք վերջին տարիներին հեղեղել են էկրանները, այսօր արդեն հազիվ թե ծիծաղ առաջ բերեն, քանի որ, եթե անգամ անհեթեթ ու հիմար են` բովանդակությամբ, ապա, ցավոք, ոչ ավելի հիմար և անհեթեթ, քան դարձել է ասես այդ տեսակ կինոյից ծնունդ առած իրականությունը: Իսկ եթե հեգնանքը դնենք մի կողմ և ավելի լուրջ խոսենք, ապա տարիներ առաջ ոմանք արդեն նկատել էին, որ կինոն «իրականության ինտերպրետացիա է», և հաճախ է նկարվածը նյութականանում, ինչպես որ գրի առնված տեսքտն է իրականանում և այլն, և այլն:  

Այսպես, 1995-ին նկարվեց «Համաճարակ» (ռեժ.` Վոլֆգանգ Պետերսոն) գիտական սարսափ-ֆիլմը, որը ռուսական վարձույթում է այդ վերնագրով հայտնվել: Անգլերեն բնագրին ավելի համապատասխանում է «Բռնկումը», որը սակայն, ըստ էության, միևնույն է, համաճարակի բռնկմանն է վերաբերում:  Գլխավոր դերերում հանդես են եկել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Դասթին  Հոֆմանը և Մորգան Ֆրիմենը: Առաջին հայացքից առաքինի կարող են թվալ տենդի կասեցման ուղղությամբ գործող վիրուսոլոգների և զինվորականների գործողությունները, հետևաբար, ֆիլմն իր բովանդակությամբ: Ամեն ինչ արվում է հանուն մարդկության փրկության: Այդ ֆոնին, ֆիլմը ստեղծողներն էլ են ազնիվ և առաքինի ներկայանում: Սակայն ինչի՞ հետ են նրանք խաղում և հանուն ինչի: Պարզապես անմեղ երևակայության խա՞ղ են բոլոր այս ֆիլմերը, որ հետո նյութականանում են, թե՞ գիտասարսափի այդ ամբողջ ինդուստրիան որոշակի նպատակ է հետապնդում արդեն տասնամյակներ շարունակ` մշակել և ձևավորել մարդկանց գիտակցությունը, ասես, հող նախապատրաստելով գալիքի իրադարձությունների համար:

Հիմա նշենք ևս մեկը ֆիլմ-աղետների օվկիանոսից, որը թերևս ամենամոտիկն է թվում մերօրյա իրադարձություններին` հատկապես, բովանդակությամբ. 2011-ին Վենետիկի փառատոնում առաջին անգամ ցուցադրված «Վարակում» ֆիլմ-աղետը, որն արժանացել է քննադատների զուսպ, բայց այնուամենայնիվ, գովեստին: Մտաբերելով, թե ինչպիսի՛ ֆիլմեր էր մինչ այդ նկարել Սթիվեն Սոդերբերգը, որ ինքն իր մասին սիրում էր ասել` «Ես միշտ մի ոտքով կանգնած եմ եղել եվրոպական կինոյում», ապշել կարելի է… Նա՞ էլ ցանկացավ «խիստ արդիական» լինել: Իսկ ինչո՞ւ` ոչ, կասեք դուք: Մանավանդ որ, այս տեսակ թեմաներն ուղղակի պտտեցնում են հանդիսականների գլուխը` աստղաբաշխական եկամուտներ բերելով դրանք հմտորեն արծարծողներին (ԱՄՆ-ում` հենց առաջին շաբաթում միայն շահույթը կազմել է 22 մլն. դոլար, իսկ առհասարակ ամբողջ շահույթը` 135 մլն. դոլար): Եվ այդուհանդերձ, մենք հիմա ասես ապրում ենք իրենց` այդ հմուտ բեմադրիչների ստեղծած վիրտուալ աշխարհում: Իսկ ո՞ւր մնաց  իրական աշխարհը: Եվ ո՞ւր մնացին այն` չափանիշներ ունեցող քննադատները:

Սիրանույշ Գալստյան