Ճապոնական կինոն հարուստ է հետաքրքիր էջերով, կերպարներով` սկսած համր շրջանից, ներառյալ անցյալ դարի 30-40-ականների ավանգարդը, 50-60-ականների ոսկեդարը, 70-80-ականների հեղինակային կինոն, մինչև մերօրյա ոչ պակաս վառ ու հետաքրքիր կինոիրականությունը: Սակայն ճապոնական կինոյի պատմությունն անհնար կլիներ պատկերացնել առանց այնպիսի հակասական ու էքսցենտրիկ, բայց միևնույն ժամանակ բարդ ու հետաքրքիր կերպարի, ինչպիսին է Կիտանո Տակեշին: Կիտանոն ոչ միայն բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է՝ որպես յուրօրինակ անհատականությամբ ու ոճով օժտված ռեժիսոր, այլ նաև աչքի ընկնող դերասան է, հումորիստ, հաղորդավար, գրող, սցենարիստ և նկարիչ:

Կիտանոյի անհատականության ձևավորման մեջ մեծ դեր է ունեցել կյանքի տարբեր շրջաններում նրա կուտակած կենսափորձը: Ծնված լինելով հասարակ ներկարարի ընտանիքում` որ ոստիկանության կողմից կասկածանքի տակ էր որպես ճապոնական մաֆիայի ներկայացուցիչ՝ յակուձա, Կիտանոն մանկությունն անց է կացրել յակուձա-աշխատավորականների միջավայրում: Այսպիսով յակուձաների հետ այդ տարիների նրա անմիջական շփումը Կիտանոյի ֆիլմերին հետագայում կհաղորդի աննախադեպ հավաստիություն և անկեղծություն: Դեռ մանկության տարիներից Կիտանոն աչքի էր ընկնում բարձր առաջադիմությամբ, նրա բնագիտամաթեմատիկական ուղղվածությունը շատ էր օգնում ստեղծագործելիս, դասերից ազատ ժամանակ Կիտանոն տարված էր   ջազով, զբաղվում էր բոքսով և բեյսբոլով, ինչպես նաև ճապոնական մշակույթին բնորոշ տարրերից մեկով՝ րակուգոյով («րակուգո» բառացի թարգմանաբար նշանակում է թափվող բառեր, XVI-XVII դարերում առաջացած թատերական ներկայացման տեսակ, որում հումորային մանրապատումները բեմականացվում և ներկայացվում են պատմողի կողմից):

60-ականների կեսին ընդունվում է Մեյջիի համալսարան, սակայն որոշ ժամանակ անց հեռացվում է՝ հաճախակի բացակայությունների պատճառով: Հենց այս ժամանակ էլ սկսում է իրեն փորձել տարբեր մասնագիտություններում՝ ջազային բարում մատուցողից, մինչև տաքսու վարորդ, սևագործ բանվորից մինչև հումորիստ: 70-ականներին Կիտանո Տակեշին ընկերոջ՝ Կիյոշի Կանեկոյի հետ ճապոնական ավանդական կատակերգական ժանրի` մանզայի օրինակով ստեղծում է կատակերգական դուետ` այն անվանելով «Երկու Բիթ»: Ունենալով բազմաթիվ ելույթներ և ստանալով հրավերներ հեռուստատեսությունից` կարճ ժամանակահատվածում դուետը հայտնի է դառնում: Ի պատիվ դրա՝ Կիտանոն մինչ օրս օգտագործում է  Բիթ Տակեշի կեղծանունը: Դուետի բաժանումից հետո Կիտանոն հեռուստատեսային բազմաթիվ առաջարկներ է ստանում, նկարահանվում է մի քանի կատակերգություններում: Ռեժիսուրայով սկսում է զբաղվել պատահմամբ՝ հանգամանքների բերումով, երբ ‹‹Դաժան ոստիկանը›› ֆիլմի ռեժիսորը, որում Կիտանոն խաղում էր գլխավոր դերը, հրաժարվում է ֆիլմից: Մեկ շաբաթվա ընթացքում կատարված ահռելի աշխատանքի շնորհիվ, նախնական սցենարն ամբողջությամբ փոփոխության ենթարկելով նա կարողանում է ստեղծել հաջողված ֆիլմ, որը հետագայում իր խոսքով` ամաչեցնում է իրեն, արված սխալների պատճառով: Կիտանոյի կյանքում բեկումնային է դառնում մոտոցիկլետի վթարը, ինչից հետո նա ստանում է ծանրագույն վնասվածքներ, նաև` դեմքի մկանների կաթված, ինչն այդպես էլ չի վերացել: Եվ չնայած այս ամենին՝ նա կարողացել է շարունակել իր ռեժիսորական գործունեությունը, ստեղծելով բարձրարժեք ֆիլմեր, անգամ ավելին՝ վթարից հետո նա սկսել է նկարել,  և հաճախ Կիտանոյի նկարչական աշխատանքները ցուցադրվում են իր ֆիլմերում: Ինչ վերաբերվում է նրա դեմքի անշարժությանը, ապա այս հանգամանքն է՛լ ավելի յուրահատուկ է դարձնում Կիտանոյին որպես դերասան: Ունենալով էմոցիոնալ արտահայտչականության սուղ միջոցներ՝ դիմակի նման անշարժացած, կարծրացած դեմք, այնուամենայնիվ, նրան հաջողվում է տեղ հասցնել անհրաժեշտ էմոցիաներն ու հուզականությունը՝ և՛ դրամատիկ, և՛ կատակերգական երանգներ հաղորդելով իր կերտած կերպարներին: Կիտանո-Մարդը և Կիտանո-ռեժիսոր-դերասան-սցենարիստը իրարից անբաժանելի են, իրական կյանքում նա ևս աչքի է ընկնում իր էքստրավագանտ՝ հաճախ անգամ ագրեսիվ վարքագծով: Հայտնի է հատկապես այն դեպքը, երբ Կիտանոն ներխուժել է իր մասին քննադատական հոդված տպագրած թերթի խմբագրատուն և ծեծի ենթարկել բոլոր ներկաներին, ինչից հետո որոշ ժամանակով նրան արգելվել է հեռուստաէկրաններից երևալ:

Կիտանո-ռեժիսորի ֆիլմերից անպակաս են յակուձաներն ու երբեմն նատուրալիզմի հասնող դաժանության տեսարանները: Սրա վերաբերյալ Կիտանոն հայտարարել է, որ իր ֆիլմերը նայելիս հերոսի ստացած հարվածի ցավը պետք է զգա նաև հանդիսատեսը: Սակայն ի տարբերություն արյունոտ տեսարանների սիրահար հայտնի մեկ այլ ռեժիսորի՝ իտալական ծագումով ամերիկացի Քվենտին Տարանտինոյի, Կիտանոյի ֆիլմերում այդպիսի տեսարանները չեն անցնում բնականի սահմանները, և վերջինիս ֆիլմերում բացակայում են արյան գետերը: Լինելով իսկական ասիացի՝ Կիտանո Տակեշին էսթետ է, նրա ֆիլմերում նրբորեն իրար կարող են հաջորդել կռվի տեսարանները և սակուրայի ծաղկած ծառերը` հանդիսատեսի մոտ տարակուսանքի կամ կադրերի ընկալման անհամապատասխանության նշույլ իսկ չառաջացնելով: Ինչպես վայել է իսկական ճապոնացուն՝ նրա աչքից (հետևաբար՝ կինոխցիկից) չեն կարող վրիպել լիալուսնի արծաթագույն սկավառակը` կախված գիշերային Տոկիոյի երկնքում, Քարերի այգու ներդաշնակ պարզությունը, ճապոնական արևից շքեղորեն կարմիր ներկված թխկիների տերևները, ծովի ալիքների թովիչ, կանչող գեղեցկությունը: Նրա կինոխցիկը որսում է նաև ժամանակակից մարդու պատճառով առաջացած այլանդակություններն ու թերությունները: Սակայն Կիտանոն ամենևին չի մեղադրում իր հերոսներին, նա արտացոլում է կյանքը` հետևություններ անելը թողնելով հանդիսատեսին: ‹‹Տեսարան ծովի մոտ››, ‹‹Երեխաները վերադառնում են››, ‹‹Հրավառություն››, ‹‹Կիկուջիրո››, ‹‹Տիկնիկներ››, ‹‹Ձատոիչի››. Կիտանոյի ֆիլմերից յուրաքանչյուրը առանձնահատուկ է, մյուսներից տարբերվող, սակայն կխոսենք հատկապես երկուսի՝ ‹‹Հրավառություն›› և ‹‹Տիկնիկներ›› ֆիլմերի մասին, որոնք ռեժիսորին բերեցին համաշխարհային համբավ  ու ճանաչում:

‹‹Հրավառություն›› կամ ճապոներեն` ‹‹Հանաբի›› ֆիլմի վերնագիրը պատահական չէ ընտրված, ռեժիսորի մտահղացումը բազմաշերտ է, այն կարելի է մեկնաբանել մի քանի ձևով: ‹‹Հրավառություն›› ֆիլմի գլխավոր հերոսի՝ նախկին ոստիկան Նիշիի կերպարը մարմնավորել է ինքը Կիտանո Տակեշին: Նիշին սառը, ինքնամփոփ, խորաթափանց, դաժան, բայց մեծահոգի կերպար է, որ իր մտերիմների՝ պարալիզացված ընկերոջ, գործընկերոջ այրու և արյան քաղցկեղով տառապող կնոջ բուժման համար ստիպված է եղել մեծ պարտք վերցնել յակուձաներից և, չկարողանալով վերադարձնել անգամ տոկոսները, ստիպված է լինում որոշ ժամանակով միանալ նրանց, սակայն երբ հասկանում է, որ սիրելի կնոջը քիչ ժամանակ է մնացել ապրելու, որոշում է բանկ թալանել, որպեսզի կնոջ վերջին օրերը որքան հնարավոր է գեղեցիկ դարձնի: Գողացած գումարը նա բաժանում է երեք մասի՝ մի մասն արկղիկով ուղարկելով անվասայլակին գամված ընկերոջը,  մյուս մասը՝ գործընկերոջ այրուն, մնացածով` կնոջ հետ մեկնելով ճանապարհորդության: Իմանալով, որ Նիշին հաջողությամբ բանկ է թալանել, յակուձաները հետապնդում են նրան` ցանկանալով տիրանալ ավարին, սակայն Նիշին մենակ կարողանում է դիմակայել նրանց և դաժան հաշվեհարդար է տեսնում:

Վերադառնալով ֆիլմի վերնագրին՝ Նիշին ճանապարհորդության ընթացքում կնոջ համար հրավառություն է կազմակերպում: Սա թերևս մտահղացման ամենաուղիղ, վերին շերտն է: ‹‹Հանաբի›› բառը ճապոներեն միասին (կպած) գրելով նշանակում է հրավառություն, բայց ռեժիսորը ֆիլմի տիտրերում այն դիտավորյալ երկու մասի է բաժանել. առաջին մասնիկը ‹‹հանա›› նշանակում է ծաղիկ, երկրորդը՝ ‹‹բի›› նշանակում է հուր, կրակ: Այս կերպ կարելի է ծաղկի մեղմ գեղեցկությանը հակադրել կրակի այրող, կործանիչ ուժը: Ընկալման հաջորդ շերտն արդեն տանում է դեպի կերպարների էությունը: Կնոջ կերպարի նրբությունն ու հեզությունը հակադրվում է Նիշիի բռնկվող ու առնական բնավորությանը: Հրավառությունը տևում է մի քանի ակնթարթ՝ երկնքում անկրկնելի գեղեցկության հետք առաջացնելով, ապա անմիջապես էլ վերանալով, անէանալով, կարծես երբևէ չէր էլ եղել: Այդպես էլ Նիշիի ու կնոջ հարաբերությունները՝ կյանքի վերջին ակնթարթներն ապրելով աննկարագրելի գեղեցիկ ու վառ, նրանք, ճապոնական հնամենի ավանդույթին հետևելով, կրկնակի ինքնասպանություն են գործում: Ֆիլմում կիրառվել են մոնտաժային հետաքրքիր լուծումներ (մոնտաժի հեղինակը կրկին Կիտանոն է), օրինակ, երբ Նիշիի կրակվառիչը միացնելու կադրը մոնտաժված է յակուձայի՝ ատրճանակի ձգանը քաշելու հետ, այսինքն` կրակվառիչի ձայնի փոխարեն հաջորդ կադրում լսվում է կրակոցի ձայնը:

Անհնար է չխոսել ֆիլմի երաժշտական ձևավորման մասին, որի հեղինակը օսկարակիր կոմպոզիտոր Ջո Հիսաիշին է: Ինչպես հայտնի է, և՛ բնության մեջ, և՛ կյանքում գոյություն չունի կատարյալ լռություն, մշտապես առկա են և ֆոնային աղմուկներ ու ձայներ, այնպես որ, լռությունը հարաբերական է, սակայն թեկուզ և լինելով հարաբերական` այն լայն հնարավորություններ է տալիս ընդգծելու հերոսների էմոցիաները և բազմիցս կիրառվել և կիրառվում է կինոյում: Լռությունը կինոյում կարևոր դեր ունի, լռության միջոցով հանդիսատեսին կարող են փոխանցվել բազմաթիվ մտքեր և զգացմունքներ: Ճապոնական կինոյում առավե՛լ  ևս լռությունը ձեռք է բերում կարևորագույն նշանակություն՝ պայմանավորված ճապոնացիների ազգային բնավորությամբ և մենթալիտետով` լռությունը պաշտամունքի հասցնելով  և արվեստ համարելով: Կիտանո Տակեշին ճապոնական արվեստի և կինոմշակույթի իսկական կրող է, նա իր ֆիլմերում նրբորեն կարողանում է հյուսել լռություն` դրանով ֆիլմն է՛լ ավելի իմաստալից դարձնելով և նոր զգացմունքային նրբերանգներ հաղորդելով: ‹‹Հրավառություն›› ֆիլմն այս առումով բացառություն չէ , այն սկսվում է գործողություններով, որոնք կատարվում են լռության մեջ: Տպավորիչ է Նիշիի կերպարի և իր մահամերձ կնոջ ‹‹երկլռությունը››, երբ երկուսն էլ, իմանալով կնոջ մոտալուտ մահվան մասին, դեմ դիմաց նստած լռում են: Այս իրավիճակում խոսքերն ավելորդ են, ոչինչ չեն կարող փոխել, և հերոսները` երկուսն էլ գիտակցում են դա: Հաջորդ տեսարանում ռեժիսորը ֆոնային աղմուկի՝ պատուհանից այն կողմ լսվող տերևների խշշոցի միջոցով ընդգծում է մարդկային լռությունը: Ֆիլմում հիանալիորեն զուգակցված են երաժշտությունը և կոնտրապունկտային աղմուկները: Ջո Հիսաիշիի կախարդական երաժշտությունը  ֆիլմի յուրաքանչյուր կադրի ճապոնական մինիմալիստիկ արտահայտչականությունն էլ ավելի է ընդգծում:

Կիտանոյի փոթորկուն, տաքարյուն բնավորության պատճառով Հիսաիշիի և Կիտանոյի երկար տարիների համագործակցությունն ընդհատվում է, նրանց վերջին համատեղ աշխատանքն է դառնում ‹‹Տիկնիկներ›› ֆիլմը: Այն երեք պատումների հյուսվածք է, երեք զույգ հերոսներ, որոնց ճակատագրերը ֆիլմի տիրույթում հատվում են` ցուցադրելով ու վեր հանելով նրանցից յուրաքանչյուրի անձնական դրաման: Պատահական չէ, որ ֆիլմն սկսվում է ճապոնական արվեստի հնագույն ճյուղերից մեկի՝ ‹‹ Բունրակու›› տիկնիկային թատրոնի պիեսներից մեկի ներկայացման ցուցադրությամբ: Այս ներկայացման հերոսները` ‹‹Տղամարդ›› և ‹‹ Կին››, կինոնկարի ընթացքում կհիշեցնեն մեզ ֆիլմի հերոսներին` դառնալով նրանց դիցաբանական և մետաֆորիկ, սիմվոլիկ նախատիպը:

‹‹Տիկնիկներ›› ֆիլմի առաջին պատումը Մացումոտո անունով երիտասարդի պատմությունն է, որը ծնողների հորդորանքին հետևելով, հանուն կարիերայի առաջընթացի թողնում է իր սիրած աղջկան և պատրաստվում ամուսնանալ իր ղեկավարի դստեր հետ: Մացումոտոյի սիրած աղջիկը՝ Սաեկոն, նրա հարսանիքի նախօրեին ինքնասպանության փորձ է անում, սակայն նրան հաջողվում է փրկել, և Սաեկոյի ընկերները Մացումոտոյի ամուսնությունից րոպեներ առաջ նրան տեղեկացնում են աղջկա արարքի մասին: Մացումոտոն, ամեն ինչ զոհաբերելով, փորձում է ուղղել իր գործած սխալը՝ գնում է Սաեկոյի հետևից: Ցավոք, ամեն ինչ այդքան հեշտ չէ, քանի որ ծանրագույն դեպրեսիայից հետո Սաեկոն, թվում է, կորցրել է հիշողությունն ու բանականությունը: Մացումոտոն, հասկանալով իր մեղքի լրջությունը, հանձն է առնում լինել աղջկա կողքին և ամեն կերպ հոգ տանել նրա մասին: Ֆիլմում կան բազմաթիվ ֆլեշբեքեր: Այն սկսվում է տեսարանով, երբ Մացումոտոն և Սաեկոն, կարմիր թելով իրար կապված, քայլում են ծաղկած  սակուրաների միջով, իսկ մարդիկ չարախնդությամբ նայում են նրանց հետևից` իբրև հասարակությունից դուրս մնացածների: Իհարկե, հանդիսատեսը դեռ ծանոթ չէ նրանց պատմությանը, և չգիտի  թելի նշանակությունը, բայց տպավորություն է ստեղծվում, որ Կիտանոն պատահականորեն չի ընտրել այդ թելի գույնը: Այն ակամայից հիշեցնում է ճապոնական մի լեգենդ (‹‹ակաի նո իտո›› կամ ‹‹կարմիր թել››), ըստ որի մարդիկ, ովքեր ճակատագրով նախատեսված են միմյանց համար, իրար են կապված անտեսանելի կարմիր թելով, և անկախ հանգամանքներից, հեռավորությունից, խոչընդոտներից, եթե անգամ թելը ձգվի, խճճվի, կապ ընկնի, այն երբեք չի կարող կտրվել, և ի վերջո այդ երկուսը միասին կլինեն: Կիտանոն ճակատագրի կարմիր թելը դարձրել է տեսանելի: Մացումոտոն հանուն սիրելիի հրաժարվում է իր երջանիկ ապագայից և որոշում է նրա հետ հեռանալ հասարակությունից, զույգը սկսում է թափառել՝ արդյունքում վերագտնելով Սաեկոյի կորցրած հիշողությունն ու զգացմունքները:

Ֆիլմի երկրորդ պատումը Հիրո անունով յակուձայի սիրո պատմության հիշողությունն է: Հիրոն ամեն շաբաթ Սաիտամայի այգում հանդիպում և ճաշում էր իր սիրած աղջկա հետ, սակայն հանդիպումներից մեկի ժամանակ, հանուն իր ապագա բարեկեցության, որոշում է լքել աղջկան: Հրաժեշտի պահին երիտասարդ աղջիկը  խոստանում է, որ ամեն շաբաթ կսպասի Հիրոյին նույն այգում: Անցնում են տասնամյակներ, Հիրոն, չնայած անազնիվ ճանապարհներով, բայց արդեն հասցրել է կուտակել խոշոր կարողություն և ձեռք է բերել ազդեցիկ դիրք: Եվ ահա օրերից մի օր նա որոշում է վերադառնալ այն այգին՝ վերապրելու իր հուշերը: Հիրոն անսպասելիորեն իմանում է, որ այն աղջիկը, ում տարիներ առաջ ինքը լքել էր, սկսած այդ օրվանից ամեն շաբաթ  իսկապես սպասում է նույն տեղում` հուսալով, որ մի օր իր սերը կվերադառնա: Խոսելով կնոջ հետ Հիրոն  հույս ունի, որ նա իրեն կճանաչի, բայց կնոջ գիտակցության մեջ դաջվել է Հիրոյի երիտասարդ կերպարը, և նա անկարող է նայել իրականությանը: Հիրոն որոշում է չհիշեցնել, որ ինքն այն նույն երիտասարդն է, սակայն ամեն շաբաթ սկսում է հանդիպել ու ճաշել կնոջ հետ, նրանց միջև աստիճանաբար մտերմություն  է առաջանում: Կինը զրույցներից մեկի ժամանակ  ասում է, որ գուցե ժամանակն է դադարելու սպասել սիրելիին: Հիրոն վերջապես երջանիկ է, թվում է, թե բախտը ժպտում է նրան, սակայն ժամանակին արած չարագործություններն ու գործած մեղքերը անհետք չեն մնում, և Հիրոն իր կյանքի ամենաերջանիկ պահին թիկունքից սպանվում է վրիժառուի գնդակից:

Երրորդ պատումը Նուկուի անունով մի բանվորի պատմություն է: Նա սիրահարված է հայտնի փոփ-երգչուհու: Պաշտամունքի առարկա դարձնելով նրա կերպարը` երիտասարդը հավատարմորեն  երկրպագում ու հետևում է աղջկան: Երգչուհին՝ Հարունան, ավտովթարի է ենթարկվում և, կորցնելով աչքը, հեռանում է հանրությունից: Նուկուին, չդիմանալով իր դժբախտությանը, կուրացնում է սեփական աչքերը, որպեսզի Հարունային ավելի մոտ լինի: Արդյունքում Հարունան ապշում է Նուկուիի հավատարմությունից և համաձայնում է նրա հետ զբոսնել վարդերի  չքնաղ պարտեզով: Այժմ Նուկուին երջանիկ է, սակայն վերադարձի ճանապարհին լինելով մենակ` նա անցնում է մայթեզրը և սպանվում մեքենայի անիվների տակ:

Ֆիլմի վերջնամասը կրկին Մացումոտոյին և Սաեկոյին է պատկերում, արդեն ավանդական կիմոնոներով: Այս կադրերն այնքան հմտորեն են մոնտաժված, որ նրանք ընկալվում են իբրև Բունրակուի տիկնիկներ: ֆիլմի հագուստների հեղինակը ճապոնացի աշխարհահռչակ մոդելյեր, հագուստի նկարիչ և դիզայներ Յամամոտո Յուջին է, որ նաև համագործակցել է օսկարակիր կինոռեժիսոր Կուրոսավա Ակիրայի հետ` հեղինակելով նրա մի քանի կինոֆիլմերի հագուստը: Հիացմունքի է արժանի ոչ միայն  ֆիլմի սյուժեի սահուն դինամիզմը, այլ նաև կադրերի կոմպոզիցիան, գունապնակը, երկար, միջին պլաննների գերակշռությունը, որոնց շնորհիվ ռեժիսորը ցուցադրել է բնության չքնաղ տեսարաններ` է՛լ ավելի բարձրացնելով ֆիլմի էսթետիկական արժեքը:

‹‹Տիկնիկներ›› ֆիլմում կարելի է գտնել բազմաթիվ սիմվոլներ, սակայն թերևս սխալ կլինի դրանցից յուրաքանչյուրն առանձին վերլուծելը, քանի որ այդ դեպքում ֆիլմը կկորցնի իր ամբողջականությունը:

Էլեն Դանիելյան


Վազգեն Սարգսյանի առաջին ու միակ դերը կինոյում

1979թ. «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի գրականության և արվեստի բաժնի աշխատասենյակի դուռը բացեց ճերմակ հագուստով, գեղեցկատես, փոքր- ինչ շփոթված,  ժպտադեմ մի երիտասարդ,...

, |21 Սեպտեմբեր 2020,00:39