Բեռլինի կինոփառատոնին կից Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում Հայաստանն առաջին անգամ է  ներկայանում  առանձին տաղավարով։ Մեր մասնակցությունն ամիսների աշխատանք է պահանջել ազգային կինոկենտրոնից, որը ոչ միայն տարածքն է վարձակալել, որպեսզի հայ պրոդյուսերներն աշխատելու, հանդիպումներ անցկացնելու  հնարավորություն ունենան, այլև հայկական 50 կինոնախագծերի կատալոգ է տպագրել, որը ներկայացվում է բազմազգ գործընկերներին։

Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն առաջին քայլը կարևորելով՝ ընդգծում է, որ արդյունքները կերևան շատ ավելի ուշ՝ առնվազն կինոշուկայի եզրափակմանը։ Հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե հայկական պատվիրակությունը որտեղ է թերացել, ավելի գոհացուցիչ արդյունքներ արձանագրելու համար հաջորդ տարիներին հատկապես ինչի վրա ուշադրություն դարձնեն։

«Առաջինը պետք է նկատի ունենալ, որ այսուհետև մեր տաղավարի համար ավելի մեծ տարածք է պետք վարձակալել։  Ընդարձակ տաղավարն ինքնին ավելի մեծ տպավորություն է թողնում, բացի այդ, կինոշուկային մասնակցող հայ պրոդյուսերները որոնք, ի դեպ, իրենց միջոցներով են Բեռլին եկել, պետք է լիարժեք աշխատելու հնարավորություն ստանան»,-նկատեց Շուշանիկ Միրզախանյանը։

Արդյունքներն ամփոփելիս կինոկենտրոնի ղեկավարը  բոլոր պրոդյուսերների մասնակցությամբ քննարկումներ կկազմակերպի՝ լսելու նրանց կարծիքները, առաջարկներն ու նկատառումները։ Շուշանիկ Միրզախանյանը գոհ է կինոշուկայի 3-րդ օրվա պատկերից. հայկական տաղավարի հանդեպ հետաքրքրությունը մեծ է։ Մինչ Բեռլին գալը՝ հանդիպումների նախնակաան պայմանավորվածությններ արդեն ունեցել են, այսինքն՝ մեր մուտքը կինոշուկա ակնհայտորեն հետաքրքրել է շատերին։

«Եթե կարողանանք պահպանել այն, ինչ ունենք այսօր ու ավելին՝ շարունակական դարձնել ու զարգացնել, իհարկե, հրաշալի կլինի։ Մեր պրոդյուսերների աշխատանքով պետք է կարողանանք մեր տեղն ու դիրքը կինոշուկայում հիմնավորել և հաստատել։ Հատկապես երիտասարդ պրոդյուսերները բավականին ակտիվ են, մենք էլ մեր կողմից փորձում ենք աջակցել նրանց ՝ ծանոթացնելով օտարազգի պրոդյուսերների հետ»,- պատմեց Շուշանիկ Միրզախանյանը։

Մեր կինոժառանգության հանդեպ մեծ հետաքրքություն կա. նախնական պայմանավորվածություն չունենալով՝  «Կինոկլասիկա» հիմնադրամի ներկայացուցիչը հայաստանյան պատվիրակության հետ հանդիպելու ցանկություն է հայտնել։ Նա հետաքրքվել է՝ հայկական կինոժառանգությանը վերաբերող ինչ նախագծեր կարող են  առաջարկել հայերը։ Կինոկենտրոնի տնօրենը «Պեպո» ֆիլմն է առաջարկել։ Առաջարկը «Կինոկլասիկայի» հավանությանն է արժանացել, ու տեղում հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Շուշանիկ  Միրզախանյանը հանդիպել է Film News Europe.com կազմակերպության գլխավոր տնօրեն Աննա Ֆրանկլինի հետ։ Film News Europe.com-ին անդամակցում են  նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրները։ Այն մեծ հարթակ է, որը տեղեկություններ է տարածում անդամակցող երկրների կինոյի նորությունների, անցուդարձի մասին։ Կազմակերպությունը յուրաքանչյուր երկրում թղթակից-լրագրող ունի, որը նրանց անհարաժեշտ տեղեկություններ է տրամադրում։  Film News Europe.com-ը 17 հազար հետևորդ ունի. 7000 պրոդյուսեր է համագործակցում այս կազմակերպության հետ։ Անդամակցող երկրները տարեկան 3000 դոլար են վճարում։

Հայաստանը Film News Europe.com-ին անդամագրվելու առաջարկ է ներկայացրել, որը հատուկ ժողովի ընթացքում քննարկվել է։ Անդամակցող երկրների կինոկենտրոնների ու հիմնադրամների տնօրենները Հայաստանի առաջարկը հավանության են արժանացրել։ Հիմա մերոնք Film News Europe.com-ից պաշտոնական առաջարկի են սպասում, որն էլ ներկայացնելու են ԿԳՄՍ նախարարություն։ Հետագա քայլերը կկանխորոշեն Film News Europe.com-ի հետ համագործակցության հեռանկարները։

Վավերագրական ֆիլմերի Sanny side of the doc կինոշուկայից ևս որոշակի ակնկալիքներ կան։ Sanny side of the doc-ը Ֆրանսիայի հարավում գտնվող Լա Ռոշել քաղաքում է անց կացվում։ Կինոշուկայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայկական կողմին առաջարկվել են վավերագրական ֆիլմերի տարբեր թեմաներ՝ պատմականից մինչև վայրի բնություն։ Sanny side of the doc կինոշուկան մասնակիցներին փիչինգների հնարավորություն է տալիս, բացի այդ՝ օգնում է համարտադրողներ գտնել, անգամ որոշ ֆինանսական ծախսեր  է հոգում։ Օրինակ՝ հունիսին կայանալիք կինոշուկային մեր վավերագրողները կարող են մասնակցել, ի դեպ, տաղավարների գները եվրոպական մյուս կինոշուկաներում գործող վճարների համեմատ մատչելի են՝ 6 քմ. տաղավարի համար՝ 1000 դոլար կամ մի քիչ ավելի։

Ուզբեկստանի ներկայացուցիչները ևս առաջարկել են համագործակցել։ Նրանք հետաքրքրված են ոչ միայն համատեղ արտադրության ֆիլմերի նախագծերով, այլև Համո Բեկնազարյանի կինոժառանգությամբ, քանի որ անվանի կինոռեժիսորի գործունեությունը նաև Ուզբեկստանի հետ է կապված։ Այնպես որ, Ուզբեկստանը Բեկնազարյանի ֆիլմերի վերականգնմամբ ու թվայնացմաբ հետաքրքրված է։ «Լինելով մեծ ռեժիսոր՝ Բեկնազարյանը, ցավոք, աշխարհին անհայտ է։ Մենք պարտավոր ենք նրա կինոժառանգությունը վերականգնել ու տարածել»,- նշեց կինոկենտրոնի տնօրենը։

Մինչև Բեռլինի կինոշուկան՝ Վրաստանում Շուշանիկ Միրզախանյանը հանդիպել է այդ երկրի կինոկենտրոնի ղեկավարությանը և միասին որոշ նախագծեր են քննարկել։ Դրանցից մեկն, օրինակ, վերաբերում է Սերգեյ Փարաջանովի ժառանգության վերականգնմանը։ Բացի այդ՝ Հայաստան-Վրաստան պրոդյուսերական համատեղ հարթակ ստեղծելու մտադրություն կա։ Կկնքվի նաև համարտադրության պայմանագիր։

Ղազախները ևս հետաքրքված են Հայաստանի հետ համագործակցության ծրագրերով։ Նրանց հետ էլ համարտադրության պայմանագիր կկնքվի։ «Հետխորհրդային երկրների հետ համատեղ պատմություն ունենք, որը չի կարելի մոռանալ կամ ջնջել։ Հետխորհրադային երկրների կինոգործիչների հետ կապերը պետք է վերականգնենք, համատեղ արտադրություններ ստեղծենք ու միասին առաջ գնանք»,-համոզված է Շուշանիկ Միրզախանյանը։

Բեռլինի կինոշուկայի ակտիվ երթևեկը շարունակվում է։

Բեռլին-Երևան

24․02․2020