Վոնգ Կար-Վայ (Wong Kar-Wai) կինոընկերության Jet Tone Films-ի Block 2 Distribution խումբը զբաղվելու է «Էննիո․Մաեստրո» վավերագրական ժապավենի միջազգային դիստրիբուցիայով։ Ֆիլմը նվիրված է լեգենդար կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեին: Կինոնկարի ռեժիսորը կոմպոզիտորի վաղեմի ընկեր Ջուզեպե Տորնատորեն է։

91-ամյա Մորրիկոնեն երաժշտություն է գրել ավելի քան 500 ֆիլմերի և  հեռուստասերիալների համար, որոնցից 60-ը օսկարակիր են: Նրա երաժշտությունը հնչում է  Սերջիո Լեոնեի հանրահայտ ֆիլմերում՝ «Մի անգամ Ամերիկայում» և «Լավ վատ, չար», Թերենս Մալիկի «Հունձքի օրերը», Բեռնարդո Բերտոլուչիի «Քսաներորդ դարում» և շատ այլ ֆիլմերում:

Ջուզեպե Տորնատորեն և Մորրիկոնեն համատեղ 12 ֆիլմ ունեն։ Դրանցից ամենահայտնիներն են «Մալենա» (Մոնիկա Բելլուչին դարձավ հայտնի) և  «Նոր կինոթատրոն «Պարադիզո» ֆիլմերը (1990 թ․ստացավ «Օսկար»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, իսկ 1989 թ. արժանացել է «Գրան պրի» մրցանակի):

Մորրիկոնեին նվիրված վավերագրական ֆիլմը բաղկացած է կոմպոզիտորի ընկերների հարցազրույցների շարքից, այդ թվում՝ Վոնգ Կար-Վայի, Քվենտին Տարանտինոյի, Բեռնարդո Բերտոլուչիի, Քլինտ Իստվուդի և Բրյուս Սպրինգստոնի:  Նրանց համագործակցության պատմությունները լեգենդար կոմպոզիտորի հետ՝ միահյուսվում են դասական դարձած  (ոչ միայն Մորրիկոնեի երաժշտության շնորհիվ) հայտնի ֆիլմերի դրվագների, Մորրիկոնեի անձնական կյանքի արխիվային կադրերի և համաշխարհային համերգային շրջագայությունների ձայնագրությունների հետ:

Այս պահին ֆիլմը գտնվում է հետարտադրական փուլում  և պատրաստ կլինի  2020 թվականին։