«Ունդին», Քրիստիան Պեցոլդ ( 2020)

Պարացելսը հավատում էր, որ բնության չորս տարրերը` երկիրը, ջուրը, օդն ու կրակն ունեն իրենց անտեսանելի ոգիները, որոնք բնակվում եմ անմիջականորեն մեր կողքին, սակայն մենք չենք տեսնում նրանց մեր զգայական աշխարհի անկատարելության պատճառով: Ունդինը ջրի ոգին է, ում մասին լեգենդի տարբեր դրսևորումներին ծանոթ ենք Հանս Քրիստիան Անդերսոնի, Ֆրիդրիխ Լա Մոթթ Ֆուկեի և Օսկար Ուայլդի ստեղծագործություններից:

«Եթե ինձ լքես, ես ստիպված կլինեմ սպանել քեզ»,- ասում է գեղեցկուհի Ունդին (Պաուլա Բեեր) իր ընկերոջը` Քրիստոֆին։ Սա Քրիստիան Պեցոլդի նոր՝ «Ունդին» ֆիլմի ամենաառաջին երկխոսությունն է: Ընդ որում սա ամենևին լքված և վիրավորված կնոջ սպառնալիք չէ, այլ հայտնի լեգենդի գլխավոր նախապայման, ինչի շուրջ կառուցված է գերմանացի ռեժիսորի նոր ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ Բեռլինի 70-րդ հոբելյանական միջազգային փառատոնի գլխավոր մրցութային ծրագրում: «Ունդին» Պեցոլդի եռագրության առաջին մասն է, որին հաջորդելու են ֆիլմեր օդային և երկրային ոգիների մասին:

Ինչպես լեգենդը, ֆիլմը ևս ջրահարսի մասին է, որը ցանկանում է մարդ լինել և ապրել երկրի վրա: Սակայն, իր անմահ հոգին պահելու համար Ունդինը պետք է ամուսնանա տղամարդու հետ, բայց եթե հանկարծ տղամարդը նրան դավաճանի, ջրահարսը պետք է սպանի իր սիրեցյալին. հակառակ դեպքում Ունդինը կդառնա ծովի փրփուր… Մինչդեռ Պեցոլդի կախարդական աշխարհում ջրահարսը հանդիպում է Յոհանեսին (Ֆրանց Ռոգովսկի), ինչը ստիպում է ջրային ոգուն մարտահրավեր նետել այս նախապայմանին:

Պեցոլդն ամբողջացնում է ջրային ոգու մասին միֆը` օգտագործելով Բեռլինի կերպարը: Ինչպես հայտնի է, քաղաքը կառուցվել է ճահճուտների վրա, հետևաբար այն իդեալական կենսավայր է Ունդինի համար, որը հանդես է գալիս ֆիլմում որպես Բեռլինի քաղաքաշինության պատմության մասնագետ: Բեռլինի կերպարն իր հետ ֆիլմ է բերում նաև քաղաքական շերտ, քանի որ թանգարանային քննարկումներում բարձրացվում է նաև «Հումբոլդի Ֆորումի» թեման, որն այս պահին ամենաշատ քննադատությունների արժանացող թագարանային նախագծերից մեկն է:

Քրիստիան Պեցոլդը ստեղծում է մոգական ռեալիզմով շնչող աշխարհ, որտեղ անդրաշխարհյա շշուկները ճեղքում են հիպեր-իրականությունն, կանաչ ճահճաջուրը պարուրում է հերոսներին, մաքրում հիշողությունները, դարմանում ցավերը: «Ունդին» գեղեցիկ սիրային պատմություն է, ինչպիսին հանդիպում ենք հեքիաթներում, այն ինքնազոհողության և կախարդանքի շղթաները կոտրելու անկարողության մասին է: Այս հեքիաթում խախտվում են իրականության և երևակայության միջև գոյություն ունեցող բոլոր սահմանները, և միակ բանը, որ մնում է անխախտ` սերն է:

Իրականում «Ունդին» էականորեն զիջում է Պեցոլդի նախկին գործերին իր պարզունակությամբ, երբեմն անգամ ներելի սենտիմենտալությամբ, բայց այս իննսուն րոպեանոց կախարդական ճանապարհորդությունից հետո դեպի հեքիաթ, ձևավորվում է շատ ջերմ և հարազատ տխրության զգացողություն, որ վերածնվում է ամեն անգամ ֆիլմի մասին հիշելիս:

Սոնա Կարպողոսյան


Կինովերլուծություն պանդեմիայի օրերին

1990-ականներին հեռուստատեսությամբ ցուցադրվեց մի աղետ-ֆիլմ, որն այն ժամանակ մենք` նմանատիպ կինոյին դեռևս անսովոր հանդիսատեսներս, դիտեցինք շունչներս պահած ու սարսափով, թեև...