Երբ կյանքի ճանապարհները քեզ տանում են Հայաստանից դուրս և տարբեր պատճառներով պահում այդ «դրսում» սպասվածից երկար, դու սկսում ես ստեղծել քո նոր Հայաստանը, պատերին կախել քաղցր հիշողություններդ ու հարազատների մասին մտքերդ, հնարավորինս հաճախ տնով տարածել գաթայի անուշ բույրն ու հայկական օրորոցայինների մեղեդիները։

Այդպես Հայաստանի սահմաններից դուրս ստեղծվում են բազում հազարավոր «Հայաստաններ»․․․ Փարիզաբնակ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանը, որը մասնագիտությամբ հոգեբան է, բայց սրտով խորը արվեստագետ, 2019 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Դավիդ Վիտալ-Դյուրանի հետ նկարահանում է «Հայաստան(ներ)․ արվեստագետների ժամանակը» ֆիլմը («Arménie(s), le temps des artistes») այդպիսով իրականացնելով շուրջ տաս տարի խմորվող իր երազանքը։  Անահիտի և Դավիդի հետ հանդիպմանը ես երկար էի սպասում։

Փարիզյան կյանքի վազքը 2019 թվականին նախատեսված հանդիպումը տեղափոխեց 2020 թվականի ձմեռ։ Շտապելով հանդիպման վայր, ես չնկատեցի մի աստիճան և ընկա։ Անտանելի ցավի և ամոթի զգացողությանը վազելով միացավ մեկ ուրիշ վաղուց մոռացված զգացմունք․ վերջին անգամ ես այդպես ընկել էի մոտ քսան տարի առաջ, Ամիրյանի բակում բռնոցի խաղալու ժամանակ։ Ցավը նույնն էր, ամոթն էլ էր անպակաս, բայց ի տարբերություն այսօրվա երեսուն տարեկան զոհի, երևանյան բակում ընկած երեխան շրջապատված էր բազմաթիվ անհանգիստ հայացքներով և օգնել շտապող ձեռքերով։ Այդ մանկության հիշողությունը, տասնամյակներ կտրելով, եկավ հասավ ինձ մոտ Փարիզ, ստիպեց ոտքի կանգնել, ձևանալ թե ամեն ինչ նորմալ է և դանդաղ քայլերով ուղեկցեց հանդիպման վայր։ Մեկ գավաթ հայկական սուրճը և զրուցակիցներիս հայաստանյան հիշողությունները մոռացնել տվեցին ցավը՝ թողնելով միայն ծնկներին թեթև մրմռացող կարոտի հետքերը։

«Հայաստան(ներ)․ արտիստների ժամանակ» ֆիլմն այն մասին է, թե ինչպես են ծագումով հայ, սակայն Հայաստանից դուրս ապրող արվեստագետներն իրենց երեխաններին փոխանցել հայկական մշակութային արժեքները։ Ո՞վքեր են այդ արտիստները, ընդամենը մի քանի զույգ անուններ, որոնց ֆիլմերը, բեմադրությունները, երաժշտությունն ու խաղը մեզ՝ հայերիս, ծածկում են հպարտության խորը ալիքով․ Ատոմ Էգոյան և Արսինե Խանջյան, Սիմոն Աբգարյան և Կատրին Շոբ-Աբգարյան, Ռոբերտ Գեդիկյան ու Արիան Ասկարիդ, Կլոդ Չամիչյան, Սերժ Ավետիքյան, Դան Ղարիբյան, ինչպես նաև նրանց երեխաները՝ չորրորդ սերնդի արվեստագետները, որոնք ֆիլմում հպարտությամբ են կիսվում իրենց «հայկականությամբ»։

Ֆրանսիական կողմից ֆիլմի պրոդյուսերն է Գիյոմ Ռապնոն (Rappi Productions), իսկ հայկական կողմից Սերժ Ավետիքյանն ու Միքայել Դովլաթյանը (FramArt)։ Ֆիլմն իրականություն դարձավ հիմնականում Ֆրանկաֆոնիայի և « TV5MONDE » հեռուստալիքի ֆինանսավորման շնորհիվ։ 

Արժանանալով Նյու Յորքի «Chain Film Festival» կիոփառատոնում «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին, «Արտիստների ժամանակը» շարունակում է ճանապարհորդել և ցուցադրվել աշխարհի տարբեր անկյուններում։ Վերադառնալով Էյնդհովենի «DOCfeed» փառատոնից և նախքան Մոնրեալի «Pomontréal» փառատոն մեկնելը, ֆիլմի ռեժիսորներ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանն ու Դավիդ Վիտալ-Դյուրանը պատմեցին իրենց ֆիլմի ստեղծման պատմության մանրամասների մասին։

-Անահիտ, ճի՞շտ է, որ նախքան ֆիլմ դառնալը, «Արտիստների ժամանակը» պետք է լիներ գիրք։

-Այո, սկզբնական միտքը գիրքն էր։ Ես ցանկանում էի գրել հայերիս կերտածի մասին և ոչ կորուստների։ Այստեղ՝ Ֆրանսիայում, հայերիս գիտեն ցեղասպանությամբ, երկրաշարժով և Շարլ Ազնավուրով։ Անխուսափելի այս եռյակը պետք էր ընդլայնել, իսկ ընդլայնելու տեղը մեծ էր։ Սիմոն Աբգարյանի շնորհիվ, ես ծանոթացա մի շարք հրաշալի հայազգի արվեստագետների հետ։ Նրանք բոլորն էլ բաց սրտով ընդունեցին գրքի գաղափարը։ Տարիներն անցնում էին, բայց տարբեր պատճառներով գիրքը դեռ պատրաստ չէր։ Տաս տարի անց ես հասկացա, որ պետք է փոխել մտքի ձևաչափը՝ գրքից անցնելով ֆիլմի։ Եվ դա ավելի ճիշտ էր, քանզի ափսոս կլիներ չտեսնել իմ զրուցակիցների աչքերի փայլն ու խոսքի հուզմունքը։ Այս տաս տարիների ընթացքում ծնվեց նաև նոր գաղափար, խոսելու արվեստագետների և իրենց երեխաների՝ չորրորդ սերնդի արտիստների մասին։

-Նախքան ֆիլմի նկարահանումներին անդրադառնալը, հետաքրքիր է իմանալ Անահիտ, Ձեր «Հայաստանի» ստեղծման պատմությունը։

-Ինչպես շատերի պատմությունները, իմն էլ է կապված ցեղասպանության հետ։ Պապս, մազապուրծ փրկվելով ջարդերից, ոտքով հասնում է Բորդո։ Այստեղ կազմում ընտանիք, ունենում  երեխաներ, որոնցից մեկը հայրս էր։ 1947 թվականին նրանք ընտանիքով հայրենադարձում են։ Բայց տարիներ անց, հայրս որոշում է վերադառնալ Ֆրանսիա։ Լինելով մեծ երազող և իդեալիստ, նա ցանկանում էր վերգտնել իր փափագած երկիրը։ Այստեղ նա ամուսնանում է, ունենում երեք երեխա, որոնցից մեկն էլ ես եմ։ Բայց վերգտնել երազած Ֆրանսիան հորս չի հաջողվում, ավելանում է նաև կարոտի և միայնության զգացողությունը, քանզի չնայած հայաստանյան կյանքի դժվարություններին, մարդկային ջերմությունն այնտեղ անսահման էր։ Այդպես մեր ընտանիքը մեկնում է Հայաստան, ապա ստիպված ետ վերադառնում Ֆրանսիա։ Այս ամենն իհարկե ծանր էր մեզ համար։ Ես անդադար մտածում էի Հայաստան վերադառնալու մասին, բայց այն ժամանակ դա այդքան  էլ հեշտ չէր։ Հայկականությունը շարունակում էր գերներկա մնալ մեր առօրյայում։ Ես վարում էի հայկական դասական երաժշտությանը նվիրված հաղորդում Վալանսի ռադիոյում, նաև հայկական պարերի խմբակի անդամ էի։ Դառնալով ուսանող, որոշեցի հոգեբանությանը զուգահեռ, ուսումնասիրել նաև ռուսաց լեզու Մոսկվայում։ Սակայն այնտեղից էլ մերժում ստացա․ հավանաբար իրենց կասկածելի թվաց իմ երկու մասնագիտական ընտրությունները։ Դա եղավ համբերության վերջին կաթիլը, ես փակեցի «Հայաստան» էջը և շուրջ 25 տարիների ընթացքում չվերադարձա հայրենիք։

-Ֆիզիկապես Անահիտը Հայաստան չվերադարձավ, սակայն շարունակեց իր անձնական փնտրտուքները մասնագիտության միջոցով։ Հոգեբան դառնալու ճանապարհին, նա ուսումնասիրեց ցեղասպանությունների, պատերազմների, գաղթերի ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա, ինչպես նաև խորացավ միջմշակութային հոգեբանության մեջ։

-Երկու մշակույթ ունենալը մեծ հարստություն է, բայց նաև որոշակի ճեղք, քանզի մենք թողնում ենք մեկ երկիր՝ գնալով դեպի մյուսը։ Երբեմն դա ինչ-որ ձևով արտահայտվում է մեր մեջ, երբեմն՝ ոչ։ Քանզի Հայաստանի իմ հիշողությունները կապված էին մանկության տարիների հետ, ես կարոտում էի ծիրանի հոտը, պաղպաղակի կամ կարկանդակների համը, որը վերգտնել Ֆրանսիայում կամ մեկ այլ վայրում հնարավոր չէր։ Անհնար էր նաև երկար մնալ Հայաստանից հեռու, հատկապես որդուս ծնվելուց հետո։ Հիմնելով հոգեբանական ծառայությունների գրասենյակ, ես հասկացա, որ եկել է ժամանակն անելու իմ ուրույն հոգեանալիզը, վերադառնալու իմ արմատներին։ Հիշում եմ, որ այդ հարցում կարևոր դեր ունեցավ Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, որն ինձ պարզապես ցնցեց։ Եվ այն, որ ներկայացման բեմադրիչ Իրինա Բրուկը հայ չէ, ինձ էլ ավելի էր ոգևորում։ Երբ հերթը հասավ «Արտիստների ժամանակը» ֆիլմի համար ռեժիսորի ընտրությանը, ես առանց վարանելու դիմեցի իմ վաղեմի ընկեր և տաղանդավոր ռեժիսոր Դավիդ Վիտալ-Դյուրանին։ Վերջինս սիրով համաձայնվեց՝ ուղնուծուծով  ուսումնասիրելով բոլոր մասնակից արվեստագետների ֆիլմերն ու ստեղծագործությունները։

 

-Դավիդ, ի՞նչ զգացողություններ ունեցաք՝ ստանալով նման ֆիլմի առաջարկ։

-Երբ Անահիտն ինձ առաջարկեց համագործակցել, ես իրապես շատ ոգևորվեցի և անմիջապես համաձայնվեցի։ Սակայն, քանի որ Հայաստանի մասին գիտելիքներս սահմանափակվում էին ցեղասպանությունով, Շարլ Ազնավուրի երգերով և Փարաջանովի ֆիլմերով, վախենում էի․ միգուցե հայազգի ռեժիսորն ավելի ճիշտ ընտրություն կլիներ։ Բայց Անահիտը վստահեցրեց իմ ոչ հայկական, «դրսից հայացքի» կարևորությունը։

-Ի՞նչով էր հայկական թեմայով ֆիլմը հետաքրքրում ֆրանսիացի ռեժիսորին։

-Մի քանի պատճառներ կային։ Անահիտի հետ մեզ կապում է տարիների ընկերություն, և իր անձնական պատմությունը կարևոր էր ինձ համար։ Եվ հետո, ես սիրում եմ ճանապարհորդել, բացահայտել նորը։ Աշխատանքի բերումով ֆիլմեր և հոլովակներ եմ նկարահանել աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում Լիբանանում և Վրաստանում։ Հայաստանն ավելի լավ ճանաչելու միտքը ինձ չափազանց գրավիչ էր։  Բնականաբար հետաքրքիր էր նաև ֆիլմի սյուժեն և հայ արվեստագետների հետ ծանոթությունը։ Ավելի ուշ, արդեն նկարահանումների ընթացքում, ես բացահայտեցի նաև այս պատմության համամարդկային կողմը։  Ֆիլմը խոսում է ծագումով հայ մարդկանց մասին, ովքեր համահունչ միաձուլման մեջ են ապրում այլ մշակույթների հետ՝ դա փոխանցելով նաև իրենց երեխաներին։  Մերօրյա իրականության մեջ հակառակ դեպքերն այնքան շատ են, որ այս ֆիլմի հերոսների պատմությունները չափազանց ոգեշնչող են։

-Դավիթ, ֆիլմը գրավիչ է իր անկեղծությամբ, այն բացահայտում է արվեստագետներին նոր լույսի տակ, ավելի հարազատ դարձնում դիտողին։ Ի՞նչպես կարողացաք հասնել նման արդյունքի։

-Կարծում եմ, դա նախ արվեստագետների շնորհքն էր, հետո նոր իմը։ Շատ բան կախված է զրույցի թեմայից․ ծնողից երեխային մշակութային արժեքների փոխանցման մասին խոսելը հեշտ չէ, պատասխաններ գտնելու համար պետք է փնտրել սրտի ամենախորքում։ Ապա կարևոր էր նաև մեր հերոսների արտիստիկ բնույթը, նրանք իրենց ազատ էին զգում կամերայի դիմաց և կարողանում անկեղծ արտահայտվել։ Եվ իհարկե, մեծ էր Անահիտի դերը։ Օրինակ, այն գեղեցիկ միտքը, որ ծնողները կարդան իրենց երեխաների նամակները, Անահիտինն էր։ Լինելով չափազանց մեղմ անձնավորություն, նաև լավ ճանաչելով արվեստագետներին, նա կարողացավ ստեղծել տիրող այդ հաճելի  քաղցրությունը։ Իմ դերն այս ամենում հավանաբար աննկատ մնալն էր։ Որպես ռեժիսոր, ես կարևորում էի երկու կամերաների աշխատանքը, որոնցից մեկը պետք է խոշոր պլանով նկարեր հերոսներին։ Դա նման տեսակի վավերագրական ֆիլմում կարևոր դետալ է, բայց իհարկե ոչ առաջնային։

-Անահիտ, ճի՞շտ է որ Ազնավուրն էլ պետք է լիներ ֆիլմում։

-Այո, բայց ցավոք Ազնավուրին նկարահանել մենք չհասցրեցինք։ Երբ ծրագիրը դեռ գրքի տեսքով էր, ես վարանում էի Ազնավուրին ներգրավելու մասին։ Նախ, քանզի մեծագույն հարգանքով եմ իրեն վերաբերվում, ապա նաև որովհետև Ազնավուրը երկրորդ սերնդի ներկայացուցիչ էր, իսկ իմ ուշադրությունն ուղղված էր հիմնականում երրորդ սերնդի արվեստագետներին։ Բայց կասկածներս վերացան մի գեղեցիկ ձմեռային օր, երբ սրճարանում նստած սպասում էի ընկերուհուս և հայացքս թեքելով՝ հարևան սեղանին տեսա Շարլ Ազնավուրին։ Աչքերիս չհավատացի։ Ողջ քաջությունս հավաքելով, մոտեցա և ասացի, որ գիրք եմ պատրաստում հայ արվեստագետների մասին և կցանկանայի իր հետ նույնպես զրուցել։ Ազնավուրը ժպտաց և  պատասխանեց «Ձեր այս համարձակությունը գնահատելով, կհամաձայնվեմ։ Ե՞րբ եք ցանկանում, որ հանդիպենք»։ Ես արագ ասացի․«Այսօ՞ր, կեսօրից հետո՞։» Ազնավուրը բարձր ծիծացեց։ Կեսօրից հետո մենք իհարկե չհանդիպեցինք, բայց անցավ ընդամենը երեք շաբաթ, և ես նորեն զրուցում էի մեծն արվեստագետի հետ։ Հանդիպումից առաջ Ազնավուրի օգնականն ինձ զգուշացրեց, որ ես ունեմ ընդամենը քսան րոպե։ Արդյունքում մենք զրուցեցինք շուրջ մեկ ժամ, և դա չափազանց հուզիչ էր։ Ես պահպանել եմ բոլոր ձայնագրությունները և հուսով եմ՝ մի օր դրանք կգտնեն իրենց ճիշտ տեղը։

-Ֆիլմում ներկա է ավագ սերնդի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արտավազդ Փելեշյանը։

Անահիտ -Այո, վարպետի ներկայությունն ինձ համար կարևոր էր, հատկապես Ազնավուրի մահվանից հետո։ Ֆիլմը պատմում է սերունդների մշակութային ժառանգության փոխանցման մասին, իսկ Փելեշյանի արվեստը մեծ ազդեցություն է ունեցել երիտասարդ սերունդների վրա, առանց նրանց ճնշելու։ Այդ արվեստագետների թվում է նաև Սերժ Ավետիքյանը, ում արվեստը կրում է փելեշյանական կինոյի խորը կնիքը։ Սերժի շնորհիվ, ես հնարավորություն ունեցա ծանոթանալու և զրուցելու Վարպետի հետ Հայաստանում։ Փելեշյանը ֆիլմում իհարկե չի խոսում, սակայն միայն իր ներկությունն արդեն արժեքավոր էր ինձ համար ։

Դավիդ- Այս ֆիլմի շնորհիվ ես բացահայտեցի Փելեշյանին։ Ցնցված էի, երբ տեսա «Տարվա եղանակները»։ Ձյան միջով գլորվող հովիվները՝ գառները ձեռքերին պահած, հավանաբար իմ կյանքում տեսած ամենագեղեցիկ տեսարաններից էր։

-Անահիտ, որպես երկու մշակույթ կրող արվեստագետ, ի՞նչպես եք Դուք փոխանցել հայկականը Ձեր որդուն։

-Առնոյին ես փորձել եմ տալ այն ողջ հայկականն, ինչ ունեմ իմ մեջ։ Հիշում եմ, երբ փոքր էր, ամեն տեսակ երաժշտության տակ, լիներ դա դասական թե մանկական երգ, հորինում էի հայերեն բառեր և երգում Առնոյի համար։ Նա միշտ հպարտությամբ է խոսել իր արմատների մասին։ Տարիների ընթացքում որդիս ինձ խրախուսել է գրքի ստեղծման հարցում։ «Արտիստների ժամանակը» ֆիլմը դիտելուց հետո, նա շատ հուզված էր․ մենք պինդ գրկեցինք իրար, և խոսքերն ավելորդ էին։

-Դավիդ, որպես հային արդեն լավ ճանաչող ֆրանսիացի, ի՞նչ բառերով կբնորոշեք Ձեր բացահայտած «Հայաստանը»։

 -Սիրտ․ սեր․ կիսվելու ցանկություն։

Լիլիթ Սոխակյան

Փարիզ 2020 թ