Օրերս եմ վերադարձել Լեհաստանի Լոձ քաղաքից, որտեղ գտնվում էի տեղի Ազգային կինոդպրոցի (The Polish National Film, Television and Theatre School in Lodz) հրավերով: Հարկ է նշել, որ այդ կրթօջախը կինոյի ոլորտի ամենահայտնի ու լավագույն բուհերից մեկն է աշխարհում, և նման տեղում դասավանդելու առաքելությամբ գտնվելը մեծ պատիվ է:

Լոձի կինոդպրոցը

Լոձի ազգային կինոդպրոցից հայտնել էին, որ հետաքրքրված են կովկասյան և ռուս կինոյի պատմությամբ: Այսպիսով, մեկնել էի դասախոսելու հետևյալ թեմաներով. Համո Բեկնազարյան, Սերգեյ Փարաջանով, Արտավազդ Փելեշյան, 1920-ականների ռուսական ավանգարդը, Անդրեյ Տարկովսկի:

Այս համագործակցությունը հնարավոր դարձավ ԵԹԿՊԻ ռեկտոր  Լիլիթ Արզումանյանի առաջարկությամբ և ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի աշխատակիցներ Զարուհի Սահակյանի և Հասմիկ Հովակիմյանի տարած մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ: Հիրավի, շատ մեծ էր պատասխանատվությունը, մանավանդ, որ այդքան էլ հաճախ չեմ առիթ ունենում հանդես գալ անգլերեն բանախոսություններով: Բարեբախտաբար, դա խոչընդոտ չհանդիսացավ, ավելին, առաջին իսկ րոպեներից, կարծես, յուրօրինակ մտավոր և հոգևոր կապ առաջացավ իմ և օտար ուսանողների միջև, և արդեն մտքերը կառուցվում էին ինքնաբուխ կերպով: Զարմանալիորեն ազատագրված էի ինձ զգում և կինոյի հանդեպ սիրո տարերքին տրվել կարողանում անգամ օտար լեզվի սահմաններում:

Իրենց համար իսկական հայտնություն էր Բեկնազարյանի ֆենոմենը, որ ռուսական նախահեղափոխական կինոյի աստղ լինելուց հետո, հայ ազգային ֆիլմարվեստը ստեղծելուց բացի, հիմնադրել է նաև վրացական կինոն, ակտիվ մասնակցություն է ունեցել հարևան պետության, նաև միջինասիական հանրապետությունների` Ուզբեկստանի, Տաջիկստանի կինեմատոգրաֆների կայացման գործում, Հայաստանում բեմադրել է քրդերի և եզդիների, պարսիկների մասին (և իրենց մասնակցությամբ) աշխարհում երբևէ նկարված առաջին ֆիլմերը… Ժամանակակից լեզվով ասած` այս բազմամշակութային ռեժիսորը, իբրև «կինոյի իսկական աշխարհակալ», այդքանով չի սահմանափակվել և շարունակել է նորանոր մշակութային տարածքներ «նվաճել»` թափանցելով տարբեր ժողովուրդների կենսակերպի թաղանթի տակ, նրանց գոյության մոդելի մեջ. նկարել է նաև չեչենների և Հեռավոր Արևելքում ապրող գոլդերի մասին առաջին ֆիլմերը, տիրապետել է կինոյի տարբեր ժանրերին, մեծ ուշադրություն է դարձրել կնոջ ճակատագրին, հատկապես, արևելյան իրականության մեջ, և այլն, և այլն:

Ազգագրական տարրի առկայությունը յուրօրինակ կերպով դրսևորվել է նաև բազմամշակութային դիմագիծ ունեցող մեկ այլ հայ ռեժիսորի` Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության մեջ: Պետք է ասել, որ բացառիկ ազդեցություն գործեց «Նռան գույնի» ցուցադրությունը: Երջանիկ եմ, որ իմ դիտարկումների և մեկնաբանությունների միջոցով հաջողվեց իրենց համար դուռ բացել դեպի Փարաջանովի ստեղծած Գեղեցիկի աշխարհը և, այդպիսով, նաև հետաքրքրություն առաջացնել մեր երկրի, նրա պատմության և մշակույթի հանդեպ, Հայաստան այցելելու ցանկություն առաջացնել: Մի այլ Տիեզերքի հայտնագործում եղավ նրանց համար և Փելեշյանի կինեմատոգրաֆը` նրա մոնտաժը, մարդկանց և բնությունը տեսնելու նրա կերպը:

Ինչ վերաբերում է ռուսական կինոյի առանձնահատուկ դեմքերին, որոնց նույնպես ընդգրկել էի ծրագրում` Վերտովին, Կուլեշովին, Էյզենշտեյնին, Պուդովկինին, և իհարկե, Տարկովսկուն, ապա, բնականաբար, այս կիրթ, ուսյալ երիտասարդները տեղյակ էին և դիտել էին նրանց ֆիլմերը: Սակայն մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ ինձ հաջողվեց փոխել կամ հարստացնել իրենց ընկալումները` այլ տեսանկյունից ներկայացնելով իրենց ծանոթ ռեժիսորներին: Այնպես որ, այս դասերը մեծ ու հետաքրքիր փորձառություն էին թե՛ իրենց, թե՛ ինձ համար: Նման շփումները շատ կարևոր են և թույլ են տալիս նորովի բացահայտել անգամ այն նյութը, որը տարիներ շարունակ քո ուսումնասիրության առարկան է եղել:

Լեհ-հայկական երեկոյի անակնկալը

ԲՈՒՀ-ի կինոարվեստի ֆակուլտետի դեկանը` արվեստագիտության դոկտոր Ռոման Սավկան շատ հաճելի անակնկալ մատուցեց` ինձ հրավիրելով «Երկրի բույրը» վավերագրական ֆիլմի անդրանիկ դիտմանը: Ներկա էր ֆիլմի գլխավոր հերոսը` եռամարտի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, փառահեղ մարզիկ Հովհաննես Յազիչյանը, որ արդեն շուրջ 24 տարի Լեհաստանում է ապրում, և նկարահանող խումբը` ֆիլմի ռեժիսորը, օպերատորը և պրոդյուսերը, որ հենց պ-ն Սավկան էր: Արցախի ազատամարտի մասնակից, ճանաչված մարզիկը ֆիլմում պատմում էր իր հայրենիքի` Հայաստանի մասին, ուր ամեն տեղ հողի յուրահատուկ բույրն է զգում, միաժամանակ, ներկայացնում էր իր լիարժեք երկակի ինքնությունը, քանի որ Լեհաստանում էլ իրեն լեհ է զգում: Այդտեղ նա միանգամայն երջանիկ է իր լեհ կնոջ և երկու դստրիկների հետ: Յազիչյանների գեղեցիկ ընտանիքում ներկա են և՛ հայկականը, և՛ լեհականը: Ֆիլմը նաև ուղևորություն է դեպի Հայաստան: Կինոխցիկը հայտնվում է հայկական հոգևոր, մշակութային վայրերում, միաժամանակ, ընդգրկում մեր անզարդ բնապատկերի առինքնող վեհությունը: «Երկրի բույրը» նկարված է ճշմարիտ վավերագրական կինոյի ոգով: Հուսով եմ, որ այն արժանի փառատոնային ճանապարհ կունենա:


Հովհաննես Յազիչյանը և «Երկրի բույրը» ֆիլմի նկարահանող խումբը

ՀոլիՎուչը և «STARE KINO»-ն

Լոձը հայտնի է իբրև կինոյի քաղաք և հարուստ է կինոյի ավանդույթներով: Այստեղ է ծնունդ առել լեհական կինեմատոգրաֆը` լինելով աշխարհում առաջիններից մեկը: Պատահական չէ, որ արևմտյան լրագրողները հաճախ են օգտագործում «Հոլիվուդ-Հոլիվուչ» բառախաղը, քանի որ քաղաքի անունը լեհերեն արտասանվում է ոչ թե Լոձ, այլ` Վուչ: Դեռևս 1899 թվականին կինոյի ռահվիրաներ Անտոնի և Վլադիսլավ Կշեմինսկի եղբայրների կողմից (այս փաստը Լյումիեր եղբայրներին է հիշեցնում) այստեղ է հիմնվել լեհական առաջին կինոթատրոնը` «Պատրանքների աշխատասենյակ» անվանումով: Այժմ այդ նույն վայրում` դարձյալ Պյոտրկովսկա 120 հասցեով, նրանց նվիրված հուշատախտակ է տեղադրված, որտեղ և «STARE KINO» հյուրանոցային համալիրն է` հարյուրավոր սենյակներով, որոնցից յուրաքանչյուրի հարդարանքը համապատասխանեցված է որևէ հայտնի ֆիլմի ոճավորմանը: Մոնիտորի վրա հայտնվող պատկերները հերթագայում են միմյանց, իսկ հաճախորդների ընտրությունը կանգ է առնում ազատ մնացած համարներից մեկի վրա` իրենց նախընտրած կինոաստղի և նրա մասնակցությամբ տվյալ ֆիլմի միջավայրը հիշեցնող սենյակում որոշ ժամանակ ապրելու բացառիկ հնարավորությամբ: Օրինակ` ցանկանում եք հայտնվել նոբելյան մրցանակակիր Վլադիսլավ Ռեյմոնտի վեպի համանուն էկրանավորման` Անջեյ Վայդայի «Ավետյաց երկիր» ֆիլմի (ի դեպ, գործողության վայրը 19-րդ դարի արդյունաբերական կենտրոն Լոձն է) մթնոլորտում, որտեղ իր դերասանական տաղանդով փայլում է Դանիել Օլբրիխսկին, համեցեք 16-րդ համար,  նախընտրում եք «Կնքահայրը» ֆիլմի մթնոլորտը` անկրկնելի Մառլոն Բրանդոյի խաղով, ազատ լինելու դեպքում ձեր տրամադրության տակ է հյուրանոցի 136-րդ համարը, ցանկանում եք վերապրել Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ «Մեկ անգամ Ամերիկայում» ֆիլմի արթնացրած հույզերը` ձեզ է սպասում 134-րդը, «Կասաբլանկա» ֆիլմում Հեմֆրի Բոգարտ և Ինգրիդ Բերգման անզուգական զույգի խաղացած սիրո պատմությունն է ձեզ հուզում, ուրեմն 125-րդ համարում կհայտնվեք այդ միջավայրում, իսկ 126-ը ձեզ կտեղափոխի Վիվիեն Լիի և Կլարկ Գեյբլի` «Քամուց քշվածների դարաշրջան»…

Կինոկոկտեյլ

Այսքանով չէր սահմանափակվում այս խորհրդանշական վայրը: Կինոյի շունչը տիրում էր և՛ ռեստորանում, և՛ հատկապես, բարում, որտեղ յուրաքանչյուր կոկտեյլ դարձյալ կապ ուներ որևէ ֆիլմի հետ, և պատվիրելիս աչքդ ընկնում էր գնացուցակի վրա զետեղված համապատասխան մեջբերման վրա: Այդպես, «Կնքահայրը» կոկտեյլի անվան տակ կարդացի. «Սիցիլիայում կանայք հրացաններից ավելի վտանգավոր են», իսկ «Ֆրանսիական»-ի տակ` «Ինձ թվում է, սա գեղեցիկ ընկերության սկիզբ է», որ «Կասաբլանկա» ֆիլմից էր: Եվ սա էլ, իհարկե, ամենը չէ: Բարի շարունակությունը հնաոճ կինոսրահն էր, որտեղ ցուցադրվում են դասական ֆիլմեր 35մմ ժապավենով: Մենք, Լոձի կինոդպրոցի իմ կոլեգայի` Մոնիկա Տալարչիկի հետ, որի հրավերով էլ հայտնվել էի ժամանցի այդ դասական կինոմիջավայրում, խնդրեցինք որ որևէ ֆիլմ միացնեն, թեկուզ մի քանի րոպե դիտելու հաճույք ինքներս մեզ պատճառելու համար… Մի խոսքով այդ երեկո, ինչպես և մնացած օրերին, ամեն ինչ հրաշալի էր, ինչպես կինոյում:

Կինոքաղաքը

Պյոտրկովսկա անվերջանալի երկար փողոցը, որի երկու կողմերում խոյանում են հին ու գեղեցիկ լեհական շենքերը, հայտնի է իր աստղերի «փառքի ուղիով»: Այդտեղ կարելի է տեսնել Լեհաստանում ծնունդ առած, ներկայի և անցյալի այնպիսի հայտնի կինոգործիչների «աստղեր», ինչպիսիք են Զբիգնև Ցիբուլսկին, Անջեյ Վայդան, Եժի Կավալերովիչը, Եժի Հոֆմանը, Քշիշտոֆ Կիսլևսկին, Քշիշտոֆ Զանուսին, Ռոման Պոլանսկին, Ագնեշկա Հոլանդը և շատ ուրիշներ: Քաղաքը հայտնի է իր հիանալի կինոթանգարանով և պալատներով, որոնք վերածվել են պատկերասրահների և ժամանակակից արվեստի թանգարանների: Շենքերի վրա կարելի է տեսնել բազմաթիվ արդի մեծադիր որմնանկարներ` մյուրալներ: Իբրև Եվրոպայի արդյունաբերական կենտրոններից մեկի` Լոձի յուրօրինակությունն է կազմում նրա ինդուստրիալ բնապատկերը, որը կարողացել են շատ հնարամիտ ձևով փոխակերպել` վերածելով թանգարանների, առևտրի և ժամանցի կենտրոնների: Շատ են կինոթատրոնները` «Cinema City», «Kino Raj» և նմանատիպ այլ գրավիչ անվանումներով: Այստեղ շատ ֆիլմեր են նկարվել և նկարվում են մինչ օրս: Երկու-երեք րոպեն մեկ կարելի է տեսնել տարբեր ուղղություններով ընթացող, ամենատարբեր դիզայն և գույն ունեցող տրամվայներ, որոնք կինեմատոգրաֆիկ դինամիկա են հաղորդում քաղաքին` իր կանգուն պատմական հնաոճ շինությունների և ժամանակակից շենքերի ֆոնին:

Մարդիկ սիրալիր են և բարեկիրթ` առանց ձևականության: Նրանք տեր են այն մշակույթին, որ ստեղծել են, և որն իր հերթին վերստեղծել է իրենց:  

Սիրանույշ Գալստյան