Ամերիկահայ ռեժիսոր Հայկ Համբարձումի հետ «Կինոաշխարհի» վերջին հանդիպումից անցել է չորս տարի։ Հայկը շարունակում է ապրել և ստեղծագործել Փարիզում։ Իհարկե, այս ժամանակահատվածում ռեժիսորի կյանքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ․Սորբոնի մագիստրատուրայի ուսանողն այսօր արդեն դասախոսում է այդ նույն ուսումնական հաստատությունում, աշխատում  դոկտորական թեզի վրա, զուգահեռ նախապատրաստվում իր առաջին լիամետրաժ ֆիլմի նկարահանմանը։

Աշխատանքային այս գերզբաղվածության մեջ Հայկի նախաձեռնությամբ օրեր առաջ մեկնարկեց «HayKultureMEDIA» առցանց յութուբյան էջը։ Այդ ալիքում ռեժիսորը տեղադրում է Փարիզյան մշակութային միջոցառումների մասին իր նկարահանած վավերագրական հոլովակները, որոնցում կա հայկական շունչ և տարր։

Հայկ Համբարձումը  պատմեց, որ նման ալիք ստեղծելու միտքը երկար ժամանակ է ինչ  հասունացել էր։ «Ապրելով արդեն հինգ տարի Փարիզում, անշուշտ այցելում էի տարբեր միջոցառումներ՝ նվիրված հայ մշակույթին կամ պարզապես կրող որոշ հայկական ելևէջներ։ Ուրախությամբ արձագանքում էի, որ այստեղ նման միջոցառումները բազմաթիվ են։ Երբ ինձ խնդրեցին նկարահանել Հովհաննես Չեքիջյանի երգչախմբի համերգը Փարիզի Հայկական տանը, մտածեցի, որ ժամանակն է եկել ստեղծելու նման հոլովակների շարք», պատմում է Հայկ Համբարձումը։ «Պետք է խոստովանել, որ մեր օրերում մարդիկ այլևս երկար նյութեր դիտելու ժամանակ չունեն։ Իմ հոլովակները կարճ են, ինչ-որ տեղ կրում են լրատվական նպատակ, այդ իսկ պատճառով էլ ալիքի անվանումն է «HayKultureMedia»։ Ես ինձ համարում եմ այդ նյութերի պրոդյուսեր, չնայած որ ինքս եմ դրանք նկարահանում»։

Հայկ Համբարձումի հետ զրույցը ծավալվեց հատկապես Պասկալ Կովերի ցուցադրությանը նվիված հոլովակի շուրջ։ «Անշուշտ հետաքրքիր է, երբ հայկականը ներհյուսված է ֆրանսիական կամ որևէ այլ մշակույթի ելևէջներով, ինչպես Պասկալ Կովերի ցուցադրության դեպքում էր։ Ի դեպ վերջինիս մասին ես իմացա բոլորովին պատահաբար, հասցրեցի տեսնել և նկարահանել ցուցահանդեսը փակման գրեթե վերջին օրը»- ասում է Հայկը։

Պասկալ Կովերի «Երեք ծառ» ցուցահանդեսը կազմակերպվել էր փարիզյան «Էրիկ Դյուպոն» ցուցասրահում 2019 թվականի վերջին։ Հանրահայտ «ArtPresse» ամսագիրը ցուցահանդեսն անվանել էր «Տարվա գլուխգործոց» և նույն կարծիքին էր նաև արվեստի մայրաքաղաքի խստապահանջ հանդիսատեսը։ Ցավոք հայկական լրատվական կողմը, չնայած բազմաթիվ հրավերների, ժամանակ չգտավ լուսաբանելու ցուցադրությունը։ Թերևս Հայկ Համբարձումի նկարահանած այս կարճ վավերագրական հոլովակի շնորհիվ է, որ այսօր կարելի է տեսնել «Երեք ծառ»  ցուցահանդեսի խորությունը, ասեղնագործված կադրերի շնորհիվ պահպանել այն կարևոր միջոցառման արժեքավոր հետքերը։

«Երեք ծառ» ցուցահանդեսը նվիրված էր պատմության երեք սարսափելի դեպքերի․ 1941թ․ Եվրոպայի հրեաների բնաջնջում համակենտրոնացման ճամբարներում, 1945թ․ դաշնակիցների հաղթանակ և առաջին ատոմային ռումբի պայթյուն Հիրոշիմայում, 2006թ․ Ջուղայի՝ Ադրբեջանի կողմից բռնակցված հայկական տարածքի հին գերեզմանոցի երեք հազար խաչքարերի վերջնական ոչնչացում։ Պասկալ Կոնվերը մերօրյա այն մեծ արվեստագետներից է, ում հետաքրքում է հատկապես ոչնչացված կամ վտանգված մշակութային ժառանգությունը։  Այդ փնտրտուքները նրան բերեցին 2018 թվականին Հայաստան՝ իրականացնելու Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման պատմությանը նվիրված ծրագիրը:

Արվեստագետն ընտրեց Գեղարդի, Հաղպատի և Սանահինի վանքերը:

Աշխատանքային թիմի անդամ՝ Արմինե Բաչաչյանը   kinoashkharh-ին պատմեց, որ աշխատանքային առօրյան սկսվում էր առավոտյան ժամը հինգին, գործի էին դրվում ամենատարբեր գործիքներ՝ պարզագույն լուսանկարչական սարքերից մինչև ամենանորարարականները, ֆիքսվում վանքերի յուրաքանչյուր սանտիմետր քառակուսին: Արմինեն նաև կիսվեց նկարահանումներից մնացած մի գեղեցիկ հիշողությամբ. «Հաղպատի վանք մտնելուն պես, Պասկալը նկատեց փայտե աստիճանը և շատ հուզված ու ոգևորված հարցրեց՝ արդյոք դա հենց այն աստիճանն է, որ Փարաջանովն օգտագործել է «Նռան գույնը» ֆիլմում: Պասկալը Փարաջանովի արվեստի մեծ սիրահարն է, կինոյին նվիրված իր դասախոսություններում արվեստագետը միշտ անդրադառնում է հայ կինոյի հսկաներին՝ Փարաջանովին և Փելեշյանին: Փաստորեն, Հաղպատում աշխատելու ընտրությունը նաև շատ անձնական որոշում էր, որն իրեն հնարավորություն տվեց տարիների հեռվից Փարաջանովի հետ գոնե նույն միջավայրում աշխատելու փորձառությունը կիսել և համամարդկային ինչ-որ անբացատրելի ստեղծարար ուժի հաղորդակիցը լինել»։

Աշխատանքների ավարտից ուղիղ մեկ տարի անց՝ 2019 հոկտեմբերի 5-ին Պասկալ Կոնվերը ներկայացրեց Ջուղային նվիրված «Երեք ծառ» խորագրով նախագիծը Փարիզի «Էրիկ Դյուպոն» ցուցասրահում: Բազմաթիվ արտերկրացի այցելուների մեջ առանձնանում էին թվով եզակի հայ արվեստասերներ։ Նրանցից էր նաև Հայկ Համբարձումը, որն իր տեսանկյունից նկարահանեց ցուցահանդեսը՝ այդպիսով միգուցե շարունակելով իր՝ դեռևս 2015 թվականին նկարահանած պարզ և գեղեցիկ «ԽԱՉ+ՔԱՐ» վավերագրական ֆիլմի պատմությունը։

Ի դեպ, մեծ է Պասկալ Կոնվերի ցանկությունը «Երեք ծառը» ներկայացնել Հայաստանում: Մեզ մնում է միայն հուսալ, որ այս անգամ հայկական կողմն ավելի ոգևորությամբ կընդունի մեր մշակույթին նվիրված նման արժեքավոր նվիրումը։

 

Լիլիթ Սոխակյան

Փարիզ, 2020թ․