Կյանքում առաջին քայլերն անող և իր ռեժիսորական ձայնը որոնող երիտասարդ Ջուլիի մասին է պատմում Ջոաննա Հոգի «Հուշանվեր» (2019) ֆիլմը: Այն կիսակենսագրական է և հիմնված է ռեժիսորի առաջին սիրո հիշողությունների վրա: Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2019թ. հունվարին Սանդենսում, որտեղ այն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակի որպես Միջազգային լավագույն խաղարկային ֆիլմ (World Cinema Dramatic Grand Jury Prize): Գլխավոր դերում հանդես է եկել Օնոր Սուինտոն Բյորնը, որի մայրը` Թիլդա Սուինտոնը, Ջոաննա Հոգի ընկերուհին է դեռևս 10 տարեկանից և նրա կողքին է եղել այն օրերին, որոնք նկարագրվում են ֆիլմում:

Ջուլին բրիտանական բարձր դասի զավակ է, ազնվական վարվելաձևով, իդեալական կրթությամբ, սովորում է Լոնդոնի կինոդպրոցում, կիսում է բնակարանը ընկերների հետ: Մի օր նա հանդիպում է Էնթոնիին: Էնթոնին առեղծվածային է, աշխատում է Արտաքին գործերի նախարարությունում, հասուն է, էլեգանտ, խոսում է դանդաղ և «դյութիչ», ունի մտքերի իդեալական շարադրանք, հետաքրքվում է արվեստով:  Ջուլիին հրապուրում են անհայտությունը ու առեղծածը, որով պարուրված է Էնթոնին: Նա սուր քննադատության է երթարկում հերոսուհու աշխատանքները, միևնույն ժամանակ խրախուսելով ստեղծագործել, ուռճացնում է իր սեփական խորհրդավորությունը` պարբերաբար անհետանալով և վերադառնալով թանկարժեք նվերներով: Իսկ Ջուլին ուղղակի փորձում է չնկատել բացահայտը` այսպիսով զոհից վերածվելով հանցակցի: Բայց ընկերական ընթրիքներից մեկի ժամանակ պարզ է դառնում, որ ողջ այս մտածածին կատարելությունը ստեղծված է թաքցնելու Էնթոնիի հոգու մեծ դատարկությունը. Էնթոնին հերոինային կախվածություն ունի:

Ֆիլմն առաջին սիրո խոցելիության մասին է, երբ անծանոթ զգացմունքները պարուրում են սառը դատողությունը, միֆականացնում սիրո առարկային և զրոյին հավասարեցնում ինքնավստահությունն ու ինքնասիրությունը: Այն իդեալականացված աշխարհում ապրելու մասին է, որտեղից դուրս ընկնելը կարող է լինել վտանգավոր և անգամ կործանիչ, բայց կարող է նաև նոր ճանապարներ բացել:

«Հուշանվերը» չափազանց զուսպ է, նուրբ և էսթետիկ: Այն ասես Ժուլիի մարգարտաշար վզնոցը լինի, որի հատիկները նրա հիշողություններն են, անցյալի ընդհատված դրվագներից, որոնք շարունակում են ցավ պատճառել: Հեռվից նկարաված տեսարանները ստեղծում են օտարվածության տրամադրություն. դա հերոսների անձնական տարածքն է, որտեղ հանդիսատեսը մուտք չունի:

Օնորը կարողացել է մեծ վարպետությամբ ներկայացնել երիտասարդ հերոսուհու անվստահությունն ու անփորձությունը, որոնք սքողված են սառնության և լռության ներքո, մինչդեռ շիկնած այտերը մատնում են ամեն բան: Հարցազրույցներից մեկի ժամանակ ֆիլմի ռեժիսոր Ջոանա Հոգը պատմել է, որ դերասանական ողջ կազմն ուներ ֆիլմի սցենարը բացառությամբ Հոնորի, որը միայն ընթերցել էր ռեժիսորի օրագրերը և նույնչափ խառնված էր, որչափ ֆիլմի հերոսուհին: Ֆիլմի տրամադրության ստեղծման գործում մեծ դեր ունեն նաև դերասանների և հատկապես Ջուլիի հագուստները: Դրանց մի մասը Թիլդայի և Ջոանայի 80-ական թվականների զգեստներն են և ծառայում են որպես սիմվոլներ, որոնք հիշեցնում են հերոսուհու զգացմունքների մասին։ Սկզբում դրանք վարդագույն են, ինչպես ակնոցները, որոնցով Ջուլին նայում է աշխարհին, ապա ֆիլմային են և բեմականացված, ինչպես ամեն բան Էնթոնիի կյանքում, վերջում դրանք ուղղակի հարմարավետ են: 80-ական թվականների. փոփ և ռոք հիթերը և բրիտանական լանդշաֆթը վերջին լրացումներ են անում ֆիլմին` դարձնելով այն կատարյալ բրիտանական դրամա:

Սոնա Կարապողոսյան