Ապրիլյան քառօրյան մեր ամենացավոտ վերքն է, որ դեռ չի սպիացել: 4 տարի է անցել. քառօրյայի կորուստներն ու հաղթանակն ամեն տարվա ապրիլին վերակենդանանում ու վերարժևորվում են: Ապրիլի  2-ին հանրությանը կներկայացվի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող վավերագրական լիամետրաժ նոր ֆիլմ: Նախագծի հեղինակը և պրոդյուսերը սցենարիստ, «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն է:

«Մինչ այժմ ապրիլյան պատերազմը լուսաբանող օպերատորական, լրագրողական, ռեժիսորական հրաշալի աշխատանք է տարվել: Մեր հերոս տղաների, զոհված տղաների, ապրող տղաների մասին արժեքավոր ռեպորտաժներ ունենք, բայց ապրիլյան պատերազմի ամբողջական պատկերը դեռ չունեինք: Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսվեց քառօրյան. հատկապես վերջին երկու-երեք տարիների ընթացքում սոցիալական ցանցերում հաճախակի հնչող շահարկումները հիմք և արմատ ունե՞ն արդյոք: Ի՞նչ տվեց մեզ ապրիլյան պատերազմը: Այն մեզ համար հպարտությո՞ւն էր, ամո՞թ, հաղթանա՞կ, թե պարտություն. ես փորձել եմ  այս հարցերի պատասխանները գտնել:

Ֆիլմն ինչ-որ չափով նաև ապրիլյան պատերազմի հետաքննություն է»,- kinoashkharh.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Հարությունյանը: Ի դեպ, կորոնավիրուսի պատճառով հարցազրույցն արվել է տեսազանգի միջոցով:

Ես ստացել եմ այն, ինչ ուզում էի

Ֆիլմը լիովին պատրաստ է: Վերջին շտկումներն էլ են արվել: Հարություն Հարությունյանը երկար է մտածել՝ ինչպես վերնագրի քառօրյան ներկայացնող ֆիլմը: Աշխատանքային տարբերակի անունը եղել է «Չհայտարարված պատերազմ»:

«Երբ պատրաստի ֆիլմը նորից նայեցի,  հասկացա, որ վերնագիրը պետք է փոխվի, ու այն անվանեցի «Հաղթանակի ապրիլ»: Սա ուղերձ է. մայիսը մեր ժողովրդի համար հաղթանակների, իսկ ապրիլը  պարտությունների, ցեղասպանության ամիս է: Ես փորձում եմ կոտրել այդ մտայնությունը. ապրիլը հաղթանակի ամիս է, որովհետև եթե չունենայինք բանակ  և պետականություն, 2016-ի ապրիլին  լինելու էր նույնը, ինչ կատարվեց 1920-ին,  երբ թաթարները (հայտնի է, որ այն ժամանակ ադրբեջանցիներ չկային)  մտան Շուշի և  հայ ազգաբնակչությանը սրի քաշեցին: Ֆիլմն սկսվում և ավարտվում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի խոսքով: Սա ևս խորհրդանշական իմաստ ունի»,- ֆիլմի գաղափարը մեկնաբանեց Հարություն Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս ծավալի աշխատանք մինչև օրս  չէր արվել, մինչդեռ պետք է վաղուց արված լիներ

Հարություն Հարությունյանն իրեն հուզող  հարցերի պատասխաններն ստացել է: Շատ բան է պարզել իր համար ու որոշել  այդ ամենը դարձնել հանրության սեփականությունը: Մինչև հիմա շրջանառվում են հարցեր, որոնք շահարկումների տեղիք են տալիս, հարցեր, որոնք շատերին հանգիստ չեն տալիս ու ստիպում են ապրիլյան պատերազմում  մեղավորներ փնտրել:

«Հեղինակային տեքստից խուսափել եմ, որպեսզի ամբողջը պատմեն բարձրաստիճան սպաները, ապրիլյան պատերազմի մեր զինվորները, Պաշտպանության նախարարը, ՀՀ գլխավոր շտաբի պետը, 2016-ին մեր հանրապետության  գերագույն գլխավոր հրամանատարը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանական բոլոր ուղղությունների հրամանատարները՝ բոլոր նրանք, ովքեր ասելիք ունեին: Ֆիլմում խոսում է մեր բանակի հրամանատարներից մեկը, որը մինչև հիմա որևէ հարցազրույց չէր տվել՝ հատկապես տեսանկարահանմամբ:  Այդ հարցազրույցի համար  երեք անգամ Արցախ եմ գնացել. հրամանատարն ամեն անգամ ինձ մերժում էր, բայց  վարջապես համաձայնեց խոսել: Կինոդիտողին անակնկալներ են սպասվում: Ֆիլմը հետաքրքիր  խութեր ու անկյուններ է բացելու»,- պատմեց «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի հեղինակը:

Կորոնավիրուսը  հերթական սիրուն գաղափարը ձախողել է

Ֆիլմը երկու մասանոց է, ընդհանուր տևողությունը՝ 2,5 ժամ: Վավերագրական է, որտեղ խաղարկային ոչ մի կտոր չկա, բայց կա անիմացիա, որի հեղինակը Պարույր Ազիզյանն է: Ֆիլմի ռեժիսորը  Մարի Մարգարյանն է, մոնտաժի ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, կոմպոզիտորը՝ Թաթոս Հակոբյանը, գլխավոր օպերատորը՝ Արարատ Շահբազյանը: «Հաղթանակի ապրիլը» ստեղծվել է  «5-րդ ալիք» հեռուստաընկերության  անձնակազմի ջանքերով:

Հարություն Հարությունյանն ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցին, «Հաղթանակի ապրիլի» համար կինոէկրանային պրեմիերա էր նախատեսել, որից հետո  որոշ ժամանակ կշարունակվեր կինոթատրոնային ցուցադրությունը: «Մեծ էկրանին էֆեկտն, անշուշտ, այլ էր լինելու: Բայց կորոնավիրուսը ծրագրերս խափանեց:  Անգամ լրագրողական փակ դիտման հնարավորությունը բացառվեց»,-նկատեց Հարություն Հարությունյանը:

Ֆիլմի բոլոր հարցազրույցները նա է արել, արտադրական ամբողջ պրոցեսին մասնակցել է: Հեռուստաէկրանն ամենևին չթերագնահատելով՝ շատ կուզենար, որ ֆիլմը մեծ էկրան բարձրանար, և հանդիսատեսը տեսներ ու զգար այն, ինչ ինքն է տեսել ու զգացել: Բայց կորոնավիրուսն այլընտրանքի հնարավորություն, քան հեռուստաէկրանն է, չի թողել: «Ուրախությամբ չէ, ցավոք սրտի եմ ասում՝ ֆիլմը հեռուստաէկրանային պրեմիերա կունենա:  Իմ երազանքն էր, որ հեռուստաընկերությունների արտադրանքն օրերից մի օր  մեծ էկրան բարձրանար, մեզանում այդ մշակույթը վերջապես ձևավորվեր ու զարգանար: Հեռուստաընկերություններում մենք կրիայի պատյանի մեջ պարփակվել ենք, սերիալներ են նկարվում, մեկանգամյա օգտագործման ձևաչփով ցուցադրվում  ու վերջ: Իսկ ես ուզում եմ հեռուստատեսային արտադրանքը մեծ էկրան բարձրանա»,-ձախողված ծրագրերի մասին ցավով նշեց ֆիլմի հեղինակը:

Ապրիլի 2-ին՝ ֆլմի պրեմիերա

Սպասել  ավելի բարենպաստ ժամանակների, երբ հնարավոր կլիներ «Հաղթանակի ապրիլը» ցուցադրել մեծ էկրանին, Հարություն Հարությունյանը չի ցանկացել.  ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցը մոտենում է:

Կորոնավիրուսը ձախողել է նաև «Հաղթանակի ապրիլի»  արցախյան պրեմիերան: «Ուզում էի, որ ֆիլմը նախ ցուցադրվեր Ստեփանակերտի մեծ էկրանին. պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել: Նկարահանումների հիմնական մասն Արցախի Հանրապետությունում է արվել. այնտեղ սպասում էին ֆիլմին»,- հարցազրույցն ավարտեց Հարություն Հարությունյանը:

«Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմի   պրեմիերան նախատեսված է «5-րդ ալիքի» եթերում, ապրիլի 2-ին: Հաջորդ երկու օրերին ֆիլմի կրկնությունն է լինելու. 4 օր, այն 4 օրերը, ինչ զգացինք, ապրեցինք ու վերաժևորեցինք 4 տարի առաջ:

Նաիրա Փայտյան