Նախօրեին կայացել է ֆրանսիական «Սեզար» 45-րդ մրցանակաբաշխությունը:  «Սեզար»  արվեստի ակադեմիայի անդամների ընտրությամբ,  2020 թվականի լավագույն ֆիլմ է  ճանաչվել ֆրանսիացի ռեժիսոր Լաջի Լիի «Թշվառները» (Les Misérables, 2019) ժապավենը: Ռեժիսոր Նիկոլյա Բեդոսի «Հիասքանչ դարաշրջան» ֆիլմը արժանացել է «Սեզար» մրցանակի մի քանի անվանակարգում՝ լավագույն դեկորացիա, լավագույն օրիգինալ սցենար, իսկ ֆիլմում հանդես եկած Ֆանի Արդանը ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի:

Ռոման Պոլանսկու «Սպան և լրտեսը»  ստացել է երկու մրցանակ՝ լավագույն ռեժիսոր և լավագույն ադապտացված սցենար (համատեղ գրող Ռոբերտ Հարիսի հետ ), բացի այդ ժյուրին բարձր է գնահատել զգեստավորողի աշխատանքը:

Մրցանակաբաշխության  պատմության մեջ առաջին անգամ ավանդական «Սեզար» պատվո մրցանակը, որը տրվում է կինոյի և մշակույթի աշխարհին մատուցած ծառայությունների համար, չի գտել իր տիրոջը:  Արարողությունից քիչ առաջ հայտնի է դարձել, որ դերասան Բրեդ Փիթը, որին պետք է հանձնվեր այդ արձանիկը, հրաժարվել է այն ընդունել: LCI-ը նշում է, որ մինչ այժմ հայտնի չէ հրաժարվելու պատճառը: Դրանից հետո կազմակերպիչները փորձել են այլ դերասանների առաջարկել մրցանակը, այդ թվում Մեթ Դեյմոնին, որն այժմ Ֆրանսիայում նկարահանումների է մասնակցում, բայց ապարդյուն:

Լավագույն դերասան է ճանաչվել Ռոշդի Զեմը, լավագույն դերասանուհի՝ Անաիս Դեմուստյեն:
Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել ֆրանսիացի ռեժիսոր Ժերեմի Կլապենի «Ես կորցրել եմ իմ մարմինը» ժապավենը: Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն հոն-ի «Մակաբույծները», որն այս տարի «Օսկար» է ստացալ լավագույն ֆիլմ անվանակարգում: