Կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնը (մայիսի 12-23-ը) հետաձգվում է մինչև հունիսի վերջը կամ հուլիսի սկիզբը։ Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը, նշելով, որ որոշումը կայացվել է մարտի 19-ի երեկոյան, այն բանից հետո, երբ համաճարակի սահմանները ընդլայնվում են օրեցօր, իսկ վարկվածների և զոհերի  թվերը աճում են ամեն ժամ։

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչների տարածած  հայտարարությունն սկսվում է համերաշխության և աջակցության խոսքերով ՝ կորոնավիրուսի բոլոր զոհերի և բոլոր նրանց, ովքեր պայքարում են հիվանդության դեմ:

«Այսօր մենք կայացրեցինք հետևյալ որոշումը. Կաննի փառատոնը չի կարողանա անցկացվել նախատեսված ժամկետներում՝ մայիսի 12-23-ը։  Քննարկվում են մի քանի հնարավորություններ, որոնցից հիմնականը փառատոնը հունիսի վերջին կամ հուլիսի սկիզբին տեղափոխելն է։ Փառատոնի անցկացման մասին վերջնական որոշումը կհրապարակվի այն դեպքում, երբ Ֆրանսիայում և աշխարհում բռնկված համաճարակի իրավիճակը դա թույլ կտա»,-ասվում է տեքստում:

Հ․Գ․Կաննի միջազգային կինոփառտոնը հետաձգվում է երկրորդ անգամ։ Կաննի առաջին փառատոնը պետք է սկսվեր 1939 թվականի սեպտեմբերի 1-ին: Ժամանակի  հոլիվուդյան աստղերն արդեն մոտենում էին  ֆրանսիական  Ռիվիերայի ափերին, երբ հայտնի դարձավ, որ սկսվել է  Երկրորդ համաշխարհային պատերազմը: Արդյունքում նրանց հաջողվեց ցուցադրել միայն մեկ ֆիլմ՝ «Փարիզի Աստվածամոր տաճարի» ամերիկյան տարբերակը: Այս անհաջող փառատոնը երկրպագուները անվանեցին  «Կվազիմոդոյի ժպիտ»: Հաջորդ փառատոնը անցկացվեց միայն 1946 թվականին:

Ռ․Բագրատունյան