Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները չեն բացառում, որ այն կարող է չեղարկվել: Այս մասին գրում է Varieti-ն։ Կաննի կինոփառատոնի ղեկավարությունը  հայտարարություն է տարածել, ըստ որի,  իրենք հետևում և ճշգրտորեն իրականացնում են Ֆրանսիայի կառավարության կողմից ձեռնարկված կորոնավիրուսի կանխարգելման  միջոցառումները։ Չնայած փառատոնը չեղարկելու որոշումը դեռ չի կայացվել, և դեռ հայտնի չէ ՝ կկայացվի թե ոչ, այդուհանդերձ, փառատոնի կազմակերպիչները հույս են հայտնում, որ ամեն ինչ լավ կլինի։

«Մենք համագործակցում ենք Կաննի քաղաքապետարանի և Ֆրանսիային ազգային կինոկենտրոնի հետ,  որպեսզի փառատոնը կայանա և կայանա  հնարավորինս լավ պայմաններում», – նշված է հայտարարության մեջ։

Կինոփառատոնի նախագահ Պյեր Լեսկյուրն ասել է, որ իրենք լավատեսորեն են տրամադրված, սակայն նման որոշում կկայացվի, եթե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը չբարելավվի:«Հույս ունենք, որ մինչև մարտի վերջ էպիդեմիան ավարտին կմոտենա, և մենք մի փոքր ազատ շունչ կքաշենք: Ուշադիր հետևում ենք դեպքերի զարգացմանը, և եթե իրավիճակը դեպի լավը չգնա, կչեղարկենք կինոփառատոնը»,- ասել է նա:

Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն հինգշաբթի օրը ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է, որ ինքն ու իր թիմը շարունակում են փառատոնի   նախապատրաստական աշխատանքները այն հույսով, որ մինչև մայիսի կեսը համաճարակը կնահանջի:

Հ․Գ․Այս շրջանում ֆիլմերն ընտրող հանձնաժողովը շարունակում է դիտել ներկայացված ֆիլմերը: Հավակնորդների  ցանկը կհայտարարվի ապրիլի 16-ին նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ: Կաննի 73-րդ կինոփառատոնը 2020 թվականին նախատեսված է մայիսի 12-23-ը։