Վարպետն ու Վարպետի մասին ֆիլմը
«Բացակա պատկերը» Փելեշյանի կենսագրությունը չէ, ֆիլմերի պատմությունը կամ նրա գործունեությունը։ «Բացակա պատկերը» ուղղակի քայլում է Արտավազդ Փելեշյանի հետ, նրա հետ թեյ ու սուրճ խմում, թանգարան ու կինոդահլիճ մտնում, հանդիպում կինոսերների ու երիտասարդ կինեմատոգրաֆիստների հետ, ուղղակի ապրում ու զգում Վարպետի պես ու Վարպետի հետ։
«Բացակա պատկերը» շուրջ մեկ տարի «Արև» ֆիլմարտադրող ընկերության մոնտաժային համակարգչի էկրանին էր։ Երկու տարուց ավելի Հրանտ Վարդանյանը քնում-արթնանում էր այդ ֆիլմի հետ։ Ու վերջապես փետրվարի 22-ին այն բարձրացավ «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին։
«Մենք այսօր միաժամանակ նշում ենք մեր Վարպետի՝ կինոյի հանճար Արտավազդ Փելեշյանի և նրա մասին պատմող իմ ֆիլմի ծնունդը»,- հանդիսատեսին ասաց Հրանտ Վարդանյանը։ Երկու ծնունդ՝ մեկ երեկոյի ընթացքում։ Ավելին՝ երեք ծնունդ. Կինոմոսկվայի ճեմասրահում բացվեց Արտավազդ Փելեշյանի դիմաքանդակը։ Հեղինակը Վիգեն Ավետիսն է։
«Բացակա պատկերը» Արտավազդ Փելեշյանն առաջին անգամ տեսավ՝ ֆիլմի պրեմիերային։ Մինչ այդ Հրանտ Վարդանյանը հաճախ է հարցրել՝ Վարպետ, կուզե՞ք տեսնել։ Վարպետն էլ պատասխանել է՝ դու գիտես։ Ու Հրանտ Վարդանյանը ցույց չի տվել։ Կարևորը վստահությունն ու հավատն է, որ նա վաստակել է Վարպետի հետ մտերմության, ամենօրյա շփումների ընթացքում։
«Բացակա պատկերը» սև-սպիտակ է։ Բացի նոր նկարահանված նյութից, Հրանտ Վարդանյանն օգտագործել է նաև հատվածներ՝ Արտավազդ Փելեշյանի տարբեր ֆիլմերից։ Այդ կադրերը մեծ մասամբ կինոէկրանին են ու տարբեր առիթներով ցուցադրվում են տարբեր քաղաքների կինոդահլիճներում։ Հրանտ Վարդանյանն Արտավազդ Փելեշյանի և նրա տիկնոջ հետ շրջել է այն վայրերով, քաղաքներով՝ Լիսաբոն, Փարիզ, Լիոն, Երևան, որտեղ Վարպետի հետ հանդիպումներ են կազմակերպվել։ Նրա վարպետության դասերը, խոսքը, կինոցուցադրությունները նկարահանվել է՝ որպես փաստագրական նյութ։
Ինչպես հայտնի է, Արտավազդ Փելեշյանը հարցազրույց չի տալիս. անգամ իմանալով, որ Հրանտ Վարդանյանն իր մասին ֆիլմ է նկարահանում՝ դարձյալ հարցազրույց տալու հավանականությունը բացառել է։ Ռեժիսորը բավարարվել է միայն Վարպետին առօրյայում, հանդիպումների ժամանակ նկարահանելու իրավունքով ու թույլտվությամբ և վերջ։ Բայց այն մթնոլորտն ու միջավայրը, այն վերաբերմունքն ու արձագանքը, ինչը տեսնում ենք ֆիլմում, համապարփակ պատկերացում է տալիս, թե ինչ գնահատանքի է արժանանում Արտավազդ Փելեշյանը դրսում։
Կինոգործիչների, կինոգետների ու ռեժիսորների գնահատականներ Արտավազդ Փելեշյանի ֆիլմարվեստին ու գործունեությանը «Բացակա պատկերում» չկան։ Սակայն անգամ նրանք, ովքեր նոր-նոր կփորձեն ճանաչել Վարպետին, ֆիլմը կփոխանցի առաջին տեղեկությունները, նրանց ձեռքը կտա այն բանալիները, որոնցով կարելի կլինի բացել ու բացահայտել Արտավազդ Փելեշյանին։ Հրանտ Վարդանյանը միտումնավոր օգտագործել է Փելեշյանի դիտարկումները, մեկնաբանությունները, բացատրություններն իր կինոարվեստի, դիստանցիոն մոնտաժի գաղտնիքների, երաժշտության ու պատկերի համադրության մասին։
«Ես ցանկացել եմ, որ մեր երիտասարդները, հետագա սերունդները լսեն Փելեշյանին, ճանաչեն նրան, կինոյի դասերից դասեր քաղեն, հասկանան՝ ինչպես է նա կադրերը մոնտաժել, ինչ է ցանկացել ասել բացակա պատկերներով։ Ֆիլմում ուղղակի խոսքեր չկան, բոլորը վերաբերում են փելեշյանական կինոյին»,- նկատեց Հրանտ Վարդանյանը։
Ֆիլմը նկարել են երկու օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյանն ու Հրանտ Վարդանյանը։ Եթե «Կյանք» և «Վերջ» ֆիլմերում Վահագն Տեր-Հակոբյանը 30 տարի առաջ հանդես է եկել որպես օպերատոր, որն աշխատել է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ, ապա «Բացակա պատկեր» ֆիլմի դեպքում նա ինքն է նկարահանել Վարպետին՝ փորձելով ստանալ նրա ամբողջական կերպարը։
Ֆիլմի պրեմիերայից հետո Վարպետն ասաց. «Հրանտը ոչնչից ֆիլմ է ստացել։ Ապրի՛»։
Նաիրա Փայտյան