Բրիտանական կինոփառատոնի շրջանակներում (փետրվարի 15-21-ը) Հայաստան ժամանած ‹‹Curzon Cinemas›› ամսագրի խմբագիր, կինոլրագրող-կինոքննադատ Իեն Հեյդն Սմիթը Երևանում հանդիպել է բուհերի ուսանողներին, խոսել մի շարք մասնագիտական նրբություններից, ապա անդրադարձել ժամանակակից կինոարտադրությանը վերաբերող խնդիրներին, պատասխանել հարցերին: Այդ օրերին kinoashkharh-ի լրագրողը կարողացել է փոքրիկ հարցազրույց վերցրել աշխարհահռչակ բրիտանացի կինոքննադատից։
-Որո՞նք են ժամանակակից կինեմատոգրաֆի պրոբլեմները, որոնք համընդհանուր են ողջ աշխարհում:
-Կարծում եմ ֆիլմարտադրության կարևորագույն պրոբլեմներից մեկը եղել և մնում է ֆինանսավորումը: Ֆիլմարտադրությունը կապված է շատ մեծ ծախսերի հետ, այն ընդգրկում է մեծ թվով մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը ծախսեր է առաջ բերում: Թերևս սա է առաջնային և ամենատարածված խնդիրը: Ժամանակակից կինեմատոգրաֆի առավելություններից է այն, որ թվային տեխնոլոգիաների ձեռքբերումները հնարավորություն են ընձեռում ֆիլմ նկարել անգամ սմարթֆոնով և օնլայն տեղադրել այն ինտերնետ կայքերում՝ արտադրական գործընթացը հեշտացնելով:
-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին այցը կինոթատրոն: Ի՞նչ ֆիլմն եք դիտել:
-Այո, հիշում եմ: Դիտել եմ Դիսնեյի արտադրության ‹‹Ջունգլիների գիրքը›› (1967թ.) մուլտֆիլմը: Առաջին այցելությունս կինոթատրոն մորս հետ էր, շատ հավանել էի մուլտֆիլմը: Ինչ վերաբերվում է մեծ էկրանին տեսածս առաջին ֆիլմին, ապա այն ‹‹Ռոբինսոն շվեյցարական ընտանիքը›› ֆիլմն էր, որը ինձ վրա որպես երեխայի շատ մեծ ազդեցություն է թողել, անջնջելի տպավորություն:
-Գուցե հենց ա՞յդ է կինոտեսաբանի մասնագիտությունն ընտրելու պատճառներից մեկը:
-Այո, բայց նաև շատ-շատ ուրիշ ֆիլմեր են դրան նպաստել: Երբ դեռահաս էի, աշխատում էի վիդեո տեսագրությունների վարձույթում, և երբ օրվա վերջում ավարտում էի աշխատանքս ու դասերս, ինձ հետ տուն էի տանում մի քանի ֆիլմ, որոնք հասցնում էի դիտել գիշերվա ընթացքում: Դա շատ նպաստեց, որ հմայվեցի ու տարվեցի կինոյով:
-Եթե հնարավորություն ունենայիք հանդիպելու ինքներդ Ձեզ՝ երիտասարդ հասակում, ի՞նչ խորհուրդ կտայիք:
-Չհապաղել: Գործել այսօր, անմիջապես, ամեն ինչ անել ճիշտ ժամանակին: Ես իսկապես կվայելեի այդ ճանապարհորդությունը: Եթե հնարավորություն ունենայի ետ վերադառնալու, ես ավելի շուտ կսկսեի: Չնայած, միևնույն է ոչինչ չէր փոխվի, քանի որ ես հիմա նույն մարդն եմ, ինչ որ այն ժամանակ: Նույն կերպ եմ մտածում ու բնույթով չեմ փոխվել: Մի հայտնի պատմություն կա, թերևս շատերին է ծանոթ: Գորտի ու կարիճի մասին պատմությունը:
Կարիճը խնդրում է գորտին, որ նա իրեն անցկացնի գետի մյուս ափը, քանի որ կարիճը լողալ չի կարող: Գորտը մերժում է՝ ասելով, որ եթե ինքն անցկացնի գետը, կարիճը կխայթի իրեն: Կարիճն առարկում է, ասելով, որ եթե ինքը գորտին խայթի՝ ապա նրա հետ միասին կխորտակվի, և գորտը համոզվում է՝ համաձայնելով իր հետ տանել կարիճին: Կարիճը բարձրանում է գորտի մեջքին և երբ հասնում են գետի մեջտեղը կարիճն իսկապես խայթում է: Գորտը վեր է բարձրացնում գլուխը, հարցնում, թե նա ինչու՞ այդպես վարվեց, չէ՞ որ նա հիմա ինքն էլ կխեղդվի: Կարիճը նայում է գորտի աչքերին ու ասում, որ այդ է իր բնույթը: Մեզ միշտ թվում է, որ կփոխվեինք, եթե հայտնվեինք մեկ այլ ժամանակում, բայց թերևս նույնը կմնայինք:
-Որո՞նք են բոլոր ժամանակների թոփ հինգ բրիտանական ֆիլմերը, որոնք պետք է տեսնի յուրաքանչյուր ոք:
(Ծիծաղում է)-Իրոք բարդ հարց է, կփորձեմ իմ անձնական դիտանկյունից նայել: Գրեթե անհնար է Ալֆրեդ Հիչքոկի ֆիլմերից որևէ մեկն առանձնացնել: Թերևս կնշեմ երկու ֆիլմ. ‹‹39 քայլ›› (1935թ.) և ‹‹Լեդին անհետանում է›› (1938թ.) ֆիլմերը: Նիկոլաս Ռոուգի ‹‹Իսկ հիմա՝մի նայիր›› (1973թ.) ֆիլմը, Դաֆնա Դյումորիեի համանուն վեպի մոտիվներով, սա նույնպես շատ գեղեցիկ ֆիլմ է: Հաջորդը 40-ականների ‹‹սև›› կատակերգություն է. ‹‹Բարի սրտեր և կորոնետներ›› (1949թ.) նկարահանված՝ ‹‹ Studios›› ստուդիայում, որը հայտնի էր 40-50-ականներին ստեղծած փայլուն կատակերգություններով: Ժամանակակիցներից կնշեմ Սկարլետ Յոհանսոնի մասնակցությամբ ‹‹Մաշկի տակ›› (2013թ.) ֆիլմը, գիտաֆանտաստիկայի ժանրին է պատկանում, չափազանց տպավորիչ է:
-Ո՞րն է հայկական կինոյի առանձնահատկությունը և որո՞նք են Ձեր նախընտրած հայկական ֆիլմերը:
-Շատ լավ ծանոթ եմ Ա.Փելեշյանի ֆիլմերին, դրանք շատ արտառոց են և կարևոր տեղ են զբաղեցնում ոչ միայն հայ, այլ նաև՝ համաշխարհային կինոյի պատմության մեջ: Ինձ շատ է դուր եկել Հ.Խաչատրյանի ‹‹Սահման›› ֆիլմը, այն հիանալի է: Հաջորդ ռեժիսորը թերևս հայկական սփյուռքից է, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն է: Այս ռեժիսորի ֆիլմացանկից ես կառանձնացնեի հատկապես ‹‹Էկզոտիկա›› (1994 թ.) և ‹‹Լուսավոր գալիք›› (1997 թ.) ֆիլմերը: Ցավոք հայկական շատ ֆիլմեր միջազգային ասպարեզ դուրս չեն գալիս, շատ ցավալի է: Վերջին ժամանակներում ղազախ, կորեացի ռեժիոսորները անհատական մեծ հաջողություններ են գրանցում՝ այդպիսով նաև իրենց երկրների կինեմատոգրաֆի վրա հանդիսատեսի ուշադրությունը սևեռելով: Վառ օրինակ է հարավկորեացի օսկարակիր ռեժիոր Բոն Ջուն Հո-ի ‹‹Մակաբույծները››(2019թ.) ֆիլմը: Հիմա, երբ ֆիլմը ստացել է ‹‹Օսկար››, այն էլ՝ մի քանի անվանակարգերում, շատերը սկսել են հետաքրքրվել կորեական կինեմատոգրաֆով: Այդպես էր նաև, այն ժամանակ, երբ Ատոմ Էգոյանը նկարահանել էր ‹‹Օրացույց›› (1993թ.) ֆիլմը, շատերի համար այն դարձավ առաջին ծանոթությունը հայ կինոյի հետ:
-Իսկ ի՞նչ կասեք Փարաջանովի մասին:
-Փարաջանովի ‹‹Նռան Գույնը›› ֆիլմը չափազանց յուրահատուկ է: Փարաջանովը նման չէ որևիցե մեկին, մի կողմից դա լավ է, մյուս կողմից՝ է՛լ ավելի դժվար է դառնում նրա ստեղծագործությունները որևէ համեմատության մեջ դնելը: Վաղը կրկին այցելելու եմ նրա տուն-թանգարան. Փարաջանովի արվեստը համամարդկային է, բարդ ու բյուրեղյա:
Էլեն Դանիելյան