Վերսկսվում է վերջին երկու տարիներին ընդմիջված Բրիտանական ֆիլմերի փառատոնը։ Որքան էլ Հայաստանում Բրիտանական Խորհուրդը Միացյալ Թագավորության արտադրության ֆիլմերը ներկայացրել է տարբեր փառատոների ու տարբեր ծրագրերում, այնուամենայնիվ, հանդիսատեսն ավելին էր ակնկալում։  Հաշվի առնելով բրիտանական ֆիլմերի երկրպագուների ցանկությունը, նրանց սպասումները՝ Հայաստանում Բրիտանական խորհուրդը փետրվարի 15-21-ը «Մոսկվա» կինոթատրոնում անց է կացնելու Բրիտանական ֆիլմերի փառատոն։

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը ե՞րբ է լինելու՝ հաճախ էին մեզ հարցնում։ Փաստորեն, հանրությունը սպասում է այս փառատոնին, սովոր է, որ ամեն տարի  մեկ շաբաթ էկրաններին տեսնելու է բրիտանական նոր ֆիլմեր։ Եվրոպական ֆիլմերի փառատոնի ժամանակ մենք նկատեցինք, որ անգլիական ֆիլմի ցուցադրման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն է, և որոշեցինք Բրիտանական ֆիլմերի ընդհատված փառատոնը վերսկսել։ Նախապես մշակեցինք 16-րդ փառատոնի ծրագիրը և սկսեցինք իրագործել։ Բացի ֆիլմերի ցուցադրությունից, ունենալու ենք հատուկ հյուր. կինոլրագրող, կինոքննադատ Իեն Հեյդն Սմիթն է գալու Հայաստան և փետրվարի 17-22-ը կլինի Երևանում։ Ֆիլմերը Սմիթն  է ներկայացնելու։  Սլավոնական համալսարանում, Կինոյի և թատրոնի ինստիտուտում ու Մանկավարժական համալսարանում  նա դասախոսություններ կանցկացնի, բրիտանական նոր թրնդերի մասին կխոսի, կանդրադառնա կինոյում կնոջ դերակատարմանը»,- Բրիտանական ֆիլմերի փառատոնի ծրագրերը ներկայացրեց  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը։

Բացի հիմնական ծրագրից, ուսանողների համար ցուցադրվելու է Բրիտանական կինոյի և հեռուստատեսության արվեստի մրցանակաբաշխության (BAFTA) վերջին տարիների կարճամետրաժ ֆիլմերի հավաքածուն, որը Բրիտանական խորհուրդն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում է։ Ֆիլմերից հետո նախատեսված են քննարկում-հանդիպումներ Իեն Հեյդն Սմիթի մասնակցությամբ։

Բրիտանացի կինոլրագրողը հանդիպումներ կունենա նաև Կինոքննադատների ու կինոլրագրողների ասոցիացիայի հետ։

Իեն Հեյդն Սմիթը «Curzon» ամսագրի խմբագիրն է: Նա նաև «Quintessence Publications» հրատարակչությունում, որի  թղթակից խմբագիրն  է, վարում է «Կինոաստղերի քրոնիկոն» և «Կինոռեժիսորների քրոնիկոն» շարքերը։ Սմիթը  նաև «1001 ֆիլմ, որ պետք է դիտել, քանի դեռ կաս» ամենամյա թարմացվող հրատարակության խմբագիրն է:

Ի դեպ, վերջին տարիներին Իենը սպասվող կինոծրագրերի և միջոցառումների վերաբերյալ  խորհրդատվություն է տրամադրում Բրիտանական խորհրդի գրասենյակներին աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Մինչև  հիմա Բրիտանական ֆիլմերի փառատոնն ավանդաբար անց է կացվել տարբեր թեմաների կամ խորագրերի ներքո. այս անգամ որոշվել է որևէ ուղղություն չընտրել։ Փետրվարի 15-21-ը, օրական երկու անգամ, անգլերեն բնագրով և հայերեն, ռուսերեն ենթագրերով ցուցադրվելու են Միացյալ Թագավորության՝ վերջին տարիների լավագույն ֆիլմերը։

«Հուշանվերը», «Տղերքով լող», «Կենդանիներ», «Գվեն», «Լինել Բլեքեր», «Վարդագույն պատ», «Դաունթոնի աբբայությունը» ֆիլմերը Հայաստանում չեն ցուցադրվել։ Դրանց  մասին միջազգային լրատվամիջոցներում բարձր գնահատականներ են հնչել, և Բրիտանական խորհուրդը որոշել է այդ ֆիլմերը ներկայացնել նաև հայ հանդիսատեսին։

Փառատոնի կազմակերպիչները խորհուրդ են Բրիտանական խորհրդի կայքում նախապես ծանոթանալ բոլոր ֆիլմերի տարիքային սահմանափակումների մասին տեղեկություններին, դիտել թրեյլերները։ Ֆիլմերը մեծահասակների համար են։ Ցուցադրությունների մուտքն ազատ է, դահլիճները մատչելի են նաև սայլակ օգտագործողների համար։

   Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 15-ին,  «Մոսկվա» կինոթատրոնում «Հուշանվերը» ֆիլմի ցուցադրությամբ: Ջոաննա Հոգի հեղինակած  վերջին աշխատանքը նախորդ տարի «Սանդանս» կինոփառատոնում  արժանացել է   «Լավագույն միջազգային ֆիլմ»  մրցանակին:

Բրիտանական ֆիլմերի փառատոնում ընդգրկված են ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ ռեժիսորների գործեր՝ կատակերգությունից մինչև վավերագրություն և դրամա։

Նաիրա Փայտյան