ֆրանսիացի անկրկնելի դերասանուհի Ժուլիետ Բինոշն  այսօր դարձավ 56 տարեկան: Իր կարիերայի ընթացքում դերասանուհին բազում մրցանակներ է նվաճել, այդ թվում «Օսկար» և Կաննի կանացի լավագույն դերակատարման մրցանակը: Վերհիշենք դերասանուհու մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմերը, որոնք պարզապես անհրաժեշտ է դիտել յուրաքանչյուրին:

Ժամադրություն (Rendez-vous, 1985)

Ռեյտինգ /Կինոպոիսկ/IMBD – 6,9/6,7

Ռեժիսոր՝ Անդրե Տեշինե

Գլխավոր դերերում՝ Լամբեր Վիլսոն, Ժյուլիետ Բինոշ, Վադեկ Ստանչակ, Ժան-Լուի Տրենտինիան, Դոմինիկ Լավանան

Սա մելոդրամա է, առաջին հայացքից, բեմադրված է առանց յուրահատուկ պաճուճանքների, այդուհանդերձ իրենից ներկայացնում է մի դրամատիկական պատմություն, որն ավարտին մոտ վերածվում է բազմանշանակալից այլաբանության: Սա փոքրիկ քաղաքի մի աղջկա պատմություն է, որը փորձում է դերասանական փառքի հասնել Փարիզում: Նրա երազները կրկին ու կրկին խորտակվում են բախվելով իրականությանը, նորանոր սիրեկանների շարքում նա ամենևին չի նկատում իրեն իսկապես սիրահարված տղային:

Ֆիլմը 19-ամյա Ժուլիետ Բինոշի առաջին նշանակալի հաջողությունը եղավ, որը մեծապես կայացավ ֆրանսիացի դասական Անդրե Տեշինայի տաղանդավոր ռեժիսուրայի շնորհիվ, Կաննում իր աշխատանքի համար մրցանակ ստանալով: 1986 թվականին «Ժամադրություն» ֆիլմը հավակնում էր միանգամից 7 «Սեզար» մրցանակի և արժանացավ պարգևի Բինոշի գործընկեր Լամբեր Վիլսոնի դերակատարման համար:

«Երեք գույն. Կապույտ», 1993

Ռեյտինգ՝ 7,7/8,0

Ռեժիսոր՝ Քշիշտոֆ Կեսլյովսկի

Գլխավոր դերերում՝ Ժուլիետ Բինոշ, Բենուա Ռեժան, Ֆլորանս Պերնել, Շարլոտ Վերի

Լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Կեսլյովսկու հռչակավոր «Երեք գույն» եռապատումի առաջին մասն է: Եռապատումի մյուս մասերը կոչվում են «Սպիտակ» և «Կարմիր», բոլոր երեք գույները միասին կազմում են Ֆրանսիայի դրոշը: Պատմությունը յուրաքանչյուր ֆիլմում հիմնված է Ֆրանսիայի Հանրապետության նշանաբաններից՝ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» մեկի վրա:

Դեպքերը ֆիլմում տեղի են ունենում 1992 թվականի աշնանը: Ժուլիետ Բինոշը խաղում է մի կնոջ դեր, որն ավտոաղետում կորցրել է դստերն ու իր տաղանդավոր կոմպոզիտոր ամուսնուն: Մնալով մենակ, հերոսուհին փախչում է մարդկանցից և խզում բոլոր կապերը անցյալ կյանքի հետ: Սակայն երաժշտությունը, որ ստեղծել է իր ամուսինը, ապաքինում է նրան, վերադարձնելով կյանք:

Ֆիլմն անհավատալի հաջողությամբ ցուցադրվեց 1993 թվականին Վենետիկում, որտեղ նվաճեց երեք պարգև, ներառյալ «Ոսկե Առյուծ»: 1994 թվականին «Կապույտը» ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» երեք անվանակարգերում, ինչպես նաև նվաճել է «Գոյա» մրցանակ և «Սեզար» երեք մրցանակ:

«Նոր կամրջի սիրահարները», 1991

Ռեյտինգ՝ 7,6/7,5

Ռեժիսոր՝ Լեոս Կարակս

Գլխավոր դերերում՝ Ժուլիետ Բինոշ, Դենի Լավան, Դանիել Գյուաեն, Կլաուս-Միխայել Գրյուբեր

Ռեժիսոր Լեոս Կարակսի վիզուալ ոճի հաղթանակը հանդիսացող այս ֆիլմը «Ալեքսի մասին եռապատումի» երրորդ ֆիլմն է դերասան Դենի Լավանի դերակատարմամբ: Սյուժեի գործողությունը ծավալվում է Փարիզում Պոն-Նոֆ կամրջին, որտեղ ապրում են միմյաց սիրահարված հերոսները՝ կլոշար և հարբեցող Ալեքսը և տեսողությունը կորցնող նկարչուհի Միշելը:

Ֆիլմը կինովարձույթում առանձնակի հաջողություն չի վայելել, բայց ստացել է Եվրոպական կինոակադեմիայի երեք մրցանակ, ինչպես նաև ԲԱՖՏԱ և Սեզար մրցանակի:

«Այրին Սեն-Պիեռ կղզուց», 2000

Ռեյտինգ՝ 7,3/7.3

Ռեժիսոր՝ Պատրիս Լեկոնտ

Գլխավոր դերերում՝ Ժուլիետ Բինոշ, Դանիել Օտոյ, Էմիր Կուստուրիցա, Միշել Դյուշոսսուա

Այս դրամայի իրադարձությունները ծավալվում են 1850 թվականին ֆրանսիական Սեն-Պիեռ կղզում: Նավաստուն մահվան են դատապարտում դաժան սպանություն կատարելու համար, բայց մահապատիժն իրականացնել չեն կարողանում, որովհետև դահիճ և գիլյոտին կղզում չկան: Մինչ նավաստին տանջվում է սպասելով անհրաժեշտ սարքավորմանը, որ պետք է շուտով տեղ հասցնեն, նրա հանդեպ կարեկցանք է առաջանում կապիտանի կնոջ մոտ, որը հսկում է կալանավորներին:

Ֆիլմը 2000-ին արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի պարգևին, ինչպես նաև ներկայացվել «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ:

«Շոկոլադ», 2000

Ռեյտինգ՝ 7,8/7.3

Ռեժիսոր՝ Լասսե Հալլստրյոմ

Գլխավոր դերերում՝ Ժուլիետ Բինոշ, Ջուդի Դենչ, Ալֆրեդ Մոլինա, Լենա Օլին, Ջոննի Դեպ, Քերրի-Էնն Մոսս

Ջոան Հարրիսի համանուն վեպի էկրանավորումն է: Իր փոքրիկ աղջկա հետ ֆրանսիական խաղաղ ավան է ժամանում Վիենը (Ժուլիետ Բինոշ): Իսկ քիչ ավելի ուշ նա բացում է «Մայա» շոկոլադեղենի կրպակը, բոլոր քաղաքացիներին առաջարկելով փորձել իր կախարդական շոկոլադի զարմանահրաշ համը:

Հանդիսատեսի պաշտած գթասիրության չափաբաժին՝ հուզական կինոյի շվեդ վարպետ Լասսե Հալլստրյոմի կողմից, հանուն որի Ժուլիետ Բինոշը սովորեց շոկոլադ պատրաստել, իսկ Ջոննի Դեպը ձայնագրեց սեփական երկու երգ, որ հնչում են ֆիլմում: «Շոկոլադը» արժանացել է 8 պարգևի և 28 անվանակարգի տարբեր փառատոներում, այդ թվում ներկայացվել «Օսկար» մրցանակի 5 անվանակարգում 2001 թվականին (լավագույն ֆիլմ, լավագույն կնոջ դեր, լավագույն երկրորդ պլանի կնոջ դեր, լավագույն երաժշտություն, լավագույն ադապտացված սցենար):

Աղբյուրը

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը