Բրիտանական կինոփառատոնի շրջանակներում (փետրվարի 15-21-ը) Հայաստան էր հրավիրվել բրիտանական «Curzon Cinemas» ամսագրի խմբագիր, կինոլրագրող-կինոքննադատ Իեն Հեյդն Սմիթը: Հայ հանդիսատեսին և երիտասարդ կինոգործիչներին  հնարավորություն ընձեռվեց ներկա գտնվելու (Կինեմատոգրաֆիստների միությունում, Կինոյի և թատրոնի ինստիտուտում, Սլավոնական և Մանկավարժական համալսարաններում)  Սմիթի  ինտերակտիվ վարպետության դասերին։ Հեյդն Սմիթն  հայկական ֆիլմարտադրությանն անդրադարձել է դեռևս 1990-ական թվականներին՝ երբ «International film guide» հանդեսի խմբագիրն էր: Նա առաջին անգամ Հայաստան է այցելել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ որպես ժյուրիի անդամ:

Վարպետության դասերի ընթացքում Սմիթը ներկայացրել է  մի շարք մասնագիտական նրբություններ, խոսել ժամանակակից կինոարտադրությանը վերաբերող խնդիրներից՝   օրինակներ բերելով  անձնական փորձից, պատասխանել հարցերին:

Ժամանակակից աշխարհը յուրաքանչյուրին տալիս է սոցիալական բազմաթիվ հարթակներում ազատ արտահայտվելու հնարավորություն: Մեր օրերում կինոյից քիչ թե շատ հասկացող յուրաքանչյուր ոք կարող է իր տեսակետն արտահայտել համացանցում: Այդպիսով, ստեղծվում է տպավորություն, թե կինոգետի մասնագիտությունը կորցրել է իր նշանակությունն ու արդիականությունը: Սակայն անհրաժեշտ է հասկանալ և հիշել, որ կինոտեսաբանի՝ կինոգետի մասնագիտական, լայն ու բազմաշերտ վերլուծությունը անհամեմատելի է թեկուզ և տեխնիկապես գրագետ շարադրված, բայց մակերեսային և սիրողական նյութի հետ:

Ինչ վերաբերվում է կինոլրագրությանը, ապա, այս մասնագիտությունը կոչված է մարդկանց անհրաժեշտ տեղեկատվություն մատուցելուն, փաստեր ու տվյալներ ներկայացնելուն: Իեն Սմիթը ասում է, որ  ինքն ուղղակի կինոքննադատ չէ, քանզի համարում է, որ ֆիլմ քննադատելը միշտ էլ շատ ավելի դյուրին է, քան այն վերլուծելն ու նորովի մեկնաբանելը:

Բրիտանացի մասնագետը պատմել է, որ կինոյի «մահվան» մասին առաջին խոսակցությունները սկսվել են անցած դարի 20-ական թվականների վերջին՝ երբ ձայնը «մուտք գործեց» կինո, այնուհետև 50-ականներին՝ պայմանավորված հեռուստատեսության ծնունդով, ապա 70-ականներին՝ վիդեո վարձույթի ստեղծմամբ: Այսօր էլ շատերի կարծիքով, վրա է հասնում կինոյի «մահը»՝ պայմանավորված սթրիմինգ-հարթակների գոյությամբ, որոնց շնորհիվ գերակշռում են առցանց թողարկումները: Սակայն Իեն Հեյդն Սմիթը լավատեսորեն է տրամադրված՝ համարելով, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը, քանի որ կինոն ընդամենը 125 տարեկան է, իսկ յուրաքանչյուր սերունդ առաջ է բերում ի՛ր ներդրումն ու փոփոխությունը, ի՛ր կինոն: Հեյդն Սմիթն այն կարծիքին է, որ մարդկանց համար միշտ էլ ավելի հաճելի է խմբով ֆիլմ դիտելը: Չէ՞ որ հաճելի է գիտակցել, որ կինոդահլիճում հավաքված տարբեր սերունդների, սեռերի, մտածողության մարդիկ, որոնք իրար չեն ճանաչում ու դժվար թե երբևէ կրկին հանդիպեն, կիսում են նույն զգացմունքներն ու հույզերը, ապրումակցում ֆիլմի հերոսներին:

Սմիթը խոսել է նաև ժապավենային և թվային կինոարտադրության, դրանցից յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկությունների, առավելությունների և թերությունների մասին: Նա նշեց, որ անձամբ ինքը դասականի, այսինքն՝ կինոժապավենային ֆիլմարտադրության կողմնակիցն է,  միայն «բարձրաշխարհիկ» ֆիլմերի սիրահար չէ, քանի որ կինոյի համը հենց բազմազանության մեջ է: Իեն Հեյդն Սմիթը համոզված է, որ արվեստում փողը չպիտի վճռորոշ դեր ունենա. բնավ կարևոր չէ ֆիլմը կդիտի քսան մարդ թե քսան միլիոն, կարևորը գաղափարն ու ասելիքն է, կարևորը ոչ թե «ի՞նչն» է, այլ ՝ «ինչպե՞ս»-ը:

Էլեն Դանիելյան